HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարության հարուստներն ու «աղքատները»

«Հետքը» պարբերաբար ներկայացրել է տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ կառավարության անդամների գույքի ու եկամուտների հայտարրագրերը: Այժմ ներկայացնում ենք բոլոր նախարարների եկամուտները եւ դրամական միջոցները: Ինչպես պարզվում է ուսումնասիրությունից, ամենահարուստ նախարարը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է:

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2011-ին հայտարարագրել է 30 հազար դոլար եւ 1 մլն 200 հազար դրամ, իսկ եկամուտը միայն աշխատավարձն է՝ 3մլն 211 հազար 887 դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2011 թվականին զբաղեցրել է նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի, ինչպես նաեւ փոխնախարարի պաշտոնը: Նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն 300 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 3 մլն դրամ: Իսկ եկամուտները գոյացել են զուտ աշխատավարձից՝ 4 մլն 469 հազար 810 դրամ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նույն տարում ձեռք է բերել 60 մլն 532 հազար դրամ արժողությամբ բնակարան, իսկ 37 մլն դրամով մի բնակարան էլ օտարել է:

Նախարարը 2011 թ.-ին ստացել է 7 մլն 491 հազար 866 դրամի եկամուտ, որից 720 հազարը փոխառություն է, 3 մլն-ը՝ այլ եկամուտներ, իսկ գումարի մնացած մասը նախարարի աշխատավարձն է: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2011-ի սկզբին Հրայր Թովմասյանն ունեցել է 120 հազար դոլար եւ 6750 եվրո: Եվրոն մնացել է անփոփոխ, իսկ դոլարայինը նվազել է՝ հասնելով 70 հազարի:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եկամուտները կազմել են 7 մլն 248 հազար 954 հազար դրամ, որից 3 մլն 444 հազար դրամը նախարարի կենսաթոշակն է, իսկ մնացածը՝ աշխատավարձը: Նախարարն իր հաշվին ունի նաեւ 34 մլն դրամ:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ունի 6 մլն 344 հազար 280 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է: Բացի այդ՝ նա 54 մլն դրամի եկամուտ էլ ստացել է գույքի ժառանգությունից:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Է. Նալբանդյանը տարեսկզբին ունեցել է 102 հազար 600 եվրո, իսկ տարեվերջին՝ 49 հազար 800: Նշված տարում Էդվարդ Նալբանդյանը  28 մլն 800 հազար դրամով ձեռք է բերել նաեւ մեկ բնակարան:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2011 թվականին ունեցել է 120 մլն դրամ հանձնված կամ ստացված փոխառություն: Որպես դրամական միջոց` ունեցել է 65 մլն 400 հազար դրամ, 641 հազար 226 դոլար եւ 11 հազար 309 եվրո: Եկամուտները կազմել են 102 մլն 102 հազար 823 դրամ, որից 2 մլն 848 հազար 703 դրամը նախարարի աշխատավարձն է, 15 մլն 750 հազար դրամ վարձավճարը եւ երկու շահաբաժիններից ստացած եկամուտը` 21 մլն եւ 44 մլն դրամ, ինչպես նաեւ 18 մլն 504 հազար 120 դրամ ավանդից ստացած տոկոսավճար:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2011 թ.-ին ունեցել է միայն 3 մլն 52 հազար 468 դրամի եկամուտ, որը աշխատավարձն է, սակայն նրա հաշվին եղել է 168 մլն 700 հազար դրամ, 85 հազար 600 դոլար, ինչպես նաեւ 78 հազար 500 եվրո:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ունեցել է 3 մլն 225 հազար դրամ, որն աշխատավարձն է, իսկ դրամական միջոցները կազմում են 3 մլն 900 հազար դրամ (տարեսկզբին 5 մլն դրամ):

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2011-ին ունեցել է 3 մլն 646 հազար 192 դրամի եկամուտ, որն աշխատավարձն է, բացի այդ՝ նրա հաշվեհամարին եղել է նաեւ 15 հազար դոլար:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստացել է 24 մլն 147 հազար 981 դրամի եւ 20 հազար դոլարի եկամուտ: Նշված գումարից 20 մլն դրամն ու 20 հազար դոլարը վարկեր են, իսկ մնացածը նախարարի աշխատավարձն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Ա. Աշոտյանն իր հաշվին ունեցել է 3 մլն դրամ (տարեսկզբին 2 մլն 700 հազար դրամ):

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միակ եկամուտը աշխատավարձն է՝ 3 մլն 104 հազար 402 դրամ: Նա այլ եկամուտներ ու դրամական միջոցներ չի ունեցել:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2011-ին ստացել է 7 մլն 166 հազար 712 դրամի եկամուտ, որից 2 մլն 967 հազար 600 դրամը աշխատավարձն է, իսկ 4 մլն 199 հազար 112 դրամը՝ թոշակը: Սեյրան Օհանյանը նշված տարում ունեցել է նաեւ 11 մլն 500 հազար դրամ (տարեսկզբին եղել է 7 մլն 500 հազար):

Ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարագրի՝ նա  ունեցել է 37 հազար ֆունտ ստերլինգ, 42 միլիոն դրամ եւ 68 հազար դոլար:

Նախարարն ունեցել է 42 միլիոն 871 հազար դրամի եկամուտ, որից 2 միլիոն 621 հազարը աշխատավարձն է, 19 միլիոն 250 հազար դրամը՝ շահաբաժնից ստացածը, իսկ 21 միլիոնը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ունեցել է 14 մլն 412 հազար 595 դրամի եկամուտ, որից  7 մլն դրամը ստացած ժառանգությունն է, 171 հազարը՝ հեղինակային գրքի աճառքից ստացած եկամուտը, իսկ 687 հազար 690 դրամը՝ բանկից ստացած տոկոսավճարը: Գումարի մնացած մասը նախարարի աշխատավարձն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Հրանուշ Հակոբյանն ունի 82 հազար 881 ԽՍՀՄ ռուբլի, 21 մլն 314 հազար դրամ (տարեսկզբին եղել է 27 մլն), 39 հազար 590 դոլար (տարեսկզբին եղել է 2 հազար), ինչպես նաեւ 12 հազար 700 եվրո (տարեսկզբին եղել է 1500):

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2012 թ.-ի մարտի 1-ի դրությամբ «Նարեկ» ԲԲԸ-ից ստացել է 2 մլն 166 հազար 300 դրամի շահաբաժին: Բացի այդ՝ նա ունի 12 միլիոն դրամ եւ 30 հազար դոլար:

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը 2012 թ. մարտի 1-ի դրությամբ, վերջին մեկ տարվա կտրվածքով, ունեցել է 27 միլիոն 233 հազար դրամ եկամուտ, որից 5 միլիոն 233 հազար դրամը վերահսկիչ պալատից ստացած աշխատավարձն է (մինչեւ պատգամավոր, ապա նաեւ նախարար դառնալը Սամվել Թադեւոսյանը աշխատել է վերահսկիչ պալատում), իսկ 22 միլիոնը` գյուղմթերքների իրացումից ստացված եկամուտն է: Նախարարի հաշվին եղել է նաեւ 20 միլիոն դրամ, 20 հազար դոլար եւ 6 հազար եվրո:

Սամվել Թադեւոսյանին է պատկանում նաեւ 12 միլիոն դրամի գեղանկարների հավաքածուն, ինչպես նաեւ 30 միլիոն դրամի ադամանդե քարերն ու ոսկյա զարդերը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը 2011-ին ստացել է 26 մլն 233 հազար դրամ, որը գոյացել է տարբեր աշխատավարձերից: Բացի նշված գումարից՝ նախարարն իր հաշվին ունի 5 մլն դրամ (տարեսկզբին եղել է 2 մլն 973 հազար 819 դրամ), ինչպես նաեւ 15 հազար դոլար (տարեսկզբին եղել է 30 հազար 460 դոլար):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter