HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողերը չեն մշակում, հացն էլ թանկանում է

Լոռու մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում հացահատիկի մշակությունը գրեթե չի կայանում:  

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը «Հետքին»  հայտնեց, որ մարզի 42 հազար հա վարելահողերից այս տարի 6000 հա ցորենի աշնանացան է կատարվել: «Աշնանացանի համար մենք կառավարությունից  294 տոննա ցորենի սերմացու ենք ստացել, որն էլ բաշխել ենք  մարզի գյուղերին»,- ասաց  Գ.Հակոբյանը: Աշնանցանը շարունակվելու է մինչև նոյեմբերի 10-ը, եւ պրն Հակոբյանը  ակնկալում է, որ աշնանացանի քանակը դեռ կավելանա:  

2011 թ.-ին մարզում ցորենի աշնանացան է կատարվել 8700 հա-ի վրա: Գյուղատնտեսության  վարչությանը պետը, այնուամենայնիվ, քիչ էր համարում  մարզում կատարաված ցորենի աշնանացանի քանակը: 

2012 թ.-ին, նախորդ տարվա համեմատությամբ, Լոռու մարզում ցորենի արտադրությունը նույնպես նվազել է: Անցյալ տարի ամբողջ մարզում 22,6 հազար տոննա ցորեն է արտադրվել,  այս տարի այն կազմել է 20,5 հազար տոննա: Գրիգոր Հակոբյանը դա բացատրեց այս տարվա անբարենպաստ եղանակով: Ինչպիսի պատճառաբանություններ էլ բերվեն, իրողությունն այն է, որ մարզի 42 հազար հա վերելահողերից 36 հազար հա վարելահողեր հավուր պատշաճի չեն օգտագործվում ոչ միայն ցորենի, այլ մյուս գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության նպատակով:

Ալավերդիում  «Հացի  գործարան» ՓԲԸ-ի  արտադրած  600 գրամ մատնաքաշի և քարի հացի գները վերջին 3 ամսվա  ընթացքում 190 դրամից  հասել են 230 դրամի, նույն համամասնությամբ աճել են նաև մյուս հացատեսակների գները:   Վերջին ամիսներին Ալավերդիում միայն հացը չէ, որ թանկացել է: Թանկացել են նաև մյուս հացամթերքները: «Իհարկե,  դա իմ ընտանեկան բյուջեի վրա ազդում է: Հինգ անձից է կազմված ընտանիքս, օրը 2-3 հաց ենք առնում: Տղաս չի աշխատում, ես և հարսս ենք աշխատում, մի 100 հազար դրամ է մեր ընտանեկան բյուջեն»,- ասում է ալավերդցի  Լյուդմիլա Ստեփանյանը: «Հացի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Կամո Վարոսյանը  բացատրում է, որ հացի թանկացումը իրենց գործարանում պայմանավորված է ալյուրի թանկացումով:

Վերջին մի քանի ամիսներին հացը թանկացել է նաև Վանաձորում: «400 գրամ հացը 200 դրամով եմ գնում: Իհարկե, թանկացումները մեզ համար տհաճ են, բայց,  դրա դեմը ոչ ոք չի կարող առնել, բնական է, մենք հարմարվող ժողովուրդ ենք»,- ասում է վանաձորցի, մասնագիտությամբ հաշվապահ Մարգարիտա Գևորգյանը: Հացի գների թանկացման մասին վրդովմունք հայտնեց վանաձորցի գեղանկարիչ Գևորգ Առաքելյանը. «Կատաղում ենք, ջղայնանում ենք, բայց ինչ արած: Ասում են  ` Ռուսաստանից են բերում, ալյուրը թանկացել ա, Կանադայից են բերում ` թանկացել ա,  Հեռավոր Արևելքից են բերում` թանկացել ա: Դրա համար էլ խեղճ ժողովուրդը ինչ անի»: Ըստ Գևորգ Առաքելյանին՝ հացի  թանկացման հետ  ամեն ինչ է թանկանում:

Մարզում հացի գների բարձրացմանը կապված «Հետքը» փորձեց տեղեկանալ նաև Լոռու մարզպետի տեղակալ  Արսեն Դարբինյանի տեսակետին. «Դա միջազգային գին է»,- ասաց մարզպետի տեղակալը:  Վերջինս գտնում էր, որ  մարզում արտադրված ցորենի պաշարները, ըստ վիճակագրական տվյալների,  կարող են բավարարել մարզի  բնակչության  20 տոկոսին: «Մենք էնքան ցանքատարածություն չունենք, որ կարողանանք էդքան ցորեն աճեցնել և կարողանանք  ժողովրդին ապահովել»,- ասաց Ա.Դարբինյանը: Մարզպետի տեղակալին հիշեցրինք Օձունի մոտ 1200 հա  անմշակ վարելահողերի մասին: «Դե, որովհետև գյուղացիները չեն ուզում աշխատել»,- պատճառաբանեց նա:  

Քննարկե՞լ է արդյոք  Լոռու մարզպետարանը  մարզում ցորենի արտադրության  և  հացի ու  հացամթերքների  ակնհայտ թանկացման խնդիրը:  Հարցին  ի պատասխան՝ Արսեն  Դարբինյանը նախ գտավ, որ դա կարող է քննարկել Շաբոյանի մրցակցային հանձնաժողովը, ապա հավելեց. «Մարզխորհրդի նիստ նախ պետք է դեկտեմբերին լինի, եթե դա լինի միայն մեր մարզում, մարզպետը ոչ միայն կզբաղվի, այլ կհետաքրքրվի, բայց դա ամբողջ հանրապետությունով է»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter