HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ է ասել պապիկը Զարուհի Փոստանջյանին

Ազգային ժողովում կրկին կրքերը բորբոքվեցին նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 2500 դրամով բարձրացնելու վերաբերյալ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ առավոտյան ԱԺ մուտքի մոտ իրեն մոտեցել է մի պապիկ եւ ամոթանք է տվել, որ որոշ պատգամավորներ դժգոհում են իրենց ստացած 240.000 դրամ (մաքուր աշխատավարձը,- հեղ.) աշխատավարձից, թե բաճկոն ու կոստյում չեն կարողանում գնել, մինչդեռ իրենք ամեն ամիս գոյատեւում են 30.000 դրամ թոշակով:

«Որոշ տվյալներով՝ Հայաստանում 50 հազար մարդ ստանում է 32.500 դրամ աշխատավարձ: Պատկերացնու՞մ եք՝ 50.000 մարդ ինչպիսի տառապանքների մեջ են ընկնում եւ ամեն առավոտ ինչպիսի դժոխք են պատկերացնում իրենց կյանքը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նա նաեւ այլ տվյալներ հրապարակեց: Ըստ պատգամավորի՝ որոշ տնտեսական փորձագետներ ասում են, որ երկրում տնտեսական ստվերը կազմում է 70 տոկոս, իսկ կառավարությունն ասում է, թե ստվերը 30 տոկոս է:

«Գումարները կան, դուք գիտեք, թե որտեղ են գտնվում: Գումարներն օգտագործվում են մի քանի մարդկանց սպասարկելու համար»,- ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նաեւ կոչ արեց կրճատել մարզպետարանի աշխատակիցներին, քանի որ որոշներն ընդամենը գրանցված են ու աշխատավարձ են ստանում: Զ. Փոստանջյանը նաեւ առաջարկեց 50 տոկոսով կրճատել նախագահական ինստիտուտին տրվող գումարների չափը եւ դրանք տալ ժողովրդին:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ներկայիս 32.500 դրամից դառնալու է 35.000 դրամ:

ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանն ու ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը եւս քննադատեցին օրինագիծը: Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարության պատճառաբանությունը, թե գումար չկա, իրականությանը չի համապատասխանում:

«Եթե դուք չեք կարողանում, գնացեք, ով կարող է կգա, կանի: Հարգելի պատգամավորներ, ձեր հետ միասին պետք է հեռացնենք այս կառավարությանը: Սովալլուկ երեխաներին չենք կարող ասել, որ հայրենի կառավարությունը չի կարողանում 16,7 մլրդ դրամ գումար գտնել, որպեսզի նվազագույն շեմը ապահովի: Ես պատրաստ եմ նույնիսկ մանդատս վայր դնել, եթե դուք գնաք այս քայլերի իրականացմանը»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter