HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կփակվի՞, արդյոք, Ալավերդու պղնձաձուլարանը

Հարցազրույց «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ՓԲԸ ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի հետ

- Վերջին անգամ ե՞րբ է Բնապահպանության նախարարությունը ստուգումներ անցկացրել Ալավերդու պղնձաձուլական գործարանում:

- 2004-ին է եղել ստուգումը պղնձաձուլարանում, հանքն այդ ժամանակ չէր աշխատում: Բնապահպանական օրենսդրության որեւէ էական խախտում չի արձանագրվել: Չնայած հանքի շահագործումն այդ պահի դրությամբ դադարեցված էր, բայց, այնուամենայնիվ, նախարարության աշխատակիցների հետ վեճ է եղել հանքաքարում պղնձի պարունակության հետ կապված: Մենք ընդունել ենք նախարարության տեսակետը` բնօգտագործման վճարները վճարել ենք իրենց ասած քանակներից ելնելով, եւ դրանով վեճը հարթվել է:

Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի գործունեությանը, պետք է հասկանալ, որ եթե կան բնապահպանական օրենսդրության խախտումներ, ապա այդ խախտումների համար առաջնորդվում ենք օրեսդրությամբ եւ վճարում ենք օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները: Օրենքը չի արգելում սահմանային թույլատրելի չափերից ավելի արտանետումներ, այլ սահմանային թույլատրելի չափերից ավելի արտանետումների դեպքում պահանջում է համապատասխան վճարումներ: Մինչեւ 2005թ. հուլիսի 1-ը արտանետումների թույլատրելի սահմանաքանակների գերազանցման համար վճարման ենթակա գումարը եղել է եռապատիկ ավելին, դրանից հետո` հնգապատիկ կամ տասնապատիկ ավելի, կախված գերազանցման չափից:

Տարեկան որքա՞ն են կազմում այդ վճարները:

- Յուրաքանչյուր եռամսյակ վճարում ենք 32-33 մլն դրամ: 2005թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխություններով` այդ գումարը մեզ համար եռապատկվել է: Ըստ էության, տասն անգամ ավելացվեցին արտանետումների սահմանային թույլատրելի չափերը գերազանցելու համար վճարման ենթակա բնավճարները, բայց, հաշվի առնելով, որ նույն օրենքը նախատեսում էր նաեւ որոշակի ժամանակացույցի համաձայն թույլատրելի սահմանային արտանետումների ժամանակավոր սահմանաքանակների հաստատում, մենք նախարարության հետ ստորագրել ենք միջոցառումների ժամանակացույց, որի համաձայն 2009 թ. հունվարի 1-ից պետք է ունենանք առնվազն 70 % արտանետումների նվազեցում: Եթե այդ նվազեցումը չապահովենք, ապա այդքան չափով (մոտ 2,5 անգամ) ավելանալու են բնապահպանական վճարները, որոնք, նորից եմ կրկնում, արդեն իսկ երեք անգամ ավելի են, քան երկու տարի առաջ մեր կողմից վճարվող վճարները: Մինչ ավելացումը մեր վճարները կազմում էին եռամսյակը 10-12 մլն դրամ:

- Արտանետումները նվազեցնելու համար, ըստ այդ ժամանակացույցի, պետք է տեղադրեք համապատասխան սարքավորումներ: Տեղադրելու՞ եք դրանք եւ, առհասարակ, ի՞նչ էկոլոգիական ծրագրեր եք իրականացրել:

- Դեռեւս 2002թ., երբ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ստորագրեցինք վարկային ծրագիր, դրա շրջանակներում հաստատեցինք նաեւ բնապահպանական միջոցառումների ժամանակացույց: Եղել է կարճաժամկետ եւ միջնաժակետ միջոցառումների ժամանակացույց` շուրջ 2 տասնյակ տարբեր միջոցառումներ: Դրանք մշակվել են` ելնելով ընկերությունում իրականացված բնապահպանական աուդիտից, որն իրականացրել է Եվրաբանկի կողմից ընտրված կանադական հայտնի կազմակերպության ( Hatch Associates Limited ) կողմից: Եւ աուդիտի ընթացքում հայտնաբերվել են բոլոր այն խնդիրները, որտեղ ուշադրության անհրաժեշտություն կա եւ որտեղ միջոցառումներ պիտի իրականացնենք: Դրա հիման վրա Եվրոբանկի հետ համաձայնեցվել է բնապահպանական միջոցառումների ծրագիր, որի կետերից մեկը եղել է երկարաժամկետ լուծումների հետ կապված ուսումնասիրությունների իրականացումը եւ լուծումների ընտրությունը:

Եղել են կարճաժամկետ, միջնաժամկետ շատ խնդիրներ` սկսած, օրինակ, այնպիսի տարրական հարցերից, ինչպիսիք են տարածքը ջարդոնից մաքրելը, սարքավորումների կուտակումը փակ տեղամասերում, որոնց մինչ այդ բացարձակապես ուշադրություն չենք դարձրել: Սկսած մթնոլորտի մոնիտորինգի իրականացումից` մինչեւ փոշու շերտի, ջրի մոնիտորինգի իրականացումը: Ստեղծել ենք ջրի փակ շրջանառու համակարգ: Մինչ այդ պղնձաձուլարանից արտանետվող ջուրը թափվում էր Դեբեդ: Իսկ մենք Դեբեդ գետից ջուր ենք վերցնում, որպեսզի արտադրվող թափոնային խարամը հատիկավորենք: Այդ ջուրը նախկինում ամբողջությամբ հետ էր լցվում Դեբեդ, չնայած ջուրը վտանգավոր չէ, քանի որ զուտ ֆիզիկական գործընթացի է մասնակցում, ոչ թե քիմիականի: Երբ թափոնը դուրս է գալիս վառարանից, ջուրն ուղղակի տրվում է, որպեսզի սառեցնի ու հատիկավորի: Դա միակ գործընթացն է, որին ջուրը մասնակցում է, ուստի եւ մեր կողմից կատարված անալիզները (որոնք կատարվել են Դեբեդ գետում ջրի բացթողնման կետից վերեւ, անմիջապես ջրի բացթողնման կետում եւ դրանից հետո) ցույց են տվել, որ դրանք էական ազդեցություն չեն ունենում Դեբեդի վրա: Այնուամենայնիվ, պարտավորվել ենք եւ այս պահի դրությամբ ապահովել ջրի փակ շրջանառու համակարգ: Այդ կարճաժամկետ միջոցառումները վերաբերում են նաեւ աշխատողների անվտանգության ապահովմանը. Եվրաբանկի հետ պայմանավորվածության համաձայն` յուրաքանչյուր եռամսյակ արտահագուստի, պաշտպանիչ հանդերձանքի (ակնոց, գլխարկ եւ այլն) գնումներ ենք իրականացնում:

Ինչ վերաբերում է երկարաժամկետ լուծմանը, այսինքն` արտանետումների արմատական նվազեցմանը, բազմաթիվ տարբերակներ ենք դիտարկել: Աշխարհում պղնձաձուլարանների համար այս խնդրի ավանդական լուծումը ծծմբաթթվի արտադրությունն է: Այդ տարբերակը բավականին երկար ուսումնասիրել ենք: Դրա հետ կապված` Հայաստանում երկու լրջագույն սահմանափակում կա: Առաջինը ծավալն է: Ալավերդու պղնձաձուլարանն աշխարհում փոքրագույններից մեկն է: Չինաստանից բացի, որեւէ այլ տեղ նման ծավալի պղնձաձուլարաններ գոյություն չունեն: Չինաստանում այդ ծավալի մի քանի հատ դեռ կան, որ շարունակում են աշխատել:

Ծծմբաթթվի արտադրությունը պահանջում է ծծումբ պարունակող գազերի կայուն հոսք, որովհետեւ դա քիմիական արտադրություն է: Եթե հանկարծ որեւէ պահի դադարի գազերի կայուն հոսքը ծծմբաթթվի արտադրամաս, պարզապես կփչանա ամբողջ արտադրամասը: Մեզ մոտ, արտադրության ծավալներով պայմանավորված, ունենք երկու վառարանային բլոկ: Արտացոլիչ վառարանն անընդհատ աշխատում է, այնտեղից գազերի հոսքը մշտական է, բայց արտացոլիչ վառարանի աշխատանքի առանձնահատկությամբ պայմանավորված, այդտեղ մեզ մոտ արտանետվում է գազերի համեմատաբար փոքր մասը: Գազերի` ծծումբ պարունակող հիմնական մասն արտանետվում է կոնվերտերային վառարանում, որում տեղի է ունենում քիմիական պրոցես: Կոնվեկտորային վառարանի աշխատանքը, ցավոք, անընդհատ բնույթ չի կրում, 5-6 ժամ կոնվերտերն աշխատում է, 4-5 ժամ չի աշխատում:

Իսկ ինչու՞ չի աշխատում:

- Որովհետեւ արտադրության ծավալներն են քիչ, դա է խնդիրը: Որպեսզի ունենանք մշտական հոսք, պետք է առնվազն զուգահեռ աշխատող երկու կոնվերտեր ունենալ, որ հերթականությամբ աշխատեն: Սա տեխնիկական խնդիրն է: Երկրորդը` էլի արտադրության ծավալներով պայմանավորված, մեզ մոտ արտադրվող գազերում ծծմբի պարունակությունը բավարար չէ եղած տեխնոլոգիաներով ծծմբական թթու արտադրելու համար:

Կան երկու հիմնական տեխնոլոգիաներ, որոնցից մեկը ցածր գազերի պարունակության համար է, մյուսը` բարձր պարունակության: Մեր այսօրվա եղած գազի պարունակությունը այդ երկուսի միջակայքում է գտնվում: Հնարավոր է հարստացնել, եւ հնարավոր է աղքատացնել, այս առումով անհնարին բան չկա, բայց ոչ մեր այսօրվա գործող տեխնոլոգիայով:

Ունենք երկրորդ կարեւորագույն սահմանափակումը. դա տրանսպորտային սահմանափակումն է: Աշխարհում ծծմբաթթվի սպառման հիմնական մասը պարարտանյութերի արտադրության մեջ է: Եվրոպայի ամենախոշոր պղնձաձուլարանը, որը տարեկան վերամշակում է մոտ 1,2 մլն տոննա խտանյութ եւ արտադրում է 550-560 հազար տոննա պղինձ, իր ծծմբական թթուն հիմնականում իրացնում է Լատինական Ամերիկայում` տեղափոխելով տանկերներով: Ընդ որում, մինչեւ վերջերս ընկերությունը ծծմբաթթուն վաճառում էր բացասական գնով: Այսինքն` ինքը գնորդին փող է տալիս, որպեսզի այդ ապրանքն իրենից գնեն, որովհետեւ ինքը պարտադրված է դա արտադրել, այլ տարբերակ չունի: Մաքուր արտադրություն եւ մեծ ծավալ ունենալու համար պղնձաձուլարանները պարտադրված են ծծմբաթթու արտադրել: Բայց քանի որ հնարավոր չէ մեծ ծավալով ծծմբաթթու կուտակել (ի տարբերություն այլ ապրանքատեսակների), պետք է ունենալ երաշխավորված շուկա: Այսօրվա ծավալներով ծծմբաթթու արտադրելու դեպքում մենք խոսում ենք 35-40 հազար տոննայի մասին: Հայաստանում առավելագույն դեպքում 10 հազար տոննա սպառման մասին կարող ենք խոսել: Ցավոք, շրջակայքում չունենք ծծմբական թթվի երկարատեւ սպառման շուկա:

- Վրաստանը չի՞ կարող շուկա լինել:

- Վրաստանում կա Ռուսթավիի պարարտանյութերի գործարանը, որը հետաքրքրված է ծծմաբական թթվով: Գործարանն այս պահին ներմուծում է Ադրբեջանից: Գործարանի ներկայացուցիչները մեզ ասել են, որ հետաքրքրված են, նույնիսկ ծավալներն են նշել, բայց անորոշ հետաքրքրությունից առաջ գործը չի գնացել:

- Հայաստանում որքա՞ն է հնարավոր սպառել:

- Մենք հույս ունեինք, որ Վանաձորի քիմիական գործարանի գործարկումից հետո կունենանք մեծ ծավալի ծծմբաթթվի սպառում: Հույսերը չեն արդարանում: Անընդհատ փնտրտուքի մեջ ենք: Մյուս տարբերակը, որն այժմ դիտարկում ենք, կապված է լուծազատման տեխնոլոգիայի հետ, որն այժմ ապահովում է ամբողջ աշխարհում արտադրվող պղնձի մոտ 20 տոկոսը: Այդ դեպքում օգտագործվում է հիմնականում ծծմբական թթու, սակայն անհրաժեշտ է հատուկ տեսակի` թթվայնացված հանքաքարի առկայություն: Հայաստանում նման հանքաքար կա առնվազն Թեղուտում եւ Քաջարանում: Թեղուտում կա սահմանափակ քանակի` առավելագույնը 30 մլն տոննա հանքաքար, սակայն ծայրահեղ ցածր պարունակությամբ` միջին պարունակությունն ընդամենը 0,2 տոկոս:

Համեմատության համար կարող եմ նշել, որ պղինձ արտադրող խոշորագույն ընկերություններում այս տեխնոլոգիան կիրառվում է հանքաքարում պղնձի 0,9-1 տոկոս պարունակությունների դեպքում նույնիսկ: Այդուհանդերձ, այժմ Լեռնամետալուրգիայի ինստիտուտին պատվիրել ենք տեխնոլոգիական փորձարկումներ իրականացնել` պարզելու, թե 0,2 տոկոս պղինձ պարունակող հանքաքարից ինչ պարամետրերով կհաջողվի այն կորզել ծծմբական թթվով: Սեպտեմբերի վերջին արդյունքները կիմանանք:

Մեկ այլ տարբերակ էլ կա` աղակալած հողերի վերականգնման մեջ օգտագործվում է ծծմբական թթու: Թեեւ Հայաստանում կան այդպիսի հողեր, սակայն հաշվի առնելով դրանց ծավալները, այս ուղին եւս երկարաժամկետ լուծում չէ:

Մյուս տարբերակը, որ շատ երկար ուսումնասիրել, ծրագիր ենք նախապատրաստել ( այն արժանացել է նաեւ Եվրոբանկի հավանությանը ) , ոչ ավանդական եղանակով, ծծմբային գազերի օգտագործմամբ գիպսի արտադրությունն է: Անկախ ընկերության կողմից իրականացված մարկետինգային ուսումնասիրությունը պարզեց, որ Հայաստանում երեք տարի հետո գիպսի շուկայի ծավալը չի գերազանցի 12 հազար տոննան, մինչդեռ նույնիսկ պղնձաձուլարանի ներկա ծավալներով գիպս արտադրելու դեպքում տարեկան արտադրանքը լինելու է մինչեւ 100 հազար տոննա: Մյուս երկրները մեզ համար փակ են, Վրաստանը Թուրքիայից ստանում է մեծածավալ եւ բարձրորակ գիպս: Այսինքն` մենք միայն կարող ենք Հայաստանի շուկայի շուրջ կողմնորոշվել:

Սա նշանակում է, որ եթե չկարողանանք երկարաժամկետ լուծումներ գտնել, բացառված չէ, որ ստիպված լինենք 2009թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը:Այդ դեպքում անհրաժեշտ կլինի պղնձաձուլարանի աշխատողների որոշ մասի վերապրոֆիլավորել:Քանի որ Ալավերդու հանքը եւ հարստացուցիչ ֆաբրիկան բավականին լայն թափով զարգանում են, աշխատակիցների որոշ մասը կտեղափոխվի այնտեղ: Համոզված եմ, որ այս ընթացքում լայնածավալ աշխատանքներ ենք սկսելու Թեղուտում, եւ այնտեղ եւս աշխատուժի մեծ պահանջարկ կառաջանա:

Այն պահին, երբ Հայաստանում կունենանք մի քանի տասնյակ հազար տոննա պղնձի արտադրություն, այդ պահին գուցե արդարացված լինի նոր, հզոր պղնձաձուլարանի կառուցումը: Մենք ուսումնասիրել ենք նաեւ նոր` արդիական տեխնոլոգիաներով պղնձաձուլարանների կառուցման նպատակահարմարությունը: Մասնավորապես, ստացել ենք առաջարկություններ պղնձաձուլարական տեխնոլոգիաներ մատակարարող երկու խոշորագույն ընկերություններից: Երկուսի առաջարկություններն էլ հայաստանյան պայմաններում այս պահին տնտեսապես որեւէ արդարացում չունեն: Վերջին տասը տարիների ընթացքում պղնձի վերամշակման շուկան էապես փոխվել է. նախկինում պղնձաձուլարանը համարվում էր լեռնամետալուրգիայի ոլորտի օրգանական մաս, եւ հանքարդյունահանողը պատրաստակամորեն իր շահույթը կիսում էր պղնձաձուլարանի հետ, այսինքն` պղնձի բորսայական գնից պղնձաձուլարանը ստանում էր որոշակի տոկոս: Դա նշանակում էր, որ ինչքան ուզում էր գինն իջնել, պղնձաձուլարանն իր հաստատուն գումարը ստանում էր, մինչդեռ գնի բարձրացման դեպքում դրա որոշակի տոկոսը կրկին վճարվում էր պղնձաձուլարանին: Վերջին մի քանի տարիների ընթացքում շուկայում խտանյութի սով է` պայմանավորված հատկապես չինական շուկայում խտանյութի սպառման ծավալներով:

Մենք այս պահին ունենք այն իրականությունը, որ փաստացի պղնձաձուլարաններն արդեն շղթայից դուրս են մղված եւ ստիպված են բավարարել նվազագույն հաստատուն գումարներով, որոնք, ի դեպ, մի քանի անգամ զիջում են նախկինում եղած մակարդակին: Հաշվի առնելով, որ աշխարհում կառուցվող նոր ձուլարանները 200-250 հազար տոննայից պակաս չեն իրենց հզորությամբ, Հայաստանը երբեւէ չի կարող 10 հազար տոննա արտադրողականությամբ ձուլարանով մրցունակ լինել: Եթե լինի 100 հազար, գուցե մրցունակ լինի: Մենք տեղյակ ենք, որ հարավում մեր գործընկերները քննարկում են պղնձաձուլարան կառուցելու ծրագիր: Շատ ուրախ կլինենք, եթե դա իրենց հաջողվի: Դա առավել եւս մեր լավագույն մետալուրգներին հնարավորություն կտա շարունակել աշխատել իրենց մասնագիտությամբ, եթե, Աստված չանի, ստիպված լինենք դադարեցնել մեր պղնձաձուլարանի գործունեությունը:

- Եթե դադարեցնեք, խտանյութը պիտի վաճառե՞ք:

- Մենք ինքներս հիմա Հայաստանում արտադրվող խտանյութի փոքր մասն ենք արտադրում. հիմնական մասն արտադրվում է այլ ձեռնարկությունների կողմից: Հայաստանն այսօր արտահանում է արտադրվող խտանյութի մեծ մասը, իսկ զգալի մասը մենք ենք գնում: Եթե ձուլարանը դադարի գործել, ապա այո, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու մյուս արտադրողները ստիպված կլինեն իրենք կողմից արտադրվող ամբողջ խտանյութն արտահանել: Դա, ի դեպ, չպետք է ինքնին առանձնակի մտահոգությունների առարկա դառնա: Չիլին, որն աշխարհի ամենախոշոր պղինձ արտադրող երկիրն է եւ խտանյութերում տարեկան արտադրում է շուրջ 3.7 մլն տոննա պղինձ (խտանյութերում արտադրվող պղնձի համաշխարհային արտադրության շուրջ 30 տոկոսը), իր արտադրած խտանյութերի ընդամենը մեկ երրորդ մասն է երկրում վերամշակում, իսկ մնացած մասն արտահանում է` հիմնականում եվրոպական եւ ասիական շուկաներ:

Պետք է հաշվի առնել նաեւ, որ խտանյութի տեղափոխումը, օրինակ, Քաջարանից Ալավերդի, ինչքան էլ տարօրինակ հնչի, պարունակվող պղնձի հաշվարկով մի քանի անգամ ավելի թանկ է, քան պղնձի տեղափոխումը Ալավերդուց Եվրոպա: Հայաստանում տրանսպորտը բավականին թանկ է ինչպես երկաթուղային փոխադրման որակի եւ գնի, այնպես էլ արտաքին շուկաներ փոխադրման ժամկետների հետ կապված:

- 2005-ին կառավարության հետ համաձայնեցրիք, որ մինչեւ 2007-ի վերջը պետք է ներդնեք գազերի նվազեցման համակարգի առաջին մասը:

- Այն ժամանակ մտածում էինք, թե կներդրվի գիպսի արտադրության տարբերակը, առաջին փուլում կնվազեցնենք արտանետումների 10, երկրորդ փուլում` 70 տոկոսը: Այս պահին պարզ է, որ մենք այս ճանապարհով չենք գնալու: Ի դեպ, բացի բնապահպանական խնդրից, մենք մեկ այլ լրջագույն խնդիր եւս ունենք պետության հետ. դա ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձն է: Այս պահին պետությունը մեզ պարտք է ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ընդ որում, միայն այս տարվա ընթացքում պետության պարտքը մեզ ավելացել է մոտ 3,5 մլն ԱՄՆ դոլարով: Այսինքն` այս տարվա 7-8 ամիսների ընթացքում պետությանն այդ գումարի չափով անտոկոս վարկ ենք տվել եւ չգիտենք, թե երբ ենք հետ ստանալու: Եւ հաշվի առեք, որ խոսքը վերաբերում է պղնձաձուլարանին, որը, նորից եմ ասում, ստիպված է տեղավորվել չնչին մարժայի մեջ (ի տարբերություն հանքարդյունահանողների), եւ աննշան շահույթներ ունենալով` բազմապատիկ ավելի մեծ գումար ստիպված է տալ պետությանը` վերադարձման անորոշ ու անկանխատեսելի հեռանկարով, ակնհայտ կդառնա, որ սա լրջագույն խոչընդոտ է մեր զարգացման համար:

Եթե նույնիսկ տասն անգամ բազմապատկենք արտադրությունը, լավագույն դեպքում մեր շահույթը կարող է լինել տարեկան 7-8 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպե՞ս եք պատկերացնում այդպիսի ընկերության գոյատեւումը, եթե պետությունն այդ ընկերությանը 5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք ունի: Մի հետաքրքիր փաստ կարող եմ ներկայացնել. երբ մենք Եվրոբանկից ստացանք վարկի առաջին մասնաբաժինը 2002 թ. դեկտեմբերին, այդ պահին պետության պարտքը մեզ կազմում էր մոտ 100 հազար ԱՄՆ դոլար: Երբ 2005թ. դեկտեմբերին մարում էին Եվրոբանկի վարկը` 4,5 մլն ԱՄՆ դոլար գումարով, պետության պարտքը մեզ գերազանցում էր 4,5 մլն ԱՄՆ դոլար: Ստացվում է` միջազգային ֆինանսական հաստատությունից փող ենք վերցրել, որպեսզի պետությանն անտոկոս վարկ տանք: Սա համարում եմ մեր երկրի վարչարարական ամենախոշոր խնդիրը, որի մեջ կենտրոնացած է մնացած ամեն ինչ: Պետությունը չի կարողացել իր մեջ ուժ գտնել պահպանել իր իսկ սահմանած կանոնները` արտահանողին ավելացված արժեքի գերավճարը վերադարձնել: Անիմաստ է մտածել ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու մասին:

Մյուս լուրջ խնդիրը բնական գազի սակագինն է. մեր վերամշակման ծախսերի մեկ երրորդը բնական գազի ծախսն է: Պատկերացրեք, թե ինչպիսի հետեւանքներ կունենա բնական գազի սակագնի եռապատկումը: Ակնհայտ է, որ այդ պայմաններում պղնձաձուլարանը չի կարող աշխատել: Այսինքն` գործոններ կան, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին վերցրած մահացու ազդեցություն կարող է ունենալ պղնձաձուլարանի վրա:

Անկեղծորեն կարող եմ ասել, որ եթե ուրիշ այլ գործոն չլիներ, ավելացված արժեքի հարկի գերավճարների գործոնը բավարար է, որպեսզի Հայաստանում պղնձաձուլարան չաշխատի, որպեսզի արտահանմանն ուղղված նոր քայլեր, վերամշակման նոր` խորացված փուլեր չիրականացվեն: Եթե արտադրանքն ամբողջությամբ վաճառվեր Հայաստանում, պղնձաձուլարանն այդ խնդիրը չէր ունենա: Ստացվում է, որ պետությունը ոչ թե խրախուսում է արտահանումը, այլ իրականում պատժում է արտահանողին:

2002-ից սկսած գերավճարների գումարների հետ կապված տարակարծություններ ունենք հարկային մարմինների հետ` ընդհուպ մինչեւ դատական կարգով հարցի քննարկումը: Որոշ գումարների վերադարձ հարկային մարմիններն անհիմն մերժում են բավականին հետաքրքիր պատճառաբանությամբ. այդ գումարները ենթակա են «լրացուցիչ ճշտման»: Ընդ որում, այդ գումարները հարկային ծառայությունը չի վիճարկում, այլ ընդամենը դրանց վերադարձման ենթակա լինելու հանգամանքն է արդեն մի քանի տարի ուսումնասիրում …

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, ի տարբերություն մյուս բոլոր հարկա֊տու֊ների, արտահանողների մոտ հարկային ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնում յուրաքանչյուր ամիս, եւ հարկային բոլոր հաշիվները ենթարկվում են ստուգման: Նույնիսկ այդ պայմաններում ամենասուբյեկտիվ գործոններով պայմանավորված հնարավոր է որեւէ հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձի մերժում կամ հետաձգում, եւ դրա վերաբերյալ արտահանողի առարկությունները, որպես կանոն, որեւէ ուշադրության չեն արժանանում:

Համոզված եմ, որ քանի դեռ պետությունը չի սկսել տույժեր վճարել ավելացված արժեքի հարկի գերավճարի վերադարձն ուշացնելու համար, այս խնդիրը չի լուծվի: Նման պրակտիկա գործում է շատ երկրներում: Եթե գործարարը հարկը ուշ է վճարում, պարտավոր է տույժ վճարել, իսկ այստեղ պետությունը տարիներով չի վճարում` առանց որեւէ իրավական կամ ֆինանսական հետեւանքի:

Ամենասարսափելի խնդիրն անկանխատեսելիությունն է. ես այսօր չգիտեմ, թե որքան գումար է, օրինակ, այս ամիս վերադարձվելու մեր ընկերությանը: Որքան էլ զարմանալի է, դա կախված է մի բանից` ի՞նչ հաջողությամբ Հարկային պետական ծառայությունը բյուջեն կհամալրի. եթե կարողացավ մուտքերն ապահովել, տեղ կգտնի, արտահանողներին կվերադարձնի: Եթե չկարողացավ տվյալ ամսվա բյուջեն կատարել, ուրեմն դա արտահանողի հաշվին պետք է կատարի` հետաձգելով գերավճարի վերադարձը: Ըստ էության, ավելացված արժեքի հարկի գերավճարները վերադարձվում են մնացորդային սկզբունքով. արտահանողները ստանում են այնքան, որքանով եկամուտների հավաքագրման պլանը կատարվել է:

- Փաստորեն, Հայաստանում բիզնես անելը վտանգավոր է եւ վնասաբե՞ր:

- Արտահանմանն ուղղված այն բիզնեսը, որում շրջանառությունը մեծ է, մարժան` փոքր, ծայրահեղ վտանգված վիճակում է: Մնացած խոչընդոտները մի կողմ, խոսում եմ մի բանի մասին, որի լուծումը կառավարության իրավասության շրջանակում է եւ օրենքի պահանջն է: Խոսքը չի գնում հեղափոխական փոփոխությունների մասին: Եթե օրենքը պահանջում է վերադարձնել, ուրեմն պետք է վերադարձնել:

- Դրամի արժեւորումը Ձեր գործունեության վրա ինչպե՞ս է ազդել:

- Լրջագույն ազդեցություն է ունեցել: Հաշվարկներ ունենք, որ 2003 թվականի համեմատ միայն դոլարի փոխարժեքի նվազմամբ մեր շահույթը տարեկան 2 մլն դոլարով նվազել է: Խոսքը մեկ ձեռնարկության` «Էյ-Սի-Փի» ընկերության մասին է: «Վալլեքս» խմբի մյուս ընկերությունը` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, անհամեմատ ավելի մեծ կորուստներ է կրել, քանի որ ծախսերի աննշան մասն է միայն արտարժույթով գնանշված: Պարզապես հանքարդյունահանողների (այդ թվում` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ) մոտ այս խիստ բացասական ազդեցությունը չեզոքանում է միջազգային շուկայում մետաղների գների աննախադեպ աճով: Եթե հանկարծ մենք չունենայինք այդ առավելությունը, երբ միջազգային շուկայում մի քանի անգամ ավելացել են, մասնավորապես, պղնձի, մոլիբդենի եւ ոսկու գները, ապա հանքարդյունահանողների վիճակը կլիներ աղետալի:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը:

- Փաստն այն է, որ դա ներկա տնտեսական աճին մասնակցող ամենախոշոր ոլորտն է եւ հեռանկարայնության առումով մեր ունեցած հնարավոր բոլոր տարբերակներից ամենահեռանկարայինը:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր գործարանի էկոլոգիական վիճակը:

- Եկեք պղնձաձուլարան ն առ ա նձնացնենք: Այնտեղ իսկապես լրջագույն բնապահպանական խնդիրներ ունենք, դա չենք էլ թաքցնում: Եթե չկարողացանք այդ խնդրի լուծումը գտնել, ստիպված ենք լինելու դադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը, հուսով ենք` ժամանակավոր:

- Լեռնահանքային արդյունաբերության մեջ էկոլոգիան ի՞նչ տեղ ունի:

- Ես կարծում եմ, որ մեր ոլորտի ձեռնարկություններում դեռ մեծ տեղ ունենք էկոլոգիական գիտակցության բարձրացման համար: Մենք հիմա շփվում ենք համաշխարհային մասշտաբով հանքարդյունահանման բնագավառի ամենաառաջատար ընկերություններից մեկի հետ եւ ինքներս, չնայած ունենք Դրմբոնի համալիրը, որը համարում ենք լեռնահանքային ոլորտում բնապահպանական տեսանկյունից ամենամաքուր ձեռնարկությունը Հայաստանում, բայց, այնուամենայնիվ, սովորելու շատ բան ունենք միջազգային առաջադեմ փորձից: Գուցե դա ինչ-որ տեղ նաեւ օրինաչափ է. եթե երկիրը գտնվում է ճգնաժամային վիճակում, անհամեմատ ավելի մեծ է գայթակղությունը` անտեսել բնապահպանական խնդիրները եւ զարկ տալ տնտեսությանը: Այսինքն` դա օբյեկտիվորեն հասկանալի է, բայց ես ուրախ եմ նաեւ, որ գնալով ավելի մեծ ուշադրության են արժանանում բնապահպանական խնդիրները: Ուղղակի մեր միակ խնդիրն այն է, որ դա լինի օբյեկտիվ տեղեկատվության վրա հիմնված: Ես մեծ ցավ եմ ապրում, որ շատ հաճախ տեղեկատվություն է տրվում, օրինակ, Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ, որը բացարձակապես որեւէ առնչություն չունի իրականության հետ: Միակ բանը, որ դրա հետ կապված միշտ խնդրում ենք, այն է, որ եթե որեւէ բան եք ուզում ասել այս ծրագրի վերաբերյալ, մեզանից էլ ճշտեք համապատասխան տեղեկությունները: Ես չեմ ասում` մեր տեսակետը պաշտպանեք, ես ասում եմ` մեր տեսակետն էլ անաչառորեն ներկայացրեք: Մենք էլ ենք ուզում, որպեսզի էկոլոգիական կառավարումը լինի լավագույն հիմքերի վրա:

- Մի բան ակնհայտ է, որ առաջին անգամ այդչափ անտառ է հատվելու հանքարդյունաբերության նպատակով, երբեւէ նման բան չի եղել, այդ պատճառով են էկոլոգներն անհանգստացած:

- Մենք ինքներս ասում ենք, որ օրինական դաշտում երբեւէ նման ծավալի անտառ չի հատվել: Բայց առաջինը` մենք խնդրում ենք թվերը ճիշտ հրապարակել: Ընդամենը երկու ամիս առաջ ինտերնետում հոդված կար, թե 600 հա անտառ պիտի հատվի, այն դեպքում, երբ մենք ամեն հանդիպման ժամանակ տալիս ենք ավելի ու ավելի ճշգրտված թվեր: Վերջին անգամ տեղեկանքում գրել ենք 357 հա անտառ:

- Բայց Ձեր տարածած առաջին տեղեկատվության մեջ եղել է 600 հա:

- Այո, բայց հետո դրանք ճշգրտվել են: Պարզվել է, որ այդ 600 հա անտառային հողում կան նաեւ տեղեր, որտեղ ծառեր չկան, բացատներ են: Դրանից հետո մի անգամ ճշտվել է, դարձել է 510, հիմա պարզվել է, որ հատվելու է 357 հա: Այսինքն` մեզ անհրաժեշտ է լինելու հատել 357 հա անտառ: Այս պահին ունենք ճշգրիտ հաշվարկ` ծառերի քանակով, տեսակով, բների հաստությամբ, տարիքով: Այդ հաշվարկը ցանկացած անձի կարող ենք տրամադրել, եթե ուզեն, թող գնան ստուգեն: Մի քանի ամիս շարունակ «Հայանտառի» մասնագետները մեր աշխատակիցների հետ չափումներ էին կատարում, որովհետեւ մենք ուզեցել ենք ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն:

Եվ երկրորդ` մենք ակնկալում ենք համապարփակ տեղեկատվության տրամադրում: Եթե քննարկման առարկան անատառահատումների ծավալն է, ապա անհրաժեշտ է ընդհանուր անտառահատումների համատեքստում ներկայացնել Թեղուտում նախատեսվող հատման խնդիրը: Այսինքն, եթե նույն բնապահպանական հասարակական կազմակերպությունների վերջին տվյալներով Հայաստանում տարեկան ապօրինի հատվում է 500 հազար խորանարդ մետր փայտանյութ` հասարակության համար անորոշ նպաստով, ապա Թեղուտի ծրագրի իրականացումը, իր հստակ սոցիալ-տնտեսական ազդեցությամբ, պահանջում է տարեկան միջին հաշվով 250 անգամ ավելի փոքր ծավալի անտառահատում, քան ներկայումս ապօրինի հատվող ծավալն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter