
Հերոսի հիշատակը հարգելով. ուխտագնացություն դեպի Եռաբլուր
Հունիսի 12-ը սևով ներկվեց մեր պատմության մեջ. Ավոն զոհվեց, ավելի ճիշտ` անմահացավ, նրա հետ էր նաև նրա հավատարիմ մարտական ընկերն ու զինակիցը` Սարիբեկը: Թվում է` Ավոն այն առասպելական հերոսներից էր, ում երբեք գնդակը չի դիպչում:
Արդեն 18 տարի է անցել, սակայն այն անթաքույց սերը, որ զգում է ողջ Հայ ազգն Ավոյի`Մոնթե Մելքոնյանի հանդեպ երբեք չի մարում… Ավելին, տարեցտարի Մոնթեն յուրովի է գնահատվում, ու հատկապես նոր սերնդի կողմից:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայազն երիտասարդների միաբանության ռազմահայրենասիրական ակումբը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Եռաբլուր պանթեոն, ուր Մոնթեի ընկերների հետ Միաբանության անդամները հարգեցին մեծ հերոսի հիշատակը:
Միաբանության մասնաճյուղերում ևս հիշատակվեց այս օրը: Հատկապես Մոնթեաբերդ-Մարտունու մասնաճյուղի երիտասարդները, ինչպես ամեն Մարտունեցի, առավոտյան ծաղիկներ դրեցին Մոնթեի հուշարձանին, ուր նաև ներկայացան Մարտունու շրջվարչակազմի անդամները և Մոնթեի մարտական ընկերները:
Այնուհեև երիտասարդ Հայազններն այցելեցին Սարիբեկ Մարտիրոսյանի գերեզմանին, որտեղ ներկա էին նրա այրին ու բարեկամները: Միջոցառումը եզրափակվեց Մոնթե Մելքոնյանի անվան մշակույթի պալատում Մոնթեի մահվան 18 –րդ տարելիցին նվիրված կինոդիտմամբ, որը ևս կազմակերպվել էր Հայազն երիտասարդների միաբանության Մարտունու մասնաճյուղի կողմից:
Մոնթեն հայրենասիրության մի մեծ դպրոց է, որը միշտ ուղեկցում է մեզ, մի դպրոց, որտեղ դեռ շատ բան ունենք սովորելու` անմնացորդ հայրենասիրություն, բյուրեղյա ազնվություն, անհուն մարդասիրություն, բարություն և բարոյականություն:
Հայազն երիտասարդների միաբանության Լրատվական հանձնախումբ
Մեկնաբանել