HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Յասեր Արաֆատն ինձ անվանեց «բռնապետ», բայց լուսանկարելու արտոնություն տվեց. Ալեքսանդրա Ավագյան

Հայաստան է ժամանել «National Geographic»-ի ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանը

Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ազգությամբ հայ, «National Geographic»-ի ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանի «ՈԳՈՒ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ՝ իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» ( «Windows of the soul. my journeys in the muslim world») ցուցահանդեսը:

Ալեքսանդրա Ավագյանը վավերագրել է մեր ժամանակների համաշխարհային կարեւոր իրադարձությունները՝ լինելով Իրանում, Իրաքում, Գազայի հատվածում, Աֆրիկայում, Պաղեստինում, Արցախում եւ այլն:

Ալեքսանդրան վավերագրել է այնպիսի պատմական կարեւորագույն իրադարձություններ, ինչպիսիք են Բեռլինյան պատի քանդումը, պաղեստինցիների «Ինթիֆադան», «Հզբոլլահի» գաղտնարանները, քաղաքացիական պատերազմն ու սովը Սոմալիում եւ Սուդանում, ինչպես նաեւ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը:

Ցուցահանդեսը, որի մեջ ներառված էին մահմեդական աշխարհում արված լուսանկարները, ընդգրկում էր նաեւ երկու լուսանկար Արցախից, որոնցից մեկում պատկերված էր թաղման տեսարան՝ զոհվածի մոր եւ հոր ներկայությամբ:

«Ես ծնվել եւ մեծացել եմ շոուբիզնեսով, կինոյով հետաքրքրվող եւ ստեղծագործ ընտանիքում: Արդեն տասնինը տարեկանում, երբ տատս եւ պապս այլեւս ողջ չէին, ես փորձեցի անձամբ հասկանալ՝ ինչ ասել է փախուստ, փախստական: Եվ նետվեցի այս տարածաշրջան, քանի որ դա էր հրամայականը, իմ առաքելությունը»,- ասում է Ալեքսանդրան:

Նա ծնվել է Նյու-Յորքում: Մայրը՝ Դորոթի Տրիստանը, գրող եւ դերասանուհի է եղել, հայրը՝ Արա Ավագյանը, խմբագիր, բեմադրիչ եւ մոնտաժող:          

Այսօր արդեն հայ լրագրողներին եւ լուսանկարչությամբ հետաքրքրվողներին ներկայացնելով տարիների աշխատանքը՝ լուսանկարչուհին պատմում է դժվարությունների, յուրաքանչյուր վայրում ունեցած խնդիրների եւ սովորական քաղաքացիներից մինչև իսլամական աշխարհի ղեկավարների հետ ունեցած շփումների մասին:

«Յասեր Արաֆատն ինձ բավականին ջերմ ընդունեց, տվեց լուսանկարելու արտոնություն հակառակ, որ անվանում էր «բռնապետ» եւ «խնդիր սարքող»»,-հիշում է Ալեքսանդրան:

Խոսելով 1988 թ. Արցախում անցկացրած օրերի մասին՝ պատմում է, թե ինչպես է ապրել գետնի տակ, վարչապետի ընտանիքի բունկերում, հյուրանոցում, որը լի էր փախստականներով եւ հիշում մի շատ տպավորիչ տեսարան. «Ասկերանի գումարտակն էր, խրամատը, եւ դիմացը ադրբեջանցիները: Այդ ընթացքում հողագործները շարունակում էին աշխատել. խելագար վիճակ էր: Ես հրամանատարի մեքենայի մեջ էի եւ հանկարծ դաշտում մեքենան խափանվեց. զգում էիր փամփուշտների ձայնը, հույս ունեիր, որ շուտով դուրս կգաս այդ վիճակից, իսկ հողագործը շարունակում էր աշխատել այդ դաշտում»:

Նշենք, որ ցուցադրությունը եւ հանդիպումը կայացել է «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ մասամբ ֆինանսավորվել ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շնորհիվ: Այսօրվա հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչ դեկտեմբերի 15-ը:

Հ.Գ. Լուսանկարը՝ «ՈԳՈՒ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ՝ իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» շարքից: Լուսանկարում պատկերված է Գազայում բնակվող 15-ամյա մի աղջնակ, ում հետագայում, Ալեքսանդրայի խոսքերով, փնտրել են թե ինքը, թե ընկերները, բայց չեն գտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter