HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշուղարիբյանների ընտանիքը 7-րդ լուսաբացը դիմավորեց փողոցում (վիդեո)

10-ամյա Նարեկը, 23-ամյա Նաիռան,  24-ամյա Քրիստինեն, նրանց ծնողները գիշերում են Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում գտնվող շենքի պատերի տակ, որի սենյակներից մեկում դեռևս 7 օր առաջ նրանք ապրում էին: 

Նախկին գիշերօթիկ դպրոցի շենքը Երևանի N10 արհեստագործական ուսումնարանին է տրամադրվել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հոկտեմբերի 31-ին վտարել են շենքում բնակվող 6 ընտանիքներին, այդ թվում` Աշուղարիբյաններին: Այդ օրը բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ իրերը պահեստավորվել են նկուղում: Առաջին հարկի սենյակներից մեկում էլ դեռ ապրում է Հրաչյա Էլոյանը` գիշերօթիկում 35 տարի նկարչություն դասավանդող ուսուցիչը, ում տնօրենը մեկշաբաթյա ժամկետ է տրամադրել օթևանի հարցը լուծելու և տարածքը լքելու համար: 

Վտարված մյուս ընտանիքները ապաստան են գտել իրենց ծանոթ-բարեկամների տներում:  Աշուղարիբյաններն ասում են, որ իրենք գնալու որևէ տեղ չունեն, և 18 տարի է` այստեղ են ապրել: Ռոզա Ասլանյանը հենց այդ տարածքի վրա էլ փաստացի հաշվառված է: Այս ու այլ տներում հավաքարարություն անող տիկին Ռոզայի և բանվորություն անող ամուսնու վաստակածը միայն օրվա հացն է հոգում: Բնակարան վարձելու մասին նրանք խոսելն իսկ ավելորդ են համարում: 

Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արծրուն Բարսեղյանն ասում է, որ այդ տարածքից դատարանի վճռով վտարման ենթակա է եղել 6 ընտանիք, այդ թվում' Աշուղարիբյանները: ԴԱՀԿ-ն երեք անգամ ծանուցել, 25-օրյա վերջնաժամկետ է տրամադրել, և հոկտեմբերի 31-ին ժամկետն ավարտվել է: Տարածքից վտարվել է 2 ընտանիք, քանի որ մյուսներն արդեն իսկ տեղափոխվել էին:

Մեկ ընտանիքի գույքը նկուղային մասում պահեստավորվել է, իսկ Աշուղարիբյանները հրաժարվել են իրենց գույքը պահեստավորելուց, և իրենց իսկ պահանջով գույքը դուրս է բերվել շենքի մոտ: «Ինչ անենք մենք, սա պետական տարածք է, կա դատարանի վճիռ, եթե մենք իրավական պետություն ենք, օրենքն ենք հարգում, կա օրինական ուժի մեջ մտած վճիռ, որն ամեն մեկս պարտավոր ենք հարգել,- ասում է Ա. Բարսեղյանը և վտարվածների առաջարկում  վարձով ապրել,-այսօր Երևան քաղաքում քանի՞ մարդ է վարձով ապրում, ընդ որում' իմ աղջիկն էլ է վարձով ապրում»:

Թե ինչու է «օրենքը շրջանցվել» և հավելյալ մեկշաբաթյա ժամկետ տրամադրեվել Հ.Էլոյանին, տնօրեն Բարսեղյանը այսպես է մեկնաբանում. «Պրն Էլոյանն էլ է վտարման ենթակա, քանի որ նա դատարանում սեփականության վեճ ունի, նա խնդրել է որոշ ժամանակ մինչև այդ վեճը վերջանա, և ինքը տեղափոխվի»: Ըստ Ա. Բարսեղյանի` դատարանի վճռում Էլոյանի անունը չի եղել, այդ տարածքը Էլոյանին տրված է եղել նկարները պահեստավորելու համար, հետագայում նա չարաշահել է նախկին տնօրինության վստահությունը և սկսել ապրել, իսկ նրա սեփական տարածքի վեճը կապված է աղջկա և որդու հետ:

Քանի դեռ Աշուղարիբյանների ընտանիքը ապաստան չի գտել, Նարեկն ու քույրը լուսացնում են միակ մահճակալի վրա, իսկ մյուս աղջիկը քնում է երկու բազկաթոռները միացնելով իրար: Տիկին Ռոզան ասում է, որ ինքը նստած է լուսաբացը դիմավորում և գրեթե չի քնում, հսկում է երեխաներին ու տիրություն անում իրերին: Երեկոները, երբ շատ է ցուրտ լինում, տիկին Ռոզան շշերով տաք ջուր է պատրաստում, որպեսզի երեխաները փաթաթվեն ու տաքանան: Եվ այսպես արդեն 7 օր նրանք սպասում են, որ պետությունը որևէ բան անի և իրենց մի տարածքում տեղավորի, բայց պետության որևէ ներկայացուցիչ Աշուղարիբյաններին մինչ օրս չի այցելել: 

Լուսանկարները և տեսանյութը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter