HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի հայտնի ու անհայտ ներկրողները-2

սկիզբը

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Հայաստան գոմեշի միս ներկրող ընկերություններից երեքին՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Սամ-Սեր Գրուպ» ՍՊԸ, «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ: Այժմ անդրադառնանք մյուս չորս կազմակերպություններին, որոնք, ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, 2011-2012 թթ. գոմեշի միս են ներկրել: 

Միս-մսամթերքի շուկայում հայտնի «Մուշ» ՍՊԸ-ն այն ընկերություններից է, որոնք մի քանի տարի շարունակ զբաղվել են գոմեշի մսի ներմուծմամբ: Մասնավորապես ՊԵԿ-ի տվյալներով՝ սատկած գոմեշի մսի ներկրման հայտնի պատմությունից առաջ՝ 2008 թ. եւ 2009 թ. առաջին կիսամյակում, «Մուշը» 2.083 տ ցուցանիշով եղել է երրորդը՝ զիջելով միայն «Ալեքս Գրիգին» եւ «Մոկոնաթին»: Սակայն վերջին երկու տարում ընկերության ներկրումները կտրուկ նվազել են. 2011-ին «Մուշը» Հնդկաստանից բերել է ընդամենը 238 տ միս, այնինչ 2009-ի միայն առաջին 6 ամսում այդ թիվը 280 տ էր: Ավելին՝ 2012-ին, ըստ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի, «Մուշը» գոմեշի մսի ներկրում չի կատարել:

Պետռեգիստրի կայքում ընկերության հիմնադիրներ են նշված Նորայր Ավետիսյանն ու Արամ Բաբայանը: Տնօրենն ու փաստացի ղեկավարը Մարկոս Մկրտչյանն է, որն էլ կանգնած է 1991-ից գործող ընկերության ակունքներում: «Հետքի» տեղեկություններով՝ ՍՊԸ-ն կապեր ունի ռուսական բիզնես շրջանակների, մասնավորապես՝ գործարար Մուշեղ Մամիկոնյանի հետ: Վերջինս 1998-ից ի վեր Ռուսաստանի մսամթերք արտադրողների միության նախագահն է, նախկինում աշխատել է նույն ոլորտի տարբեր ընկերություններում եւ զբաղեցրել բարձր պաշտոններ:

Այս տարվա առաջին 9 ամսում «Մուշը» 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 198-րդ տեղը (6 ամիսների տվյալներով 206-րդն էր). ընկերությունը մուծել է 1.007.002.000 դրամ հարկ:  Հավելենք, որ «Մուշը» գոմեշի միս ներմուծած այն կազմակերպություններից է, որոնք զբաղվում են նաեւ մսամթերքի արտադրությամբ: «Մուշը» արտադրում է տարբեր տեսակի երշիկեղեն (եփած, ապխտած, հում ապխտած, կիսաապխտած), կիսաֆաբրիկատներ, մսամթերք: Ընկերության կայքի տվյալներով՝ միսը հիմնականում ներկրվում է Հնդկաստանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իտալիայից, իսկ համեմունքները՝ Գերմանիայից:

«Ունիվերսամ «Ավան»» ՍՊԸ-ն, Աբրամ Բախչագուլյանի ներկայացրած թվերի համաձայն, այնքան էլ մեծածավալ ներկրումներ չի կատարել Հնդկաստանից: 21 ամսում ՍՊԸ-ն Հայաստան է բերել 945 տ գոմեշի միս: Ընկերության հիմնադիրն ու տնօրենը Աղասի Դանիելյանն է: 2012-ի առաջին 6 ամսում ընկերությունը մուծել է 107.359.100 դրամ հարկ. այս ցուցանիշով 1000 խոշոր հարկատուների մեջ զբաղեցրել է 395-րդ տեղը: Սակայն արդեն հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով ընկերությունը դուրս է մնացել խոշոր հարկատուների ցանկից: Ի դեպ, վերջինս բանակի հետ համագործակցելու փորձ ունի: Մասնավորապես, ըստ armversion.am կայքի, 2011-ի ապրիլ ամսվա ձվի խմբաքանակը հենց «Ունիվերսամ «Ավան»» ՍՊԸ-ն է մատակարարել զինված ուժերին:  

«Մոկոնաթ» ՍՊԸ-ն գոմեշի մսի բիզնեսի «հնաբնակներից» է: Ընկերությունը 2008-ին եւ 2009-ի առաջին կիսամյակում բերել էր 4.314 տ միս, ինչը պակաս էր միայն Սամվել Ալեքսանյանի ընկերությունների («Սալեքս Գրուփ» եւ «Ալեքս Գրիգ») ընդհանուր ցուցանիշից: Սակայն, ինչպես երեւում է ՍԱՊԾ-ի թվերից, «Մոկոնաթի» ներկրումները անկում են ապրել. եթե անցյալ տարի այն ներմուծել է 981 տ միս, ապա այս տարի՝ 0: Ընկերությունը զբաղվել է ոչ միայն սառեցված մսի, այլեւ սառեցված ձկան, բրնձի, ինչպես նաեւ լուծվող սուրճի ներկրմամբ: Մասնավորապես, ըստ «Panjiva» տեղեկատվական պլատֆորմի, «Մոկոնաթը» ԱՄՆ նավահանգիստների միջոցով Հայաստան է տեղափոխել սառեցված միս եւ ձկնեղեն՝ խեկ: Ընկերության մատակարարներից մեկը եղել է կանադական «Melrose International Trading»-ը, որը հայտնի է թռչնամսի, ձկնեղենի ու ծովային մթերքների, մրգերի ու բանջարեղենի, կաթնամթերքի արտահանմամբ:

2010-ին այս ընկերության հիմնադիր, փաստացի տնօրեն Արտաշ Ասատրյանը ներքաշվել էր քրեական գործի մեջ: Պարզվել էր, որ Ասատրյանը, ով նաեւ «Մալիկա» ՍՊԸ-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն էր, «Մալիկայի» անունով ներմուծած ապրանքները վաճառել էր «Մոկոնաթին», սակայն, ըստ գլխավոր դատախազության, հարկեր չվճարելու դիտավորությամբ հաջողացրել էր «Մալիկան» սնանկ ճանաչել դատարանում եւ խուսափել ավելի քան 65 մլն դրամ հարկային պարտավորություններից:

Նախկինում «Մոկոնաթը» գերիշխող դիրք ուներ հայաստանյան «լուծվող սուրճ» եւ «բրինձ» շուկաներում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անցյալ տարվա աշնանը դեմպինգ, խտրական գներ ու անհիմն գնաճ իրականացնելու հիմքով 20 մլն դրամով տուգանեց այս ընկերությանը: Դրանից հետո ընկերության ներկայացուցիչ Դավիթ Անանյանը mardik.am-ի հետ զրույցում նշել էր, որ «Մոկոնաթի» բիզնեսը հայտնվել է խնդիրների առաջ, եւ ընկերությունը քննարկում է Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու հարցը, քանի որ «ՀՀ-ում գործարարները պաշտպանված են ոչ թե օրենսդրությամբ, այլ պետական չինովնիկի բարեխղճությամբ»: Ըստ մեր տեղեկությունների՝ ընկերությունն այժմ չի աշխատում: Լուրը փորձեցինք ճշտել հենց ՍՊԸ-ից, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չեղավ:       

Եվս մի հետաքրքիր հանգամանք. 2010-ի հունիսի 24-ին կառավարությունը ընդունել էր ՊԵԿ-ի առաջարկը եւ մի շարք ընկերություններում, այդ թվում՝ «Ալեքս Գրիգ», «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» եւ «Մոկոնաթ» ՍՊԸ-ներում, նշանակել էր հարկային մարմնի ներկայացուցիչ (ըստ «Հարկերի մասին» օրենքի 17.1 հոդվածի): Այս փաստը, դատելով նշված հոդվածից, ըստ էության, խոսում է ընկերությունների մեծ հասույթների մասին:  

«Պարգեւ» ՍՊԸ-ն 2011-2012 թթ. գոմեշի մսի իր ներկրումներով երկրորդ ցուցանիշն ունի: Ընդ որում՝ ընկերությունը այս տարվա 9 ամսում ավելի շատ միս է ներկրել (1809 տ), քան ամբողջ 2011-ի ընթացքում (1755 տ): Պետռեգիստրի կայքում ընկերության հիմնադիրներ են նշված Անահիտ Վարդանյանն ու Լեւոն Պապիկյանը:

Հավելենք, որ, ՊԵԿ-ի տվյալներով, գոմեշի միս ներկրող ընկերություններից «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն 2012-ի առաջին 9 ամսվա ցուցանիշներով 1000 խոշոր հարկատուների ցուցակում շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը՝ մուծած 14.929.767.800 դրամ ընդհանուր հարկով: «Սամ-Սեր Գրուպ» ՍՊԸ-ն էլ, որը հունվար-հունիս ամիսների ցուցակում 13-րդն էր, այժմ 12-րդ տեղում է. մուծել է 4.666.415.000 դրամ հարկ: 3 հորիզոնականով նահանջել է «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն: 68-րդ տեղում գտնվող ընկերությունը հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 2.986.867.000 դրամ հարկ:

«Հետքը» որոշ տվյալներ է իմացել այս վերջին ընկերության՝ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ի մասին: Նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ պետռեգիստրում գրանցված տերերի անունները իրականում ոչինչ չեն ասում, եւ փաստացի տերը հայտնի է «Կոֆեի» Արթուր անունով (բանն այն է, որ ՍՊԸ-ի հիմնական ապրանքանիշը «Օրիգինալ» սուրճն է): Գրել էինք նաեւ, որ վերջինիս թիկունքում էլ կանգնած է հայտնի նախկին գեներալներից մեկը (բայց ոչ Արշալույս Փայտյանը, ում անունը շրջանառվում է գոմեշի մսի պատմության շրջանակներում):

Գոմեշի միս ներկրողների թիկունքում՝ գեներալն ու «օրենքով գողե՞րը»

«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս ընկերության հետ ժամանակին կապվում էր նաեւ քրեական հեղինակություն Կանեւսկիների կլանի, մասնավորապես՝ «օրենքով գող» Արմեն Կանեւսկու (Կանեւսկոյ, Հարությունյան) եղբոր՝ Արտյոմի (Արթուր, Արտեմ) անունը: Սակայն մոտ մեկ տարի արդեն այդ կապը թուլացած է: Իբրեւ պատճառ նշվում է հենց Կանեւսկիների նախկին հզորության անկումը: Մեզ հայտնի է դարձել, որ Արտյոմ Հարությունյանը պատրաստվում է լքել Հայաստանը:

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը քրեական աշխարհում հայտնի էր իբրեւ մեկ այլ հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) «աջ ձեռք»: Ըստ մամուլի հրապարակումների՝ 1997-ին Դեդ Հասանի կողմից գող կնքված Կանեւսկին, որը գրանցված էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կանեւսկայա ավանում (այստեղից էլ անունը), քրեական աշխարհի կողմից կարգվել էր իբրեւ տեղի գյուղատնտեսական տարածքները «նայող»: Նրա վերահսկողությամբ տեղական գյուղձեռնարկությունները պետք է հարկ մուծեին «գողական բյուջեին»՝ «օբշչակին»: 2010-ի գարնանը դատարանը Արմեն Կանեւսկուն մեղադրեց անզգուշությամբ մահվան հասցրած միջադեպի կազմակերպման մեջ եւ դատապարտեց 11 տարվա ազատազրկման: Նույն տարվա դեկտեմբերին Կանեւսկին մահացավ Աստրախանում. մահվան պատճառը կենսական օրգանների աշխատանքի դադարն էր: Արմեն Հարությունյանին թաղեցին Երեւանում:

«Ժամանակ» օրաթերթը այն ժամանակ գրել էր, որ քրեական հեղինակության հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են այն ժամանակ ՊՆ տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանն ու Արշալույս Փայտյանը: Հետո թերթը հերքել էր Գասպարյանի մասնակցությունը, իսկ գեներալներ Բաղմանյանի ու Փայտյանի ներկայությունը, ըստ լրատվամիջոցի, հետաքրքրել էր նախագահականին, որտեղից նրանց կանչել էին՝ բացատրություններ տալու:

Արմենի եղբոր՝ Արտյոմի անունը կապվեց նաեւ այս տարվա ԱԺ ընտրությունների հետ, երբ թիվ 6 ընտրատարածքում (Աջափնյակ), ըստ լուրերի, նա եւ քրեական շրջապատը փորձել էին ստիպել ինքնաբացարկ հայտնել ԲՀԿ-ական թեկնածու Վահան Կարապետյանին, որպեսզի գլխավոր դատախազի ՀՀԿ-ական եղբայր Ռուբեն Հովսեփյանն ավելորդ խնդիրներ չունենա: «Ժողովուրդի» փոխանցմամբ՝ առճակատումը դադարեցվել էր Սերժ Սարգսյանի հրահանգով:

Հ.Գ. Գոմեշի մսի գործի պատճառով աշխատանքից ազատված ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը հարցաքննվել է իբրեւ վկա: Նախաքննությունը վարում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժինը:

Ծառայության աշխատակից Մերի Սարգսյանը «Հետքին» ժամանակին հայտնել էր, որ քննարկման փուլում է մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե հիմնավորվի, որ նրանց գործողություններում առկա է քրեական տարր: Մեր հարցին, թե արդյոք կան նոր մեղադրյալներ, Սարգսյանը բացասական պատասխան տվեց, միաժամանակ նշեց, որ նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում հայտնել՝ այլ հայտնի դեմքեր իբրեւ վկա հարցաքննվել են, թե ոչ: Նա միայն հավելեց, որ, չնայած Ա. Փայտյանը բավականին շուտ էր հարցաքննվել, մամուլի հետաքրքրությունը բավարարելու համար ՊՆ-ն որոշել է հրապարակայնացնել փաստը:

Հիշեցնենք, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: 

Գործով իբրեւ մեղադրյալ ներգրավված կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը առայժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ուր տեղափոխվել էր սեպտեմբերի 1-ին տարած սրտի ընդհանուր կաթվածից հետո:  

Մեկնաբանություններ (2)

Վանիկ Ալեքսանյան
Տեղական արտադրության ոչ մի տեսակի երշիկեղենի վրա նշված չէ, որ պատրաստված է գոմեշի մսից։ Ստացվում է, որ միայն բանակի՞ն են գոմեշի միսը մատակարարել։
Kiril
Qreakanneri orenqnerov e erkir@ hamarvum joxovrdakan, voxbergakan e irakanutun@, gorcel e petq, hargeli naxagah, voch te kanxamtacvac praval ta erkri karavarum@` orensdir te gorcadir,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter