HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սուբսիդավորվող մամուլի ցանկը վերանայման կարիք ունի

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրի շրջանակներում քննարկում էր տեղի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Ծրագրի ղեկավար Սուսաննա Շահնազարյանը ներկաներին համառոտ ներկայացրեց իրենց կատարած հետազոտությունների արդյունքները: Այնուհետև ՀՀ կառավարության կողմից ոչ պետական մամուլին հատկացվող լրավճարի արդյունավետության մասին խոսեց ծրագրի փորձագետ Սառա Պետրոսյանը:

1998թ. ֆինանսական ծանր վիճակում հայտնված լրատվամիջոցների ներկայացուցիչները դիմեցին կառավարությանը ավելացված արժեքի հարկից մամուլին ազատելու խնդրանքով: Կառավարությունն էլ որոշեց փոխհատուցել սուբսիդավորման եղանակով: Ցանկում ընդգրկվեցին մարզային, ազգային փոքրամասնությունների, գրական և մանկապատանեկան մամուլը: Հետագայում այս ցանկն ընդլայնվեց: Ընդգրկվեցին ստեղծագործական, հայրենակցական միությունների պաշտոնաթերթեր, գրական-մշակութային ամսաթերթեր, տարին մեկանգամյա պարբերականությամբ լույս տեսնող ամսագրեր, հանդեսներ և այլն:

«Կառավարության օժանդակության ցանկում ընդգրկված շատ լրատվամիջոցներ մարդ-խմբագրություններ են՝ մեկ հոգանոց «աշխատակազմով»: Խմբագիրը նաև լրագրող է, սրբագրիչ, համակարգչային օպերատոր և այլն: Թերթեր կան, որոնք խմբագրություն չունեն կամ ընտանեկան են»,- ասաց Սառա Պետրոսյանը:

Հարցումների արդյունքում պարզվել է, որ տարեկան ստանալով 300-ից 500 հազար դրամ սուբսիդիա՝ այդ թերթերի ու ամսագրերի մեծ մասը կարողանում է պահպանել իր գոյությունը: Ամեն դեպքում դրանում հավաստիացնում են նրանց ղեկավարները՝ հավանաբար այդ փոքր գումարն էլ չկորցնելու համար: Պետության հատկացրած սուբսիդիան այդ թերթերի մեկ ամսվա ծախսն է կազմում, նրանց մեծամասնությունը խոստովանում է, որ անվճար բաժանում են, չունեն բաժանորդագրություն, վաճառելը ևս խնդիր է:

Ըստ բանախոսի՝ մեկ տպագրական մամուլով տարեկան մի քանի համար հրատարակվող թերթերը կամ ամսագրերը որևէ լուրջ խնդիր չեն կարող լուծել: «47 մլն դրամը համամասնորեն բաշխվում է 80 անուն լրատվամիջոցի միջև, սակայն գուցե ավելի ճիշտ կլիներ, որ սուբսիդիա կոչվածը հատկացվեր ըստ վճարած հարկերի»,- բարձրաձայնեց հանդիպման ներկաներից «Գյումրի-ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը: Վերջինս նշեց, որ Եվրոպայում թերթերին սուբսիդավորում են՝ փոխանցելով տվյալ թերթի բյուջեի 10 տոկոսը:

Չնայած բոլոր գործադրած ջանքերին՝ ամբողջ աշխարհում մամուլը ճգնաժամի մեջ է: Դրան նպաստել են ինտերնետային կայքերը: Թերթերի վաճառքն անկում է ապրել հենց ինտերնետի հասանելիության շնորհիվ: «Թերթ հրատարակելը մշտապես համարվել է շահավետ բիզնես: Սակայն նույն եվրոպական երկրներում, վերցնենք օրինակ Ֆրանսիան, այս վերջին տարիներին օրական մի թերթ հայտարարում է փակվելու մասին: Հայաստանում այնպիսի թերթեր, ինչպիսին են «Ազգը», որ տպվում էր ժամանակին 40 հազար, և «Երկիրը», որ լույս էր տեսնում 50 հազար տպաքանակով, այնքան են նվազեցրել այդ թիվը, որ հասել են միջշրջանային թերթերի տպաքանակին»,- նշեց Սառա Պետրոսյանը:

Ֆրանսիական մամուլի հետ կապված ուսումնասիրություններ կատարելիս բանախոսը մի հետաքրքիր հոդվածի է հանդիպել՝ տպագրված «Լիբերասիոն» թերթում: Հեղինակը Ռենե քաղաքի քաղաքապետն էր, ով կոչ էր անում իր քաղաքացիներին գնել իրենց քաղաքի թերթը: «Եթե մենք կորցնենք այդ թերթը, ես կկորցնեմ իմ հավասարակշռությունը»,- հայտարարել էր հոդվածագիրը:

Սառա Պետրոսյանը շատ կուզենար, որ Հայաստանում նման կոչով հանդես գային քաղաքական գործիչները կամ ղեկավար այրերը: «Բայց դրա փոխարեն հանգիստ խղճով թույլ են տալիս, որ մամուլը տարածող կազմակերպությունների դրած սահմանափակումների շնորհիվ՝ թերթերը չհասնեն հեռավոր բնակավայրեր, իսկ սա խոսքի ազատության սահմանափակման մի ձև է»,- ասաց Սուսաննա Շահնազարյանը:

Հայկական մամուլի դեպքում թվացյալ բարեգործության քողի տակ կառավարության կողմից հատկացվող 47 մլն դրամը պարզապես փոշիացվում է: Խորհուրդը, որ կատարում է այդ հատկացումներն ու հաստատում հրատարակվող մամուլի ցանկը, բաղկացած չէ մասնագետներից: Հանդիպման մասնակիցներն առաջարկեցին դիմել կառավարությանը, որ վերջինս վերանայի խորհրդի կազմը՝ դրանում հիմնականում ոլորտի մասնագետներ ընդգրկելու նպատակով: Մասնակիցները պնդեցին, որ պիտի վերանայել նաև սուբսիդավորվող մամուլի ցանկը:

«Ասպարեզ» ակումբում կազմակերպված «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրին թեև հրավիրվել, սակայն չէին մասնակցում պետության կողմից տարեկան 500 հազար դրամի չափով աջակցություն ստացող տպագիր մամուլի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter