HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ես իմ ունեցվածքն եմ ուզում»,- ասում է 150 օր շարունակ նստացույց անող կինը

75-ամյա Էմմա Սահակյանը 150 օր է, շուրջօրյա նստացույց է անում մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի մուտքի մոտ՝ նախագահի նստավայրի հանդիպակաց մայթին, և չգիտի, թե դեռ որքան կշարունակի ապրել փողոցում: Այս ընթացքում նա 21 օր հացադուլ է արել: Ասում է, որ ոտքերն այնպես են ուռել, որ չի կարողանում կոշիկ հագնել:

Էմմա Սահակյանը զրկվել է բնակարանից, և ասում է, որ նստացույցի միջոցով պայքարում է ոստիկանության անարդարությունների դեմ: Կինը պատմում է, որ քրոջ՝ Լենա Սահակյանի հետ ապրում էր Երևանի բնակարանում: 2009թ. ամռանը՝ քրոջ մահից հետո, պարզվել է, որ մյուս քրոջ դուստրը՝ Սուսաննա Մարգարյանը, համոզել է Լենա Սահակյանին և տունը գրանցել իր՝ Սուսաննայի տղայի անունով: Տղան էլ տունը որպես նվիրատվություն տվել է իր անչափահաս քրոջը, որպեսզի տան հետ կապված գործողությունները կատարի մայրը՝ Սուսաննա Մարգարյանը:

Լենայի մահից օրեր անց Սուսաննան Էմմային գրանցումից հանել է՝ առանց տեղյակ պահելու: Տեղամասային տեսուչը կապարակնքել է 1 սենյականոց բնակարանի սենյակի դուռը, և Էմման մնացել է խոհանոցային տարածքում: Իսկ մի քանի օր անց տուն գալով՝ Էմման հայտնաբերել է, որ ամբողջ տան մուտքի դռան փականն է փոխված: «Ես հայտնվեցի փողոցում»,- ասում է Էմմա Սահակյանը: Նա մոտ 3 տարի ապրել է բարեկամների, ընկերուհիների տանը, դիմել է տարբեր ատյանների, բայց արդյունքի չի հասել:

Էմմայի հավաստիացմամբ՝ իր քրոջ մահից 2 ամիս հետո Սուսաննա Մարգարյանը վաճառել է բնակարանը և վերցրել իր ողջ ունեցվածքը՝ գումար, թանկարժեք զարդեր, կահույք, կենցաղային իրեր: Էմման այդ մասին իմացել է վաճառքից 3 ամիս հետո: Գնորդն ասել է, որ երբ բնակարանը գնել են, իրեր չեն եղել բնակարանում:

Էմմա Սահակյանը մասնագիտությամբ մանկավարժ է, բայց 1989 թ.-ից զբաղվել է փոքր բիզնեսով և բավականին ունևոր կյանքով ապրել: «Ես իմ ունեցվածքն եմ ուզում, պայքարում եմ: Իմ ունեցվածքը թող տան ինձ: Եթե իմ իրերը տան, ես տուն էլ կառնեմ, ամեն ինչ էլ կունենամ»,- ասում է նա:

Տանը թողած արժեքավոր իրերը հետ ստանալու ակնկալիքով տիկին Էմման դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Ռ.Ղարիբյանը և Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ս.Հարությունյանը իրենց որոշումներում գրել են, որ Էմմա Սահակյանի պնդումները հիմնազուրկ են և անարժանահավատ:

«Է.Սահակյանի կողմից նշված բնակարանում թանկարժեք զարդեր և գումար թողնելու հանգամանքը արժանահավատ չէ, քանի որ բնակարանից հեռանալուց հետո նա բազմիցս դիմում և բացատրություն է գրել ոստ. Արաբկիրի բաժնում՝ բողոքելով բնակարանից հեռացվելու հանգամանքից, սակայն չի նշել բնակարանում իբր թողնված իրեն պատկանող թանկարժեք զարդերի և գումարի մասին: Նրա բերած պատճառաբանությունը, թե իբր գումարը և զարդերը չի տարել դրանք պահելու վայր չունենալու պատճառով, նույնպես հիմնավոր չէ, քանի որ հիշյալ իրերը, իրենց փոքրածավալությունից ելնելով, Է.Սահակյանը կարող էր կրել իր վրա»,- իր որոշման մեջ գրել է հետաքննիչ Ռ.Ղարիբյանը:

Իսկ քննիչ Ս.Հարությունյանին Սուսաննա Մարգարյանը հայտնել է, թե Էմմա Սահակյանը բնակարանում չի թողել որևէ գումար, թանկարժեք զարդեր կամ կահույք, այլ թողել է միայն հագուստ, կենցաղային իրեր, սպասք ու փաստաթղթեր, որոնք Սուսաննա Մարգարյանը տեղափոխել է պահեստ ու բազմիցս պատրաստակամություն հայտնել այդ իրերը հանձնել Էմմա Սահակյանին, սակայն վերջինը հրաժարվել է:

Քննիչը Սուսաննա Մարգարյանի այս բացատրությունը համարել է հիմնավոր, իսկ բնակարանում գումար, թանկարժեք զարդեր ունենալու փաստը նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հիմնավորել կամ հերքել: Ուստի, Արաբկիրի քննչական բաժնի քննիչը որոշում է կայացրել մերժել Սուսաննա Մարգարյանի դեմ քրեական գործի հարուցումը:

Տարիների ընթացքում Էմմա Սահակյանը հավաքել է իր դիմումների
ու մերժումների մի հաստ փաթեթ

Էմմա Սահակյանի համոզմամբ՝ հետաքննիչի ու քննիչի որոշումների մի շարք հատվածներ չեն համապատասխանում իրականությանը: Նա քննիչի որոշումը բողոքարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատարանը չի բավարարել հայցը, որը վերքաննիչը ուժի մեջ է թողել, իսկ վճռաբեկը բողոքը վարույթ չի ընդունել:

Այժմ Էմմա Սահակյանը պահանջում է, որ անցկացվի նոր հետաքննություն, որի ընթացքում ինքը կարողանա ապացուցել իր ճշմարտացիությունը: Նա ասում է, որ ընթերակաների ներկայությամբ պետք է արվեր բնակարանի ունեցածքի գույքագրում, ինչը չի արվել:

Հոկտեմբերի 8-ին՝ կառավարության նիստի օրը, տիկին Էմման տեսել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով առաջարկել է ոստիկանությունում քննարկել խնդիրը: «Ոստիկաններն ինձ ապացուցում են, որ այո, նա (Սուսաննա Մարգարյանը - հեղ.) ճիշտ է, դու փաստաթուղթ չունես, չես կարող ապացուցել՝ ինչ ես ունեցել: Քիչ մնաց ինձ գող դարձնեն»,- ոստիկանների հետ իր հանդիպման մասին է պատմում Էմման:

Երեկ նրան ընդունել է նախագահականի նամակների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը և ասել, որ հարցով կզբաղվի նախագահի վերահսկողական ծառայությունը:

Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից Էմմա Սահակյանը խնդրել է թույլ տալ վրան տեղադրել իր նստացույցի վայրում՝ գիշերը քամուց պաշտպանվելու համար: Նա ասում է, որ հոկտեմբերի 30-ին ոստիկանները քանդել են իր փոքր վրանը, դուրս են հանել իրերը, տարել վրանը: Կնոջը վրանը վերադարձրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:

Էմմա Սահակյանի խոսքով՝ ինքը Գարեգին Նժդեհի հորեղբոր թոռն է, և այս ընթացքում իրեն այցելել են Նժդեհի քրոջ թոռնուհին և Նժդեհի թոռնուհու ամուսինը:

Տիկին Էմմայի խոսքով՝ 150 օրվա ընթացքում տարբեր մարդիկ պատվերով փորձ են արել իրեն հեռու տանել իր նստացույցի վայրից: Մի քանի երիտասարդներ առաջարկել են իր համար վարձով բնակարան գտնել Նոր Հաճնում ու վճարել վարձը՝ խորհուրդ տալով պայքարել Նոր Հաճնից: Էմման հրաժարվել է իր պայքարը թողնելուց, չի ցանկացել երիտասարդների հաշվին վարձով ապրել: Բացի դրանից՝ իր թոշակով չէր կարողանա Նոր Հաճնից Երևան գալ:

Այս ընթացքում մի տղամարդ է մի քանի անգամ գնացել-եկել կնոջ առջևով, ասել, որ «պաստառի վրա չգրի, որ Նժդեհի բարեկամն է ու չշահարկի Նժդեհի անունը», վերցրել է պաստառը, սպառնացել, որ պաստառի բովանդակության մասին տեղյակ կպահի Նժդեհի հարազատներին: Մի ուրիշ օր այդ տղամարդն ասել է Էմմային. «Դու ոնց որ Աղի հանքում մի անգամ պառկել ես: Երկրորդ անգամ կպառկես, ես էնտեղի բժիշկ եմ, ես հիշում եմ՝ դու պառկել ես»:

Մեկ ուրիշ անգամ այդ տղամարդն Էմմա Սահակյանին առաջարկել է իր հաշվին երկու իրավաբան վարձել, միայն թե տիկին Էմման պետք է տա իր բոլոր փաստաթղթերի պատճենը: Իսկ երբ Էմման հացադուլ էր անում, այդ տղամարդն ասել է, որ հացադուլի հետևանքով տիկին Էմման կմեռնի, և հարցը կփակվի: Դրանից հետո տղամարդն այլևս չի մոտեցել ու խոսել:

Իսկ սովորական անցորդները, Էմմա Սահակյանի խոսքով, շատ լավ են վերաբերվում իրեն, կանգնում են, հարցեր ու խորհուրդներ տալիս: «Դե, ես շատ լավ կյանքով եմ ապրել: Երևի էս էլ էր պետք, որ հասկանայի՝ կյանքը ինչ է»,- ասում է Էմմա Սահակյանը:

Նա ապրում է իր 30 հազար դրամ թոշակով, նաև ընկերուհիներն են օգնում, սնունդ են բերում: Նրա աղջիկը և Ռուսաստանում ապրող տղան սոցիալապես ծանր վիճակում են ու չեն կարողանում օգնել իրենց մորը: Հարցին, թե չի՞ կարող ապրել իր աղջկա տանը՝ Էմմա Սահակյանը պատասխանում է. «Չէ, սա պայքար է: Ես ոչ մեկի մոտ չեմ ուզում գնալ, որովհետև 3 տարի ես անընդհատ սրա-նրա դռներն եմ եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter