HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու զարգացման ծրագիրը պետք է սկսել բնակիչների ամենատարրական պահանջները բավարարելուց (վիդեո)

Ալավերդու  քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում  է, որ  Ալավերդու սոցիալ-տնտեսական զարգացման  2008-2012թթ.-ի քառամյա  ծրագրում  ընդգրկված խոշոր աշխատանքները կատարվել են: «Խոսքն առաջին հերթին կոշտ կենցաղային աղբավայրի ծրագրի, քաղաքի լուսավորության համակարգի ընդլայնման,   նախադպրոցական հիմնարկների կապիտալ վերանորոգման եւ այլ խնդիրների մասին է»,- ասում է քաղաքապետը: Վերջինս  նաեւ  խոստովանում է, որ  քառամյա ծրագրով նախատեսված շատ խնդիրներ չեն լուծվել ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով: «Դրանք կլուծվեն հաջորդ քառամյա ծրագրով»,- հուսադրում է քաղաքապետը: Այդուհանդերձ, Ալավերդու զարգացման քառամյա ծրագիրը շրջանցել է քաղաքի մեծ չափերի հասնող արտագաղթը եւ այն կանխելու համար  միջոցառումներ չի նախատեսել:

«Արտագաղթի վերաբերյալ քաղաքի մասշտաբով համակարգված որեւէ վիճակագրություն չկա»,- տեղեկացնում է Արտավազդ Վարոսոսյանը: Ալավերդցի Ոդիսեւս Իսրայելյանը կարծում է, որ արտագաղթը կանխելու համար քաղաքի  սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի էպիկենտրոնում պետք է դրվի  բնակչության բարեկեցության ապահովումը, որը պետք է սկսել ալավերդցիների   ամենատարրական պահանջները բավարարելուց: «Մենք շատ մեծ-մեծ բաներից ենք խոսում, բայց մարդու հիգիենան ամենակարեւորն է: Ալավերդու բոլոր բնակիչները չէ, որ կարող են իրենց բնակարաններում ջրի տաքացուցիչներ տեղադրել: Քաղաքում բաղնիք ունենալն անհրաժեշտություն է»,- ասում է Ոդիսեւս Իսրայելյանը:

«Ալավերդիում մի ժամագործ չկա: Մեր տան պատի մեծ ժամացույցը փչացել էր,  մարդ ենք գտել, ուղարկել ենք Երեւան, որ այնտեղ վերանորոգեն, մի հատ կարի արհեստանոց չկա, որ կարիքի դեպքում տանես շորդ վերանորոգես: Ում հարցնում ես, ասում է էնքան հարկ են ուզում, ես ի՞նչ գիտեմ, կարող եմ էդքան հարկով աշխատել»,- դժգոհում է Ալավերդու թիվ 12 դպրոցի ավագ ուսուցչուհի Կարինե Կոլոլյանը:  

Քաղաքի գրեթե նույն փողոցներում ամեն տարի կատարվում են նորոգման աշխատանքներ, սակայն անհասկանալի տրամաբանությամբ, Ալավերդու փողոցների մայթերը դուրս են մնում վերանորոգումից: «Է~, որ թվի փոսեր կան մայթերին, մայթերով չես կարողանում քայլել, քայլելու ուրիշ տեղ էլ չունենք»,- հիասթափված  ասում է  ուսուցչուհին, ով նաեւ խոր ափսոսանք է հայտնում  Ալավերդու կիսաքանդ «Լալվար» կինոթատրոնի շենքի համար: «Հիմա հեռուստացույցով անճաշակ սերիալներով են զբաղեցնում մարդկանց, բայց կինոթատրոնը, երբ գործում էր, տնից դուրս էինք գալիս, կարգին ֆիլմեր էինք  նայում,  քնարկում  եւ շփվում էինք»,- նշեց Կ. Կոլոլյանը:

Ալավերդի քաղաքի մեջ են մտնում Ակներ եւ Սանահին գյուղական թաղամասերը: Քաղաքապետարանի քառամյա ծրագիրն այս գյուղերի զարգացման խնդիրներին նույնպես անտարբեր է մնացել: «Մեր սարերի խոտն այս տարի չհնձեցինք,  ճանապարհ չկա, գյուղացիները չկարողացան գնալ սարերի խոտը հնձելու»,- հայտնեց Ակների թաղապետ Գառնիկ Ծատինյանը: Ակները 350 գլուխ խոշոր եղջրավոր անասուն ունի: Գյուղում ոռոգման ջուր չկա, վարելահողերը չեն մշակվում, օգտագործվում են որպես խոտհարքներ, ակներցիները հնձել են միայն այդ խոտհարքների խոտը: Թաղապետը Ակների ամենակարեւոր խնդիրը համարեց  գյուղի ոռոգման ջրի հարցը: «Գյուղ եկող եւ գյուղամիջյան  ճանապարհների վիճակն էլ տեսնում եք, էլի»,- ասաց նա: Ըստ Գառնիկ Ծատինյանի, Ակների  650  բնակիչներից  100 մարդ արտագաղթել է գյուղից:

Ակներեցի 80-ամյա Սանդրո Հակոբյանը, սակայն կարծում է, որ Ակներից  բացակայում է շուրջ 250  մարդ: «Հլե, վայթե 300-ն էլ ըլեն բացակա: Երիտասարդ մարդ  չկա մեր գեղըմ, շատ պատահական կհանդիպես երիտասարդի: Գեղի  մասին ի՞նչ ասեմ, էս հուշարձանը տեսնում ես՝ ջուր չկա, ակումբը քանդվեց, եկեղեցին  քանդվել ա, մի տիրութին անող չկա, չգիտեմ ոնց տի ըլիլ մեր գեղի վիճակը: Մեր ակումբը հմի էս ծառն ա»,- գյուղի հնամենի հսկա բռնչքին ցույց տալով ասաց  ծերունին: Ակումբի վթարային լինելու պատճառով այս տարի Ակների ակումբի վարիչ  եւ թատրոնի դերասանուհի Ռուզաննա Կոնինյանի 50-ամյակը բռնչքու տակ են նշել: «Էդ խո՞ւ չի ուրիշ տեղացի, Լոռվա ծնունդ տղա է քաղաքապետը, որ ուզենա մի գործ կանի անպայման»: «Գործ չի՞ ուզում անել»,- հարցրի   ծերունուն: «Երեւի,  ես ի՞նչ իմանամ ինչի չի անում: Ռուզանի 50-ամյակին ինքն էլ էր ստի: Ամեն բանի մասին էլ ասինք, բայց էն որ ասում են`փուշը պտի կենտ-կենտ հանեն: Դե, որ շատ բան ասենք, կարող ա սկի մինն էլա չկատարի»,- եղավ պատասխանը:

Ակների գյուղական թաղամասի ակումբի ու գրադարանի վերանորոգման խնդիրը  քաղաքապետարանը նախատեսել էր լուծել այս քառամյա ծրագրով, սակայն   դրանք  թղթի վրա են մնացել: Արտավազդ Վարոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ քառամյա ծրագրով հնարավոր չի եղել լուծել նաեւ Սանահին գյուղական թաղամասի ջրամատակարաման խնդիրը: «Վաղը նախագծողները քաղաքում են լինելու, Սանահինի ջրամատակարաման ներքին ցանցի նախագծային աշխատանքներն սկսելու համար»,- ասաց  նա: Ստեղծված իրավիճակում Ակների եւ Սանահինի գյուղացիները չեն կարողանում վճարել իրենց հողի հարկերը:

Բյուջետային հաշվետվության համաձայն՝ համայնքի բյուջեով նախատեսված  հողի հարկի 6,8 մլն դրամ հարկային եկամուտներից 2012թ.-ի  հոկտենբերի 26-ի դրությամբ քաղաքապետարանը հավաքագրել է 2,8 մլն դրամը: Քառամյա ծրագրով նախատեսվել է լուծել քաղաքային զուգարանների խնդիրը, իսկ քաղաքի   Հայպետշին  թաղամասի  զուգարանը, որից  շարունակում են օգտվել շուկայի 50-ից ավելի առեւտրականներ, շարունակում է մնալ հակասանիտարական վիճակում, զուգարանի գարշահոտությունը սփռվում է շուկայի ողջ տարածքով, իսկ  զուգարանի  հարեւանությամբ տեղադրված է «Արզնի» մթերային խանութը:

Բազմաթիվ են Ալավերդու քառամյա ծրագրում տեղ գտած, սակայն չլուծված  խնդիրները: Դրանց մեջ իր  «պատվավոր» տեղն է ունի Սանահինի գյուղացիների    Ս.Սարահարթ թաղամասում թափառող անասունների խնդիրը, որի լուծման համար   պահանջվում է ընդամենը հետեւողական աշխատանք: Այդուհանդերձ, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հաջորդ քառամյա ծրագրի տրամաբանությունը տեսնում է արդյունաբերական  Ալավերդու  տնտեսության մյուս ճյուղերի, այդ թվում  մինչեւ 40-50 աշխատատեղով մանր  ու միջին  ձեռնարկությունների ստեղծման  մեջ: Դրանք, ըստ քաղաքապետի,   կլուծեն  նաեւ քաղաքի կանանց  աշխատատեղի խնդիրը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter