HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամիսը շուրջ 2 մլն դոլար` չաշխատող «Նաիրիտին»

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները կրկին ոտքի են ելել. նրանք պահանջում են վճարել ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձերը: 

Ռաֆիկ Պետրոսյանը 2010թ. փետրվարից հարկադիր պարապուրդի մեջ է: Նա 20 տարի «Նաիրիտ գործարանի» Քլորոպրենի մեխանիկական ծառայությունում փականագործ է աշխատում և արդեն 9 ամիս է` աշխատավարձ չի ստացել: Ռաֆիկը կատակով ասում է, որ գործարանն այնքան է ուշացնում աշխատավարձերը, որ արդեն մոռացել է, թե վերջին աշխատավարձը որ ամսվա համար է ստացել: Ռաֆիկը ստանում է իր աշխատավարձի 2/3-րդը` որպես հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակից:

«Նաիրիտ գործարանի» պարտքը Ռաֆիկին արդեն շուրջ 1 մլն դրամ է կազմում: Իսկ այդ ընթացքում Ռաֆիկը ստիպված է տարբեր գործեր անել իր 6 անդամից բաղկացած ընտանիքը պահելու համար: 

«Տան տղամարդ եմ, ես որ տուն եմ գնում, թոռներս ասում են` պապի ինչ ես բերել, պապը մեռնի, ինչ բերի, որտեղից բերի. ոչ գողանում, ոչ մի բան, գալիս եմ մաքուր աշխատում եմ, իսկ իմ թոռանը չի հետաքրքրում»,- ասում է 40 տարի գործարանում աշխատող Ս.-ն (աշխատակիցների խնդրանքով չենք հրապարակում նրանց անունները): 

«Նաիրիտ գործարանի» մեկ այլ աշխատակից, ով նույնպես խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց, որ 2011թ. դեկտեմբերի աշխատավարձը ստացել է այս տարվա սեպտեմբերի վերջին: Իսկ այս տարվա 10 ամսվա աշխատավարձ դեռ չի ստացել: Իր վերջնահաշվարկը չի ստացել նաև մեկ այլ աշխատակից, ով 6 ամիս առաջ ազատվել է աշխատանքից: 

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցներն արդեն չեն հավատում, որ երբևէ իրենց աշխատավարձերի պարտքերը գործարանը կփակի. «Ամեն ամսվա 15-ին ասում են` ամսվա վերջին կտանք, ամսվա վերջը գալիս է, ասում են` մյուս ամսվա 15-ին կտանք, էլի սկիզբ է գալիս, 15 է գալիս ու վերջ է գալիս,- ասում է Ռ.Պետրոսյանը,- միշտ ասում են` լավ կլինի: Փակված օրվանից ասում են` լավ կլինի: Մի օր ասում են` չինացիներն են առնում, մի օր` հնդկացիները: Երկրում պետություն չմնաց որ չառնի, մենակ Հայաստանը չի առնում: Սաղ առնում են, բայց ոչ ոք էլ չի առնում»: 

«Տնօրենն ասում է` ով ուզում է հետներս աշխատի, թող աշխատի, ով չի ուզում` թող գնա»,- ավելացնում է Ն.-ն:  «Բոլորը երեխաներ ունեն, ուսանող են, երեխան մեղավո՞ր է, որ հերը աշխատում է, փողը չի ստացել: Դուրս գա, թող օլիգարխները մենակ սովորեն,- ավելացնում է Մ.-ն,- հյուրանոց ու կազինո են բացում, պրեզիդենտը գնում կտրում է, այ նախագահ, հյուրանոցով ու կազինոյով ազգ ես պահո՞ւմ»:

Եվ այսպես, մեր տեղեկությունների համաձայն, մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողները չեն ստացել 9 ամսվա աշխատավարձ, իսկ 100-ից բարձր աշխատավարձ ստացողները չեն ստացել 11 ամսվա աշխատավարձ: «Նաիրիտ գործարանի» հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը, սակայն, վստահեցնում է, որ բանվորները 6 ամսվա աշխատավարձ չեն ստացել, իսկ ղեկավար անձնակազմը` 8. «Բոլորին հավասարաչափ տալիս են, ու աշխատավարձը 6-8 ամսվա մեջ է տատանվում»: Չաշխատող գործարանին աշխատավարձի վճարման հարցում օգնում է կառավարությունը: «Մենք դիմում ենք էներգետիկայի նախարարին, իրենք էլ այսօր զբաղվում են «Նաիրիտի» խնդիրներով, աշխատավարձի մասով էլ զբաղվում է նախարարությունը»,- ասում է Անուշ Հարությունյանը: 

Ղեկավար անձնակազմն ու բանվորների մի մասը դեռ ամեն օր գալիս է աշխատանքի. «Ինչ ասում են` էն ենք անում, կտրտում ենք, հավաքում ենք, բոլտ ենք ձգում, բոլտ ենք քանդում,-ասում է Ն.-ն: «Երկաթ ենք կտրում, տալիս ենք խալխին»,- ավելացնում է Մ.-ն: Աշխատակիցները պատմում են, որ գործարանից մետաղի ջարդոններ են վաճառվում: Նրանք հաճախ են տեսնում մետաղներով բեռնված մեքենաները գործարանից դուրս գալիս: Անուշ Հարությունյանը հաստատում է դա` նշելով, որ գործարանում կա հսկայական քանակությամբ ոչ պիտանի ապրանք, որը պիտի վաճառվի, սակայն որևէ պետքական սարքավորում կամ խողովակ գործարանից դուրս չի գալիս: Կառավարության «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ անցյալ տարի «Նաիրիտը» 8000 տոննա մետաղի ջարդոնի պայմանագիր է կնքել և արդեն 7000 տոննան վաճառել է: 

«Ամեն կաբինետ մտնում ես, լիքը աշխատող, ես արտադրանք եմ տալիս, իսկ իրենց կարճ յուբկաներով նստած եսիմ ինչ են անում ու մեզանից շատ են ստանում»,- ասում է Մ.-ն: 

2006-2007թթ. գործարանում աշխատում էր 2100 մարդ, գործարանը ամսական 700-800տ արտադրանք էր տալիս: Այդ տարիներին մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը 160 մլն դրամ էր: 2100 աշխատակցից 1400-ը արտադրությունում էր աշխատում, 700-ը` սպասարկող անձնակազմն ու ղեկավարությունն էր: 1400-ը ստանում էր 100 մլն դրամ աշխատավարձ, իսկ 700-ը ստանում էր 60 մլն դրամ աշխատավարձ:

Այսօր չաշխատող «Նաիրիտի» մեկ ամսվա միայն աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 560 մլն դրամ` 1.3 մլն դոլար:  2008-ից գործարանում աշխատակիցները թիվն ավելացավ և հասավ շուրջ 3000-ի, այսինքն` 900 աշխատակից ավելացավ: Ընդ որում` բանվորության քանակը չի ավելացել, ինչպես կար 1400, այնպես էլ մնացել է: Ավելացել է սպասարկող անձնակազմը և ղեկավարությունը: 1400 բանվորի աշխատավարձի ֆոնդը ավելացել է 20 մլն-ով և դարձել 120 մլն դրամ, 700 հոգու աշխատավարձը 60 մլն-ից դարձել է 100 մլն դրամ: 340 մլն դրամը ստանում է 900 հոգին:

Ըստ Անուշ Հարությունյանին` հիմա գործարանում աշխատողների թիվը 3000-ից պակաս է` մոտ 2800, կրճատումներ եղել են անցյալ տարի, իսկ այս տարի կրճատումներ չեն եղել: Ըստ նրան` այս տարի աշխատողների թիվը որոշ չափով նվազել է, որովհետև մարդիկ իրենք են ազատվել աշխատանքից:

«Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրենի աշխատավարձը, «Հետքի» կառավարության նույն աղբյուրի տեղեկություններով, շուրջ 7 մլն դրամ է: Տեղակալները ստանում են 3.5 մլն դրամ:

 «Նաիրիտ գործարանը» չի աշխատում 2010-ի փետրվարից: Այս ժամանակահատվածում որպես աշխատավարձ վճարվել է շուրջ 40 մլն դոլար:  Աշխատավարձերը վճարվել է «Երևան ՋԵԿ»-ից, «Որոտան ՀԷԿ»-ից վերցված փոխառություններով: Չնայած այս ձեռնարկությունները օրենքով չեն կարող փախառություններ տալ, բայց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրահանգով դա անում են: Եվ չգործող «Նաիրիտը» կառավարության վրա արժենում է շուրջ 2 մլն դոլար, այդ թվում 1.3 մլն դոլարը` աշխատավարձերի գծով: 

Հոկտեմբերի 2-ին «Նաիրիտ գործարանի» աշխատակիցները հավաքվել են գործարանի մոտ և պահանջել վճարել իրենց աշխատավարձերը: Նրանք պատմում եմ, որ գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը աշխատակիցներին ասել է սպասել մինչև նոյեմբերի 15-ը: Գործարանի աշխատակիցները լսել են ռուսական «Իտերա» ընկերության մասին, որն իբրև թե ուզում է գալ և գործարանն աշխատեցնել, սակայն առ այսօր ոչինչ հստակ չէ: «Իտերայի» գալու մասին «Նաիրիտի» մամուլի պատասխանատուն ասաց, որ միայն կառավարությունը կարող է պատասխանել, քանի որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է զբաղվում դրանով. «Մենք օգոստոսից սկսած ամեն ամիս լսում ենք, որ «Իտերան» գալիս է, մեզ համար էլ դա լուրերի մակարդակում է»: 

Գործարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ համաձայն են նույնիսկ չստանալ մի քանի ամսվա աշխատավարձը, որպեսզի այդ գումարները ներդրվեն գործարանը նորից աշխատեցնելու համար… «Միայն թե «Նաիրիտն» աշխատի»:

Լուսանկարը` գործարանի պաշտոնական կայքից

Մեկնաբանություններ (3)

Bruce Waynyan
Its a good thing Russians or other foreign groups are not interested in the mothers and sisters of these corrupt groups, it seems that even mothers and sisters would get sold to for the right price......
ominac
Եթէ մէկը կրնայ տեղեկացնել ինձ, Նայիրիտը պետական թէ անձնական ընկերութիւն է։
Քրիստինե
Հարգելի ominac, «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը Rhinoville Property Limited ընկերությանն է պատկանում, մնացյալ 10 տոկոսի բաժնետերը ՀՀ կառավարությունն ` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter