HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վկաները պնդում են, որ իրենք ոչ թե պարտք տվող են, այլ օրինական գնորդ

Երեկ Աջափնյակ եւ Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նորաշեն 2007»-ի գործը: Հիշեցնենք, որ կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանի մասով ընթանում է առանձին դատավարություն: Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 178 (խարդախությունը) եւ 205 (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) հոդվածներով, իսկ Սամվելյանին՝ 178-ով: 

Երեկվա նիստում ցուցմունք տվեցին գործով վկաներ Վիգեն Ղանդիլյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Վիտալի Մանուչարյանը, Արտաշես Մելիքյանը (Դմո): Ամենահետաքրքիրը վերջին երկուսի վկայություններն էին:    

ՊՆ աշխատակից Վ. Մանուչարյանը պատմեց, որ ցանկացել է Նորաշեն թաղամասում տուն գնել, հետո ծանոթացել է Արմեն Թադեւոսյանի ու Լյովա Սամվելյանի հետ, իմացել, որ նրանք Նորաշեն 37 հասցեում հող ունեն, որոշել գնել այն: Ասաց, թե այդ հողակտորի վրա մի քանի սյուներ են եղել եւ հարկերի հարթակներ: Տարածքը գնելուց առաջ Մանուչարյանն իմացել է, որ դրա իրական սեփականատերը Վիգեն Ղանդիլյանն է, որի հետ էլ 2009-ի աշնանը նոտարի միջոցով կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը:  Ըստ Մանուչարյանի՝ գործարքի գինը կազմել է 125.000 դոլար: Հետագայում, սակայն, երբ ձգձգվել է շինթույլտվություն ստանալու հարցը, Վիտալին, իր պատմելով, հիասթափվել է եւ որոշել վաճառել տարածքը: Քանի որ ինքն այդ ժամանակ երկրում չի եղել, եղբորը լիազորագիր է տվել, որն էլ 2010-ի աշնանը 130.000 դոլարով տարածքը վաճառել է Արտաշես Մելիքյանին:

Արմեն Թադեւոսյանն իր նախաքննական ցուցմունքում շեշտել էր, որ Նորաշեն 37-ի շինարարության ժամանակ ֆինանսական խնդիրներ են ունեցել եւ 3-4 տոկոս տոկոսադրույքով շուրջ 4 ամսով գումար են վերցրել ՊՆ աշխատակից, գնդապետ Արթուր Պողոսյանից, ով Վ. Մանուչարյանի ազգականն է: Ու հենց որպես այդ գումարի վերադարձնելիության երաշխիք՝ գրավ, Վիտալի Մանուչարյանի անունով էլ գրանցել են կիսակառույցը: Դատարանում Մանուչարյանը հերքեց, թե Պողոսյանը կապ է ունեցել այս ամենի հետ: Ըստ նրա՝ Արթուրն իր խնդրանքով միայն ներկա է եղել այն ժամանակ, երբ եղբայրը տարածքը վաճառել է Արտաշես Մելիքյանին: Այնինչ թե կոոպերատիվի ղեկավարները, թե տարածքի սեփականատեր Վիգեն Ղանդիլյանը նախաքննության ժամանակ եւ դատարանում նշել են, որ ՊՆ-ում հանդիպել են Պողոսյանին, ու ամեն ինչ կատարվել է նրա իմացությամբ եւ համաձայնությամբ: Ղանդիլյանի ասելով՝ Պողոսյանին տեսել է նաեւ Մանուչարյանի հետ գործարք կնքելու օրը. «Այդ օրը Վիտալիի հետ նոտարական գրասենյակ եկել էր նաեւ Պողոսյանը, եւ հենց նա մինչեւ նոտարի մոտ մտնելը ինձ ու Վիտալիին ասաց. «Դու (նկատի ունենալով ինձ) վաճառողն ես, իսկ դու (նկատի ունենալով Վիտալիին)՝ գնորդը»: Այդ ժամանակ իրոք նկատել եմ, որ նրանք գումար էին բերել Արմենին տալու համար…»:

Վ. Մանուչարյանը դատարանում կրկնեց, թե տեղյակ չի եղել, որ Նորաշեն 37-ի հետ մինչ այդ արդեն այլ քաղաքացիներ են կապված եղել (վերջիններս կառուցվող շենքում բնակարանների գնման նախավճարի պայմանագրեր ունեին), այլապես չէր գնի տարածքը:

Մանուչարյանի ցուցմունքից հետո Լյովա Սամվելյանը հայտարարեց, որ նախաքննության ժամանակ այլ ցուցմունք է տվել, քանի որ չի ցանկացել վարկաբեկել Արթուր Պողոսյանին, որից իսկապես տոկոսով գումար են վերցրել: Ըստ Սամվելյանի՝ իրենք պայմանավորվել էին նմանատիպ ցուցմունքներ տալ, սակայն հետագայում պայմանավորվածությունը Մանուչարյանի ու Պողոսյանի կողմից խախտվել է: Հիշեցնենք, որ նախաքննության մարմնին Լյովան պատմել էր, թե Վիտալի Մանուչարյանը ժամանակին բնակարան է գնել իրենցից եւ ցանկություն հայտնել նույնպես զբաղվել շինարարությամբ, ինչից հետո իր ու Արմենի առաջարկով գումար է տվել, այլ կերպ ասած՝ ներդրում է կատարել վերջիններիս շինարարական բիզնեսում, որից հետո էլ կիսակառույցը գրանցել են Վիտալիի անունով:   

Անդրադառնանք Արտաշես Մելիքյանին, ում փոխանցվել է Նորաշեն 37-ը: Ըստ կոոպերատիվի նախագահ Ա. Թադեւոսյանի՝ իրենք նախկինում էլ ծանոթ են եղել Արտաշեսին, ում 900.000 դոլարի պարտք են ունեցել եւ Վիտալիի (Արթուր Պողոսյանի)՝ պարտքը հետ ուզելուց հետո կրկին դիմել են Մելիքյանին: Պայմանավորվածությունը եղել է այսպիսին. Արտաշեսը 130.000-ով պետք է շենքը գներ Վիտալիից, հետո միասին պետք է շինարարությունն ավարտին հասցնեին, բնակարաններ հանձնեին այն մի քանի անձանց, ովքեր պայմանագրեր են ունեցել «Նորաշեն 2007» կոոպերատիվի հետ եւ մուծումներ են կատարել, իսկ վերջում մնացած բնակարանների վաճառքից գոյացած գումարով պետք է վճարվեր Արտաշեսին ու նրա ծանոթներին ունեցած պարտքը:

Վկա Արտաշես Մելիքյանը դատարանին պատմեց, որ 2010-ի աշնանը 130.000 դոլարով Վ. Մանուչարյանից գնել է տարածքը, սակայն հերքեց, թե իմացել է, որ կիսակառույցի հետ կապված են այլ քաղաքացիներ, այլապես չէր գնի այն: 2010-ի հոկտեմբերի 19-ի առքուվաճառքի պայմանագրում նշվել է, թե շենքը 50 տոկոսով կառուցված է, սակայն 2011-ի ապրիլին բնակիչները արել են լուսանկարներ, որտեղ շատ ավելի քիչ է արված 50 տոկոսից (տես լուսանկարը): Ըստ սպառողների՝ շենքն այդ ժամանակ պատրաստ էր 10 տոկոսով: Բայց այդ 50 տոկոս շինարարության «փաստի» հիման վրա սեփականատերը, ըստ տուժած շահառուների, կատարել է պետական գրանցում եւ ստացել 62 բնակարանների սեփականության վկայականներ (hարկ է նաեւ նշել, որ եթե շենքի նախկին սեփականատերեր Վիգեն Ղանդիլյանը, Վիտալի Մանուչարյանը եւ «Նորաշեն 2007»-ը մտադիր էին 62 բնակարանով 7 հարկանի շենք կառուցել, ինչի համար ստացել էին շինթույլտվություն, ապա այսօր արդեն կառուցվող շենքն ունի 12 հարկ): Մելիքյանը դատարանում կտրականապես հերքեց, թե ինքը 50-տոկոսանոց շենք է գնել, բայց այդպես էլ չկարողացավ ասել, թե ինչու է փաստաթղթերում այդպես նշված: Փոխարենը նա ասաց, որ գնելուց անմիջապես հետո սկսել է շինարարություն անել, որը բուռն ընթացք է ստացել 2011-ի մարտին: Այդ ժամանակ էլ շինհրապարակ են եկել ինչ-որ մարդիկ ու ասել, որ իրենք այդտեղ իրավունքներ ունեն:

«Երբ մենք 2011 թ. ապրիլին ամսին փորձեցինք դադարեցնել մեր կողմից դիտվող ապօրինի շինաշխատանքները եւ ցանկություն հայտնեցինք տեսնել, այսպես ասած, շենքի նոր տիրոջը, որը փաստաթղթում երեւում է որպես Արտաշես Մելիքյան, շենքի վրա աշխատող աշխղեկի զանգից հետո քիչ անց ներկայացավ նույն Ցոլակ Պետրոսյանը (Արտաշեսի ծանոթներից է, սակայն դատարանում Մելիքյանն ասաց, թե չի ճանաչում Ցոլակին, ինչն առաջացրեց ներկաների ծիծաղ-զարմանքը- հեղ.), որ մեզ բառացիորեն ասաց, որ մենք շենքը գնել ենք եւ ձեր առջեւ ոչ մի պարտավորություն չունենք, չենք իմացել եւ չենք էլ ուզում իմանալ, որ շուրջ 25 հոգանոց (իրականում պետք է ավելի քիչ լինի, քանի որ մի քանի հոգի դեռ Վիտալի Մանուչարյանի կողմից շենքը գնելուց առաջ խզել էին նախավճարի պայմանագրերն ու հետ վերցրել իրենց գումարները- հեղ.) ցուցակ կա, որոնցից յուրաքանչյուրը վճարել է 10.000-40.000 ԱՄՆ դոլար: Այն դեպքում, երբ նրանք լավ իմացել են, որ Նորաշեն 37 հասցեի այդ կիսակառույց շենքը արդեն իսկ ծանրաբեռնված է «Նորաշեն 2007» ՍԿ-ի հետ կնքած մեր նախավճարի պայմանագրերով, այսինքն՝ երրորդ անձով: Այդ պայմանագրերի երկրորդ օրինակները նրանք վերցրել են Լուսաբեկից եւ Արմենից՝ հաշվարկներ անելու, մեր հարցերը լուծելու պատճառաբանությամբ, եւ խաբել ու չեն վերադարձրել»,- ՀՀ նախագահին ուղղված նամակում ժամանակին գրել են բնակիչները: 

Արտաշեսի կողմից շենքը գնելուց հետո դրա վրա հայտնվել է այսպիսի ցուցանակ. «Սույն շենքի պատվիրատուն եւ սեփականատերը հանդիսանում է «Արտ-Մել» ՍՊԸ-ն: «Արտ-Մել» ՍՊԸ-ն որեւէ կապ չունի նախորդ սեփականատերերի հետ»: Դատարանում էլ Մելիքյանը կրկնեց, որ շենքը գնել է օրինական ճանապարհով, իրենից չեն կարող ինչ-որ բան պահանջել, եւ սուտ են այն պնդումները, թե ինքը Թադեւոսյանին ու Սամվելյանին տված պարտքի դիմաց բռնախլել է այն: Ըստ Մելիքյանի՝ ինքը մինչ օրս կառուցել է շենքի 80 տոկոսը, եւ ցանկության դեպքում Արմենն ու Լյովան կարող են միանալ իրեն, կառուցել մնացած 20 տոկոսն ու դրանից հետո լուծել սպառողների հետ ունեցած իրենց հարցերը:  

Այժմ Մելիքյանն ունի 12-հարկանի շենքի 121 բնակարանների սեփականության վկայականներ, որոնցով, սակայն, գործարք չի կատարել, որեւէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն բնակարանների վերաբերյալ չկա: Նա համաձայն է, որ դատարանը արգելանք կիրառի միայն այն բնակարանների հանդեպ, որոնց նկատմամբ իրենց իրավունքների մասին խոսում են կոոպերատիվի սպառողները:

Ա. Մելիքյանը հերքեց նաեւ այն պնդումները, թե ինքն ընդամենը կատարող է, եւ իր թիկունքում կանգնած է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Աստաֆյան» համալիրի տեր Արսեն Ավագյանը (Տուգո): Ըստ Մելիքյանի՝ Ավագյանն իր ընկերն է, ֆինանսապես օգնել է իրեն, բայց շենքի իրական տերը եղել եւ մնում է ինքը: 

Մեկնաբանություններ (1)

BORYA
bac namak@ vorov dimel en bnakichner@ naxagahin ,,shincu e ,, voch mi bnakich texyak che dranic, aravel evs chaushi 14/3 i bnakichner@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter