HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Կյանքը տեղի է ունենում, ոչ թե պատահում... Թեկուզ պատահարը մեր իրական կյանքն է. Սէվ

Մայիսին Նահանգներում էի մի ծրագրի շրջանակներում, որը միտված էր ավելի տեսանելի եւ գործնական դարձնել «Հանդուրժողականությունը մշակույթի միջոցով» թեման:

Վաշինգտոնյան  ոչ մարդաշատ փողոցներից հետո հաջորդ հանգրվանը լճաշատ Միննեսոտա նահանգն էր: Խմբի անդամները սպասում էին հաջորդ կայանին` Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին, որտեղ բոլորս տեսնելու էինք մեր ընկեր-հարազատներին:

Լոս Անջելեսում խմբի ադամներից մեկը հայտնեց, որ այդ օրը հանդիպելու է նկարիչ Սէվին... Առաջարկեց միանալ իրեն, ես ասացի, որ անհանգիստ եմ, որովհետեւ այն, ինչ տեսնում եմ նրա նկարներում, դեռեւս շփման չի տանում ինձ` որպես մշակութային լրագրող: Ես պատրաստ չէի...

Արդեն իսկ հոկտեմբերին Սէվը մի քանի այլ ամերիկաբնակ հայ արվեստագետների հետ Հայաստանում էր: Ես հավաքեցի ողջ համարձակությունս ու նախեւառաջ խոսակցությունն սկսեցի օն-լայն դաշտում.

Անուշ- Ողջույն, ո՞նց եք: Երկար ժամանակ վախի զգացումից ոչինչ չէի գրում Ձեզ. աբստրակցիայի մեջ այդքան ռեալությունն ինձ վախեցնում էր: Հիմա մի տեսակ ոգեւորվել եմ դրանից... Ժամանակի եւ պատմության հերքումն այս պարագայում համահունչ են այն ժամանակին, որը չկա եւ որում միաժամանակ գրում եմ Ձեզ... Եվ էլի ո՞նց եք:

Սէվ- Երբ պարզվեց, որ վերացարկումը ամենից շատ է մոտեցնում իրականությանը, պատրանք արտադրողները սարսափեցին ու վախից փորձեցին վերացապաշտությունը խորը թաքցնել... Բայց, ավա՜ղ, կեղծը երբեք չի կարող իրական լինել...

Անուշ- Իրականության ուրիշ երես ներկայացնելը հեշտությամբ տրվող բան է... Եվ պատմությունն էլ թերեւս այդ պատճառով հերքել կարելի է:

Սէվ- Պատմությունն ու պատմություն պատմելը շատ տարբեր բաներ են, ու դժբախտաբար պատմություն պատմողները բազմացան... Ինստիտուտները շատացել են...

Անուշ- Ինստիտուտ ստեղծելու հավանականությունն ու հավակնությունն  է մեծացել: Երանության պահ է` իրականության մեջ խոսել իրականությունից...

Սէվ- Էն, ինչ հնարավոր է, արտադրելը ձանձրալի է... Կյանքը տեղի է ունենում, ոչ թե պատահում... Թեկուզ պատահարը մեր իրական կյանքն է...

Անուշ- Ձանձրույթն ապահովության թմբիրի մեջ է պահում. կարծում եմ` շատերի համար, լավագույն միջոց է… Կիսատության ու վերապրումի սինդրոմ...

Սէվ- Ով չի զգում ձանձրույթի վտանգը, կորցնում է ամեն ինչ...

Անուշ- Ով զգում է` նույն պահին էլի կորցնում է ամեն ինչ...

Սէվ- Դե ուրեմն հաշվենք, որ ամեն ինչ կորցրել ենք, ու ինչ-որ գալիս ու գալու է նվեր է` ԸՆԾԱ...

Անուշ- Հավատում եմ... Ուրեմն այն, ինչ չենք տեսել, ավելի՞ իրական է:

Սէվ- Չենք տեսել, որովհետեւ այնտեղ չենք նայել...

Անուշ- Ուղղություն որոշողը մենք ենք...

Սէվ- Որոշողը չգիտեմ, բայց ընտրողը ինքդ ես... Ու ամեն ակնթարթի...

Անուշ- Հնարավոր է նման ընթացքի մեջ ստխառնոց առաջանա... Սոցիումն ընտրած բաներ ունի…

Սէվ- Սոցիումը միայն կարող է պարտադրել...

Անուշ- Երբ միեւնույն կարասի մեջ ենք, պարտադրանքից դուրս վիճակը կարող է կրակի բաժին դարձնել... Թե՞ ընկերակցության առումով  կրակն ավելի նախընտրելի է:

Սէվ - Не так страшен черт, как его малюют...

Անուշ- Ուրեմն ուրախ եմ` ծանոթության համար` Անուշ Քոչարյան` hetq.am-ի մշակութային լրագրող:

Հ.Գ. Առաջին լուսանկարում ՍԷվի 2000 թ.-ի աշխատանքն է, որն այժմ գտնվում է Ջերրի (Ժիրայր) Զորթյանի հավաքածուում (Ալտադենա, Կալիֆորնիա): Իսկ երկրորդ լուսանկարում  "The Malleus Maleficarum" or "Hammer of the Witches" աշխատանքն է (Ֆրանկլին` Հոլիվուդ, Լոս-Անջելես): Լուսանկարի հեղինակ` Անի:

Հոկտեմբեր, 2012

 

Մեկնաբանություններ (2)

Sev
If we restrict liberty to attain security we will lose them both. Benjamin Franklin
Անուշ
Հարգելի Մեգ,կսահամանափակվեմ միայն այս նախադասությամբ`ճանաչում եմ ՍԷվին, գիտեմ`ինչպիսին է շրջապատում, արվեստի մեջ.անձնապես շփվել եմ: Մնացածը ձեր անձնական կարծիքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter