Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Քառակուսի արկղի առկայությունը` ոչ միայն հյուրասենյակում...



Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է

Յուրաքանչյուրի տան հարմարավետ անկյունում դրված է քառակուսի, ամեն պահ ինֆորմացիա հրամցնող եւ արդեն իսկ բազմաֆունկցիոնալ հեռուստացույցը:

1932թ. Խորհրդային Միությունում սկսվեց առաջին հեռուստացույցների արտադրությունը: Գնի բարձր լինելու պատճառով այն բաղձալի իր եւ միջոց էր:

Մարդը մշտապես հետաքրքրված է եղել մասսայական տեսարաններով, որոնք հրամցվել են այս կամ այն պատճառով: Գլադիատորների մարտերը, սպորտային առաջնությունները մշտապես մարդկանց խիտ ամբոխին զվարճացնելու եւ միեւնույն ժամանակ մտածելու առիթ տվող կարեւորագույն խնդիրներից շեղելու միջոց են եղել:

Այնուհետեւ այս դերը ստանձնեց նաեւ կինոն, իսկ հետո` հեռուստատեսությունը:

Հետաքրքիր այս փոխակերպումը դիտարկման արժանի նյութ է. մինչ հեռուստացույցի հայտնագործումը մարդկանց խումբը համալրում էր մի ամբողջ կրկեսային կամ սպորտային արենա, այժմ անհատին կամ անհատներին իր շուրջն է հավաքում չափերով փոքր, ինֆորմացիայի ահռելի պարունակությամբ, տեսողական եւ լսողական հնարավորություն տվող հեռուստացույցը:

Այսօր արդեն հեռուստացույցը կարողացել է առաջնային ֆունկցիաներից բացի դառնալ մարդկանց համար ինֆորմացիայի հիմնական աղբյուրը. հաճախ ենք լսում որեւէ տեղեկություն մեր հարեւանից կամ ընկերոջից, եւ ի պատասխան այն հարցի, թե որտեղից է համոզված, որ ճշմարիտ է ինֆորմացիան, ստանում ենք հետեւյալ պատասխանը. «Հեռուստացույցով են ասել»:

Այսինքն` այն, ինչ հեռարձակում է հեռուստատեսությունը եւ տեսանելի դարձնում հեռուստացույցի միջոցով, դարձել է բացարձակ ճշմարտություն եւ միանգամից ինֆորմացիան ընկալելի դարձնող միջոց:

Միանշանակ է, որ նման հեռուստադիտողի ուշադրություն գրավելը դժվար չէ: Կան հասարակ հեռուստատեսային օրենքներ, որոնք կարող են «ուշադրություն գրավող» տեսարան կամ իրադարձություն ցուցադրել:

Հեռուստացույցը գրավում է մեր ուշադրությունը, իսկ ի՞նչ է տալիս դրա փոխարեն

Իրականում այդ փոխհատուցումը համահավասար չէ. այսօր հասարակության տարբեր շերտերում այս բողոքի ալիքը գլուխ է բարձրացրել եւ երկակի վերաբերմունք առաջացրել, որի հիման վրա առանձնացվում է նախկին լսարան (որն այլեւս հեռուստացույց չի դիտում) եւ լսարան, որը դիտում է հեռուստացույց, բայց միաժամանակ բողոքելու շատ առիթներ ունի:

Միանգամից միտքս է գալիս Անդրեյ Տարկովսկու հայտնի միտքը, թե մշակույթի խնդիրը հոգեկան ճգնաժամից խուսափելու հնարավորություն տալն է, իսկ կոնցեպցիան հետեւյալ հարցի պատասխանի մեջ է. «Ո՞րն է մեր գոյության իմաստը»:

Արդյո՞ք հեռուստատեսությունն այժմ իրականացնում է այս երկու կարեւորագույն խնդիրների լուծմանը միտված գործառույթները:

Եթե դիտարկենք գործառույթների տեսանկյունից, ապա ցավով կարող ենք արձանագրել, որ իրական մշակութային արժեքներն այլեւս տեղը զիջել են կիսագրագետ, էմոցիոնալ եւ տեխնիկական հագեցվածությամբ համեմված թոք-շոուներին եւ տարաբնույթ մրցութային հաղորդումներին, որոնց նպատակը հանրային կամ ոչ հանրային անհատների միջոցով հեռուստադիտողի մոտ հուզականություն եւ հաջորդին սպասելու ասոցիացիա առաջացնելն է:

Եվ եթե հաշվի առնենք ամենակարեւոր փաստը, որ հեռուստատեսությունը հանրային գիտակցության կազմավորման մաս է կազմում եւ միեւնույն ժամանակ այն հասանելի է նաեւ երեխաներին, որոնք աշխարհընկալման, սեփական մտածողության ձեւավորման շեմին են, ապա շոու բիզնեսային, մանր-մունր էպիզոդիկ, էմոցիոնալ սյուժեները եւ տարաբնույթ «ֆեյշն» հաղորդումները նախեւառաջ հեռուստադիտող երեխային դաստիարակում են որպես սպառող, այն էլ՝ հստակեցված բրենդային քարոզչության միջոցով:

Նվազել է գիտահանրամատչելի հաղորդումների, ուսուցողական մուլտֆիլմերի թիվը:

Եվ եթե կան տեսաբաններ, որոնք հակված են կարծելու, որ հեռուստատեսության ֆունկցիոնալ առանձնահատկություններից մեկը մշակութային ազդեցությունն է, ապա պետք է ցանկություն առաջանա հստակ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ սկսելու՝ անկախ նրանից՝ դա կպայմանավորվի գեղարվեստական ֆիլմի, կրթական հաղորդման, սպորտային մեկնաբանության, թե ուղղակի հեռուստազրույցի միջոցով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ