HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բա ոնց, օգնել են՝ ոնց գրեմ, ինչ գրեմ, խի գրեմ». վկա

Շենգավիթի դատարանում շարունակվում է մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանի և նրա եղբորը՝ Սարո Հարթունյանին պատկանող, մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցների քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ երեք անձինք մեղադրվում են հարկերից չարամտորեն խուսափելու մեջ: Ըստ ՊԵԿ-ի ներկայացրած ստուգման ակտի` պետությանը պատճառվել է ավելի քան 64 մլն դրամի վնաս, իսկ տույժ-տուգանքները ներառյալ՝ շուրջ 111 մլն դրամի: Մեղադրանքի հիմքում ներառված են նաև շուրջ 45 անձանց վկայություններ: Այժմ նրանք հարցաքննվում են դատարանում: 

Թեպետ դատարանն ամեն միջոց ձեռնարկում է վկաների ներկայությունն ապահովելու համար, անգամ նրանց բերման ենթարկելու որոշումներ կայացնում, այդուհանդերձ վերջին նիստին, օրինակ, դատարան էր ներկայացել մեկը՝ Արաբկիրում գտնվող մի խանութի տնօրեն, ով նշեց, որ «Ցար» ապրանքանիշի մակարոնեղեն ստացել է և որքան անգամ ստացել է, նույնքան էլ իրեն ներկայացվել են հաշիվ-ապրանքագրեր: Սակայն ինչպես շատ այլ վկաների պարագայում, այս անգամ էլ հակասություն կար վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև: Քննիչի մոտ հարցաքննվելիս նա նշել էր, որ 40.000 դրամի ապրանք ստանալիս իրեն չեն տրվել հաշիվ-ապրանքագրեր: Սակայն դատարանում վկան նշեց, որ հաշիվ-ապրանքագրեր միշտ ստացել է:   

Հետևաբար ո՞րն է պատճառը, որ վկան նախաքննական ցուցմունքում այլ բան է նշել: Պաշտպանական կողմի փաստաբան Անի Թորոսյանի հարցին, թե հնարավոր է քննիչը նախաքննական ցուցմունքը գրելիս թելադրել է իրեն, թե ինչ գրի, վկան պատասխանեց. «Բա ոնց, օգնել են՝ ոնց գրեմ, ինչ գրեմ, խի գրեմ»: 

Մյուս ութ վկաների չներկայանալու պատճառաբանությամբ դատախազը միջնորդեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմը առարկեց՝ նշելով, որ գրեթե բոլոր ցուցմունքներում առկա են հակասություններ, որ հենց այդ վկաների նախաքննական ցուցմունքներն են նաև հիմք դարձել, որպեսզի մեղադրանք առաջադրվի Նարեկ Հարթունյանին, Անի Մնացականյանին և Արթուր Գալստյանին: Այնինչ նրանք առերես հարցաքննության հնարավորություն չեն ունեցել: Հետևաբար, ըստ պաշտպանական կողմի, այդ նախաքննական ցուցմունքները չեն կարող դրվել դատավճռի հիմքում, մանավանդ, որ դատարան եկած շատ վկաներ պարբերաբար նշում էին, որ չեն հիշում, թե ինչ թվաբանական գործողությունների արդյունքում են ստացել իրենց իսկ ձեռքով գրված ցուցմունքի այս կամ այն գումարը, ավելին՝ որոշները շեշտում էին, որ քննիչն իրենց թելադրել է, թե ինչ և ինչպես գրեն:    

Փաստաբան Հայկ Ալումյանի դիտարկմամբ, այն, որ ոստիկանությունը չի կարողացել գտնել այս կամ այն վկային, դեռ չի նշանակում, որ նրա նախաքննական ցուցմունքները պիտի հրապարակել. «Դա ոստիկանության խնդիրն է: Փաստորեն ստացվում է, որ պաշտպանական կողմը տուժում է մյուս կողմի թերացման պատճառով: Իսկ հայտնի է, որ դատավճռի հիմքում կարող է դրվել միայն դատարանում հետազոտված ապացույցը: Բայց եթե վկան չի եկել դատարան ու հրապարակվում է նրա նախաքննական ցուցմունքը, ապա այն արդեն համարվում է դատարանում հետազոտված և մեղադրանքի կողմն այս պարագայում կարող է այն կիրառել իր ճառում»: Լրացնելով իրենց գործընկերոջը՝ պաշտպանական կողմի մյուս փաստաբանները՝ Անի Թորոսյանն ու Գևորգ Չաքմիշյանը կասկածի տակ դրեցին վկաների նախաքննական ցուցմունքները՝ նշելով, որ դրանք հաճախ են հակասում դատարանում տված ցուցմունքներին:

Սակայն դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ նշելով, որ դատավարության վերջում դարձյալ միջոցներ կձեռնարկի վկաներին դատարանում հարցաքննելու ուղղությամբ: Դատախազը հրապարակեց դատարան չներկայացած 8 վկաների նախաքննական ցուցմունքները:  Ապացույցները կհետազոտվեն մյուս դատական նիստին:

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter