HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

ԱՄՆ-ի հայ համայնքի քվեի կշիռը

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայացան նախագահի ընտրությունը: Ի հեճուկս ԱՄՆ-ի հայ դատի գրասենյակի և ամերիկահայ համայնքի, նախագահի հիմնական երկու թեկնածուներից և ոչ մեկը չդիմեց հայ համայնքին և չփորձեց ստանալ համայնքի աջակցությունը:

Առաջին հայացքից` թեկնածուներ Օբամայի և Ռոմնիի անտարբերությունը ավելի քան մեկ միլիոն ընտրական ձայն ունեցող ամերիկահայ էլեկտորատի նկատմամբ անհասկանալի է, քանի որ մինչև վերջին պահը պարզ չէր, թե թեկնածուներից ով կհաղթի:

Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ կարող էին փոխել հայազգի ընտրողները, և ինչու թեկնածուներն անտեսեցին էլեկտորատի այդ հատվածին:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները անցնում են ոչ ուղիղ քվեարկությամբ: Այսինքն` նահանգներում մարդիկ ընտրում են ընտրական կոլեգիայի անդամների, ովքեր, իրենց հերթին, ընտրում են նախագահին:

Ավելի պարզ ասած` կարելի է ձևակերպել այսպես` համարվում է, որ նահանգը իր ամբողջ բնակչությամբ իր ձայնը տալիս է  այն թեկնածուին, ով նահանգում ստացել է ձայների մեծամասնությունը (քվեարկության արդյունքները ըստ նահանգների` այստեղ): Այսինքն` թեկնածուներին չի հետաքրքրում` իրենք տվյալ նահանգում ունեն ձայների 51 տոկոսը, թե 99, դրանից բան չի փոխվում:

Հայկական համայնքը

Հայերը ԱՄՆ-ում հիմնականում բնակվում են Կալիֆորնիայում (865.000), Նյու-Յորքում (100.000) և Մասաչուսեթսում (80.000): Եթե հաշվի առնենք, որ ընտրական իրավունք ունեցողները, համաձայն վիճակագրության, բնակիչների մոտ 75  տոկոսն են կազմում, ապա այդ երեք նահանգներում հայկական համայնքը կունենա համապատասխանաբար մոտ 650, 75 և 60-հազարական ընտրող:

Այս ընտրությանն, ընտրողների մասնակցությունը բավականին ցածր էր` մոտ 25 տոկոս: Բայց մեր համայնքի մաքսիմալ տեսական հնարավորությունները չթերագնահատելու համար` եկեք տեսականորեն դիտարկենք, որ հայկական համայնքը ընտրություններին գնացել է (կամ, կգնար, եթե որևէ թեկնածուի սատարեր) մեկ մարդու պես` 100-տոկոսանոց մասնակցությամբ:

Հայաշատ նշված երեք նահանգներում էլ հաղթել է դեմոկրատ Բարակ Օբաման: Փորձենք տեսնել, թե ինչ ազդեցություն կարող էր ունենալ համայնքը այդ նահանգներում ընտրության արդյունքների վրա:

Ընտրությունները

Կալիֆորնիայում Օբաման հավաքել է շուրջ 5.66 միլիոն ձայն` Ռոմնիի 3.68 միլիոնի դիմաց, Նյու Յորքում`3.87 միլիոն` 2.22 միլիոնի դիմաց և Մասաչուսեթսում` 1.9 միլիոն` 1.18 միլոնի դիմաց: Այսինքն` Կալիֆորնիայում Օբաման հավաքել է Ռոմնիից 1.98 միլիոն ձայն ավելի, Նյու Յորքում` 1.65 միլիոն, իսկ Մասաչուսեթսում` 0.72 միլիոն:

Այսպիսով, համեմատելով ձայների տարբերության այս թվերը այդ նահանգներում հայկական համայնքի չափսերի հետ` պարզ է դառնում, որ եթե նույնիսկ ամբողջ հայկական համայնքը մեկ մարդու պես այդ նահանգներում գնար ընտրություններին և քվեարկեր այս-կամ այն թեկնածուի օգտին, ապա դրանից չէր փոխվի այդ նահանգում Բարակ Օբամայի հաղթելու փաստը:

Այստեղից էլ պարզ է դառնում, որ թեկնածուները չցանկացան ծանրաբեռնել իրենց հայանպաստ խոստումներով, քանի որ Օբամայի համար ի սկզբանե (հարցումներով) պարզ էր, որ ինքը այդ նահանգներում հաղթելու է, իսկ Ռոմնիի համար պարզ էր, որ պարտվելու է` անկախ հայ համայնքի ցանկությունից:

Հարկ է նշել, որ բացի քննարկված երեք նահանգներից, այլ նահանգներում հայ ընտրողների թիվը չի գերազանցում 27 հազարը, ուստի, այլ նահանգներում հայկական համայնքի քվեն արդյունքների վրա չէր կարող էական ազդեցություն ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter