HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ում սկսվում է արտահերթ քննարկում՝ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Քիչ անց Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկվելու է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՅԴ խմբակցության ներկայացրած օրինագիծը:

Թեև խորհրդարանն այսօր ընդունեց «Նվազագույն աշխատավարձի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ներկայիս 32.500 դրամից դառնալու է 35.000 դրամ, այնուամենայնիվ դաշնակցական պատգամավորները համոզված են, որ իրենց նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը համապատասխանում է սոցիալական պետության գաղափարախոսությանը և կընդունվի: ՀՅԴ-ի ներկայացրած օրինագծին դեմ է արտահայտվում քաղաքական մեծամասնությունը:

Օրինագծի հեղինակներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Բաբայանը առաջարկում են, որ երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնվեն գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաև միջին աշխատավարձը:

«Հանրային ծառայության ոլորտում կամրագրվի աշխատավարձերի նվազագույն՝ բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: Այն կապահովի նաև ստվերային տնտեսության՝ այս դեպքում թաքնված զբաղվածության չափերի էական կրճատում: Օրենսդրական նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները»,- նշում են պատգամավորները:

Օրինագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափերը սահմանվեն «Պետական բյուջեի մասին» օրենքով: Բացի դրանից՝ նախագծի հեղինակներն առաջարկում են, որ աշխատավարձի ամսական նվազագույն չափը պակաս չլինի.

1. 12-ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվարկված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից,

2. կենսաապահովման նվազագույն բյուջեի՝ 2013 թվականի համար՝ 80 տոկոսից, 2014 թվականի և հետագա տարիների համար 100 տոկոսից,

3. միջին ամսական աշխատավարձի՝ 2013թ. համար՝ 30 տոկոսից, 2014թ. համար 40 տոկոսից, 2015թ. և հետագա տարիների համար՝ 50 տոկոսից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter