HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. ինչո՞ւ է Անդրեաս Գուրսկու «Հռենոս II»-ը ամենաթանկ լուսանկարը

Իրոք, իմ նկարները դառնում են ավելի ու ավելի ձեւական եւ վերացական: Երեւում է, որ տեսողական կառուցվածքը տիրապետում է իմ նկարներում պատկերված իրական իրադարձությունները: Ես ենթարկում եմ իրական վիճակը նկարի իմ արտիստական հղացքին… Իմ աշխատանքում դուք երբեք չեք գտնի պատահական տարրեր: Ձեւական մակարդակում անհամար փոխառնչված միկրո եւ մակրոկառուցվածքները հյուսված են իրար` լինելով որոշված համընդհանուր կազմակերպական սկզբունքով: Փակ միկրոկոսմոս, որը, նյութի նկատմամբ իմ միջնորդավորված վերաբերմունքի շնորհիվ, թույլ է տալիս դիտողին ճանաչել այն հոդակապերը, որ միասնական են պահում համակարգը:

Անդրեաս Գուրսկի

Սկսելով գրությունների այս շարքը` մտադրություն ունեի անդրադառնալ նաեւ լուսանկարչության հետ կապված թեմաների, եւ որպես առաջին թեմա շատ հարմար թվաց գերմանացի լուսանկարիչ Անդրեաս Գուրսկին, նրա նշանավոր լուսանկարի վաճառքի պատմությունը: Հասկանալի է, որ ներկայիս աշխարհի մեծագույն եւ ամենաթանկ լուսանկարիչներից մեկի համբավն ունեցողի մասին հոդվածների, հարցազրույցների ու տեսողական նյութերի պակաս չի զգացվում, բազմաթիվ են նաեւ տարբեր տեսակի բլոգներում ու քննարկումներում ծավալված բանավեճերը, որոնք օգտակար եղան այս հոդվածը պատրաստելիս:

Մի տարի առաջ` 2011 թվականի նոյեմբերին գերմանացի լուսանկարիչ Ա. Գուրսկու «Հռենոս II» աշխատանքը վաճառվեց ռեկորդային գնով ($4,34 միլիոն) եւ վերստին ծայր առան բանավեճերը այն մասին, թե արդյոք լուսանկարչությունն արվեստ է, թե ոչ, ինչպես կարող է լուսանկարն ունենալ այդպիսի բարձր գին եւ այլն: Գրվեցին հոդվածներ` բացատրելու պատկերի արժանիքները, այդ թվում` գեղագիտական, եւ պատահական չէ, որ քննադատներից մեկի հիմնավորումը հնչում է հենց այսպես. «Այն արժեքավոր է, քանի որ արվեստ է, ոչ թե պարզապես լուսանկար»: Մեկ այլ տեղ ասվում է, թե նրա աշխատանքները դուրս են գալիս զուտ վավերագրականության սահմաններից եւ մոտենում գեղանկարչության ժանրին: (Այստեղ կարելի է տեսնել նաեւ նկարագրվող լուսանկարը):

Իհարկե, սա առաջին այդպիսի դեպքը չէր: Արդեն 2007-ին Գուրսկու մեկ այլ աշխատանք` «99 ցենտ»-ը, Սոթբիս աճուրդում դարձավ ամենաթանկ վաճառված լուսանկարը ($3,35 միլիոն): Իսկ վերջերս դարձյալ շատ բարձր գին` $3,89 միլիոն, վճարվեց Սինդի Շերմանի նախորդ դարի ութսունականներին կատարված մի աշխատանքի (Cindy Sherman, Untitled #96, 1981): Այսինքն` խնդիրը ոչ թե առանձին լուսանկարների անսովոր բարձր գներն են, այլ հստակ արտահայտված միտումը. լուսանկարները թանկանում են: Մյուս կողմից` սա ակնհայտորեն նշանակում է, որ լուսանկարիչները ձգտում են ստեղծել իրենց` որպես արտիստների, նոր բրենդը, որը նրանց թույլ կտա վաճառել սեփական գործերը բարձր գներ ապահովող արվեստի շուկաներում, որոնք նախկինում լուսանկարների առեւտուր չէին անում: Անհիմն չեն թվում նաեւ այն պնդումները, որ այս շրջադարձի ետեւում կանգնած են արվեստի նոր քաղաքականություն ձեւավորող ցուցասրահների ու թանգարանների տերերը, որոնք միանգամայն գիտակցված ձեւով մեծ ներդրումներ են կատարում այս նոր «ալիքը» ստեղծելու համար, որ նրանց թույլ կտա հետագայում մեծ շահույթներ ունենալ:

Ավելորդ չեմ համարում թվարկել ամենաթանկ լուսանկարի արժանիքներից եւս մի քանիսը. «Գեղեցիկ եւ անմոռանալի, ժամանակակից անդրադարձ նշանավոր գերմանական ժանրին եւ սիրելի թեմային. ռոմանտիկական լանդշաֆտին եւ բնության հետ մարդու հարաբերությանը»: Բացի այդ, եւ սա վերաբերում է առհասարակ Գուրսկու ողջ ստեղծագործությանը, ընդգծվում է կատարվող նախապատրաստական մեծ աշխատանքը, լուսանկարչական սարքի հետ միասին օգտագործվող  ուրիշ տեխնիկական միջոցները (ուղղաթիռ, վերամբարձ կռունկ), նկարի երկարատեւ եւ մանրակրկիտ մշակումը թվանշային մոնտաժի միջոցով, բացառիկ տպագրական տեխնիկաները, եւ իհարկե, նկարների հսկայական չափերը (Գուրսկու նկարների չափերը երբեմն հասնում են չորսից հինգ մետրի) եւ, չնայած դրան, ծայրաստիճան ճշգրտությամբ ներկայացվող մանրամասները:

Գուրսկին ասում է իր աշխատանքի մասին. «Ես բնավ հետաքրքրված չեմ անհատ մարդով, այլ մարդ արարածով եւ նրա միջավայրով: Սա ճիշտ է նաեւ «Հռենոս»-ի վերաբերյալ: Ես հետաքրքրված չէի Հռենոսի անսովոր, թերեւս դիտարժան տեսքով, այլ նրա առավել ժամանակակից հնարավոր տեսքով»: Նա չի թաքցնում, որ լուսանկարի ակներեւ հիպերիրական էֆեկտները` ջրի արծաթագույնը, կատարյալ երկրաչափական գծերը եւ գույների ցայտուն հակադրությունը, արդյունք են թվանշայնացված միջամտության: Գուրսկին շարունակում է. «Հռենոսի այս տեսքը անհնար էր գտնել տեղում` բնության մեջ, ժամանակակից գետի հստակ պատկեր ապահովելու համար պահանջվում էր անիրական կառուցվածք»: Թեեւ լուսանկարն արված է ժապավենի վրա, այն թվանշայնացվել եւ ենթարկվել է մանրակրկիտ մշակման, որտեղ, ինչպես նկատել են շատերը, ակներեւ է լուսանկարչի ձգտումը` տալու իր աշխատանքին վերացական գեղանկարչության համար բնորոշ տեսք:

Գուրսկու մասին ես առաջին անգամ իմացա, երբ նրա լուսանկարը տեսա Ֆրեդրիկ Ջեյմիսոնի «Մշակութային շրջադարձը. պոստմոդեռնիզմի մասին գրությունների հատընտիր, 1983-1998» (1998թ.) գրքի շապիկին: Այս հանգամանքը, որ արդեն իսկ ինչ-որ բան ասում էր լուսանկարչի եւ նրա աշխատանքի մասին, իմ մեջ հետաքրքրություն արթնացրեց նրա նկատմամբ: Սկսելով 1980-ականներին, փաստորեն, 1990-ականներին նա արդեն ճանաչված վարպետ էր, որը սիրում էր ստեղծել վիթխարի տեսարաններ ու հանդիսություններ. «Իննսունականների Գուրսկու աշխարհը մեծ է, բարձր տեխնոլոգիական, սրընթաց, թանկարժեք եւ գլոբալ: Այնտեղ անանուն անհատը ավելին չէ, քան շատերից մեկը»:

Գուրսկին նախընտրում է պատկերել ամբողջ հորիզոնը բռնող լանդշաֆտներ ու ճարտարապետական կառույցներ, ուղղագիծ-ճշգրիտ գծագրությամբ ճանապարհներ, արոտավայրեր ու լողափեր, անթիվ անհամար պատուհաններով շենքերի շարքեր, սուպերմարկետների անվերջանալի վաճառասեղաններ, մարդաշատ իրադարձություններ… Հայտնի են Մադոննայի համերգի, Ֆորմուլա 1-ի, Տուր դե Ֆրանսի նրա ինքնատիպ մեկնաբանությունները: Համադրելով Մադոննայի համերգի տարբեր պահերին արված լուսանկարները` նա ասես փորձում է մեկ պատկերի մեջ ամփոփել ողջ համերգը: Առհասարակ, Գուրսկին նախընտրում է լուսանկարել դիտողի համար անմատչելի կետերից: Այդպիսի տարբեր նկարներից թվանշային մշակմամբ ստացված պատկերը ոչ միայն խախտում է օպտիկական կանոնները, այլեւ տրամադրում անսովոր ձեւով ընդարձակ տեսադաշտ: Այսինքն, նախապես նկարված տարրերը կարող են որոշակի եղանակով զուգակցվել, հարադրվել եւ ստեղծել նոր պատկեր: Բայց կարեւոր է հետեւյալ ճշգրտումը. «Ինձ դուր չի գալիս, երբ պատկերը ամբողջովին  սուրռեալիստական տեսք ունի: Նունիսկ եթե ես մոնտաժ եմ անում, չեմ ուզում, որ այն աչք ծակի»:

Ահա եւս մի քանի հատված քննադատների մեկնաբանություններից. «Նրա ակնառու նվաճումներն արդյունք են նրա արվեստի հիբրիդային բնույթի, որը հենվում է նախընթաց ձեռքբերումների, հոսանքների ու տեխնիկաների վրա: Այն իր մեջ է առնում գովազդի ճչացող շողոքորթությունը` առանց կորցնելու վավերագրական լուսանկարչության սուր դիտողականությունը»:

«Հարցը աշխարհի պարզ ներկայացումը չէ, այլ ավելի շուտ անհատապես մշակված հայացքը աշխարհի նկատմամբ… Աշխարհի սեփական ըմբռնումը կարելի է արտահայտել միայն իրականությունը փոխելու միջոցով… Թվանշային մշակումը լուսանկարչին վերածում է ժամանակագրից հեղինակի… Գուրսկու պատկերները առաջին պլան են մղում այնպիսի թեմաներ, ինչպես աշխատանքը, առօրյա կյանքը, գլոբալացումը, զանգվածային սպառումը եւ անհատի ու կոլեկտիվի միջեւ փոխհարաբերությունը: Սրանք միասին ձեւավորում են այն աշխարհի հագեցած նկարային պատումը, որում մենք ապրում ենք… Որսված հեռավորությունից, բարձր դիտակետից` Գուրսկու պանորամային պատկերները ներկայացնում են աշխարհը այնպիսի ձեւով, որը դուրս է մեր ընկալումից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter