HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Շարժման մեջ պետք է փնտրող և պրպտող լինես. Ալեքսանդր Սադոյան

Սիրում եմ կյանքը, բնությունը, մարդուն, և դրանից է, որ նվիրված եմ արվեստին: Նկարում եմ այն, ինչ հոգուն հարազատ է: Գույնն իմ կյանքում առաջնակարգ դեր է խաղում. բոլոր մտքերս, ասելիքս լուծում եմ գույնի միջոցով: Նկարներիս մեջ պատկերում եմ երաժշտություն, թռիչք, տարբեր տրամադրություններ և տանել չեմ կարողանում շինծու բաները: Եվ չնայած ինձ համարում եմ աբստրակտ նկարիչ, բայց անցել եմ բոլոր ուղիներիով և տարեցտարի փոխել ասելիքս:

Օվկիանոսի այն կողմից` Նահանգներից, իր մասին պատմում է նկարիչ Ալեքսանդր Սադոյանը: Եռօրյա հարցազրույցի ընթացում Ալեքսանդրը պատրաստվում էր նաև նոյեմբերի 9-ին Սանտա Մոնիկա քաղաքում կայանալիք անհատական ցուցահանդեսին:

Նախ ուզում եմ իմանալ` 16 տարի առաջ ո՞րն էր պատճառը, որ դուրս եկաք Հայաստանի սահմաններից այս անգամ անվերադարձ:

Ես ինձ լավ չէի զգում հայրենիքում. դա էր պատճառը: Տոտալիտար ռեժիմ էր այդ տարիներին, իսկ ես ազատ թռիչքի մարդ եմ. չեմ սիրում, որ իշխում են ինձ:

Բոլոր տարածություններն էլ, որոնք ունեն սահամաններ, տարբեր կերպ իշխվում են:

Ես այս երկրում ինձ լավ եմ զգում, թեկուզ իմ հայրենիքը չի:

Ի՞նչն է այդտեղ պահում առաջնահերթ:

Իհարկե արվեստը. սա է կյանքիս իմաստը:Սահմանափակումներ այստեղ չկան. ես ազատ նկարիչ եմ և անմիջապես իշխում ինձ վրա չեմ զգում: Եվ էդ ազատությունը լավ պտուղներ է տալիս արվեստում: Ես առաջ շարժվող մարդ եմ:

Հեմինգուեյն ասում էր` մի շփոթեք շարժումը գործողության հետ: Կարծում եմ` բոլորն էլ առաջ գնալուն միտված են:

Բայց պետք է այդ շարժման կամ ընթացքի մեջ պրպտող և փնտրող լինել, իսկ առաջ գնալը ճիշտ ուղղությամբ կախված է այն բանից, թե ինչքան ես նվիրված գործիդ:

Միացյալ Նահանգները, լինելով ահռելի և տարբեր մշակույթներ կրող մի երկիր, ինչպե՞ս է ազդում Ձեր ստեղծածի վրա:

Ամեն նկարիչ պետք է կրի իր ազգային մշակույթը: Ես ներշնչվում եմ իմ ազգի թողած լավագույն ժառանգությամբ: Իմ արվեստի վրա չի ազդում երկիրը, քանի որ հստակեցված է իմ ասելիքը, և գիտեմ` ինչ եմ նկարում:

Արդեն երկար տարիներ է` բացակայում եք երկրից. միջավայրը, որտեղ ապրում եք, այլ կանոններ է թելադրում:

Ինձ համար տեղը կապ չունի. ես կանոններին չեմ ենթարկվում և ես հայ նկարիչ եմ, ոչ թե ճապոնացի: Եվ ինչ էլ ստեղծում եմ, ուզում եմ մի կտոր արև և ներկա լինի:

Հետաքրքիր է` բոլոր հարցերին այնքան կտրուկ եք պատասխանում, որ թվում է` այս հարցրերն արդեն բազմիցս ուղղել են Ձեզ, և հստակեցրել եք ամեն բան:

Ոչ, շատ հարց չեն տվել, ուղղակի կյանքի փորձից է գալիս: Ի՞նչ ես կարծում որպես լրագրող` դա լա՞վ է, թե՞վատ:

Հետաքրքրիր է: Շարունակելով զրույցը` ուզում եմ ասել, որ հետաքրքրիր մի բան եմ նկատել (գուցեև շատ սուբյեկտիվ է). Ձեր աշխատանքներից յուրաքանչյուրին նայելիս գույնի և միևնույն ժամանակ պատկերների առանձնացումը թույլ են տալիս եզրակացնել, որ նկարի մեջ մեկ թեմա չէ: Այդպե՞ս է:

Գույները պոռթկում են և խոսում սիրո, նվիրվածության, բարության մասին: Ես հավատքի մարդ եմ և լավատես: Գուցե թե նայողը շատ չի հասկանում այդ:

Այդ դեպքում ինչո՞ւ են շատերը բացատրություն տալիս այս կամ այն գործին:

Դա ևս սուբյեկտիվ է: Քննադատների գործն է, ովքեր խոսում են իրենց տեսանկյունից: Եվ եթե մարդն արդեն նկարում է, ուրեմն մեծ հարգանք է. քննադատության տեսանկյունից պետք է զգույշ լինել: Միքելանջելոն քննադատության հետևանքով չի Միքելանջելո դարձել: Այլ իր ստեղծածի և ժամանակի հարաբերությամբ:

Ավեստագետը, ըստ Ձեզ, պատասխանատվություն չի՞ զգում իր ստեղծածի հանդեպ:

Իհարկե, պետք է զգա. դա իր դեմքն է: Եվ անընդհատ պետք է պայքարի լավ տեղ կանգնելու համար:

Ստացվում է, որ Ձեր նկարներում իշխում են լավը, բարին, բայց զուգահեռ աշխարհը, որում Դուք և մենք ապրում ենք, միայն այդ ուղղությամբ նայել չի կարող: Այդ պարագայում ինչպե՞ս պետք է դիտողը ընկալի նկարի թեման:

Ինձ թվում է` նկարը պետք է զգալ, ոչ թե հասկանալ: Օրինակ՝ Ձեր կարծիքով բոլո՞րն են հասկանում Դալիին: Չէ, մեծ մասն զգում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter