HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ապտակն ինձ ժողովրդականություն բերեց, որովհետև ընկճվածների սրտով էր» (վիդեո)

Քրդուհի Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է: Ընտրվել է 2007-ին: Այժմ կրկին իր թեկնածությունն է առաջադրել հունիսի 12-ին կայանալիք ընտրություններում:

Թունջելը «Խաղաղություն և ժողովրդավարություն» (Baris ve Demokrasi Partisi (BDP)) քրդամետ կուսակցության վարչության անդամ է եղել, սակայն քանի որ խորհրդարան է մտել որպես անկախ թեկնածու, թուրքական օրենսդրության պահանջով` դուրս է եկել կուսակցությունից (անկախ թեկնածուները չպետք է անդամակցեն որևէ կուսակցության):

Նախորդ ընտրություններից առաջ` 2006-ին, թրքական դատարանը քուրդ կին քաղաքական գործչին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման` մեղադրելով նրան Քրդական աշխատավորական կուսակցությանն (Parti Karkerani Kurdistan (PKK)) անդամակցելու և վերջինիս օգնելու մեջ:

Սակայն պատգամավոր ընտրվելով` Թունջելն անձեռնմխելի էր դարձել: Այդուհանդերձ, եթե գալիք ընտրություններում չկարողանա վերընտրվել, նրան սպառնում է ազատազրկում: Ընդ որում` ինչպես ասում է, այս 4 տարիների ընթացքում այնքան բան է խոսել խորհրդարանում, և ամեն մի խոսքի արդյունքում նույն պատճառով այնքան հանցանք է իրեն վերագրվել, որ ընդհանուր պատժաչափն արդեն անցել է 100 տարին: Վկաներից մեկի ցուցմունքի հիման վրա դատված Սեբահաթ Թունջելն ասում է, որ քուրդ լինելն ինքնին բավարար էր նման վճռի արժանանալու համար:

Վերջինիս ու ևս 61 անկախ թեկնածուի սատարում է սոցիալիստական գաղափարախոսություն դավանող «Աշխատանք, ժողովրդավարություն, ազատություն» ընդդիմադիր բլոկը, որում ներգրավված են մի շարք կուսակցություններ, արհմիություններ, անկախ գործիչներ: Թունջելը նշում է, որ այդ 62 հոգուց շուրջ 40-ը կկարողանան մտնել խորհրդարան: Իսկ կուսակցություններով` համամասնական կարգով, ընտրություններին չգնալը ընդդիմադիր գործիչը բացատրում է իշխանությունների ստեղծած խոչընդոտներով:

«1980-ի ռազմական հեղաշրջումից հետո խորհրդարան մտնելու համար դրվել է 10%-ի սահմանագիծ, ինչն ամենաբարձրն է աշխարհում: Դա արվել է, որպեսզի քրդական ու սոցիալիստական շարժումները չկարողանան անցնել խորհրդարան,- պարզաբանում է Թունջելը,- այդ պատճառով էլ մենք նախընտրեցինք անկախ մտնելով մեր հնարավորություններն ավելի ռեալ դարձնել ու խորհրդարանում խումբ կազմել»:

Ըստ վերջինիս` լինում է նաև ձայների լայնածավալ կեղծում: Մինչև 2007 թ. պետությունն օրենքով դրամական օգնություն էր հատկացնում կուսակցություններին ընտրություններից առաջ: Սակայն 2007-ի ընտրությունների նախաշեմին 3 խոշոր խմբակցությունները` «Արդարություն և զարգացում» (Adalet ve Kalkinma Partisi, AKP), Ժողովրդահանրապետական (Cumhuriyet Halk Partisi, CHP) և «Ազգայնական շարժում» (Milliyetci Hareket Partisi, MHP) կուսակցությունները, փոփոխություններ կատարեցին օրենսդրության մեջ, ինչն էլ զրկեց մյուսներին օգնություն ստանալու հնարավորությունից: Իսկ վերջերս անկախ թեկնածուներից գանձվող 490 լիրա վճարը բարձրացվեց 7890-ի:

Մյուս կողմից` վերջերս Բարձրագույն ընտրական խորհուրդը փաստաթղթերի անկատարության պատրվակով վետո դրեց մի շարք անկախ թեկնածուների մասնակցության վրա, որոնցից 7-ին սատարում էր BDP-ն: Ժողովրդական հուզումներից հետո իշխանությունները տեղի տվեցին: Ս. Թունջելն ասում է նաև, որ լրատվամիջոցներն իրենց մասին պրովոկացիոն և բացասական բնույթի ինֆորմացիա են հաղորդում:

Ըստ քրդերի` եթե մինչև հունիսի 15-ը իշխանությունները չգնան զիջումների, թուրք-քրդական հարաբերական հրադադարը նորից պատերազմի կվերաճի: Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան այժմ, պատգամավորն ասում է. «Լավ բաներ չեն լինելու: Պատերազմը շարունակվում է արդեն 30 տարի: Հիմա իշխանության որոշ շրջանակներ Օջալանի հետ բանակցությունների մեջ են, բայց թե ինչ տեսակի լուծման պիտի հանգեն, չենք իմանում: Եթե լավ լուծում չլինի, պատերազմի ձայնը լսվելու է»:

Քրդերի առաջնահերթ խնդիրներն են` քրդական ինքնության և քրդերենի ճանաչում, Սահմանադրության կողմից դրանց հաստատում ու թեկուզև Թուրքիայի սահմաններում ինքնավարության տրամադրում: Սրանց հասնելու առաջին քայլերը պիտի լինեն ռազմական գործողությունների կասեցումն ու բանտերում գտնվող ավելի քան 3000 քուրդ քաղաքական գործիչների ազատ արձակումը:

Սեբահաթ Թունջելը ծնվել է 1975-ին Մալաթիայում` գյուղացու ընտանիքում: Ասում է, որ չնայած տանը ավանդաբար եղել է սոցիալիստական գաղափարախոսություն, սակայն իր վրա մեծապես ազդել է ակտիվիստ հորաքրոջ գործունեությունը. «1990-ականները պատերազմի ամենատաք ժամանակներն էին, այդ ժամանակ սկսեցի հետաքրքրվել, մասնավորապես, այս հարցով. ես քուրդ եմ, բայց իմ մայրենիով խոսել չեմ կարող, ինչու՞: Այս տիպի հարցերը ինձ քաղաքականություն ներքաշեցին»:

Վերջինս նաև ալևի (մուսուլմանական աղանդի հետևորդ) է եղել, ինչն առավել մեծ ճնշուների ենթարկվելու պատճառ է դարձել: Գումարած դրան` կին լինելը: Այսքանից հետո, ըստ Սեբահաթի, քրդական պայքարի մեջ մտնելն ամենաճիշտ ուղին էր իր համար: «Ֆեմինիստական շարժումների մեջ, կարող ենք ասել, որ քուրդ կինն ամենամեծ պայքար տվողն է: Նա պայքարում է թե քրդական ֆեոդալիզմի, թե թրքական պետական ապարատի դեմ: Բանտերում այժմ 3200 կին կա, 10000-ից ավելին էլ սպանվել են ռազմական գործողությունների ու բանտային չարչարանքների արդյունքում»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ քուրդ կանանց այսքան ակտիվ լինելու պատճառը իրենց տղամարդկանց թրքական պետության ճնշումներից պաշտպանելն է, Ս. Թունջելը պատասխանում է, որ քրդուհիները միշտ էլ առաջին ճակատում են եղել, բայց դրա պատճառը ոչ թե քուրդ տղամարդն է, այլ իր` կնոջ տեղն ամրապնդելը:

Ս. Թունջելի անունը լայնորեն տարածվեց, երբ վերջերս` ակցիաներից մեկի ժամանակ, նա ապտակեց թուրք ոստիկանին. «Կյանքիս մեջ դա առաջին ապտակն էր: Դրանից ես երջանիկ չեմ, բայց այն ինձ մեծ ժողովրդականություն բերեց, որովհետև բոլոր ընկճվածների սրտով էր: Իսկ ամենամեծ արձագանքն այն էր, թե ինչպես կարող է պատահել, որ քուրդ կինը ձեռք բարձրացնի պետության ներկայացուցչի վրա»:

«Քրդերը միակ ուժն են, որ խորհրդարանի միջոցով կարողանում են անընդհատ իրենց խնդիրների մասին բարձրաձայնել: Երբեք չե՞ք մտածել, որ ձեր շարքերում կարող եք նաև հայերին տանել խորհրդարան» հարցին պատգամավորը պատասխանում է. «Իրականում մենք էլ, քուրդ լինելով, այդպես չենք կարող ասել, որ խորհրդարանում դեմոկրատական ճանապարհներով կարող ենք քրդերի ձայնը բարձրացնել, բայց մեզ համար, իհարկե, կարևոր է հայերի հետ համատեղ քաղաքականություն վարելը, քանի որ պատմության մեջ ամենամեծ ցավերն ապրել է Քուրդիստան կոչվող շրջանը. այսօր եթե գնաք, պիտի տեսնեք, թե քրդերն ու հայերը որքան նման են իրար: Նույն ծեսերը, նույն ապրումներն ունեցող ժողովուրդներ են: Պատմականորեն ճակատագրի նմանություն կա, մենք էլ նույն ցավերն ենք ապրել: Սակայն այնպես չեղավ, որ մեզ հետ հայ մտներ խորհրդարան, մի քիչ ուշացան: Իրականում Դինք ընտանիքից էինք ուզում, նրանք էլ շատ չմոտեցան այդ ձևով քաղաքականություն մտնելուն, բայց շատ ուրախ եմ, որ Դինք ընտանիքը աջակցում է մեր բլոկին: Փոխարենը ասորի թեկնածու ունենք, գիտեք, որ նրանք նույնպես ենթարկվել են ցեղասպանության: Մեզ համար շատ կարևոր է էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների հետ ավելի մեծ խումբ կազմելը»:

Մեկնաբանություններ (1)

rahageets
So Tucel is the Kurdish equivalent to Armenia's Zaruhie Postanjyan - a fireball woman MP who likes to mix it up with the authorities. I like those wild eyes and wild hair - a Kurdish firebrand.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter