HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ջիլիզա. կյանքը հայ-վրացական սահմանին

Լոռու մարզի Ջիլիզա գյուղը Հայաստանի ամենահյուսիսային բնակավայրերից է, բայց ի տարբերություն մյուսների` այս գյուղը հայկական մյուս բնակավայրերից գրեթե կտրված է: Հայ-վրացական սահմանից այս կողմ Ջիլիզային ամենամոտը Ալավերդի քաղաքն է. ուղիղ գծով հեռավորությունը 15 կմ է, ճանապարհով` 28 կմ: Իսկ սահմանից այն կողմ Ջիլիզային հարեւան են վրացական 7 գյուղեր, որոնցից առավել մոտ են Ախքյորփին եւ Օփրեթին: Վերջինս հենց Ջիլիզայի դիմացի բլրին է` սահմանաբաժան գետակից այն կողմ:

Ջիլիզայի միջնակարգ դպրոցի տնօրեն Սաթենիկ Թունյանը պատմում է, որ նախկինում հունաբնակ Օփրեթիում այսօր մի քանի հունական ընտանիք է մնացել. մյուսները արտագաղթել են, իսկ նրանց տներում այժմ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ:

Ջիլիզան դեռ խորհրդային տարիներից բարեկամական կապեր է ունեցել վրացական գյուղերի հետ, բավականին աշխույժ է եղել առեւտուրը: Սակայն անկախությունից հետո սահմանային անցուդարձը առնվել է խիստ հսկողության տակ, իսկ այս տարվանից սահմանը փակվել է: Մեր կողմից այն հսկում են Ջիլիզայի սահմանապահ ուղեկալի զինվորները, իսկ վրացական կողմից` Օփրեթիի սահմանապահները:

«Վրացական հայաբնակ գյուղերի հետ բարեկամական կապեր կան. մեկի աղջիկն է այստեղ ամուսնացած, մյուսն այստեղից է աղջիկ տարել, մեկի քույրն ու եղբայրն են այստեղ ապրում: Կոնկրետ ես ծնողներիս տեսնելու համար պիտի գնամ Ալավերդի, այնտեղից հասնեմ Բագրատաշեն ու Սադախլո, հետո գնամ իրենց գյուղ: Այն դեպքում, որ այստեղից հեռավորությունը մի քանի կիլոմետր է»,- ասում է Սաթենիկ Թունյանը:

Մոտ 200 բնակիչ ունեցող գյուղից վերջին 2-3 տարիներին արդեն 5-6 ընտանիք է հեռացել: Դպրոցի աշակերտների թիվը հստակ ցույց է տալիս արտագաղթի դինամիկան` 2004-ին ունեցել են 60 աշակերտ, 2005-ին` 57, 2006-ին` 43, 2007-ի սեպտեմբերին կլինի 40:

Խորհրդային տարիներին գյուղի դպրոցը երկար ժամանակ փակված է եղել, քանի որ երիտասարդության մեծ մասը տեղափոխվել էր Ալավերդի, Երեւան, Վանաձոր: Գյուղում եղած երեխաներն էլ գնում էին հարեւան վրացաբնակ գյուղերի դպրոցները: 1991-ին դպրոցը վերաբացվել է` որպես Ճոճկանի դպրոցի տարրական մասնաճյուղ: Հետագայում այն դարձել է 8-ամյա, իսկ հետո հաշվի առնելով, որ գյուղը հեռավոր է, հարեւան հայկական բնակավայր չկա, սահմանամերձ է, բնակչությունն էլ կարող է ցրվել` դպրոցը դարձրել են միջնակարգ:

Նախկինում այն գործել է այսօրվա ուղեկալի շենքում: Սակայն այդ շենքի վատ պայմանների պատճառով 1998-ին կրթատունը տեղափոխվել է գյուղապետարանի շենք, որտեղ տեղակայված են նաեւ ակումբը, բուժկետը, գրադարանը:

Շենքում դպրոցի համար 10 շատ փոքր սենյակներ են տրամադրված, որտեղ հազիվ 2-4 դասասեղան է տեղավորվում: Տնօրեն Սաթենիկ Թունյանը նշում է, որ ամենամեծ խնդիրը մարզադահլիճի բացակայությունն է: Մարզպետարանում ասել են, որ հնարավորության դեպքում հարցը կլուծեն: Դպրոցի միակ համակարգիչը հին է, բայց արդեն պայմանագիր ունեն երկու նորի համար:

Գյուղապետարանի շենքը, որ կառուցվել է 1980-ականներին, երկու տարի առաջ թեթեւ նորոգվել է: «Հայաստան» համահայկական հիմնադրամը դպրոցին տրամադրել է սեղան-աթոռներ, պահարաններ, գրասեղաններ, 4 գրատախտակ: Հունաստանի հայկական համայնքն էլ նախորդ տարի վճարել է երեխաների բոլոր դպրոցական ծախսերը: Գյուղում միայն մեկ բազմանդամ ընտանիք կա ( 12 հոգի ) , որի դպրոցական երեխաների կարիքները հոգում է պետությունը:

Չնայած փակ սահմաններին` այս տարի էլ հարեւան Չանախչիից երկու ծնող ցանկություն են հայտնել երեխաներին Ջիլիզայի դպրոց բերել: Նրանց երեխաներին կմիանա նաեւ տեղացի մեկ առաջինդասարանցի:

Անցյալ ուսումնական տարում դպրոցն ունեցել է 8 շրջանավարտ, որոնցից մեկն ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, երկուսն էլ պատրաստվում են դիմել Վանաձորի մանկավարժական համալսարան: Միջին կտրվածքով` ամեն տարվա 3-5 շրջանավարտներից 1-2-ը ընդունվում են Վանաձորի եւ Երեւանի բուհեր:

Տնօրեն տկն Թունյանը նշում է, որ իրենց լավ շրջանավարտներին փորձում են տեղում ապահովել աշխատանքով, որ գյուղից չհեռանան: Նրանց մի մասը բարձրագույն կրթություն ունի, մի քանիսն էլ դեռ ուսանող են: Այդպիսով` գյուղի 13 ուսուցիչներից շատերը տեղացիներ են, կան նաեւ վանաձորցիներ:

«Ուղղակի գոհ ենք, որ դասարանների կոմպլեկտավորում չի գնում, թե չէ բնակչության հոսքը դեպի դուրս ավելի կմեծանա. ուսուցիչների մի մասը դրսից են ու կոմպլեկտավորման դեպքում աշխատավարձը կնվազի` երկու դասարանի համար մեկի աշխատավարձ կստանան»,- բացատրում է տկն Թունյանը ու հավելում, որ Ջիլիզայում սահմանամերձ գյուղի դպրոցի արտոնություններ չկան:

«Երիտասարդների մեջ գյուղից հեռանալու միտում կա: Աղջիկները դուրս են գալիս, տղաներից էլ միայն մեր ներկայիս զինղեկն է ամուսնացել, կինը Մեղրուտից է,- պատմում է դպրոցի տնօրենը:- Գյուղացին վնասով է աշխատում. նա իր արտադրանքը պետք է կարողանա իրացնել. եւ դա է դժվար, եւ ճանապարհածախսն է թանկ: Սկզբում Վրաստանի հետ էր մեր առեւտուրը, շատ չէինք մտածում, իսկ հիմա սահմանները որ փակ են, դա արդեն մեծ պրոբլեմ կառաջացնի»:

«Եթե սահմանը բաց չլինի, պիտի փշալար լինի, ինչը ես ոչ մի կերպ չեմ ընդունում»,- ասում է մաթեմատիկայի ուսուցիչ Գագիկ Մուրադյանը ու նշում, որ սահմանի փակումը բացասաբար է ազդել տեղի հայ բնակչության կյանքի վրա:

Հողից ու անասուններից ստացված օգուտը ջիլիզացիները նախկինում իրացնում էին վրացական գյուղերում, այժմ դրա հնարավորությունը չկա:

«Բերքն այս տարի լավ է, խնձոր ու ընկույզ շատ կա, բայց որտե՞ղ իրացնենք»,- հարցնում է Գ. Մուրադյանը:

«Աշխատանք չկա, որ մարդ աշխատի: Ի՞նչ անեն, հող չեն կարում մշակեն, որովհետեւ մեխանիզացիա չկա: Մի 2-3 տուն են նորմալ ապրում, ժողովրդի շատ մասը սոված ա»,- ասում է 77-ամյա Զաքար Մուրադյանը:

Ջիլիզայում քաղաքային հեռախոսահամար միայն գյուղապետանն ունի: Գյուղացիները օգտվում են վրացական բջջային կապից: Հայաստանի բաժանորդների հետ խոսելու մեկ րոպեն 200 դրամ է, իսկ ներսում` 50-60 դրամ: Ջեռուցում կա միայն գյուղապետարանի շենքում: Կաթսայատունն աշխատում է փայտով:

«Ոնց որ ամբողջ Հայաստանում, էստեղ էլ երկրի ղեկավարությունը մտածում է ոչ թե աշխատատեղ ստեղծելու, այլ ինչ-որ ձեւով իր իշխանության տարիներին օգուտ ստանալու մասին,- շեշտում է ուսուցիչ Գագիկ Մուրադյանը,- պրոբլեմների լուծումը պետք է լինի ամենավերեւից, կուսակցական ու անհատական շահերը պիտի երկրորդական լինեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter