HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը չի մասնակցի կոռուպցիայի դեմ իշխանության պայքարի «թատերական ներկայացմանը»

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների։ Այսպես կոչված «կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի» նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաև Հայ ազգային կոնգրեսը։

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է.

  1. Մեր պաշտոնական փաստաթղթերում ի սկզբանե և միշտ նշվել է, որ կոռուպցիան Հայաստանում կրում է համակարգված բնույթ։ Կոռուպցիոն բուրգն ամբողջությամբ համընկնում է իշխանական բուրգին: Այդ բուրգի գագաթը 2008թ-ից ի վեր Սերժ Սարգսյանն է։ Մյուս պաշտոնյաները, ըստ իրենց կարգավիճակի, կազմում են կոռուպցիոն բուրգի ողջ հիերարխիան։
  2. Երբևէ պաշտոնապես բիզնեսով չզբաղված (պաշտոնի բերումով նաև դրա իրավունքը չունեցող) տասնյակ իշխանավորներ տիրացել են հսկայական հարստության, որի չափերը հասնում է մի քանի հարյուր միլիոնից մինչև մի քանի միլիարդ դոլարի։ Հենց նման ծավալներ են ներկայացված բարձրաստիճան իշխանավորների ունեցվածքի մանրամասն հրապարակումները արտերկրի  մամուլում, ապա նաև Հայաստանում։ Բազմաթիվ են նաև նման փաստերն ու վկայությունները Վիքիլիքսի հրապարակումներում: Կոռումպացվածության մեջ ուղղակի մեղադրանքները համապատասխան պաշտոնյաների կողմից որևէ հակազդեցության չարժանացան, ինչը դրանց իսկության ապացույցն է։
  3. Անգամ պետական պաշտոնյաներից ոմանց, օրինակ՝ նույն Տիգրան Սարգսյանի կողմից պաշտոնապես ներկայացրած եկամուտների մասին հայտարարագրերը վկայում են նրանց կոռումպացվածության մասին։ Եվ վերջապես այդօրինակ հարյուրավոր փաստեր տարբեր աղբյուրներից հայտնի են ողջ հասարակությանը։
  4. Կոռուպցիան անքակտելիորեն կապված է իշխանության ոչ օրինակարգության հետ ու դրա արգասիքն է։ Դրա, ինչպես նաև բազմաթիվ այլ չարիքների հաղթահարման միակ ճանապարհը Հայաստանում օրինակարգ իշխանության ու սահմանադրական կարգի վերականգնումն է, ինչի վրա ի սկզբանե պնդել և ինչի համար արդեն հինգ տարի պայքարում է Հայ ազգային կոնգրեսը։ Անհեթեթություն է, որ որևէ համակարգ, առավել ևս կոռուպցիոն համակարգը պայքարի ինքն իր դեմ։ Իշխանությունների նախաձեռնած վերոհիշյալ միջոցառումն այլ բան չէ, քան նախընտրական շրջանում հասարակության աչքին թոզ փչելու, նրա քիչ տեղեկացված խավին ապակողմնորոշելու, շփոթի մատնելու միջոց։
  5. Նկատի ունենալով այս ամենը` Հայ ազգային կոնգրեսը, բնականաբար, չի մասնակցի թատերական այս ներկայացմանը, էժանագին այս խաբեությանը և հավատացած է, որ դրան նույն կերպ կարձագանքեն մյուս քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և միջազգային կառույցները։

Հայ ազգային կոնգրես

Մեկնաբանություններ (2)

GEGHAM
Hertakan kapikutun
Սիլվա
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն այնքան է անգործության մատնվել, որ պետության անունից գործողություններ իրականացնող անձինք դրա մասին չգիտեն, երևի դատախազներից ոմանք էլ այդ մասին չգիտեն նրանց համար խորհուրդն ընդամենը '' կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողով՚՚ է։ Բայց հանձնաժողովի մակարդակով էլ խորհուրդը գործունեություն չիրականացրեց, երբ դիմեցի խորհուրդի նախագահին՝ Տ.Սարգսյանին և խորհուրդի անդամ՝ արդարադատության նախարար Հ. Թովմասյանին, որի կողմից ղեկավարվող համակարգին էլ վերաբերվել են դիմումիս մեջ ներգրված հիմնական փաստերը։ Այդ մասին հոդվածներ են տպագրվել սույն թերթում՝ 2011թ. հուլիսի 7-ին և օգոստոսի 4-ին։ Որևէ պատկան մարմին չարձագանքեց։ Ավելին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարտակել է նոտարի և պաշտոնյաների, նրանց հովանավոր գերատեսչությունների պատասխանատուների, ոստիկանության աշխատակիցների և դատախազների կոռուպցիան՝ քաղաքացու և նոտարի միջև ծագած վեճը կեղծիքների միջոցով վերածելով երկու քաղաքացիների վեճի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ պարտակել առաջին ատյանի կոռուպցիան։ Եթե վճռաբեկն էլ պարտակի ստորադասների կոռուպցիան, արդյունքում կլինի այն, որ պաշտոնյաների քրեորեն հետապնդելի հետապնդելի արարքների վերաբերյալ ՙՙՀետք՚՚ թերթի վերը նշված հոդվածներում բերված փաստերը հիմնավորող փաստաթղթերի օրինականությունը կհաստատեմ ես՝ նույն թերթում հերքելով ,,Կապան,, նոտարական տարածքի նոտարի՝ բնակավայրում գոյություն չունեցած և չունեցող հասցեներով իրականացրած գործարքների շինծու լինելու հանգամանքը, միաժամանակ ոմն քաղաքացու վճարելով 500 000 դրամ, որովհետև նոտարի անուն- ազգանունով քաղաքացին վիրավորվել է, որ ես նոտարական գործարքներն անվանել եմ շինծու։ Երկիրը չէր խրվի կոռուպցիայի տիղմի մեջ, եթե յուրաքանչյուր ոք զբաղվեր իր գործով, կատարեր իր վրա դրված պարտականությունները, դուրս չգար իր լիազորությունների շրջանակներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter