Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Բաց ցենզուրա



Այն, ինչ տեղի ունեցավ Ջդրդուզում, մինչ այս հանրային չէր

 «Ջդրդուզում գտնվելը առաջացրեց պահանջ` խախտելու ստեղծված հարմարավետությունը: Տրամադրողը, իհարկե, տեղն էր եւ մթնոլորտը: Եվ «զոհաբերության» կրակի մեջ միակ բանը, որ կարող էի զոհաբերել ես, ինչպես զինվորը` պատերազմում, սեփական մարմնիս խոցելիությունն էր». Սամվել Սաղաթելյան

Այն, ինչ հիմա ներկայացնում եմ ձեզ` ընթերցողներիդ, կարող էր մեծ բացթողում լինել իմ` մշակութային լրագրողիս կողմից, եթե չամրագրվեր այս հոդվածով:

Նյութը, որի մասին պետք է խոսեմ ես, նաեւ՝ հեղինակն ու մասնակից արվեստագետները, առաջին հայացքից գուցեեւ անհասկանալի թվա, երկրորդ հայացքից` անկարեւոր, երրորդն արդեն թողնում եմ ձեր հայեցողությանը, որովհետեւ ընթերցողին տրված է յուրաքանչյուր դետալը անձնական մոտեցումով եւ ըմբռնումով իրականանալի պատկերացնել:

Այն, ինչ տեղի ունեցավ «Շուշի արթ փրոջեքթ» ծրագրի ընթացքում Աշոտ Ավագյանի «Զոհաբերություն» պերֆորմանսի իրականացման ժամանակ, շատերի համար գուցե անհասկանալի մնաց, իսկ մի մասն այն պիտակավորեց  «հերթական մերկության ցուցադրում» անվանումով:

Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում եւ ինչու՞ հենց Շուշիում:

Հարություն Զուլումյանը, ով «Շուշի արթ փրոջեքթի» մասնակից արվեստագետներից է, կարծում է, որ հենց տարածքի բնության պայմանականությունը, որտեղ տեղի ունեցավ իրադարձությունը, պատճառ հանդիսացավ վերջինիս անսպասելիության եւ հանկարծակի իրականացման համար:

«Ստեղծագործական ակցիան, որ անսպասելիորեն տեղի ունեցավ Ջդրդուզում, առաջ բերեց հակադիր մեկնաբանություններ, որը ժամանակակից արվեստի յուրաքանչյուր ստեղծագործական գործընթացի կայացման լավագույն ապացույցն է:

Տեղ, որտեղ բնությունն այսքան ուժ եւ երկնային հոգեվիճակ ունի, որտեղ կարծես թե հատվում են Երկիրն ու Երկինքը, արվեստագետ Սամվել Սաղաթելյանի մոտ վերածնեց անասելի ցանկություն կամ գուցե ավելի ճիշտ է ասել կիրք` վրայից հեռացնելու ավելորդությունները` ներառյալ եւ հագուստը, ու այդ կերպ իր բնական լուման ներդնելու մեկ այլ նկարչի` Աշոտ Ավագյանի ակցիայում:

«Հող եւ տեխնոլոգիաներ» նախագծի շրջանակներում այդ ցանկությունն այնքան բնական, հարմոնիկ հնչեղություն ձեռք բերեց, որ նկարիչը, առանց երկմտանքի, իրականացրեց իր ցանկությունը` իհարկե նախապես համաձայնության գալով Աշոտ Ավագյանի հետ:

Տարածքը, որը Մահվան հուժկու ուժի սիմվոլն էր, կարծես թե կրկին ձեռք բերեց վերակենդանանալու հնարավորություն երիտասարդ մերկ զույգի շնորհիվ, որտեղ Մահը հատվեց Կյանքի հետ, Կինը` Տղամարդու եւ Երկիրը` Երկնքի:

Զինվորի` մահը կրող կերպարը ազնվացավ վերածննդի խորհրդանիշով»:

Սամվել Սաղաթելյանը` նախագծի հայտնի «համազգային վերմակ» կարողը

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, «Հող եւ տեխնոլոգիաներ» նախագծի շրջանակներում ժամանել է Հայաստան: Շուշիում նրա ստեղծագործությունը վերմակն էր, որն իրագործվել է մի քանի շուշեցի կանանց եւ իր կողմից: Վերմակի պատմական ազդեցությունը, ստեղծման պատմությունը եւ Արցախի քարտեզը որպես վերմակի աստառ ստանալու գաղափարը ոգեւորիչ էր:

Աշոտ Ավագյանի «հիշողության» կրակը

Նույն նախագծի շրջանակներում մեկ այլ արվեստագետ` Աշոտ Ավագյանը, իրականացրեց իր «Զոհաբերություն» ինստալացիա-պերֆորմանսը` նվիրված Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին:

Այս ինստալացիայի գաղափարական բնույթը կայացավ, երբ նախագծի մասնակից արվեստագետները սկսեցին կրակի մեջ նետել այն, ինչն, ըստ իրենց, կապ ունի տարածքի, պատերազմի եւ իրենց իսկ հիշողության հետ: Մեկի համար դա արժեքավոր հեռադիտակն էր, մյուսի համար` իր իսկ ստեղծած արվեստի գործի մասնիկները…

Մեկնաբանությունների հարցում «Հող եւ տեխնոլոգիաներ» նախագծի արվեստագետները չէին շտապում կարծիք արտահայտել: Նախագծից հետո արդեն Նահանգներ տեղափոխված արվեստագետ Վաչագ Տեր-Սարգսյանը օն-լայն զրույցի ժամանակ մեկնաբանում է Սամվելի պերֆորմանսը. «Հա, ուրեմն…Ամեն մարդ էլ երեւի կցանկանար օրերից մի օր էդպիսի քայլի դիմեր…Բայց մեզնից շատերը մեր մերկության մեջ արատներ են որոնում: Սամվելը էս հարցում կոմպլեքսներ չունի եւ չի ունեցել…Նա հաշտ է իր մերկության հետ. սա արվեստագետի ամենամեծ հատկանիշներից մեկն է. հաշտ լինել ինքդ քեզ հետ եւ մաքրություն չխաղալ: Ջդրդուզի բնական դիրքն ու Աշոտի նույնքան հուզիչ ինստալացիան, գումարած ընդհանուր էներգետիկան, որ պարուրել էր բոլորիս, Սամվելի պերֆորմանսի միջոցով իր կուլմինացիային հասավ: «Շուշի արտ փրոջեքթը» դրանով ավարտուն տեսք ստացավ»,- գրում է Վաչագը:

Ջդրդուզը` տարածք երկնքի եւ երկրի հատման կետում 

Ահա այս մասին էի նախագծի իրականացումից օրեր անց զրուցում վերմակի հեղինակ Սամվել Սաղաթելյանի, Ռոբերտ Աբրահամյանի եւ Հարություն Զուլումյանի հետ:

Իրադարձություն, որ տեղի ունեցավ Ջդրդուզում, որի նախաձեռնողը Սամվելն էր, խոսակցության եւ միեւնույն ժամանակ փակ մնալու վտանգ ուներ:

Այսօր արդեն Երեւանում թեման էլ ավելի ակտուալ է, երբ Սամվելն ու Ռոբերտը հարցազրույցի ներկայացան՝ «բաց ցենզուրա» արտահայտությունն իրենց շապիկների վրա:

Այն, ինչ տեղի էր ունեցել Աշոտ Ավագյանի «Զոհաբերություն» պերֆորմանսի ժամանակ, բոլոր արվեստագետները գիտեին, եւ այն,ինչ տեղի էր ունեցել, միաժամանակ փակ էր լրագրողների եւ այն մարդկանց համար, ովքեր Շուշիում ներկա չեն եղել իրադարձությանը:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել…«Զոհաբերությունները», որոնք կատարել էին արվեստագետները, չէին սահմանափակվել միայն առարկաների հրկիզմամբ…Սամվելը, որ մինչ այդ շուշեցիներին ներկայացրել էր լայնամասշտաբ վերմակը, հանկարծ որոշել էր ամբողջությամբ մերկանալ եւ պտտվել «զոհաբերության» կրակի շուրջը:

«Հանկարծաստեղծությունը, վիճակը համահունչ էին Ջդրդուզի էներգետիկային. այդ դաշտում մարդը կարող է վերադառնալ ին-յանի նախնական վիճակին եւ դնել արվեստագետների համար նոր երկխոսության սկիզբ»,-ասում է Հարություն Զուլումյանը, ով այդ պահին եղել «Զոհաբերության» կրակի շուրջ:

Արգենտինուհին՝ տարածական ազատության մեջ, եւ նրա մուգ կարմիր զուգագուլպան

Սամվելը, որ կրակի շուրջ սկիզբ էր դրել մերկանալու գործընթացին, առաջարկում է հակառակ սեռից որեւէ մեկին միանալ ընթացքին: Զարմանալիորեն այդ մեկը արգենտինուհի էր, ով մարդկանց միջից դուրս է գալիս եւ բռնում Սամվելի ձեռքը:

Կարմիր զուգագուլպան, որ կրում էր արգենտինուհին, հայտնվում է հողի վրա: Եվ ձեռք- ձեռքի տված` հայը, որ մերկ էր ամբողջությամբ, եւ արգենտինուհին, որ գրեթե մերկ էր, կատարում են մոգական մեկ պտույտ կրակի շուրջը եւ գալիս սկզբնական կետին: «Հենց այդքան էլ պետք էր նրա մերկությունը. աղջիկը, մինչեւ վերջ չմերկանալով, էլ ավելի ընդգծեց իմ դիտավորությունը»,-ասում է Սամվելը:

Պատերազմը, կինը եւ հողի կարեւորությունը

Արդեն իսկ Երեւանում, երբ քննարկում էինք Սամվելի կատարած գործողությունը, Հարություն Զուլումյանը մի շատ կարեւոր դիտարկում կատարեց Արցախի կանանց վերաբերյալ, որով որոշվում էր նրանց կեցվածքն ու դիրքը պատերազմի տարիներին. «Նրանք միաժամանակ ներկա չէին եւ ներկա էին պատերազմի դաշտում, քանի որ յուրաքանչյուր տղամարդ, որը մեկ օրում դարձավ զինվոր, այդ հանկարծաստեղծ վիճակի կրողն էր, ինչպիսին դիտողներն էին տեսնում Սամվելին` միաժամանակ մերկ եւ անպաշտպան, բայցեւ համարձակ, որովհետեւ այդ շրջանը կրակի միջով իր հետ անցնում էր հողի մարմնավորողը` կինը»:

Արցախցի արվեստագետ Ռոբերտ Աբրահամյանի կարծիքով՝ Սամվելի կատարածը մեկնաբանությունների բախում առաջացրեց թե՛ յուրայինների, թե՛ հանդիսատեսի միջնորդությամբ, եւ արդեն իսկ մասնագիտական առումով քննության առնելով վիճակը` պարզվեց, որ, իրոք, մի շարք տարբեր տարրեր միացան մեկ թեզի շուրջ. «Ավելի պարզ ասած` մերկ մարմին-կրոն-բարոյականություն հարաբերություն ստեղծվեց մեկ հարթության վրա, եւ սա ընկալվեց արվեստի ենթատեքստում: Վտանգը, որ ակնկալում էին մերկ մարմին տեսնելու, մատուցելու եւ ներկայացնելու մեջ, իրականում տարածքում այժմեական շնչով արվեստի առարկա ծնունդ առնելու մեջ էր, որը քողարկված էր մերկությամբ»,- ասում է Ռոբերտը:

«հըհը… Յբուներ. իսկուստվայա սա`օզիս հանվիս, օզիս հագնիս»

«Շուշեցիները պարզ ժողովուրդ են»,-ասում է Սամվելը: Այն, ինչ տեղի ունեցավ կրակի շուրջ, արվեստագետի սուբյեկտիվ մոտեցումն էր «զոհաբերություն» գաղափարի վերաբերյալ եւ կարող է դառնալ նոր երկխոսության սկիզբ, որի կենդանի վկան են արդեն իսկ ստեղծված, «Բաց ցենզուրա.հըհը… Յբուներ. իսկուստվայա սա`օզիս հանվիս, օզիս հագնիս» արտահայտությամբ շապիկները, որն ամրագրվել եւ խմբագրվել է Սամվելի եւ Ռոբերտի կողմից:

Արտահայտության հեղինակը արցախցի շուշիաբնակներից մեկն էր, ով բարձրաձայնել էր այս միտքը պերֆորմանսից հետո առաջացած լարվածության ընթացքում:

Եվ, վերջապես, այս ամենը տեղի ունեցավ մեկ այլ արվեստագետի` Աշոտ Ավագյանի «Զոհաբերություն» պերֆորմանսի ընթացքում, ում կարծիքով` «Սամվելի գործողությունը պերֆորմանսի օրգանական շարունակությունն էր, որը տեղավորվեց ընդհանուր կոնտեքստում` միաժամանակ ունենալով իր ուրույն գաղափարաբանությունը»:

Հ.Գ. Ջդրդուզում կատարվածի տրամաբանական շարունակությունը, ըստ ներկա արվեստագետների, կախված է նյութի հանդեպ հստակ վերաբերմունքից: Մինչ այդ` առաջին ամրագրումը ստեղծված շապիկներն են, որոնց միջոցով ներկայացնում են առաջին տպավորությունը

Առաջին նկարում պատկերված են Սամվելը Սաղաթելյանը, արգենտինուհին եւ Աշոտ Ավագյանը


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (31)
1. Արմին01:41 - 1 նոյեմբերի, 2012
ավելորդությունից ձերբազատվել է անհրաժեշտ, այո
2. Rub01:49 - 1 նոյեմբերի, 2012
օզիս հագնիս օզիս օազիս
3. ՆԵ09:14 - 1 նոյեմբերի, 2012
Կարծես թե մեկնաբանությունն ավելորդ լինի 01:41-ից այս կողմ այլ մեկնաբանություն չի արվում
4. Նարի09:37 - 1 նոյեմբերի, 2012
կարծես թե հստակ է ամեն ինչ առանց մեկնաբանության ել
5. gevorg10:21 - 1 նոյեմբերի, 2012
lriv merkaceq u poxocum qayleq,aydpes aveli lava.heriqa Evropai tak@ parkeq amota
6. Marina11:13 - 1 նոյեմբերի, 2012
Կոնկրետ շապիկը ինձ դուր եկավ, սակայն ոչ մի կերպ չեմ կարող չամդրադառնալ շապիկի գրվածքի առաջին բառի բուն նշանակությանը՝ հարգելի Հայրենակիցներ,,,ես իմ ուրույն կարծիքն ունեմ կազմակերպիչների վերաբերյալ, սակայն բերանս բացել ես չէի ցանկանա, ավելացնեմ, որ, ՛՛ՕԶԻՄ ԿԵՆԱՄ < ՕԶԻՄ ՀԱՆԻՄ՛՛ արտահայտությունը կարող է իրեն թույլ տալ միայն այսպես ասած ՛՛Տուպոյ՛՛ մարդը: Արմեննուհի ջան, այս հոդվածի ամեն մասնիկը ավելորդություն է, հետևաբար ձերբազատվել է պետք հոդվածից ընդանրապես: Ես կոչ եմ անում Արցախցիներին՝ հանձինս Ռոբերտի, որի անունը բազմեցս շեշտվեց հոդվածում, տույլ չտալ որպեսզի մեր փոքրիկ հանրապետությունում տեղի ունենան նման խայտառակ երևույթներ....կանխավ շնորհակալ եմ ,,
7. Հայրո11:17 - 1 նոյեմբերի, 2012
էդ ք ձեւով մերկանալուն շատ կլինես սովոր մերկանայիր ինքդ էլ այ յայ յա
8. Արմին11:37 - 1 նոյեմբերի, 2012
Մարինե ջան հոդվածը չէ որ ավելորդ է այլ չհաասկացված մտքերը
9. Arina11:56 - 1 նոյեմբերի, 2012
Հարգելի Մարինա,եթե այդպես շարունակեք ձեր բերանը չբացել,ինչպես գրել եք,շատ ու շատ մտքեր,գուցե եւ կարեուր կմնան դուրս ուշադրությունից:Կարծում եմ`տեքստում ամեն ինչ հասկանալի էր եւ Շուշիում տեի ունեցածն էլ...Ինչ ավելորդ կոմպլեքսավորված կեցված եք ընդունել???
10. Հայրո12:27 - 1 նոյեմբերի, 2012
հըհը… Յբուներ. իսկուստվայա սա`օզիս հանվիս, օզիս հագնիս
11. Թինա12:28 - 1 նոյեմբերի, 2012
Ժողովուրդ ջան Մարինան ուղղակի նյութը ամբողջությամբ չի կարդացել ու չի հասկացել եկեք իրեն հանգիստ թողնենք ու անցնենք առաջ լավ բուն թեմայից խոսենք: Ինչ խոսք այս միջոցառումը պիտի իրարանցում առաջացներ արվեստից շաաատ հեռու մարդկանց շրջանակներում: Բայց կհայտնեմ իմ կարցիքը: Հանճարեղ է Սամվել Սաղաթելյան և շատ համարձակ այս տարածաշրջանում նման մտահաղացում իրականացնելը, ինչ ասեմ Bravo!
12. Անի12:36 - 1 նոյեմբերի, 2012
նյութդ իրոք երկնած էր, շատ ոճական էր գրված, շատ զգացած, շատ մեծ ուշադրության արժանացրած նյութ էր, հենց էնպես գրված բառ չկար: Հստակ ագիտացիա կար` արվեստի ճիշտ ընկալման, արվեստագետին կարեւորելու, մենակ զգացումն էր ուրիշ: Որ կարդում էի, զգում էի, որ գրողը շատ ա հավանում էդ արվեստագետներին, անհատապես շփվում ա նրանց հետ, ոգեշնչվում ա նրանց գաղափարներով, ինչը լավ ա մշակութային լրագրողի համար, բայց...քննադատություն չկար: Առաջին բանը, որ պետք ա զգացվի մշակութային նյութում` արվեստի քննադատությունն ա, հենց էնպես քննադատությունը չէ, ճիշտ քննադատությունը: Մի տեսակ դու էդ ամենի մեջ էիր, իսկ ես ուզում եմ, որ դու դրա ներսից, բայց դրսից գրես: Ընթերցողի կողմից գրես, ոչ թե արվեստագետի: Մի տեսակ հոգի եմ ուզում, ոչ թե զուտ վերլուծություն: Էս ամենին գումարում ես հոգի, զգացում, սուր դանակով հարված ու սա դառնում ա միջազգային ստանդարտի մշակութային նյութ` իրադարձության վերաբերյալ: Զգացումը չպակասեցնես Ան, ԶԳԱՑՈՒՄ, ԴԱՆԱԿԻ ՀԱՐՎԱԾ Հ.Գ. էն մնացածը կարեւոր չեն: Արդեն կարծիքներն էլ էնքան կարծրատիպային ու միանման են դարձել մեր հասարակությունում, որ ուղղակի պետք ա բանի տեղ չդնել, թքած` ով ուզում ա վատ զգա կամ վեր-վեր թռչի ;Ճ Սիրում եմ նյութերդ
13. Մարինա13:07 - 1 նոյեմբերի, 2012
Ինձ հիշեցնում է հեթանոսական "ռետուալի": Իբրև առաջին քրիստոնեությունը ընդունած ազգ, կարծում եմ հարիր չէ մեզ
14. Արինա13:26 - 1 նոյեմբերի, 2012
Այդ հարիրությունն էր երեւի պատճառը,որ մեր հոթանոսական պատմական մեհյանները ոչնչացվեցին գազանաբար.գիտակցություն չկար,որ դա բացի կրոնական կողմնորոշման սիմվոլ նաեւ պատմության անքակտելի մասն է??? Այն,ինչ կերտում է ժամանակը,արվեստը եւ տարածությունը,չի կարելի կաղապարների պատճառով պարզպես դնել ու կացնահարել:
15. Rub13:27 - 1 նոյեմբերի, 2012
Յակուլովը ժամանակին շեշտել էր որ եւրոպային շինել ա անհրաժեշտ իր իսկ զենքով իսկ հայ որդերը տեղը չեն բերում Տերյանն էլգրեթե նույն միտքն էր արտաայտել ոնց-որ թե հոտած նեխած քարը տեղից շարժվում ա
16. Marina13:58 - 1 նոյեմբերի, 2012
Հարգելի Թինա, Մարինան լավ կարդացել ու հասկացելա բովանդակությունը, իսկ կազմակերպիցհները ինձ հարազատ մարդիկ են, այն մենկաբանությունը որ ես եմ թողել, ամենեվին էլ կապ չունի հոդվածը կարդալու կամ հասկանալու հետ,,,ինձ թվում է տղաները լավ էլ հասկացել են,,,
17. Arsen14:12 - 1 նոյեմբերի, 2012
kartsum em mshakutayin karevor akt a teghi unecel
18. վարդան14:33 - 1 նոյեմբերի, 2012
« Ամեն մարդ տիրապետում է որոշ սեփականության, որը ամփոփված է իր սեփական անձի մեջ, որի նկատմամբ ոչ ոք բացառությամբ տվյալ անձի, չի կարող ունենալ որևէ իրավունք: Ամեն մարդ ուսումնասիրելով իր ինքնագիտակցություն ունենալու փաստը, հայտնաբերում է, որ ազատությունը բնական է և առաջնային, որ ինքը ունի ընտրելու ազատություն, որ նա ազատ է օգտագործել կամ չօգտագործել իր միտքը որևէ կոնկրետ տեղում և ժամանակի մեջ, ցանկացած կոնկրետ առարկայի նկատմամբ: Եթե փորձ արվի ժխտել մարդու ինքնասեփականություն լինելու փաստը, ապա ստիպված պետք է լինենք մերժելու ոչ միայն կամքի ազատությունը այլ մեկ այլ փաստ ևս, որ մարդը ունի ինքնագիտակցություն և ընդհանրապես մտածելու ընդունակություն: Ինքդ քո սեփականությունը լինելու փաստի մերժումը հանգեցնում է ազատության մերժմանը, որը մերժողին դնում է անհեթեթ վիճակի մեջ: կամքի ազատ լինելը դա իրավունք չէ, որը տրվում է կամ որը կարող է չտրվել, այլ հենց մարդու մարդ լինելու գույության սահմանումն է: Եվ ուրեմն ցանկացած արուեստի գործ արվում է նրա համար, որ արուեստագէտը համապատասխանի իր սահմանմանը, լինի այն ինչն ինքը կարող է լինել: Արուեստի գործը արուեստագէտին ինքը իր նման լինելու հնարավորության հաստատումն է հասարակական և մինչեւ իսկ միջանձնական հարաբերություններում» - զոհաբերության կարելի է նայել նաեւ այս տեսանկիւնից:
19. German Avagyan19:17 - 1 նոյեմբերի, 2012
Что, Эдик, нашел таки сенсацию?? То, что случилось, плохо..Экспромт вне программы...То, что было по программе, выставка "Рожденные после Смерти" , не удостоились внимания твоего сайта, а компромат ты вилил..Как же без этого..Надо поддерживать свое реноме.... Может мне начать серию статей, как ты, Эдик убиваеш0 профессиональную фотографию в Армении?
20. Էդիկ20:26 - 1 նոյեմբերի, 2012
Գերման հոդվածը նորից կարդա գուցե հասկանաս: Իսկ քո հոդվածները, անկախ ամեն ինչից,գրի թե ես ինչպես եմ սպանում պրոֆեսիոնալ լուսանկարչությունը Հայաստանում: Dա ինձ համար իսկապես անակնկալ է, էդպիսի մեղադրանք չէի լսել իմ հասցեին: Գերման շարունակիր, էլ ինչ եմ արել, էլ ում եմ սպանել.
21. Կարինե21:11 - 1 նոյեմբերի, 2012
Հարգելի Գերման Ավագյան,ինչ կատոգորիկ վերաբերմունք եք դրսեւորում մի կայքի մասին,որն այդքան լուրջ վերաբերմունք ունի ամենատարբեր թեմաների նկատմամբ...Ես չեմ հասկանում,թե ինչի մասին եք խոսում.կարող եք բացատրել...Իսկ նյութը,որ ներկայացվել է հետքում լրջություն ու խորը ենթատեքստեր ունի
22. Անի21:16 - 1 նոյեմբերի, 2012
Հետք, ես չեմ հասկանում դուք երբ նյութ եք գրում, արվեստագետին արտահայտվելու ազատություն եք տալիս, ստեղծագործողին` ստեղծագործելու, ինչի մի հատ ցուցակ չեք կազմում, որ հանկարծ ոչ մեկին բաց չթողնեք, որ սենց չաբիժնիկանան ու հարձակում գործեն?? :ՃՃՃՃ չգիտեք, որ հայ "պրոֆեսիոնալները" երբ իրենք չկան պրոյեկտի մեջ, այն համարում են վատ պրոյեկտ ու ում ինչ ասես կարող են ասել` խանդոտ, կատաղի կնոջ պես
23. Անուշ21:34 - 1 նոյեմբերի, 2012
Հարգելի, Գերման Ավագյան,որպես նյութի հեղինակ եւ "Շուշի արթ փրոջեքթի" մասին այլ հրապարակումներ արած լրագրող, ուզում եմ անդրադառնալ ձեր կարծիքին...Ուզում եմ նախեւառաջ ճշտել, թե խոսքն ինչ կոմպրոմատի մասին է? Երկրորդ` ի սկզբանե Շուշի արթ փրոջեքթի մասին հարցազրույց ունենալով Հարի Որբերյանի հետ,խոսել ենք բոլոր արվեստագետների մասին,որոնք մասնակցել են ծրագրին:Ինքը`կազմակերպիչն առանձնացրել է մի քանի հեղինակների,ապա նշել մնացյալ մասնակիցներին նույնպես...Չեմ հասկանում,թե ինչու է ձեզ այս աստիճան զայրացրել այս նյութը,երբ թվում է,որ պետք է ավելի մեծ հարգանքով եւ արվեստագետի աչքով նայեիք այն ամենին,ինչ կատարվել է Աշոտ Ավագյանի փերֆորմենսի ժամանակ: Փաստն այն է,որ Դուք այս պահին ուղղակի ոտնատակ եք տալիս Ձեզ հետ միեւնույն նախագծին մասնակից արվեստագետների կարծիքն ու կատարածը..Զարմանալի է: Պետք է, որ այնպիսի լուսանկարիչն,ինչպիսին դուք եք,ավելի կառուցողական եւ քննադատական երանգ պարունակող այլ կարծիք ունենար նյութի վերաբերյալ եւ չսահմանափակվեր լուսանկարչի մասնագիտությունից հեռու հոդված գրելու ցանկությամբ:
24. Sara23:52 - 3 նոյեմբերի, 2012
Կարծում եմ, անասունություն է տեղի ունեցել:
25. drizzlebrain08:04 - 4 նոյեմբերի, 2012
Եթե ինչ-որ աշխատանք էլ փորձ է արվել ներկայացնել որպես արվեստի ծրագիր, կամ ձեր շատ արևմտյան փոխառությամբ ՝արթ փրոջեք ու փըրֆորմանս, էս անհարկի մերկացումը ամբողջովին արժեզրկել է էդ "փրոջեքթը"; իր մերկ մարմնով այդ մարդը ամբողջ ծրագիրը վեր է ածել սեփական մարմնի և անձի ներկայացման ու ինքնագովազդի, և այդ մերկության մեջ արվեստ տեսնողները պարզապես թող բան բան ու գործ թողած մերկ ման գան քաղաքի փողոցներում` որպես արվեստի քայլող գործեր:
26. Անանուն11:34 - 4 նոյեմբերի, 2012
Մերկության մեջ ամոթալի բան տեսնողները ,հատկապես վերջին երկուսը, իրենց մարմնից ամաչու՞մ են...Այն,ինչ պայմանավորված է ներքին մղումով եւ արդարացված է կամ ընդունված արվեստի կոնտեքստում քննարկման առարկա է դարձել մի երկուսի համար՝մերկությունն ընդունելով որպես կարեւոր հիմք...Զարմանալի է,որ մերոնք հաճախ չեն տեսնում հագուստի տակ թաքնված քծնանքը,չարությունը,հիմարությունը,որը ավելի մերկ է ցույց տալիս մարդուն,քան գիտակցական,ֆիզիկական մերկությունը...Թշվառությունն սկսում է այնտեղից,որ բոլորը գիտեն՝թագավորը մերկ է,բայց շարունակում են լռել,իսկ նման պարագաներում պարզապես բղավում են,որովհետեւ իրենց պաշտպանված են զգում
27. coolheaded20:03 - 4 նոյեմբերի, 2012
Անհետաքրքիր և տաղտկալի մերկացում... Ինչպես լավ գինի ըմպելիս, աններդաշնակ է դրա համը սուր պանիրներով և շատ համեմված կրեկերներով աղճատելը, այդպես էլ այս դեպքում նա իր մերկացմամբ աղավաղվել է ավելի մեծ գաղափարը` գերակայուն դարձնելով իր մերկ մարմինը:
28. Sol12:35 - 5 նոյեմբերի, 2012
Մարդիկ զարգացան հագնվեցին, հիմա ինչ-որ "արվեստագետներ" մեզ ուզում են ապացուցել, որ հանգված մարդը կոմպլեքսավորված մարդն է ? :))))) Ձեզ կողքից նայեք մի հատ այ "զարգացածներ".... Հայ մարդը իրեն թույլ չէր տա նման բան, մեզ էլ միամիտի տեղ մի դրեք... ասես ինչքան գումար են վճարել մի քանիսին, որ մեզ հայերիս հետմնաց անվանեն իրենք իրենց էլ՝ "զարգացած" ...ուզում եք մերկանաք, գնացեք Եվրոպայում մերկացեք, Արցախը ՀԱՅԿԱԿԱՆ հող է:
29. omella17:53 - 5 նոյեմբերի, 2012
Մերկանալը հետամնացության նշաներ է այլ ոչ թե զարգացման միտումներ: Իսկ մենք ԱՐՑԱԽՑԻՆԵՐՍ զարգացման ուղին ենք բռնում այլ ոչ թե հետամնացության:
30. Rub14:26 - 6 նոյեմբերի, 2012
Մինչ այս Շուշի- արտ նախագծի մասնակիցների մեկնաբանություններում շեշտադրվում էին բացասական կամ դրական անձնավորիչ չափորոշիչներ ավելի շատ հակառակորդին իրար մեջ փնտրելու միտումով   կուզենայի շեշտը տեղափոխել առ այն որ նախագծում ինչպես չեզոք գործեր կային ու արցախյան թեմային վերաբերող էլ ընդ որում իրար դեմ էին ելել հենց վերջինս դիտարկող արտադրանքների հեղինակները    գուցե փնտրել իրական հակառակորդին ինչպես ջդրդուզի բոցի մատնված խոտածածկի անպաշտպան ու կիսամերկ հանդերձի ներքո կամ էլ ընդհանրական վերմակի տակ այնպես էլ ականապատ դաշտի վրա ու թխվածքաբլիթ քմահաճ բախտի տակ ինչպեսեւ արցախորդու անկոտրում նայվածքին սեւեռած ֆոտոխցիկի ներսում ինչը շատ ավելի մասագիտական կհնչեր  
31. Rub15:37 - 6 նոյեմբերի, 2012
-- Մինչ այս Շուշի- արտ նախագծի մասնակիցների մեկնաբանություններում շեշտադրվում էին բացասական կամ դրական անձնավորիչ չափորոշիչներ ավելի շատ հակառակորդին իրար մեջ փնտրելու միտումով կուզենայի շեշտը տեղափոխել առ այն որ նախագծում ինչպես չեզոք գործեր կային ու արցախյան թեմային վերաբերող էլ ընդ որում իրար դեմ էին ելել հենց վերջինս դիտարկող արտադրանքների հեղինակները գուցե թե փնտրել իրական հակառակորդին ինչպես չդրդուզի բոցի մատնված խոտածածկի անպաշտպան ու կիսամերկ հանդերձի ներքո կամ էլ ընդհանրական վերմակի տակ այնպես էլ ականապատ դաշտի վրա ու թխվածքաբլիթ հիշեցնող քմայքի մեջ բախտի ինչպեսեւ արցախորդու անկոտրում նայվածքին սեւեռած ֆոտոխցիկի ներսում ինչը շատ ավելի մասագիտական կհնչեր Rub
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ