HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լավագույն ճանապարհը համագործակցությունն է ու մանկապատանեկան դպրոցներ հիմնելը

Արտերկրում հանդես եկող հայաստանցի ֆուտբոլիստներն անցած շաբաթ իրենց երկրպագուներին կրկին ուրախանալու առիթ տվեցին: Խոսքն առաջին հերթին Կրասնոդարի «Կուբանի» խաղացողներ Արաս Օզբիլիզի եւ Մարկոս Պիզելիի մասին է: Պերմի «Ամկարի» հետ խաղում կրասնոդարցիները հաղթեցին 3-0 հաշվով: Երկրորդ գոլը 11-մետրանոցից խփեց Արասը, իսկ փոխարինման դուրս եկած Մարկոսը ձեւակերպեց վերջնական հաշիվը: Դրանք Արասի 4-րդ եւ Մարկոսի 3-րդ գոլերն էին ընթացիկ առաջնությունում: Ինչպես հայտնի է, Կրասնոդարը ուկրաինական Դոնեցկի հետ միասին դարձել է հայ լեգեոներների յուրօրինակ հավաքակետ: «Կրասնոդարի» առաջատար Յուրա Մովսիսյանը չնայած 9 գոլով շարունակում է մնալ Ռուսաստանի պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը, սակայն մի քանի խաղ արդեն չի կարողանում ավելացնել դրանց հաշիվը: Մոսկվայի «Դինամոյի» հետ վերջին խաղում էլ Յուրան վնասվածքի պատճառով բացակայում էր, սակայն նրա թիմը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Ռոման Բերեզովսկու թիմին (մոսկվացիների դարպասը պաշտպանում էր Շունինը): Անցած շաբաթ որակազրկման պատճառով չխաղաց նաեւ Հենրիխ Մխիթարյանը, ինչը, այդուհանդերձ, չխանգարեց «Շախտյորին» վաստակել հերթական 3 միավորը: Մյուս կողմից՝ Հենրիխը հնարավորություն ստացավ հանգստանալ չորեքշաբթի օրը կայանալիք «Չելսի»-«Շախտյոր» խաղից առաջ: Դոնեցկյան մյուս թիմը՝ «Մետալուրգը» (Կ. Մկրտչյան, Գ. Ղազարյան, Արտ. Եդիգարյան), պարտվեց: Նույն բախտին արժանացավ նաեւ Ուժգորոդի «Գովեռլան» (Արթ. Եդիգարյան, Ե. Մելիքյան):

Եթե մի որոշ ժամանակահատված ռուսական եւ ուկրաինական առաջնություններում հայ ֆուտբոլիստները չունեին այն պահանջարկը, ինչ 1990-ականներին ու 2000-ականների սկզբին, ապա հիմա պատկերը կտրուկ փոխվել է, ինչը հայկական եռագույնի տակ հանդես եկող տղաների լավ ու նաեւ արդյունավետ խաղի արդյունք է:

Անշուշտ, չի կարելի մոռանալ նաեւ, որ դոնեցկյան «Մետալուրգի» տերերից մեկը հայ գործարար Օլեգ Մկրտչյանն է, թիմի մարզական տնօրենն էլ Վարդան Իսրայելյանն է, ով Երեւանի «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանի եղբայրն է: Հենց սրանով է պայմանավորված երկու թիմերի արդեն երկարատեւ սերտ համագործակցությունը, այդ թվում՝ ֆուտբոլիստների փոխադարձ տեղափոխությունները մի թիմից մյուսը: Հենց «Մետալուրգը» դարձավ այն ակումբը, որը ոչ միայն «Բանանցի», այլեւ, մասնավորապես, «Փյունիկի» երիտասարդների համար մինչ օրս լավ ցատկահարթակ է ծառայում՝ որակական աճ գրանցելու եւ ավելի ուժեղ ակումբներ տեղափոխվելու համար: Օլեգ Մկրտչյանը 75 տոկոսի բաժնետեր է նաեւ «Կուբանում», ինչը պակաս կարեւոր չի եղել նախկին մետալուրգցի Մարկոսի ու հոլանդական «Այաքսում» հանդես եկող Օզբիլիզի տեղափոխության հարցում:

Որքան սերտ լինի հայկական թիմերի համագործակցությունը այլ երկրների ակումբների հետ, այնքան ավելի մեծ կլինի տեղական կադրերի հոսքը դեպի ավելի բարձրակարգ առաջնություններ: Համագործակցությունը լավ առիթ է նաեւ ֆուտբոլի հայկական դպրոցը օտարերկացիների շրջանում ճանաչելի դարձնելու համար, որի հաջորդ քայլը տեղի կադրերի հանդեպ պահանջարկի առաջացումն ու հետագա մեծացումն է: Այսօր մի փոքր ծիծաղելի կարող է թվալ «ֆուտբոլի հայկական դպրոց» արտահայտությունը, քանի որ մանկապատանեկան կայացած կառույցներով ամբողջական համակարգ ունեն միայն «Փյունիկը», «Բանանցը», «Միկան»: Մյուսները դրա ճանապարհին են, կամ չեն էլ սկսել՝ հույսերը դնելով արտասահմանցիների, վերը նշված ակումբների ակադեմիաների սաների, վատագույն դեպքում՝ այս կամ այն թիմից դուրս մնացած ֆուտբոլիստների վրա: Դրա պատճառով էլ մեր տարիքային հավաքականները ձեւավորվում են գլխավորապես այս երեք ակումբների հենքի վրա: Լավ է, որ աստիճանաբար սրանց է միանում Գյումրու «Շիրակը», որի դպրոցը հայկական ֆուտբոլին միշտ էլ բարձրակարգ կադրեր է տվել:

Հայաստանի ներքին առաջնությունում էլ ապագան այն ակումբներինն է, որոնք ունեն ուժեղ մանկապատանեկան դպրոց: Գլխավոր շեշտը պատանի ու երիտասարդ կադրերի վրա առաջինը դրեց «Փյունիկը», որը մի քանի անգամ չեմպիոն դառնալուց հետո կամաց-կամաց հրաժարվեց արտասահմանցիներից ու տարեց տղաներից՝ բացառությամբ Սարգիս Հովսեփյանի: Խաղալով տարբեր տարիքային հավաքականների կազմում, հանդես գալով միջազգային հանդիպումներում ու այդպես կարեւոր փորձ կուտակելով՝ նույն ջահել տղաները, սակայն, կարողացան մինչեւ 2010 թ. ներառյալ պահել երկրի լավագույնի տիտղոսը: 2011-ին «Ուլիսի» հաջողությունը հիմնված էր զուտ խաղացողների երկարամյա փորձի վրա, սակայն ներկա մրցաշրջանը լավագույնս ապացուցում է, որ իդեալական տարբերակը փորձի ու երիտասարդության հաջող համադրությունն է, ինչն առկա է «Միկայում» եւ «Շիրակում», որոնք այս տարի պոկվել են մյուս թիմերից: «Փյունիկն» ու «Բանանցը» անցումային փուլում են. նրանց ժամանակ է պետք՝ նախկին դիրքերը վերադարձնելու համար: Սակայն հատկապես «Բանանցի» դեպքում, որն այս պահին առաջնության հետնապահն է, այդ փուլը շատ ծանր է մասնավորապես հոգեբանական տեսանկյունից:  

Ի մի բերելով՝ ասենք, որ հայկական ֆուտբոլում՝ թե ներքին առաջնությունում, թե արտերկրում խաղացող տղաների պարագայում, տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, ինչը հաճելի լարվածության մեջ է պահում ֆուտբոլասերին: Սակայն փաստ է, որ հատկապես տեղական ասպարեզում դեռ շատ ու շատ անելիքներ կան: Բազմաթիվ են կարծիքները, որ ներքին առաջնության թիմերի մակարդակը հավասարվել է ոչ թե համեմատաբար թույլերի աճի, այլ ուժեղների անկման արդյունքում: Չհերքելով այս տեսակետը՝ նշենք, որ սա առաջին հերթին խոսում է նույն անցումային գործընթացների մասին, երբ ուժեղները հրաժարվել են փորձառու խաղացողներից ու բռնել են նոր ճանապարհ՝ սեփական երիտասարդ կադրերով համալրել թիմերը, հնարավորության դեպքում նրանց վաճառել արտասահմանյան թիմերին՝ այդպիսով նախեւառաջ նպաստելով ազգային հավաքականի թեկնածուների աճին: Որքան շուտ մյուս ակումբները եւս գումարներ ներդնեն սեփական ակադեմիաները հիմնելու վրա եւ մեծ տեղ հատկացնեն պատանիներին, այնքան ավելի կմեծանա գործնական հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ, հոսքը մարզադպրոցներ կաճի, եւ, ինչպես ասում են, քանակը կտա որակ:   

Լուս.՝ Հակոբ Բերբերյանի/armsport.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter