HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռիչարդ Կիրակոսյանն իրատես է Սերժ Սարգսյանի հարցում

Հանրապետական կուսակցության ու «Բարգավաճ Հայաստանի» միջև կոնֆլիկտն իրական է և անցել է այն կետը, երբ թատրոն էր: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Անցյալ ընտրություններին ունեինք կեղծ թեկնածուներ, ինչպես, օրինակ, Արտաշես Գեղամյանը կամ դոն քիշոտներ՝ անհույս գործիչներ: Բայց այս դեպքում տեսնում եք իրական մրցակցություն և մարտահրավերներ: Նույնիսկ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր թեկնածուին չառաջադրի, այնուամենայնիվ, հակասությունն իրական է: Եվ ամենավերջին օրինակը Օսկանյանի գործն է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա կանխատեսմամբ՝ 2013թ. նախագահի ընտրությունում կվերընտրվի Սերժ Սարգսյանը, քանի որ չկա կենսունակ այլընտրանք, և կկիրառվի վարչական ռեսուրս:

«Ես չեմ ասում՝ նրան հավանո՞ւմ եմ, թե՞ չեմ հավանում: Ես ընդամենը իրատես եմ այն առումով, որ չեմ տեսնում այլ թեկնածուի, ով ի վիճակի կլինի հաղթել»,- հավելեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը» կմիանա՞ ՀԱԿ-ին՝ քաղաքագետն ասաց, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի պարից տեսնում ենք, որ այդ պարը տանգո չէ, քանի որ տանգոն երկու զուգընկեր է պահանջում, իսկ այս դեպքում պարողներից մեկը չի ցանկանում պարել: Հարցին, թե ո՞վ չի ցանկանում տանգո պարել՝ բանախոսը պատասխանեց, որ խնդիրը խորքային է. պարելու համար նույնիսկ երաժշտություն չկա, միջավայրը չի տրամադրում դաշինքների:

«Եվ պարզ է, որ նրանք իրար չեն սիրում, պարի մեջ ռոմանտիկա չկա: Ես շատ կասկածամիտ եմ նման տիպի դաշինքի հարցում, նաև քանի որ ուժեղ անհատներ ու էգո-ներ են ներգրավված»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը՝ հիշեցնելով Հայաստանի քաղաքական պատմության ցույց տված դասը. Հայաստանում անակնկալ ու անհավանական քաղաքական դաշինքներ երբեք չեն ձևավորվել:

Այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ն արդեն սպառվել է և այլևս ներուժ չունի՞ համախմբվելու՝ բանախոսը պատասխանեց, որ երբեք չի կարողացել հասկանալ, թե ինչ է մտածում ՀԱԿ-ը: Այս համատեքստում հավանաբար ամենախելացին ու ամենաճիշտը Դավիթ Շահնազարյանն էր, ով դուրս եկավ գործընթացից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter