HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չիչխան գետը մահանում է

Այս  տեսանյութն արված է Չիչխան գետի վրա գործող փոքր հէկի ջրառի հատվածում` Թռչկան ջրվեժից մոտ 1 կմ ներքև: Մենք մեկ անգամ ևս համոզվում ենք, թե ինչ աղետալի վիճակում են հայտնվում Հայաստանի գետերն ու նրանց շրջակա միջավայրը՝ մեծ թվով փոքր հէկերի ոչ ճիշտ կառուցման և շահագործման հետևանքով:  Փոքր հէկերը, որպես կանոն, մեր հանրապետությունում կառուցվում են առանց բնապահպանական լուրջ փորձաքննության և տեղազննության անցկացման:

Պետական լիազոր մարմիններ ճանաչված ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը «շռայլորեն բաժանում է» լիցենզիաներ, իսկ «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ը փոքր հէկեր կառուցողներին տրամադրում է ձևական եզրակացություններ, որոնցում բնապահպանական, սոցիալ-տնտեսական չափորոշիչները հաշվի չեն առնված, իսկ դրանց մեծ մասը, որպես կանոն, նույնաբովանդակ են լինում:

Բայց փաստը մնում է փաստ, որ կոնկրետ այս փոքր հէկի կառուցման և շահագործման արդյունքում, Չիչխան գետը համարյա ամբողջովին ջրազրկվել է և ցամաքելու եզրին է, ձկնուղի ընդհանրապես գոյություն չունի, էկոթողքը պահպանված չէ, շրջակա միջավայրը կամաց-կամաց ոչնչանում է, իսկ ոռոգման ջրի կորստի պարագայում մեծ վնաս է հասցվում գյուղատնտեսությանը, գյուղացիները զրկվում են ոռոգման ջրից: Այս փոքր հէկի շահագործման արդյունքում անկասկած խախտված և վտանգված է տվյալ հատվածի կենսաբազմազանությունը (նույն վիճակն է եղել նաև հունիս ամսին): Մենք համոզված ենք, որ նման տեսարանների կարող ենք ականատես լինել նաև Հայաստանի այլ վայրերում, որտեղ գետերի վրա արդեն իսկ կառուցված են փոքր հէկեր և շահագործվում են այս ձևով:

Ինչ վերաբերում է փոքր հէկերի շահագործման ընթացքում պետական վերահսկողությանը, ապա պետք է նշենք, որ վերահսկողությունն ընդհանրապես բացակայում է: Որպես կանոն, պետական լիազոր և իրավապահ մարմինների արձագանքները կամ ընդհանրապես բացակայում են, կամ էլ կրում են բացարձակ իմիտացիոն բնույթ, և ակնառու են դառնում միայն երբ մոտենում է նախընտրական շրջանը:

Եվ լրագրողները և բնապահպաններս բազմիցս ականատես ենք եղել և ահազանգել ենք պետական լիազոր մարմիններին այս և նմանատիպ խնդիրների մասին, սակայն որևէ կոնկրետ և ռեալ քայլեր չեն ձեռնարկվել նրանց կողմից խախտումները վերացնելու և փոքր հէկերի սեփականատերերին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Փոքր հէկերի կառուցման և շահագործման հիմնախնդիրների վերաբերյալ մեր վերջին դիմումին ի պատասխան ՀՀ Բնապահպանության նախարարությունը մասնավորապես հայտնել էր, որ դեռևս 09.11.2011 թ. Երևանում մեկնարկել է ՀՀ-ում փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր: Ծրագիրը կշարունակվի մինչև 2014 թ.:

Ահա այսպիսի ոչինչ չասող պատասխաններ կարելի է ասել, մենք ստանում ենք գրեթե բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ, սակայն մեր պահանջները այլ են եղել, որոնք արդեն հրապարակել ենք ԶԼՄ-ներով:

Առաջին հայացքից թվում է թե մեր կողմից բարձրացված հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, սակայն դա այդպես չէ. սույն հիմնախնդիրներն իրենց տրամաբանական և համալիր լուծումը պետք է ստանան ՀՀ կառավարության կողմից, ով գրեթե ձեռքերը լվացել և մի կողմ է քաշվել: Այս տեսարանի մեղքի ամենամեծ բաժինն ունի հենց ՀՀ կառավարությունը: Ինչպես հանրապետության այլ, այնպես էլ բնապահպանության ոլորտում, ամբողջովին տիրում է ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը:

Փաստորեն կրկին բնապահպաններ են բացահայտում ապօրինություններն ու բնական ռեսուրսների բացահայտ թալանը, բայց այս տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կրկին հանդես կգան հայտարարությամբ և մամուլի միջոցով կփորձեն համոզել, թե իրենք ինչ բարձրակարգ վերահսկողություն են իրականացնում, ինչպես դա արեցին Խոսրովի անտառ պետական արգելոցում կատարված որսագողության դեպքի բացահայտելուց հետո... նույնիսկ այդ դեպքը դաս չեղավ ՀՀ բնապհպանության նախարարությանը, որպեսզի պատշաճ իրականացնի իր գործառույթներն ու լիազորությունները:

Հուսով ենք, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու պաշտոնատար անձինք` մամուլի խոսնակները, իրենց ղեկավարներին կփոխանցեն այս հայտարարության տեքստն ու տեսանյութը` փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

12.11.2012 թ.

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Ավելի քան 120 տարի առաջ Նիկոլա Տեսլան էլեկտրաէներգիա էր ստանում եթերից: Այսօր արդեն նույն եղանակով օդից էներգիա են ստանում Գերմանիայում, որտեղ Ֆուկուսիմայի ատոմակայանի էներգաբլոկներից մեկի վթարից հետո պաշտոնապես որոշում կայացվեց մոտակա տարիներին փակել իրենց ունեցած բոլոր ատոմակայանները: Կասկած չկա, գերմանացիները բոլորից ավելի շուտ անց են կենում անվառելիք /անվճար/ էներգիայի շահագործմանը: Հետաքրքիր է, ինչպիսի զրկանքների միջով պետք է անցնի մեր ժողովուրդը, որպեսզի այսպես կոչված Գիտությունների Ակադեմիան վերջապես դեն նետի եթերի կամ անվճար էներգիայի մասին hakagitakan, սխալ պատկերացումները և համոզի կառավարությանը զբաղվել բոլորին մեծ եկամուտ և բարեկեցություն բերող, եթերից էներգիա ստանալու տեխնոլոգիաներով:
Մարիամ
Դուք կարող եք զանգահարել բնավիրման նախարարության ԹԵԺ ԳԻԾ և ահազանգել Չիչխան գետի զավթման առթիվ: Սա մեր բոլորի պարտականությունն է զանգահարել և ստիպել պատկան մարմնին արագ քայլեր ձեռնարկել այս ապօրինությունների շուրջ: Պետք է միասին ձևավորենք հանրային պահանջ: Սկսում ենք զանգահարել` Բնապահպանության նախարարության բնապահպ. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 220218 Բնապահպանության նախարարության ԹԵԺ ԳԻԾ 523835, 519182 Բնապահպանության նախարարության ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ 516326 ՆՐԱՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԼԻՆԵԼ,ՏԵՐ ԿԱՆԳՆԻՐ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter