HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչպես աշխատել միլիոն

Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն իր օգնական Տիգրան Քրմոյանի հիմնադրած «Ինտերիեր» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի Հանքավանի հանքային տարածքի 4 եւ Մեղրաձորի հանքային դաշտի 3 հատվածներում նույն օրը` 2005թ-ի դեկտեմբերի 19-ին տվել է ուսումնասիրության 7 լիցենզիա:

Տիգրան Քրմոյանը մինչեւ 2006թ. հոկտեմբերի 6-ը եղել է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի օգնականը: «Ինտերիեր» ՍՊԸ-ի երկրաբանական ուսումնասիրության 7 լիցենզիաներն էլ տրված են մինչեւ 2008թ.-ի սեպտեմբերի 30-ը:

Սակայն 2006թ-ին Հանքավանի հանքային մարմնի շուրջ հայտնվեց մի նոր ընկերություն` «Գոլդեն օրե» ՍՊԸ անվանումով: Այն գրանցվել է 2006թ. հոկտեմբերին, Երեւանի Մաշտոցի 2/2 հասցեում: Կազմակերպության հիմնադիրը` Հռիփսիմե Միքայելյանն է: Նա «Մետրոպոլ» հյուրանոցի ադմինստրատորն է, ինչպես նաեւ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի կնոջ քույրը` քենին:

«Գոլդեն օրե» ՍՊԸ-ի տնօրենն է Գայանե Տոռոզյանը: Վերջինս 2002-2005թթ.-ին Կապի եւ տրանսպորտի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետն էր, իսկ 2005թ.-ից առայսօր Անդրանիկ Մանուկյանի խորհրդականն է: Ընկերության գրանցման հասցեն «Մետրոպոլ» հյուրանոցն է: Իսկ «Մետրոպոլը» ինչպես հայտնի է` նախարար Ա.Մանուկյանի սեփականությունն է (Տես նաեւ` Վճարովի սխալ տեղեկատվություն):

Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն այս ընկերությանը տվել է տեղեկանք, պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը Հանքավանի մոլիբդենի հանքավայրի նախկինում հաստատված պաշարների հիման վրա «Գոլդեն օրե» ՍՊԸ-ին 25 տարով շահագործման լիցենզիա է տվել 42 հա հողատարածքի համար: Այն տրվել է 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ ընկերությունը գրանցվել է դրանից ընդամենը 4 ամիս առաջ:

Մեր ունեցած տվյալներով` ինքը` Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, չէր ուզում արդյունահանման լիցենզիա տալ այս ընկերությանը բնապահպանության նախարարության ներկայացրած փաստաթղթերի մեջ ուսումնասիրության լիցենզիայի անհամապատասխանության պատճառով, սակայն նրա վրա ամենայն հավանականությամբ ճնշումներ են եղել: Երբ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Կոնցեսիոն գործակալությունում փորձեցինք նայել բնապահպանության նախարարության ներկայացրած փաստաթղթերը, աշխատակցուհին նշեց, որ բնապահպանության նախարարությունից ստացված փաստաթղթերը նայելու իրավունք չունենք: Իրենց բնապահպանության նախարարությունից այդ մասին զգուշացրել են: Թե ինչ գաղտնիքներ կան այդ փաստաթղթերում, իհարկե, դժվար չէ գուշակել: Դրանք փաստաթղթեր են, որոնցով հնարավոր չէր այդ ընկերությանը տալ շահագործման լիցենզիա.հատկապես այն դեպքում, երբ այդ տարածքի ուսումնասիրության համար լիցենզիա էր տրված այլ կազմակերպության:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը ներկայացրած ծրագրում «Գոլդեն օրե» ՍՊԸ-ն նշել է, որ կատարելու է 10 մլրդ 620 մլն դրամի ներդրումներ:

Ընկերությունը պետությանը պետտուրք է վճարել 10 մլն դրամ: Այս ընկերությունը դիմել է «Հայանտառին» Հանքավանում անտառահատումներ իրականացնելու խնդրանքով եւ ստացել է համաձայնություն, սակայն անտառահատումներ չի իրականացրել:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Կոնցեսիոն գործակալության 2007 թվականի հուլիսին «Հետքին» տրամադրած տվյալներով Հանքավանի հանքավայրի պաշարները կազմում են 137,2 մլն տոննա հանքաքար: Մոլիբդենը կազմում է 0.054% կամ 114727.0 հազար տոննա, պղնձի հանքաքարում պղինձը` 0.55% կամ 22461.0 հազար տոննա: Բայց հայտնի է, որ Հանքավանում կա նաեւ ոսկու մեծ պաշարներ, իսկ դրանց մասին ոչ բնապահպանության նախարարության, ոչ էլ Կոնցեսիոն գործակալության տեղեկանքներում որեւէ բան նշված չէ: Հանքարդյունաբերության ոլորտի մասնագետներից մեկն ասաց, որ հանքավանում ոսկու պաշարները դեռեւս խորհրդային տարիներին գնահատված էր 31 տոննա:

2007թ. ապրիլի 23-ին «Գոլդեն օրե» ընկերության հիմնադիր Հռիփսիմե Միքայելյանը դուրս է եկել ընկերության կազմից եւ ընկերության տերը դարձել է «Մադնեուլի» ԲԸ-ն (բաժնետիրական ընկերություն): Մեր ունեցած տվյալներով` «Գոլդեն օրեն» այդ ընկերությանը վաճառվել է վեց մլն դոլարով: Սրանից պետությանը բացառապես որեւէ լումա չի փոխանցվել, իսկ Անդրանիկ Մանուկյանը, Վարդան Այվազյանը,իհարկե, շահույթի իրենց մասերն ունեցել են: Այդ մասին, անշուշտ, գիտեն նաեւ համապատասխան մարմինները: Ահա թե մեր նախարարները ինչպես են բիզնես անում եւ փող աշխատում, իրենց նախարարական աթոռները նրանք օգտագործում են բացառապես դրա համար:

«Մադնեուլի» ԲԸ-ն գրանցված է Վրաստանի Բոլնիսի շրջանի Կազրեթի ավանում: Այս ընկերությունն արդեն ձեռք է բերել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» 84,2 տոկոսը: Իսկ թե ովքեր են Վրաստանում գրանցված այս ընկերության իրական տերերը եւ ինչպիսի սկանդալային պատմություններով է այն հայտնի դարձել արտերկրում, կներկայացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter