HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Արտավազդ Փելեշյանի լռությունը

Պարոն Փելեշյան, այնուամենայնիվ, Ձեր ֆիլմերն այդքան խոսուն են, բայց դուք չեք խոսում, զրուցում մեզ հետ: Մի քանի հարց ունեի ձեզ:

Ի՞նչ խոսեմ: Ինչի՞ մասին խոսեմ: Ամեն ինչն արդեն ասել եմ ֆիլմերումս:

Ես կարող եմ ուղեկցել ձեզ մի քանի ժամով, ուղղակի կողքից դիտեմ, հասկանամ Ձեզ եւ Ձեր առօրյան:

Ու՞ր ուղեկցեք: Ուզու՞մ եք ժամադրեմ Ձեզ այսինքն:

Չէ, խոսքը դրա մասին չէ: Ուղղակի ուզում եմ նաեւ հասկանամ Ձեր լռության պատճառը:

Ես ինքս էլ չգիտեմ` էդ լռությունը որտեղից է գալիս: Բայց ես խոսել չեմ ուզում: Եթե ուղեկցել եք ուզում` նույնն է, թե նայեք իմ ֆիլմերը:

Արդեն որերորդ անգամ եմ նայում: Ֆիլմերը լուռ են, դուք լուռ եք...Բայց այնքան խոսուն բան կա:

Ես կոպիտ մարդ չեմ: Ուղղակի ասելու այլեւս բան չունեմ բացի ֆիլմերս:

Այս կարճատեւ զրույցը հրապարակելու եմ, վարպետ:

Հրապարակեք:

Արտավազդ Փելեշյանի հետ զրույցս, որին մեկ ամիս շարունակ սպասել էի, այսքանով ավարտվեց. այս պարագայում նույնիսկ լրագրողական մասնագիտական հարցադրումներն ու հարց տալու հակումները մի պահ կանգ առան: Դանդաղ քայլերով Փելեշյանը քայլում է մաեստրո Տիգրան Մանսուրյանի եւ կնոջ ուղեկցությամբ: Թվում է` ֆիլմերի հեղինակն անդադար կարող է խոսել այդքան մեծ լսարան վայելող պատկերների մասին, բայց վարպետը բացառեց բոլոր տեսակի հարցազրույցները:

Մինչ այդ ԵԹԿՊԻ ուսանողների եւ Փելեշյանի արվեստով հետաքրքրվողներին հնարավորություն էր ընձեռնվել հանդիպել նրա հետ: Հանդիպումն էլ աչքի ընկավ վարպետի լռությամբ: Ներկայացվեցին նրա ֆիլմերը, որոնցից առաջինը ուսումնական աշխատանքն էր, ապա «Տարվա եղանակները» ,«Վերջը» եւ «Կյանքը»:

Դահլիճը անընդհատ ծափահարում էր: Հանդիսատեսը, որ եկել էր շփվելու կինոաշխարհի լեգենդներից մեկի հետ, մի պահ նույնիսկ հարցեր տալու կարիք չուներ: Սակայն այն հարցերը, որոնք ուղղվեցին, Փելեշյանը յուրաքանչյուրին պատասխանեց մեկ ամփոփ նախադասությամբ` ճիշտ ֆիլմի կադրերի պես:

Ներկայացնում եմ ձեզ այն հարցադրումները եւ պատասխանները, որոնք հնչեցին հանդիպման ժամանակ:

Ինչպե՞ս որոշեցիք ռեժիսոր դառնալ:

Ավտոմատիկում էի աշխատում (խոսքը վերաբերում է Փելեշյանի Վանաձորում ապրած տարիներին):Աշխատողներով ֆիլմեր էինք նայում եւ հաջորդ օրը քննարկում: Իմ քննարկումը ոչ մեկին դուր չէր գալիս, որովհետեւ ես միշտ ուրիշ կարծիք ունեի: Բայց ներում էին...Ես էլ որոշեցի ռեժիսոր դառնալ, որ էլ խոսակցություն չլինի (ծիծաղում է Փելեշյանը) :

«Իմ ֆիլմերը երկար կապրեն, քանի որ լի են սխալներով»...Ես Ձեզ շատ եմ խնդրում բացատրեք` ավելի հասկանամ այս միտքը:

Ի՞նչը պետք է հասկանաք: Ասված է...Էլ ի՞նչ ասեմ:

Արդյոք արժե՞ վախենալ գաղափարի մեջ նյութի միջամտությունից :

Մի բան ասեմ ուսանողներին, մի վախեցեք ոչ մի բանից, բայց առաջին ֆիլմում անպայման ամեն ինչ ներդրեք...Դա է որոշելու ձեր բախտը, ձեր հետագան:

Ինչպե՞ս եք համադրում երաժշտությունը պատկերի հետ:

Ես մոնտաժ չեմ անում պատկերը երաժշտության հետ: Ես մոնտաժ եմ անում պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ:

Ի՞նչ ֆիլմեր եք դիտում: Հետաքրքիր ֆիլմեր տեսնու՞մ եք:

Այո, տեսնում եմ:

Հայկական արդիական ֆիլմերի մե՞ջ էլ:

Ոչ: Ես կարող եմ ասել էդ ֆիլմերը` ռուսական, ամերիկական եւ չինական. Тихий Дон, Крестный отец, История китайских призраков...Սրանք են իմ սիրելի ֆիլմերը:

Մի քանի նախադասությունով կպատմե՞ք ձեր մոնտաժային սկզբունքների մասին:

Ես ուրիշ սկզբունք ունեմ: Ինձ կադրերի միացնելը չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է դրանք բաժանելն իրարից` հեռավորության վրա դնել եւ նրանց մեջտեղը օգտագործել ուրիշ պատկերներ: Իմ կարծիքով հեռավորության վրա գտնվող պատկերները իրար մեջ ավելի ուժեղ են խոսում եւ ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ խոսում են մինչեւ իսկ իրենց միջեւ ընկած բոլոր պատկերների հետ: Դա է մեխանիզմը:

Ինչպե՞ս են ընտրվել այն հուզական պատկերները, որոնք առկա են ձեր ֆիլմերում:

Օրինակ, ասենք, նկարում էինք լեռնաշխարհը: Հորիզոնական ձեւով այն շատ գեղեցիկ էր, բայց ինձ պատկերը պետք էր ուղղահայաց: Էդպես էնքան գեղեցիկ էր, բայց ֆիլմի համար ուղղահայաց էր պետք: Օպերատորն ինձ համոզում էր, որ հորիզոնականն է գեղեցիկ. ասում եմ «հա, քեզ համար էդպես գեղեցիկ է, ինձ համար էլ...Բայց պետք է ուղղահայաց»...Ու էդպես ես օպերատորին էի բռնում, օպերատորը` տեսախցիկը:

Ձեր ֆիլմերում ամենուր մարդն է: Այսօրվա մարդու մեջ ի՞նչն է ձեզ հետաքրքրում:

Նորից կյանքն է հետաքրքրում՝ եւ այսօրվա, եւ վաղվա, եւ մյուս տարիների համարՈւրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի:

Կինոն գրականությունից է սնվում: Այդպե՞ս է, վարպետ:

Կինոն ինքնուրույն արվեստ է. կինոն չի խմում ոչ գրականության, ոչ երաժշտության, ոչ էլ կերպարվեստի ջուրը, կինոն խմում է լրիվ առանձին տեղից վերցրած ջուր, որից խմում են գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը:

Նոր ֆիլմի սցենար ունե՞ք:

«Հոմոսափիենս»-ն է, որն արդեն ես տեսել եմ, մնում է դուք տեսնեք,-կատակով ասաց վարպետը,- եթե հաջողվի այդ ֆիլմը նկարել, իմ մնացած գործերը փոքրիկ էսքիզներ կթվան նրա առաջ:

Հ.Գ. Լուսանկարում` Արտավազդ Փելեշյանը եւ հրապարակման հեղինակը

Արտավազդ Փելեշյանը Հայաստան էր ժամանել ԵԹԿՊԻ եւ «Հայ արտ սինեմա»-ի իրականացրած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի» շրջանակներում վարպետության դաս անցկացնելու նպատակով:

Մեկնաբանություններ (3)

Narine
Լուռ մնալը կամ խոսելը, դա մտավորականի ընտրության հարցն է ընդամենը, և պետք չէ դա դրոշակ սարքել: Սոս Սարգսյանի արհեստավարժ դերասան է ու լավ մարդ, նրա մասին խնդրում եմ հարգանքով խոսել: Հերիք է չարախոսեք հայ մտավորականներին: Անուշ Քոչարյան, նյութդ իրոք լավն է, սակայն նման ժամադրությունից չպետք է հրաժարվեիր...
Անուշ
Հարգելի Նարինե,չեմ հրաժարվել,քավ լիցի...Ուղղակի խոսակցության թեման նյութի համար նախատեսված,այդքանով ամփոփովեց...Իսկ վարպետի ներկայությունը մի քանի ժամ հնարավորություն եմ ունեցել վայելելու թե ուսանողների հետ հանդիպման ժամանակ,թե հետո...
Narine
Մլեհ, բացատրելու և դասեր տալու փոխարեն, ընդամենը պետք էր ուշադիր կարդալ գրածս, որտեղ ոչ թե գրել էի, որ պետք էր հարգարժան դերասանին նախագահ ընտրել, այլ նրա մասին հարգանքով արտահայտվել, քանզի ազգակցին կսմթելը, այն էլ մտավորականին, երբեք հայրենիքին օգուտ չի բերել... Այ հիմա, այսքա'նը:::

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter