HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Տիգրան Սարգսյանը խուճապի մեջ է

Այս տարվա մայիսի 25-ին ՀՀ տնտեսական դատարանը (դատավոր` Ա. Սարգսյան) ընդունեց մի վճիռ (այն արդեն մտել է ուժի մեջ), որը կարող է շրջադարձային լինել Կենտրոնական բանկի (ԿԲ) գործունեության մեջ:

Այդ վճռով անվավեր են ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան բանկի»-ի գլխավոր տնօրեն Ա. Վարտանովի նկատմամբ նշանակված տուգանքի մասին ԿԲ որոշումները: Դատարանի այս որոշումը պատմական կարող է դառնալ, քանի որ մեր իրականության մեջ, սովորաբար, ԿԲ որոշումները չեն վիճարկվում: Բացի այդ, այն խուճապի է մատնել ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, եւ նա այդ մասին նույնիսկ խոստովանել է վճռաբեկ բողոքում:

Այս բողոքի մեջ կա մի կետ, որը վերնագրված է այսպես` «Թույլ տրված դատական սխալի արդյունքում առաջացած ծանր հետեւանքները»: Մեջբերենք այդ կետից երկու հատված . «...մինչեւ օրս դատարաններում ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշանակված տուգանքներով ընդունված ակտերն անվավեր ճանաչելու բազմաթիվ պահանջներով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած վճիռներով երբեւէ չի ընդունվել մի դատական ակտ, որով դատարանները կգնահատեին ՀՀ կենտրոնական բանկին, որպես վարչարարություն իրականացնող պետական մարմնի եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չկիրառելու հիմքով անվավեր ճանաչած կլինեն ՀՀ կենտրոնական բանկի ընդունած պատասխանատվության միջոց կիրառելու ակտը:

...Դատական ակտի սխալի արդյունքում, կենտրոնական բանկը ստիպված է լինելու ղեկավարվել նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, որի հետեւանքով անհրաժեշտություն է առաջանալու փոփոխությունների ենթարկել 11 տարվա ընթացքում ձեւավորված եւ կիրառված ֆինանսական համակարգի սուբյեկտների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ամբողջ իրավական դաշտը (նորմատիվ եւ ներքին իրավական ակտերը, ինչպես նաեւ` համապատասխան օրենքները): Այս փոփոխությունները կատարելու համար պահանջվելու է երկարատեւ ժամանակ, որի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը չի կարողանալու պատշաճ իրականացնել օրենքով ամրագրված իր լիազորություններից մեկը` ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչը կվտանգի ֆինանսական համակարգի կայունությունը եւ խթան կհանդիսանա ֆինանսական ծառայություններից օգտվող անձանց` այդ թվում բանկերի բազմաթիվ ավանդատուների, իրավունքներն ու օրինական շահերը խախտելու եւ տարբեր բնույթի չարաշահումներ թույլ տալու համար »:

Ինչպես հայտնի է, ԿԲ-ն մի անձեռնմխելի կառույց է կամ, ինչպես նշեց Հայաստանի բանկիրներից մեկը, այն պետություն է պետության մեջ, որտեղ գործում են պետությանը բնորոշ բոլոր կառույցները: Այդ բանկիրը, բնականաբար, չուզեց նշել իր անունը, քանի որ արդեն նման բանի համար մի անգամ «պատժվել է» ԿԲ-ի ղեկավարի կողմից: Տասնմեկ տարի ԿԲ-ի նախագահ լինելով` Տիգրան Սարգսյանը ստեղծել է իր կայսրությունը. ամենազոր, վտանգավոր, կանխատեսելի եւ շատ անկանխատեսելի է այդ կայսրությունը: Սահմանադրությամբ ԿԲ-ի գործառույթը գների կայունացումն է: Սակայն վերջին տարիներին ԿԲ-ի գերագույն խնդիրը դրամի կայունացումն է: Թե ինչպես է կայունացնում գները Հայաստանում ԿԲ-ն, համենայն դեպս, որեւէ մեկը չկարողացավ բացատրել: Իսկ թե ինչպես է պատահել, որ Տնտեսական դատարանը ԿԲ-ի դեմ վճիռ է կայացրել, դա էլ անբացատրելի է: ԿԲ-ն դատարաններում երբեք չի պարտվել: Այս վճիռը կարող է օրինակ դառնալ, որպեսզի հայկական մյուս բանկերը փորձեն պաշտպանել իրենց իրավունքները ԿԲ-ի առջեւ:

ԿԲ-ի մի քանի որոշումներով 2006թ. վերջերին եւ 2007թ. սկզբներին տուգանվել էր «ՎՏԲ-Հայաստան բանկը» (նախկին «Հայխնայբանկ») եւ բանկի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վարտանովը: Դրանք պատժամիջոցներ էին, ինչի համար Վարտանովը անձամբ պետք է վճարեր 2 մլն դրամ, իսկ բանկը` այդ գումարի գրեթե եռապատիկը: «Վարտանովը գտնում է, որ ԿԲ-ի այդ որոշումներն ապօրինի են: Դրանով իր իրավունքները ոտնահարվել են, եւ արատավորվել է իր գործարար համբավը »,- ասում է Ա. Վարտանովի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:

Երբ Վարտանովը դիմել է դատարան, ԿԲ-ն զարմացել եւ զայրացել է նման հանդուգն քայլից, քանի որ բոլոր բանկերը հնազանդ ենթարկվում են ԿԲ-ի որոշումներին, եւ նրա նախագահի ասածներն իրենց համար գերագույն օրենք է: Իսկ Վարտանովը փորձել է հակաճառել ԿԲ-ի նախագահին եւ դիմել է դատարան:

Բնականաբար, Վարտանովը պիտի պատժվի, իսկ ինչպե՞ս դա կարող է անել ԿԲ-ի նախագահը:

«ՎՏԲ»-ի ղեկավարներին նամակներ ուղարկեցին»,- ասում է Ա. Վարտանովը եւ ներկայացնում այդ նամակները: Նամակները հասցեագրվել են «ՎՏԲ» ԲԲԲ-ի նախագահ Ա. Լ. Կոստինին եւ դուստր բանկերի վարչության նախագահ Ն. Ա. Կուզնեցովին:

«Նամակներն ուղարկել են ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ նրա դստեր ամուսնու հայր, այսինքն` խնամի Հրանտ Սուվարյանը, որը նաեւ ԿԲ-ի ֆինանսական վերահսկողության վարչության պետն է»,- շարունակում է Ա. Վարտանովը:

ԿԲ-ի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը «ՎՏԲ» ԲԲԸ-ի ղեկավարությանը հղած նամակում գրել է. «...Ոչ մի կերպ չփորձելով խախտել Բանկի, ինչպես նաեւ Ա. Վարտանովի` Սահմանադրությամբ հաստատված դատական պաշտպանության իրավունքը, մենք համարում ենք, որ ձեռնարկելով վերոգրյալ գործողությունները` Ա.Վարտանովը, ելնելով սեփական շահագրգռվածությունից եւ փորձելով խուսափել իր նկատմամբ նշանակված տուգանքի վճարումից, բանկին ներգրավում է վերստուգող մարմնի հետ երկարատեւ դատական քննության մեջ: Իր հայցում Ա. Վարտանովը, օգտվելով իր պաշտոնից եւ ելնելով սեփական նկրտումներից, ձեռնարկել է ՀՀ ԿԲ նորմատիվ ակտի (վերահսկող մարմնի կանոնակարգող ակտ) օրինականությունը վիճարկելու աննախադեպ փորձ` դրանով վիճելի դարձնելով երկրի օրենսդիր համակարգը, ինչն իր հերթին հանդիսանում է աննախադեպ դեպք եւ, ՀՀ ԿԲ կարծիքով, հակասում է Բանկի հեղինակությանը»:

«ՎՏԲ» բանկի ղեկավարությունը, չուզենալով խնդիրներ ունենալ հայաստանյան իր դուստր բանկում, Վարտանովին ազատում է աշխատանքից` ընտրելով նրան նույն բանկի խորհրդի անդամ (ԿԲ նախագահ Տ. Սարգսյանն իր շրջապատում բազմիցս հայտարարել է, որ Ա. Վարտանովին երբեք չի գրանցի որպես խորհրդի անդամ):

Տեսնելով, որ իր որոշումները կարող են անվավեր ճանաչվել դատարանի կողմից, ԿԲ-ն այդ որոշումներն ընդունելուց վեց ամիս անց ուժը կորցրած է ճանաչել նույն որոշումները: Նշենք, որ Վարտանովի` աշխատանքից դուրս գալու պատճառները տուգանքների մասին որոշումներն են եղել: Այնուհետեւ ԿԲ-ի ներկայացուցիչները դատարանից խնդրել են մերժել հայցը, քանի որ տուգանքի մասին որոշումները չեղյալ են համարվել, իսկ չեղյալ են համարվել, քանի որ Ա. Վարտանովն այլեւս բանկի գործադիր տնօրեն չէ:

«Մենք դեմ էինք դրան. ճիշտ է, ակտը ուժը կորցրած է ճանաչվել, Վարտանովը տուգանքն այլեւս չի վճարելու, սակայն վեց ամիս գործել է, եւ այն պետք է ուժը կորցրած ճանաչվի ընդունման պահից, ոչ թե վեց ամիս անց` ինչ-որ հանգամանքներով պայմանավորված: ԿԲ-ի ներկայացուցիչները դատարանում ասացին, որ ուժը կորցնելու հիմքը եղել է այն, որ Վարտանովն այլեւս տնօրեն չէ: Ստացվում է, որ անմեղ մարդուն ներում են»,- ասում է Կարեն Մեժլումյանը:

Ա. Վարտանովը պնդում է, որ ԿԲ որոշումներն ապօրինի են, հետեւաբար դատական կարգով վիճարկել է խախտումներ արձանագրած ակտերը: «Ստացվում է, որ ԿԲ-ն ինձ ներում է, ասում է` տուգանքը չեմ ուզում, ես ներում եմ քեզ: Իսկ ես չեմ ուզում, որ ինձ ներեն, ես ուզում եմ դատարանը ճանաչի իմ անմեղությունը: ԿԲ նախագահը եւ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետն այս որոշումները կայացնելուց հետո ինձ զրպարտող գրություններ են ուղարկել Մոսկվա` «ՎՏԲ» բանկի ղեկավարությանը` արատավորելով իմ` երկար տարիներ բանկային համակարգում աշխատած ղեկավարիս անունն ու գործարար համբավը, եւ նրանք պետք է հանդես գան հերքումով»,- ասում է Վարտանովը:

Միանշանակ, Տիգրան Սարգսյանը ներողություն չի խնդրի: Բայց Վարտանովը պատրաստ է գնալ մինչեւ վերջ, նա համարում է, որ Տիգրան Սարգսյանն արատավորել է իր գործարար համբավը, իսկ ինքը բանկիր է եւ չի ուզենա իր անունը «կեղտոտված» թողնել:

Հուլիսի 30-ին Ա. Վարտանովը դիմում է ներկայացրել ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանին, որտեղ գրել է. « Ձեր ապօրինի եւ անհիմն որոշումներով 2006-2007 թթ. ընթացքում իմ` որպես «ՎՏԲ-Հայասատան Բանկ» ՓԲԸ-ի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ, պատժամիջոցներ են նշանակվել ավելի քան երկու մլն դրամի տուգանքի ձեւով: երբ ես դիմել եմ իմ իրավունքների դատական պաշտպանության, նույն այդ ապօրինի որոշումների հիմքով իմ պատիվն ու գործարար համբավը արատավորող նամակներ են ուղարկվել «ՎՏԲ» ԲԲԸ-ի ղեկավարներին: Դրանից հետո ԿԲ-ի նոր որոշումներով այդ որոշումները իմ մասով ուժը կորցրած են ճանաչել, տնտեսական դատարանի վճիռներով ապօրինի լինելու պատճառով անվավեր են ճանաչվել իմ կողմից վիճարկվող որոշումները: Այդ վճիռներում նշված է նաեւ, որ որպես ՀՀ կենտրոնական բանկի նախագահի որոշումներն անվավեր ճանաչելու հետեւանք` ԿԲ-ն պարտավոր է վերացնել ցանկացած այլ հետեւանք, որպիսին բխել է նշված որոշումները կայացնելու պահից »:

Այնուհետեւ Վարտանովը Տ. Սարգսյանին առաջարկում է կամովին կատարել դատարանի վճիռները եւ իր պատիվն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքող գրություն ուղարկել «ՎՏԲ»-ի ղեկավարությանը, որտեղ ԿԲ-ի նախագահը պետք է նշի, որ իր ընդունած որոշումներն «ապօրինի են եղել եւ հակաօրինական»: Տ. Սարգսյանը պետք է նաեւ հայցի Ա. Վարտանովի ներողամտությունը իր «պաշտոնական դիրքն օգտագործելով պարոն Ա. Վարտանովի պատիվն ու գործարար համբավն արատավորող եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար»:

Թե ինչով կավարտվի այս հակամարտությունը, դժվար է ասել, սակայն մեր տեղեկություններով` ԿԲ-ն օրենքների նոր փաթեթ է ներկայացնելու խորհրդարան: Որոշ մասնագետներ, ովքեր ծանոթ են այդ փաթեթին, համոզված պնդում են, որ դրանք «ավելի վտանգավոր են» դարձնելու ԿԲ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter