HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արա Պապյան. «Մեզ մոտ ընդդիմությունը սեր ունի ծախվելու»

Սերժ Սարգսյանը կվերընտրվի 2013-ի նախագահական ընտրություններում, քանի որ ընդդիմության մի մասը փոշիացրել է իր նկատմամբ վստահության ռեսուրսը՝ չառաջարկելով որևէ այլընտրանք, մի մասն էլ վաճառվել է: «Հետքի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Մեզ մոտ ընդդիմությունը սեր ունի ծախվելու: Իշխանությունն էլ, բնական է, ոնց որ ամեն տեղ, չի ուզում իշխանությունը տալ: Դուք որևէ երկրում աշխարհում չեք գտնի մի իշխանություն, որն ուզում է իշխանությունը տալ: Իշխանությունը վերցնում են որոշակի մեխանիզմով, հիմնականում քվեներով է դա լինում»,- ասաց Արա Պապյանը:

Նա կարծում է, որ որքան էլ վիրավորական է, ժողովրդի մեծ մասը կամավոր վերցնում է ընտրակաշառքը և քվեարկում ընտրակաշառքը տվողի օգտին, քանի որ ժողովրդին սոցիալական ծանր պայմաններում են պահում:

«Բայդ դա նորվա խնդիր չի, վաղուցվա խնդիր է: Մենք 800 տարի ստրկության մեջ ենք եղել, մենք ռայայի կարգավիճակում ենք եղել Օսմանյան կայսրությունում: Էդ ժողովուրդը ո՞նց կարող էր դառնալ միանգամից դեմոկրատական: Դուք մոռանում եք, որ Հայաստանում երբևէ չի եղել լուրջ ապստամբություն: Հունաստանում մարդիկ պարբերաբար դուրս են գալիս փողոց և իրենց շահերն են պաշտպանում: Դուք Հայաստանում երբևէ դա կտեսնե՞ք: Դարեր շարունակ մեզ համար արտագաղթն է եղել հիմնական պայքարի միջոցը»,- ասաց Արա Պապյանը:

Նա Կանադայում տեսել է, թե ինչպես է ուսանողությունը ցույց անում ուսման վարձավճարների բարձրացման դեմ: Քվեբեկում ուսման տարեկան վճարը 3,5-4,5 հազար դոլար է, որը հավասար է մեկ նվազագույն աշխատավարձի, բայց միևնույն է՝ վճարը մի քանի հարյուր դոլար բարձրանալու դեպքում ուսանողներն ապստամբում են:

«Դուք երբևէ տեսե՞լ եք՝ մեր ուսանողները բողոքեն: Մենք չենք կարող: Մերոնց բողոքելու հնարավորության տեղ էլ չեն թողնում, ցավոք սրտի: Ես չեմ մեղադրում: Լրիվ այլ իրավիճակ է: Եթե ոչինչ չփոխվի աշխարհաքաղաքական առումով, այսինքն՝ մենք նոր ձեռքբերումներ չունենանք, Հայաստանին 2 տասնամյակի կյանք է մնում: Շատ պարզ թվաբանություն կա. քանի մարդ է ծնվում, քանի մարդ է մեռնում, քանի մարդ է արտագաղթում, քանի մարդ է գալիս»,- ասաց Արա Պապյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter