HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի վերստուգման ակտի քննությունը «սառեցվեց»

Վարչական դատարանում հոկտեմբերի 25-ին շարունակվեց ու 5 րոպեում ավարտվեց սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հայցի քննությունն ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի: Ընկերությունը վիճարկում է ՊԵԿ-ի՝ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին կազմված վերստուգման ակտի իրավաչափությունը, որով տույժ տուգանքներով հանդերձ ընկերության առաջադրվել է ավելի քան 111 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, որից չվճարված հարկ հանդիսացող մայր գումարի` 64 մլն դրամի չափով պետությանը վնաս հասցնելու հիմքով էլ քրեական գործ էր հարուցվել և մեղադրանք առաջադրվել Սարո Հարթունյանի եղբորը՝ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանի, որպես` «ընկերությունը փաստացի ղեկավարած անձի»  և ընկերության փոխտնօրենի ու հաշվապահի նկատմամբ:

Վերստուգում իրականացրած անձինք ավելի քան մեկ տարի է չեն կարողանում դատարանին և ընկերության շահերը դատարանում ներկայացնող փաստաբաններին մատնացույց անել վերստուգման ակտը  կազմելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերն ու դրանց հիման վրա իրականացված հաշվարկները: Հարկայինի աշխատակիցները պատճառաբանում են, որ ակտ կազմելու համար հիմք են ընդունել «երրորդ անձանցից»՝ քրեական գործով վկաներից ստացված տեղեկությունները, որոնք, ըստ ընկերության փաստաբանի, արժանահավատ չեն, քանի որ քրեական գործով դատական նիստերի ժամանակ վկաները հիմնականում չեն կարողանում մտաբերել, թե որտեղից են ստացել իրենց իսկ ձեռքով գրված, ստորագրված ցուցմունքներում առկա թվերը: Նրանցից մեկն էլ քրեական գործով վերջին նիստին ասաց. «Քննիչն ինչ թելադրել է, էդպես էլ երևի գրել եմ»:

Սակայն Վարչական դատարանում դատավոր Քրիստինե Մկոյանն, անակնկալի բերելով, կողմերին որոշեց վարչական ակտի քննությունը կասեցնել՝ մինչև քրեական գործի ելքը: Ընկերության փաստաբան Գևորգ Չաքմիշյանը զարմացած  նշում է, որ երբ նախորդ նիստին ՊԵԿ-ի ներկայացուցիչները հանդես եկան գործի վարույթը կասեցնելու միևնույն միջնորդությամբ, դատավոր Մկոյանն անհիմն գտնելով այն, մերժեց. «Տարօրինակ է, որ դատավորն այսօր իր նախաձեռնությամբ նման որոշում կայացրեց»:

«Ստացվում է՝ անարժանահավատ, չստուգված փաստերի հիմքով կազմվել է ստուգման ակտ, որի հիման վրա էլ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք մարդու նկատմամբ: Սակայն այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի քրեական գործի նյութերից որպես ապացույց «դուրս չգա» վերստուգման ակտը: Այն անվավեր ճանաչվելու դեպքում մեղադրող կողմը կհայտնվեր վատ վիճակում: Ստեղծված իրավիճակում մենք զրկված ենք վերստուգման ակտը ոչ իրավաչափ լինելու հանգամանքը դատական կարգով հաստատելու իրական հնարավորությունից: Փաստորեն գործի քննության կասեցմամբ ստեղծվեց փակուղային իրավիճակ»,-ասում է  «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության մյուս ներկայացուցիչը՝ Անի Թորոսյանը:

Ըստ հայցվոր կողմի դիտարկման, Մկոյանը հայցին ցանկացած  լուծում տալու դեպքում կամ ենթարկվելու էր ՊԵԿ-ի  կամ հասարակական ճնշմանը : Եվ նրա համար լավագույն լուծումը «շառից փորձանքից հեռու» տարբերակն էր:

Ընկերության փաստաբանները տեղեկացրեցին, որ կբողոքարկեն կասեցման որոշումը:

Հ.Գ. Ի դեպ, դատախազ Բագրատ Պետրոսյանը, լրագրողի հարցին պատասխանելով, նշել էր որ դեռևս չի եղել այնպիսի մի դեպք, երբ քրեական գործում գտնվող վարույթի դեպքում ՊԵԿ-ի վերստուգման ակտը անվավեր ճանաչվի վարչական դատարանի կողմից: Արդյոք սա չի խոսում այն մասին, որ դիտավորյալ միջամտում են դատարանների  գործունեությանը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, թե որքան հարուցված քրեական վարույթներ կան հարկային հանցագործությունների  գործերով: Եվ մի՞թե բոլոր այդ գործերով ստուգման ակտերը անսխալ ու իրավաչափ  են եղել: Անշուշտ՝ ոչ:

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

Մեկնաբանություններ (1)

anahit
Ete na mi qich khixj unenar, edpes cher varvi. Uremn mardkanc tanen daten, heto parzvi vor nranq anmex ein, isk sa ira glux@ chi uzum cavi tak dni. ba el inchu e ekel es hamakarg. amotttt e, amoooot

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter