HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը պետք է հետևեն տեսանելի պատժամիջոցներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները, որից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը զեկուցել է հանձնաժողովի կայացման խնդիրները:

Հնչել են տարբեր առաջարկություններ՝ առկա բացթողումները և խնդիրները վերացնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք հնարավորություն կտան գերակա 3-4 ոլորտում էապես խորացնել վերլուծությունների որակը և բացահայտել կոռուպցիոն երևույթները ծնող պատճառները, ապահովել ծրագրերի իրականացման հրապարակայնություն և այդ աշխատանքներում ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

«Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսևորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք, հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Դրա համար այսօր որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ ինքներս պետք է բացահայտենք կոռուպցիոն դրսևորումները, որից հետո պետք է լինեն հստակ և հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ նա շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին մասնակցության համար և հույս հայտնել, որ վերջիններս առաջիկայում գրավոր կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնք կդառնան քննարկման առարկա:

«Մենք բաց ենք քննարկումների համար և այս ֆորմատը մշտապես պահպանելու ենք: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակը մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը խիստ գնահատականներ է տվել և մեզնից վճռական քայլեր է պահանջում, որոնք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով: Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը և ոչ էլ հասարակությունը հաջողության չեն կարող հասնել, եթե չլինի համագործակցություն, ուստի մենք պետք է գտնենք այդ համագործակցության ճիշտ ձևաչափը: Մենք պետք է բացահայտենք առաջնային 3-4 ոլորտները և մեր ուժերը կենտրոնացնենք կոռուպցիոն երևություները ծնող պատճառների վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ իրականացվող բարեփոխումների կարողություններն էապես ավելացնելու համար էական նշանակություն է ունենալու նաև միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:

Մեկնաբանություններ (2)

Արմեն
Ժողովուրդ էս մեր վարչապետը Նախագահի ասածը ոնց որ լրիվ թարս ա հասկացել:Իրան Էն մարդը ասում ա կարգին աշխատի,ինքը հասկանում ա ՙՙտեսանելի պատժամիջոցներՙՙ:Հաթաթա տալով կոռուպցիայի դեմ չեն պայքարում:Աշխարհում մինչև Ձեզ կոռուպցիայի դեմ պայքարի ձևը վաղուց գտել են՝պաշտոնյաին տալ այնքան աշխատավարձ,որքան նրան կաշառք տվող չի լինի:
Դարդ-անելի
Իսկ ինչով էր զբաղված ղեկավարածդ խորհուրդը՝ մինչ այսօր։ Հավանաբար ծաղկեցնում էր կոռուպցիան, որ հիմա էլ բարձրաձայնի, թե պայքարում է դրա դեմ։Դուք հո Ձեր դեմ չեք պայքարելու։ Տվեք լծակները մեզ՝ ներքևներում գտնվողներիս և մենք կպայքարենք ձեր կոռումպացված համակարգի դեմ, կպարզենք, թե միլիոններն ու միլիարդները, ինչու բյուջեում լինելու փոխարեն, հավաքվում են ձեր և ձեր կանանց անձնական հաշիվներում։ Իսկ ինչու զրկեցիք մեր աշխատավոր ծնողներին, տերը մնալու իրենց հալալ քրտինքով ստեղծած ավանդներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter