Շաբաթ, 19 ապրիլի

Տեսարան Եռաբլուրից


23:59, 24 դեկտեմբերի, 2007

Վերջաբան

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Ես դույլով ջուր եմ վերցնում ցիստեռնից ու լցնում գերեզմանաքարի վրա: Մեղուները բզզում են այստեղ աճող բալի շիվերի սպիտակ ծաղկաթերթիկների մեջ:

Մի քանի գարուն առաջ միայն ծառերի կոճղերն էին փրկվել հրի ճարակ դառնալուց: Ես լցնում եմ ջուրը, իսկ Սեդան սրբում է սալաքարը` փայլեցնելով մոխրագույն մակերեսը: Ծիծեռնակները ծվծվում են իրենց պտուտաձեւ թռիչքի մեջ, իսկ հետկեսօրյա արեւը ցած է իջնում:

Այժմ երեւի 700 գերեզման կա Եռաբլուրում: Մեծ մասի գլխավերեւում փայլեցված գորշ բազալտե քարեր են, դրանց վրա` նահատակների` ավազաշիթով պատկերված դիմանկարներ: Կան մանկական դեմքերով պատանիներ, զինվորական համազգեստով երկու կին, ինքնաձիգ բռնած մեկ-երկու եզդի: Մի քանի դեմք ինձ ծանոթ են, շատերը` ոչ: Բլրի առաջին գերեզմաններից մեկն «Արաբոյի» Հարութինն է` սպանված 1990 թ. օգոստոսի 20-ին:

Եռաբլուրում է թաղված պատերազմում սպանվածների միայն փոքր մասը: Մոնթեի վարորդ Կոմիտասն, օրինակ, թաղված է Մարտունու իրենց ընտանեկան գերեզմանոցում: Նա յոթ մարտիկներից մեկն էր, որոնք մեռան 1996 թ. հոկտեմբերի 31-ին, երբ, հետախուզական առաքելությունից վերադառնալիս, դիպան հակահետեւակային ականի:

Բայց ոչ բոլորին են ադրբեջանցիներն սպանել. Մոնթեի գերեզմանից 80 քայլ դեպի հարավ Կառլեն Անանյանի եւ Արամ Վարդանյանի ոսկորներն են հանգչում: Կառլենի հայրն իր ձեռքերով քանդեց նրանց գերեզմանը եւ 1994 թ. սկզբին վերջապես կարողացավ նրանց աճյունը տեղափոխել Հայաստան: Այդպիսով ավագ Անանյանը կատարեց իր որդու` Հայաստանում վերաթաղվելու վերջին խնդրանքը, որն արտահայտված էր Կառլենի 1983 թ. նամակում: Կառլենի ու Արամի կողքին Դավիթ Դավթյանի գերեզմանն է` այն երիտասարդի, որի գործողությունները պատճառ էին դարձել նրանց մահվան: Տարիներ շարունակ Շվեդիայից Սուդան, Նեպալ եւ Ճապոնիա անդադար թափառելուց հետո նա վերջապես, Մոնթեի մահվանից առաջ, հաստատվել էր Երեւանում: 1997 թ. հոկտեմբերի 29-ի առավոտյան ինչ-որ մեկը նրա երեքամյա որդու աչքի առջեւ կրակեց նրա գլխին:

«Նրանք հայրիկի գլուխը ծակեցին», – թաղումից հետո ասել էր փոքրիկ տղան մի այցելուի: Քննությունը ցույց տվեց, որ Դավթյանին սպանած գնդակն արձակված էր այն նույն զենքից, որով 14 ամիս առաջ, 1996 թ. օգոստոսի 9-ին, սպանվել էր «Գաղտնի բանակի» նրա նախկին ընկեր Աբրահամ Խամիսյանը` թաղված Դավթյանի կողքին:

Գերեզմանի մուտքից աջ շինարարական շաղախը վերջերս է չորացել «Գաղտնի բանակի» նահատակներին նվիրված մի քարե հուշարձանի վրա: Նրանց թվում Հակոբ Հակոբյանն է` Կառլենին եւ Արամին տանջանքի ենթարկած ու սպանած մարդը: Այդպիսով մահը, որ երբեք խտրականություն չի դնում, մարդասպանին կապել է իր զոհերի հետ:

1993 թ. հունիսի 12-ից հետո Մարտունու շրջանի հրամանատարությունը բաժանվեց երկու շտաբի` մեկը Մոսու գլխավորությամբ, մյուսը` Նելսոնի: 1993 թ. հոկտեմբերին նրանց մասնակցությամբ գրավվեց Արցախից հարավ` մինչեւ իրանական սահմանը հասնող ողջ տարածքը: Տեղահանվեցին եւս 200000 ադրբեջանցի փախստականներ: Ադրբեջանը 1993 թ. հակահարձակում ձեռնարկեց, եւ կռիվները մոլեգնում էին շաբաթներ շարունակ: 300 հայ ու թերեւս 4000 ադրբեջանցի մարտիկներ սպանվեցին, մինչեւ որ հակահարձակումը մարեց, եւ Ռուսաստանի միջնորդությամբ 1994 թ. մայիսին հրադադար հաստատվեց: 6 տարի տեւած կռիվների արդյունքում միլիոնից ավելի մարդիկ փախստկաններ էին դարձել, եւ հավանաբար նրանց երկու-երրորդն ադրբեջանցիներ էին: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության հաշվարկով` պատերազմում երկու կողմից 25000 հոգի էին սպանվել: Հրադադարից հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն ուշադրությունն ուղղորդել էր Հայաստանի երկարատեւ դիվանագիտական ու տնտեսական մեկուսացմանը: Դրան մինչեւ օրս նպաստում է Կասպից ծովում Ադրբեջանի նավթային պաշարների գրավչությունը:

1994 թ. ի վեր հրադադարն ավելի կամ պակաս չափով պահպանվում է, բայց ամեն շաբաթ այս բլրի վրա նոր գերեզմաններ են ծաղկում: Այսօր գերեզմանոցի եզրին 6 նոր շիրմափոսեր, բաց բերանների նման, պատրաստ են կլանելու Արցախում մի ուղղաթիռի վթարի զոհերին:

Մոնթեի գերեզմանից 17 քայլ արեւելք Վազգեն Սարգսյանի շիրիմն է: Պատերազմի հերոսն ու «Պաշտպանության կոմիտեի» նախկին ղեկավարը նոր էր նշանակվել Հայաստանի վարչապետ, երբ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Երեւանում 5 զինյալներ ներխուժեցին Խորհրդարանի նիստերի դահլիճը: «Հերի՜ք է մեր արյունը խմեք» բղավելով` նրանք թիկնոցների տակից «կալաշնիկովներ» հանեցին: Երբ ծուխն անհետացել էր, Սարգսյանն ու եւս 7 պատգամավոր սպանված էին: Խորհրդարանի վրա հարձակումը հետ-խորհրդային Հայաստանում աղքատության ու կոռուպցիայի դեմ ահագնացող զայրույթի ծայրահեղ արտահայտություն էր: Համենայն դեպս, այդպես էին փորձում իրենց կատարածը բացատրել այդ ոճիրի հեղինակները:

1990 թ. սեպտեմբերին, երբ Մոնթեն առաջին անգամ եկավ Երեւան, քաղաքի հրապարակները հույս էին ճառագում, որը հետո մեռավ: Օպերայի հրապարակում միմյանց փարվող ջերմ մարմինները, խռպոտ ձայները եւ անհապաղ լուծում պահանջող խնդիրների` շնչահեղձ անող շարանը Մոնթեին ներքաշել էին ազգային միասնության գիրկը, որից, իբրեւ պատրանքից, նա տարիներ առաջ հրաժարվել էր: Երեւանում նա մասնակցեց երթերին, հիմներ երգեց եւ հավատաց թերթերի առաջնորդող քառասյունակ հոդվածներին ու նոր գործիչներին նվիրված ներբողյաններին:

Բայց մինչ հայերն ու ադրբեջանցիներն իրար էին սպանում Արցախի լեռներում, «ընտանեկան գործարարության» մի քանի հարյուր ներկայացուցիչներ, կառավարության նախարարներ եւ արտասահմանյան ներդրումների տեղացի միջնորդներ կողոպտում էին այն երկիրը, որը պաշտպանելիս Մոնթեն պիտի մեռներ: Նրա հայրենակիցները մատնվեցին աղքատության մի ձեւի, որի խրտվիլակով նախկինում նրանց վախեցնում էին կոմունիզմի գաղափարախոսները: Իհարկե, հարուստներն ավելի հարստացան, նույնիսկ այն ժամանակ, երբ մանկական մահացությունն ու հիվանդությունները, գործազրկությունն ու ինքնասպանությունների քանակը խիստ աճում էին, իսկ աշխատավարձերը, կյանքի միջին տեւողությունը, ամուսնություններն ու ծնունդները կրճատվում: Խորհրդային ժամանակների համալսարանների դիպլոմներով մարդիկ մուրացկանությամբ են զբաղվում բազմացող պիցցերիաների առաջ, որոնք լի են արտասահմանցիներով, իսկ «ձեռներեց» երիտասարդ կանայք եւ համարյա դեռատի աղջիկներ ավտոբուսի տոմսի համար դրամ են խնայում` իրենց բախտը փնտրելով Ստամբուլի պոռնկատներում:

Մի հրատարակված հարցազրույցում Հմայակ Հարոյանը հիշում է Մոնթեի պատասխանն «Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան» հարցին: «Կարելի էր կարծել, թե նա կպատասխաներ` «հաղթական» կամ «անվտանգ սահմաններով», – գրում է Հարոյանը, – բայց ո՛չ. նա պատասխանեց` «Առանց կոռուպցիայի եւ արդար»»: Քսաներորդ դարի վերջին տասնամյակում երկիրն ավելի ու ավելի էր հեռանում այդ արժեքներից: Մոնթեին ամենից շատ կանհանգստացներ արտագաղթի աղետալի մակարդակն այն ժամանակից ի վեր, ինչ Հայաստանը վերադարձավ կապիտալիստական հասարակարգին: «Շուկայի ազատականացման բարեփոխումների» 10 տարիներից հետո Հայաստանի Հանրապետության բնակչությունը նվազեց մեկ քառորդով` 1991 թվականի 4 միլիոնից մինչեւ 2001 թվականի 3 միլիոնից պակասը: Արտագաղթը պակասեցրեց նաեւ Արցախի բնակչությունը` ըստ որոշ հաշվարկների հասցնելով այն 65 հազարի, որ մարզի` խորհրդային դարաշրջանի բնակչության կեսից քիչն է:

Սեդան ու ես ավարտում ենք Մոնթեի գերեզմանաքարը լվանալը եւ տեսնում հնամաշ բաճկոնով միջին տարիքի մի մարդու, որ կանգնած է պատկառելի հեռավորության վրա` ձեռքերը ծալած: Մենք նրան չենք ճանաչում, բայց պարզ է, որ նա եկել է Եռաբլուր` ծաղիկներ դնելու մի հարազատի կամ, գուցե, ընկերոջ շիրիմին: Մոնթեի գերեզմանի մոտ նրա` կարմրով եզերված աչքերում արցունքներ են հայտնվում:

- Էդ մարդ ուրիշ էր, – շշնջում է նա իր ոսկե ատամների միջով:

Այստեղ, Արարատ լեռան հովանու տակ, որտեղ Նոյի փրկության տապանը հանգրվանեց ցամաքի վրա, ես հիշում եմ մի հայկական ասացվածք. «Ջրհեղեղն անցնում է, ավազն է մնում. մարդն անցնում է, անունն է մնում»: Մոնթեն, թվում է, հետ-խորհրդային այն հատ ու կենտ հերոսներից է, որոնց շարունակում են ակնածանքով վերաբերվել Հայաստանում: Ազգայնականները, կոմունիստները, ազատականները եւ քաղաքականապես չեզոք մեծամասնությունը` բոլորը, մեծարում են նրան եւ իրենցը համարում: Նախագահ Տեր-Պետրոսյանը նրան հետմահու հայտարարեց Հայաստանի Հանրապետության յոթ ազգային հերոսներից մեկը: Նա ստացել է Արցախի բարձրագույն պարգեւներ, որոնց թվում` «Առաջին կարգի մարտական խաչը» (1993 թ. նոյեմբերի 23) եւ «Ոսկե արծիվ» մեդալը (այն ստացած 5 հոգուց մեկը` 1999 թ. սեպտեմբերի 21): Այսօր նորակոչիկները երդվում են Մարտունու քաղաքապետարանի հրապարակում` հրամանատար Ավոյի կոթողային մարմարե հուշարձանի առաջ, որ պատկերում է Մոնթեին` իր «ուոքի-թոքիով», հեռադիտակով ու ինքնաձիգով: Հրամանատարի մահվանից 7 տարի անց Արցախի շրջանային հրամանատարներից յոթից հինգը Մոնթեի օրոք Մատունիում ծառայած զինվորներ են:

Մոնթեի երկրպագուներից ոմանք պնդում էին, թե նա հանդես բերեց այն վճռական ազդեցությունը, որ անհատը կարող է ունենալ ազգի ճակատագրի վրա: Նայելով Հայաստանի այսօրվա տխուր կացությանը, սակայն, կարելի է նաեւ եզրակացնել, թե նույնիսկ ամենաբացառիկ անհատները չեն կարող փոխել ազգի ճակատագիրը: Ուրիշները` ինչպես հիացողներ, այնպես էլ չարախոսներ, Մոնթեի օրինակից կարող են այլ դասեր քաղել. մեկը թերեւս նրա կյանքը համարի այն բանի ապացույց, որ պատմությունը կերտում են բացառիկ անհատները` հերոսներն ու չարագործները: Մի ուրիշը կարող է Մոնթեի կյանքով հաստատել այն իմաստությունը, թե մեծ մարդիկ իրենք պատմության արգասիք են: Մի երրորդը գուցե հիշի Մատթեոս ավետարանչի խոսքերը, թե` «ամենեքեան, որ սուր առնուցուն, սրով անկցին» (ԻԶ, 52), իսկ մի չորրորդը երեւի կհամաձայնի Եղիշե պատմագրի հետ, որ` «Մահ իմացեալ անմահութիւն է»:

Ես ինքս չգիտեմ, թե ինչ են թելադրում Մոնթեի կյանքից, չհամընկնող նկարագրություններից եւ իրարամերժ պնդումներից բխող հակասական բարոյական սկզբունքները: Բայց գիտեմ, որ ինչ դասեր էլ քաղենք, դրանք նույնքան մեր մասին են լինելու, որքան Մոնթեի:

Ես շրջվում եմ` նայելու մշուշապատ հորիզոնին: Վայրագ հարյուրամյակի վերջին տարում այս բլրին կանգնած` հայացքս ուղղում եմ Արարատյան դաշտի կանաչ տարածությանը` հարյուրավոր ճակատամարտերի թատերաբեմին, որ ձգվում է թուրքական սահմանը եզերող դիտակետերից այն կողմ: Մշտապես ձյունածածկ Արարատը` «Ցավի լեռը», աշտարակի պես վեր է խոյանում դաշտի վրա, իսկ ճանապարհներն ու գետերը ոլորվելով կորչում են հեռվում` մեր տեսողության սահմաններից դուրս:

Երեւան, 15 ապրիլի, 2000 թ.


Գլխավոր էջ




Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»