HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Նորաշեն 2007»-ի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում

Վաղը Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա տեղակալ Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանի դատավարության հերթական նիստը: Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 178 (խարդախությունը) եւ 205 (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) հոդվածներով, իսկ Սամվելյանին՝ միայն 178-ով: Դատավորը Վազգեն Ռշտունին է: 

Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007»-ի գործով անցնում է եւս 4 հոգի՝ Ցոլակ Պետրոսյանը, Արտակ Մարտիրոսյանը, Վարդան Օհանյանը ու Դավիթ Երեմյանը: Սակայն նրանց մասն առանձնացված է: Ի դեպ, Ցոլակ Պետրոսյանը, որն այս գործի ամենանշանակալի դեմքերից է, կալանքից ազատ է արձակվել, եւ հիմա, ըստ տեղեկությունների, անհայտ է նրա գտնվելու վայրը:

Վերջերս Արմեն Թադեւոսյանը նամակ էր գրել նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ հնչեցրել էր «արդարադատությունը խեղաթյուրողների» անունները՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, նրա ամուսինը՝ պետեկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության (ՏՀՏ) նախկին պետ Դավիթ Բեգլարյան, պաշտպանության նախարարության աշխատակից Վիտալի Մանուչարյան, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյան, Վայոց ձորի մարզի ԱԱԾ վարչության պետ Գագիկ Առաքելյան, ԲՀԿ նախկին պատգամավոր Արսեն Ավագյան, պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ Արթուր Պողոսյան, պետեկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ռազմիկ Ավագյան, «Էսկո» կոնցեռնի նախագահ Սարգիս Աղաբեկյան եւ էլի ուրիշներ: 

«Հետքի» աղբյուրները նշում են, որ Արմեն Թադեւոսյանը լրատվության միջոցներին իր ստորագրությամբ մոտ 10 օրինակ նամակ է ուղարկել քրեակատարողական հիմնարկից, սակայն միայն մեկն է հասել լրատվամիջոցին ու տպագրվել: Մի նամակ էլ Թադեւոսյանը ուղարկել էր «Հետքին», սակայն դա էլ տեղ չի հասել: Այդուհանդերձ, «Նորաշեն 2007» ՍԿ-ին առնչություն ունեցող անձինք պատմում են, որ Թադեւոսյանի բաց նամակը նախագահին, իսկ հետո նաեւ նմանատիպ գրությունը տուժած շահառուների կողմից իրավիճակը փոխելու որոշակի հույսեր տալիս են: Բնակիչների միակ ցանկությունն այն է, որ կոոպերատիվի ղեկավարները դուրս գան կալանավայրից եւ իրենց պարտատերերի հետ համաձայնության գալուց հետո շահառուներին վերադարձնեն նրանց պատկանող բնակարանները:

Թադեւոսյանն իր նամակում եւս մեկ անգամ շեշտել է, որ այժմ ճաղերից դուրս են նրանք, ովքեր կոոպերատիվի ղեկավարներին տոկոսով գումար են տվել, ինչը վաշխառություն է՝ օրենքով արգելված գործունեություն: Չնայած դատարանը մի քանի անգամ ցուցմունք տալու համար հրավիրել է վկայի կարգավիճակ ունեցող մի շարք հայտնի դեմքերի, նրանք այդպես էլ չեն անսացել դատական մարմնի կոչին: Ըստ դատավարության մասնակիցների՝ վաղը նրանցից Վիտալի Մանուչարյանն ու Արսեն Մելիքյանը (Դմո) պետք է բերման ենթարկվեն դատարան: Եթե մյուսները նույնպես չներկայանան, նրանց հետ էլ պետք է որ նույն ձեւով վարվեն:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter