HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բնակտարածք` բաց երկնքի տակ

Դատական խարդավանքների արդյունքում Ալեֆտինա Տեր-Մանուելյանցի ընտանիքը զրկվել է տնից, որտեղ ապրում էին 18 տարի: Անօրինականությունների հիմքը դրել է Սպանդարյան ժողդատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, որը մեկ վճռով եւ լքյալ տան կարգավիճակն է փոփոխել, եւ տան համար նոր սեփականատեր է գտել` Մարինե Կակոյանին: Այս ապօրինի վճռին հաջորդել են նորերը: Ինը տարի տեւած դատաքննությունների ընթացքում Տեր-Մանուելյանցներին տնից վտարել են երեք անգամ, որի հետեւանքով կորցրել են ողջ ունեցվածքը:

ՀՀ գլխ. դատախազին ուղղված դիմումներից մեկում Ա. Տեր-Մանուելյանցը հայտնել է. «Հարեւանները տեսել են, թե ինչպես Հ. Կակոյանի որդին եւ աղջիկը եկել են մեծ բեռնատարով եւ տարել իմ իրերը»: 99թ.-ից սկսած դատախազությունն ու ՆԳՆ-ն հավատացնում են, որ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցագործը չի հայտնաբերվել: Նոր տանտերը, անտեսելով արգելանքի որոշումը, շինարարություն է կատարում վիճելի տանը, այս անգամ էլ շարժելով հարեւանների զայրույթը: Դատաքննությանը հետեւողները միանշանակ պնդում են, որ ՀՀ գլխ. դատախազության եւ ՆԳՆ-ի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ոչինչ չեն խնայել տիկնոջ բարեկեցությունն ապահովելու համար: Նրանց շնորհիվ Մարինե Կակոյանին հաջողվել է ավելի մեծ հաղթանակների հասնել դատարանում ձեռք է բերել ամառանոց եւ երկու ավտոմեքենա:

«82թ. Բաքվից ընտանիքով տեղափոխվել ենք Երեւան, տուն էինք փնտրում գնելու նպատակով: Ինձ տվեցին Նեւրիկ Մինասյանի հեռախոսահամարը` ասելով, որ ցանկանում է վաճառել Իսրայելյան փողոցի 34 տան իր բաժինը: Տունը գնել եմ Նեւրիկ Մինասյանից, որն այդ տանը գրանցված միակ անձն է եղել եւ 82թ.-ից բնակվել ենք այնտեղ»,-պատմեց Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը: Նրա ասելով, գնելուց առաջ դիմել են իրավախորհրդատուի, որը բացատրել է, թե հնարավոր չէ տան առուվաճառք ձեւակերպել, քանի որ լքյալ շինություն էր համարվում եւ ընդգրկված չէր Սպանդարյանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի բնակելի տների ֆոնդում: «Տունը գնելու միակ երաշխիքն այն էր, որ 84թ. նա գրանցեց որդուս: Այն ժամանակ տղաս ուսանող էր եւ նրան հնարավոր էր ժամանակավոր գրանցել: 86թ. Ն. Մինասյանը թույլատրեց նաեւ աղջկաս գրանցումը, սակայն ՆԳՆ-ն չգրանցեց»,-հայտնեց տիկին Տեր-Մանուելյանցը` մատնացույց անելով իր «արխիվում» պահպանվող փաստաթուղթը:

91թ. Սպանդարյան շրջխորհրդի գործկոմի որոշմամբ Տեր-Մանուելյանցին իբրեւ Իսրայելյան 34 տան փաստացի տիրապետող գրանցել են նշված բնակարանում: Ընտանիքին գրանցելու համար ի թիվս մի շարք պաշտոնական եզրակացությունների, հիմք է հանդիսացել նաեւ հաշվետեխնիկական մարմինների տված տեղեկանքը, որ Իսրայելյան փողոցի 34 տունը անօրինական կառույց է եւ ոչ ոքի անվամբ գրանցված չէ: Կենտրոն թաղապետարանը 97թ.-ին Իսրայելյան փողոցի 34 տունն ընդգրկել է պետական բնակելի ֆոնդում: Տեր-Մանուելյանցին տան սեփականատեր ճանաչելու Երեւանի քաղաքապետի 98թ. մարտի 12-ի որոշումը մինչեւ կներկայացնեին Կադաստրին սեփականության վկայագիր ստանալու համար` տունն արդեն նոր սեփականատեր ուներ:

Վերադարձ «արմատներին»

Արեւի լույսից զրկված, մեկդարյա կենսագրություն ունեցող Իսրայելյան 34 հասցեի հողաշեն այս տունը, որ համարվում է 1902-05թ. թ.-ի կառույց, թերեւս հետաքրքրի իբրեւ Հին Երեւանից մնացած հիշողություն: Սակայն արդեն 9 տարի դատական վիճաբանության թեմա է դարձել ո՜չ թե տունն իբրեւ անցյալի հիշողություն պահպանել-չպահպանելու, այլ` նրան սեփականության իրավունքով տիրանալու հարցը:

Հորաքրոջ` Նեւրիկ Մինասյանի մահվանից չորս տարի հետո (նա մահացել է 89թ.) եղբոր աղջիկը` Մարինե Կակոյանը, որն այդ տարիներին աշխատել է Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում, փորփրել է իր արմատները եւ պարզել, որ նախնիները կես դար առաջ, ինչ-որ ժամանակահատվածում բնակություն են հաստատել Կոմսոմոլի (ներկայիս` Իսրայելյան) փողոցի 34 տանը:

«Տունը մի թուրքից գնել է տատիկս` Աննիկ Կակոյանը: Տունն էլ տան նման չի, որ մենք այդքան տարի նյարդեր քայքայեցինք դրա համար»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց Մարինե Կակոյանը: Նրա ասելով, տ. Ալեֆտինայի առնչությունը տան հետ այն է եղել, որ հորաքրոջ կենդանության ժամանակ նրան վստահվել է ընդամենը տան մաքրությունը: Ապա ավելացրեց, որ տ. Ալեֆտինան հորաքրոջը խնդրել էր ժամանակավոր գրանցել որդուն, որովհետեւ նա Բրյուսովում էր սովորում եւ Էջմիածնի խճուղում գտնվող իրենց տնից դժվար կլիներ ինստիտուտ հասնելը: Ըստ տնային գրքի, այս հասցեում մշտական բնակության իրավունքով բնակվել է Մ. Կակոյանի հորաքրոջ` Նեւրիկ Մինասյանի ընտանիքը: Բնակելի տան կառուցման նպատակով նրանց 51թ. հողամաս է հատկացվել Վարդաշենի տարածքում, 72թ. նաեւ բնակարան են ստացել Մարգարյանց 29 հասցեում: Ըստ արխիվային տվյալների, Մ. Կակոյանի հորը` Հակոբ Կակոյանին, 49թ. բնակելի տան կառուցման նպատակով հողամաս է հատկացվել Հյուսիսային Արեշի տարածքում: Բնակարան են ստացել նաեւ Կիեւյան 7 հասցեում ու տեղափոխվել:

«Ես այստեղ հարս եմ եկել 45թ., սա լքյալ շինություն էր եւ մինչ օրս մենք գրանցված բնակվում ենք, որովհետեւ չի հաջողվել տուն ստանալ»,-պատմում է Իսրայելյան 34 հասցեի ամենատարեց բնակիչը` Հայաստան տատիկը: Նա հիշում է, որ ովքեր տուն էին ստանում` նրանց այլեւս թույլ չէին տալիս բնակվել այդ հասցեում: Բայց մարդիկ կան, որոնք, չգիտես ինչպես, կարողացան իրենցից հետո վաճառել»: Նա ասում է, որ Մ. Կակոյանի տատիկի` Աննիկ Կակոյանի ու նրա դստեր ընտանիքները ապրում էին իրենց հարեւանությամբ, մի քանի տարի հետո նրանք տուն ստացան ու տեղափոխվեցին:

Տարիներ հետո Ն. Մինասյանին հաջողվել է վերագրանցվել Իսրայելյան 34 հասցեում: 95թ. տեղի ունեցած դատաքննության ժամանակ վկաները` հարեւանները, դատարանում հայտնել են, որ Ն. Մինասյանն արդեն 25 տարի այդտեղ չէր ապրում, եւ 82թ. վիճելի տանը բնակություն են հաստատել Տեր-Մանուելյանցները մինչեւ 94թ.-ը` երբ նրանց առաջին անգամ վտարեցին տնից: «Սա լքյալ շինություն է, այստեղից բոլորը տներ են ստացել ու գնացել, ոմանք կարողացան շինությունը պահել կամ վաճառել», -ասում են նրանք:

Տան կարգավիճակը ճշտված չէր, սակայն այն արդեն Կակոյանների ժառանգությունն էր

Իսրայելյան 34 տունը, որտեղ ավելի քան 18 տարի իր ընտանիքով ապրում էր Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը, նոր սեփականատեր ունեցավ` Մ. Կակոյանի մայրը: Տան նկատմամբ վերջինիս ամուսնու մոր, հետագայում ամուսնու քրոջ եւ վերջապես ամուսնու չունեցած սեփականության իրավունքը Սպանդարյան ժողդատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի 98թ. մայիսի 21-ի վճռով փոխանցվել է նրան: Վերջինս էլ այն նվիրատվությամբ փոխանցել է դստերը` Մարինե Կակոյանին, որը դրա համար պայքարում էր 93թ.-ից:

Ամուսնու մահից հետո Մ. Կակոյանի մայրը, իբրեւ իրավահաջորդ, 98թ. դիմել է Երեւանի Անշարժ գույքի կադաստր կենտրոն ՊՓԲԸ գործադիր տնօրենին` Իսրայելյան 34 տան նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Տնօրեն Ա. Բագրատյանի գրության համաձայն, Երեւանի Իսրայելյան փող. թիվ 34 տան վերաձեւակերպման համար Կակոյանների դիմումը մերժվել է հիշյալ հասցեի տան կարգավիճակը պարզված չլինելու պատճառով: Ժողդատարանը դեռեւս 95թ. հոկտեմբերի 12-ի վճռով եւ դրանից առաջ ԳԴ-ի երկու որոշումներով մերժել էր նաեւ Մ. Կակոյանի հորը, Իսրայելյան 34 տունը մոր, հետագայում`քրոջ կողմից սեփականության իրավունքով ապրելու փաստը հաստատելու մասին հայցը: Տարօրինակն այն է, որ Կադաստրը դիմումը մերժել է նաեւ 98թ., բայց որպես պատասխանող ժողդատարանում չեն առարկել, որ Կակոյանները 34 տան սեփականատեր դառնան: Մինչդեռ նախորդ դատաքննությունների ժամանակ` սկսած 93թ.-ից, Կադաստրի ներկայացուցիչները կտրուկ առարկել էին` նշելով, որ տունը շենքերի ու շինությունների անձնագրավորման ու գույքագրման վարչությունում հաշվառված է որպես անօրինական կառույց եւ գործող օրենսդրությամբ այն առուծախի առարկա լինել չի կարող:

Սպանդարյանի ժողդատավոր Աիդա Հովհաննիսյանն արդեն իսկ մեկ անգամ` 95թ.-ին, 34 տան բնակիչներին մասնակից չդարձնելով իրավական նշանակություն ունեցող փաստը ճանաչելու դատաքննությանը, ճանաչել էր Կակոյանների սեփականության իրավունքը: Նրա կայացրած վճիռը ԳԴ-ի քաղ. կոլեգիայի կողմից բեկանվել է վճելի տանը հաշվառված եւ փաստացի բնակվող Տեր-Մանուելյանցներին դատաքննությանը մասնակից չդարձնելու եւ ապացույցների անբավարարության պատճառով: Սակայն այս անգամ նույնպես անտեսելով եւ՜ ընտանիքի գոյությունը, եւ՜ Երքաղխորհրդի գործկոմին որպես կողմ չներգրավելով դատաքննությանը, Կակոյաններին ճանաչել է տան սեփականատեր:

Իր կայացրած վճռի պատասխանատվությունը նա վերագրել է ԳԴ-ի դատական կոլեգիայի 97թ. հունվարի 23-ի որոշմանը: «Դատական կոլեգիան հայցի քննության ժամանակ պարզել է նաեւ, որ ըստ արխիվային գործում եղած տվյալների, վիճելի տունը Ռամազանովի կողմից հայցուհու մորը վաճառելու ժամանակ եղել է օրինական կառույց եւ որպես սեփականություն ձեւակերպված է եղել Ռամազանովի անվամբ»,- իր վճիռը հիմնավորել է դատավորը: Դատարանն անտեսել է Երքաղխորհրդի բնակֆոնդի եւ շինությունների անձնագրավորման եւ գույքագրման վարչութան պետի գրությունը, որով բազմիցս տեղեկացրել է. «Քաղ. Աննիկ Կակոյանի եւ Ռամազանովի միջեւ 1946 թ. կնքված առուծախի պայմանագիր Իսրայելյան 34 տան արխիվային գործում չի պահպանվում»:

Նշենք նաեւ, որ դատական կոլեգիան եզրակացություններ անելու իրավասությամբ օժտված չի եղել երբեք: ՀՀ գլխավոր դատախազի հսկողական բողոքի հիման վրա ընդամենը բեկանել է Սպանդարյան ժողդատարանի 95թ. հոկտեմբերի 12-ի վճիռը եւ նրա խնդրանքով հայցը թողել է առանց քննության` շահագրգիռ անձանց հնարավորություն տալով ընդհանուր հիմունքներով հայց հարուցել դատարան: Նման հայցով հետագայում կողմերը դատարան չեն դիմել, քանի որ Հակոբ Կակոյանը 97թ. հուլիսին մահացել է, իսկ Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը ԳԴ-ի որոշման մասին տեղեկացել է միայն 99 թ.:

Այսինքն, դատական վեճն այդպես էլ իր լուծումը չի ստացել: Հետեւաբար, Սպանդարյան ժողդատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը չէր կարող առանց տան կարգավիճակը ճշտելու Կակոյաններին սեփականատեր ճանաչել: Նույնը պնդել է նաեւ Կադաստրի տնօրեն Ա. Բագրատյանը` վերջիններիս սեփականատեր չճանաչելու իր մերժումը հիմնավորելով նրանով, որ ԳԴ 23.01.97թ. 022/8 որոշմամբ Իսրայելյան փող. 34 տան կարգավիճակը որոշված չէր եւ պարզորոշ չէր նշված որոշման ընդունումից հետո ինչ իրավունքներ են անցնում Աննիկ Կակոյանին կամ նրա ժառանգորդներին:

Իրավաբանների գնահատմամբ, Աիդա Հովհաննիսյանի վճիռը միանշանակ անօրինական է: Մեջբերենք նրանցից մեկի կարծիքը: «Հայցն անառարկելիորեն ենթակա էր մերժման, քանի որ Կակոյանները տունը դիտելով որպես ժառանգաբար իրենց հասանելիք գույք, չեն ունեցել այն ժառանգատուների սեփականությունը համարելու որեւէ փաստաթուղթ: Այն հաստատող բոլոր դատական վճիռները բեկանված են եղել: Բացի այդ, դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից` անվավեր է ճանաչել Կադաստրի օրինական մերժումը, միաժամանակ ճանաչել է Կակոյանների սեփականության իրավունքը»:

Ինչեւէ, նոր սեփականատիրոջը` Մարինե Կակոյանին, նեղ են գալիս տան պատերը: Նա արդեն մտաբերում է, որ տանը բնակվող կա եւ սեփականատիրոջ իր իրավունքով որոշում է ազատվել նրանցից` կորցրած ճանաչել Տեր-Մանուելյանցի բնակտարածության իրավունքը: Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 99թ. փետրվարի 26-ին քննել է հայցը: Տեր-Մանուելյանցը հակընդդեմ հայցով պահանջել է անվավեր ճանաչել քաղաքապետարանի որոշումը, նվիրատվության պայմանագիրը եւ սեփականության վկայականը: Դատարանը երկուսի պահանջն էլ մերժել է:

Երկուսն էլ վերաքննիչ բողոք են ներկայացրել, սակայն առաջին ատյանի դատարանի «սխալը» չկրկնելու համար` ըստ որի հայցը մերժվում է, քանի որ «Տեր-Մանուելյանցի բնակտարածության օգտագործման իրավունքը դատական կարգով դադարեցնելու համար օրենքով սահմանված փոխհատուցում հայցվորի կողմից չի առաջարկվել», քաղ. գործերի վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը որոշել է պատասխանող ճանաչված Ալեֆտինա Տեր-Մանուելյանցին «պատշաճ ձեւով տեղեկացնել դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին»: Միաժամանակ «պարզել» է, որ նա անհարգելի պատճառով չի ներկայացել» եւ վճռել է «կորցրած ճանաչել Ալեֆտինա եւ Իրեն Տեր-Մանուելյանցների բնակտարածության իրավունքը Երեւան քաղաքի Իսրայելյան 34 հասցեում»:

Եւս մեկ հաջողության հասնելուց հետո Մ. Կակոյանը դիմել է դատարան` այս անգամ «խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին` ազատել բնակարանն իրենց իրերից»: Վտարելու խնդիր չկար այլեւս, որովհետեւ շրջափակման մեջ դնելով արդեն իսկ հարկադրել էին լքել տունը. հրաժարվում էին վճարել թոշակը, անջատել էին լույսը, ջուրը, գազը, հեռախոսը, այնուհետեւ փոխել են տան փականը եւ այլն:

Դատախազությունը գործի օրինականության վերաբերյալ իր պատկերացումներն է ունեցել

93թ.-ից սկսած դատավարությունների ընթացքում կողմերը մեկընդմեջ «հաղթություն» ու «պարտություն» են գրանցել: Դատաքննության ընթացքից ակնհայտ է դառնում, որ Մ. Կակոյանի «հաղթանակները» շատ ավելի գլխավոր դատախազության ջանադրության արդյունք են եւ միայնակ մղվող ճակատամարտ են հիշեցնում, որովհետեւ Տեր-Մանուելյանցները դատաքննություններին մասնակից չեն դարձվել: «Մնացի զարմացած, որ Սպանդարյան ժողդատարանի 95թ. հոկտեմբերի 12-ի վճիռը, որը կայացվել էր իմ օգտին, բեկանվել է: Դատարանում հայտնեցին, որ բեկանվել է ԳԴ-ի քաղ. գործերի դատական կոլեգիայի կողմից` ՀՀ գլխավոր դատախազի հսկողական բողոքի հիման վրա»,-ասում է տ. Ալեֆտինան, ավելացնելով, որ միայն 99թ.-ին է տեղեկացել այդ մասին:

Մեզ չվերապահելով ձեռագրաբան փորձագետի դերը, այնուամենայնիվ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազի անունից ներկայացված հսկողական բողոքը ոչնչով չի հիշեցնում նախկին դատախազ Արտավազդ Գեւորգյանի ստորագրությունը: Ինչեւէ, դատախազության նման «ուշադրությունից» եւ օպերատիվությունից շատ զարմացած, Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը փորձել է ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի տեսությանն արժանանալ: Սակայն, բողոք-դիմումներից նրան քաջածանոթ դատախազության աշխատակիցները` դատարանի ուժի մեջ մտած վճռի մասին հիշեցում անելով, կանխել են մուտքն ավելի «վերեւ»:

«Հարկադրված գնացի Արարատ` ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի տուն եւ նամակը հանձնեցի: Հանձնարարել էր իր տեղակալ Արմեն Խաչատուրյանին, որը վճռաբեկ բողոքների հեղինակն էր` ընդունել ինձ: ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ ստուգեցինք` մատյաններում նամակ-բողոք չկար, որին հղում անելով Ա. Խաչատուրյանը վճռաբեկ բողոք էր բերել: Նրանք էլ էին զարմացած, թե ինչո՞ւ պետք է իրար հաջորդած հանարապետության գլխավոր դատախազները բան ու գործը թողած` իմ գործին հետամուտ լինեին»,-ասում է տ. Ալեֆտինան:

Իրավաբանները գնահատելով գործի նյութերը, հիմնավորում են, որ ժողդատարանի մյուս վճիռների դեպքում, որոնք կայացվել են հօգուտ Կակոյանների, նույնպես առկա է եղել քաղ. դատ. օր.-ի մի շարք պահանջների անտեսումը, բայց դատախազությունը չի բողոքարկել: Դատախազության շահագրգիռ դերն ակնհայտ է դառնում նաեւ նրանով, որ ոչ միայն աչք են փակել այն վճիռների ու որոշումների վրա, որոնք կոպտորեն ոտնահարել են Տեր-Մանուելյանցների բնակության իրավունքը, այլեւ նրա բոլոր բողոքներին միանշանակ պատասխանել են. «Սպանդարյանի դատարանի 98թ. մայիսի 21-ի վճիռը օրինական է եւ այն բողոքարկելու հիմքեր չկան»:

«Գաղտնիքը» պարզելու համար ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի օգնությունն է հայցել: Վերջինիս գրությանն ի պատասխան 15.03.99թ. Ա. Խաչատուրյանը հայտնում է. «Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ մեկ այլ գործով ՀՀ ԳԴ-ի քաղ. գործերի դատական կոլեգիայի 97թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատված է, որ վիճելի տունը Ռամազանովի կողմից հայցուհու ամուսնու մորը` Ա. Կակոյանին, վաճառելու ժամանակ, եղել է օրինական կառույց եւ որպես այդպիսին ձեւակերպված է եղել նրա անվամբ»:

Այս պատասխանից մեկ օր հետո` 16.03.99թ. Ա. Խաչատուրյանը եւս մեկ վճռաբեկ բողոք է գրում, հանկարծ գիտակցելով, որ դեռ անելիք ունի այդ ուղղությամբ` Սպանդարյան դատարանի 09.01.96թ. որոշումով Ա. Տեր-Մանուելյանցի բնակտարածության օգտագործման իրավունքը վերականգնված է, որն անհապաղ բեկանել է պետք:

Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատը բեկանում է ժողդատարանի որոշումը եւ ուղարկում առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու, որտեղ էլ կարճվում է դատավորի որոշումով: Տ. Ալեֆտինան բողոքարկել է որոշումը, սակայն քաղ. գործերի վերաքննիչ դատարանը նրա բողոքն այդպես էլ քննության չառավ: Բեկանելու համար, ինչպես տ. Ալեֆտինան է ասում, նախ` վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի նկատմամբ վստահություն չունի եւ ապա` նյութական հնարավորություն: Անվստահությունը ծնվել է հատկապես վճռաբեկ դատարանի գործողություններին իրավաբանների տված գնահատականներից: «Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի որոշումն անհիմն է: Քանի որ 99 թ. հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել նոր քաղ. դատ. օրենսգիրքը, որով առաջին ատյանի դատարանը իրավասու չէր վերանայելու ուժի մեջ մտած կամ չմտած որեւէ վճիռ, կենտրոն դատարանը պարտավոր էր մերժել դիմումի ընդունումը եւ ոչ թե քններ ու կարճեր վարույթը»:

Մեծ քաղաքի մեր անկյունը

Տեր-Մանուելյանցներին տնից վտարել են երեք անգամ: «Առաջին անգամ վտարեցին 93թ.-ին: Գնացել էի թաղային լիազորի մոտ ինչ-որ տեղեկանքի համար: Նա ինձ հայտնեց, որ եկել են տնից վտարելու: Շտապեցի Սպանդարյանի ժողդատարան եւ հասա այն պահին, երբ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը աշխատակիցներին ցուցում էր տալիս` կամովին չազատելու դեպքում իրերը հանեն փողոց եւ տունն ազատեն: Իմ խնդրանքը` ժամանակ տրամադրել, որպեսի պարզեմ ինչո՞ւ են վտարում` չլսեց: Վերադարձա տուն եւ փորձում էի ինչ-որ կերպ պահպանել փողոց նետված կահույքը:

Հուշեցին, որ դատարանից կասեցման որոշում բերեմ: Իրերը փողոցում թողնելով, ոտաբոբիկ, շփոթահար, վազեցի ԳԴ-ն եւ աշխատակիցների միջոցով ԳԴ նախագահ Տարիել Բարսեղյանին տեղեկացրի կատարվածի մասին` հայցելով նրա միջամտությունը: Տ. Բարսեղյանը կասեցման որոշում կայացրեց, որը ներկայացրի Սպանդարյան դատարանի նախագահ Տ. Սահակյանին, սակայն նա անտեսելով որոշումը` կարգադրեց իրերը բակ նետել»,-տնից առաջին անգամ վտարելու պատմությունը վերհիշում է տիկին Ալեֆտինան:

«Դուրս շպրտելուն էլ ձեւ կա: Ալեֆտինային դուրս գցեցին շորերը պատռելով, ոտքերից քաշ տալով: Հետեւից դուրս նետեցին ամանեղենը, բայց ոչ արժեքավորները: Նրա տանը թանկարժեք իրեր կային, որը շատ քչերը կարող են ունենալ: Սարսափելի էր այդ ամենը, ես լաց եղա: Ալեֆտինան մեկ ամիս մեր տանն էր մնում, աղջիկը` մյուս հարեւանի»,-պատմում է հարեւանուհին:

Տ. Ալեֆտինան ավելացրեց, որ առավոտյան կրկին ներկայացել է ԳԴ-ի նախագահին, որն իրեն լսելուց հետո հսկողական բողոք է բերել: ԳԴ-ի քաղ. գործերի դատական կոլեգիան կրկին բեկանել է ժողդատարանի վճիռը եւ ուղարկել նոր քննության: Սպանդարյան դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը 95թ.-ին քննել է հայցը` կրկին դատաքննությանն իրենց մասնակից չդարձնելով: «Մեզ նորից վտարեցին տնից, իրերը մնացին փողոցում եւ, պարտադրված չնչին գումարով վաճառեցի ճաշասենյակի ու ննջասենյակի կահույքը, իսկ մնացյալը` տեղավորեցի հարեւանների մոտ, մենք նույնպես նրանց մոտ էինք ապրում»,-ավելացրեց տ. Ալեֆտինան: ԳԴ-ի նախագահի բողոքի հիման վրա այս վճիռը նույնպես բեկանվել է, նոր դատաքննությամբ վերականգնվել են նրանց իրավունքները եւ 96թ. վերահաստատվել են տանը:

Պարզվում է, դա վերջին վտարումը չէր: 98թ. դեկտեմբերյան մի օր տնից դուրս են եկել եւ այլեւս չի հաջողվել ներս մտնել: «Մեր բացակայությամբ կոտրել էին տան դուռն ու փականը փոխել: Դրանից առաջ անջատեցին հոսանքը, ջուրը, գազը, հեռախոսը եւ այդ բոլորը մի պատճառաբանությամբ` պայմանագրերը կնքվել են տան սեփականատիրոջ` Մարինե Կակոյանի հետ: Մի խոսքով, մենք հայտնվել էինք կատարյալ շրջափակման մեջ, բայց դիմագրավում էինք: Ամեն տեղ ինձ դատարանի վճիռ էին ցույց տալիս` հաշվի չառնելով, որ ես եմ հոսանքի, հեռախոսի բաժանորդը, ինքս եմ գազ անցկացրել եւ այլն»: 99թ. հուլիսի 31-ին Կենտրոնի թաղապետարանն ու միլիցիան նրանց կրկին վերաբնակեցրել են տանը: Սակայն, առժամանակ ապրելուց հետո ստիպված են եղել հեռանալ` այլեւս անհնարին համարելով այդպես ապրելը:

«Գնում-գալիս էինք, մինչեւ 2001թ. հունվարի 15-ը, երբ հարկադիր կատարողի հետ դարձյալ փոխեցին դռան փականը ու իրերը հանեցին: Ոչ մի անգամ ո՜չ դատաքննությանն են մասնակից դարձրել, ո՜չ վտարման վճիռ է եղել, ո՜չ կատարողական թերթի են ծանոթացրել, եկել են ու վտարել»,-հայտնեց Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը:

Ժանգոտված կշեռք, կոտրված ջահ, հնամաշ աթոռ ...եւ բազում գրքեր

Երրորդ անգամ տունը Տեր-Մանուելյանցների իրերից, այսպես ասած, «ազատել են» 2001թ. հունվարի 15-ին: Հարկադիր կատարող Ս. Թադեւոսյանը Իսրայելյան 34 տունը Մանուելյանցների իրերից վերջին անգամ ազատելու ժամանակ արձանագրության մեջ նշում է. «Ժամը 11-ին գործով պահանջատեր, Իսրայելյան 34 տան սեփականատեր Մ. Կակոյանը բացեց մուտքի դուռը եւ մատնանշեց այն գույքը, որը պատկանում էր պարտապանին եւ պետք է տեղափոխվեր նշված հասցեից: Ահա այն ամենը, ինչ մնացել էր նախորդ վտարումներից հետո: «Ցուցակ` ապակյա երեք մոմանոց կոտրված ջահ, բռնիչը կոտրված թեյնիկ, փայտից աթոռ` հնամաշ, կենցաղային կշեռք` ժանգոտված եւ գրքեր...»: «Գուցե դեռ տանն է իմ գույքը, համենայնդեպս մինչեւ հունվարի 15-ը տանը սառնարան կար, արտասահմանյան կարի մեքենա... եւ այլն: Չէ՞ որ Ս. Թադեւոսյանի ասելով գրառել է այն գույքը, որը «մատնանշել» է Մ. Կակոյանը»,-իրավասու ատյաններին հարցնում է տ. Ալեֆտինան:

Հարեւանները վկայում են, որ Ալեֆտինա Տեր-Մանուելյանցը իր ավտոտնակում մեծ քանակությամբ շինանյութ էր ամբարել` տունը հիմնովին վերանորոգելու համար: Շինանյութն անհետացել է տունը նրանց իրերից «ազատելու» ժամանակ: 23.02.96թ. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին ուղղված բողոքում նա գրել է, որ 93թ. սեպտեմբերի 30-ին իրենց վտարել են տնից, միաժամանակ հափշտակել սեփական գույքը: Հարեւանները տեսել են, թե ինչպես Հ. Կակոյանի որդին եւ աղջիկը եկել են մեծ բեռնատարով եւ տարել իր իրերը: Դիմումին կից ներկայացրել է անհետացած շինանյութի ու իրերի մի քանի էջանոց ցուցակ: Դիմումն անհետեւանք է մնացել: Տիկին Ալեֆտինան որոշ ժամանակ հետո իրավապահ մարմիններին դարձյալ ահազանգել է գողության նոր դեպքի մասին` կրկին ներկայացնելով հափշտակված իրերի մի նոր ցուցակ:

Նրա ներկայացրած նյութերն իրավապահների «ուշադրությանն» են արժանացել միայն 99թ.-ին: «26.08.99թ. Ձեր գույքի գողության փաստով Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, որը 26.10.99թ. կասեցվել է հանցագործությունը կատարած անձը հայտնի չլինելու պատճառով»,-պատասխանել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Վ. Շահինյանը:

Հաջորդող բոլոր դիմումներին տրված պատասխաններով դատախազությունն ու ՆԳՆ քննչական վարչությունը ձգտել են տպավորություն ստեղծել, թե զբաղվում են գողության փաստով: Միակ փաստարկն այն է, որ Ա. Տեր-Մանուելյանցի դիմումները վերահասցեագրել են միմյանց` դրանով իրավապահ մի օղակից մյուսին փոխանցելով քննություն կատարելու պարտավորությունը: ՆԳՆ քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանը 2001թ. օգոստոսի 21-ին պատասխանել է. «Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի Իսրայելյան փողոցի 34 տնից կատարված գողության կապակցությամբ հարուցված քրեական գործով կատարվել են անհրաժեշտ օպերատիվ-քննչական միջոցառումներ, սակայն հանցագործություն կատարող անձը դեռեւս չի պարզվել: Ուստի քրեական գործով վարույթը օրենքով սահմանված կարգով կասեցվել է»:

2001թ. նոյեմբերի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Վ. Շահինյանը գրություն է ուղարկել Կենտրոնի քննչական բաժնի պետ Ռ. Արամյանին: «Կից ուղարկվում է դիմումները Մ. Կակոյանի կողմից խարդախություն եւ գողություն կատարելու մասին: Անհրաժեշտ է դիմումները կցել թիվ 13167999 քր. գործին, լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել կատարված գողությունը բացահայտելու եւ մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու համար...»: 2002թ. հունվարի 16-ին Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Տ. Ջնդոյանը հերթական դիմումն է վերահասցեագրել Վ. Շահինյանին` նշելով.«...անհրաժեշտ է Ձեր հանձնարարությունը` ՆԳԲ-ի կողմից հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու համար»: Քանի որ «ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների» արդյունքում հանցագործը դարձյալ չի հայտնաբերվել, անհետացած նոր իրերի ցանկը գնալով փոքրացել է` վերջում մնալով այն, ինչ նշվել է վերնագրում:

Նախարարը չի ընդառաջում ոչ մի հարցում

Տիկին Ալեֆտինայի փաստաթղթերի փաթեթը, որոնք նա հավաքել է 9 տարվա գրագրության արդյունքում, երեք հաստափոր պայուսակից ավելին է: Դեռեւս հույսը չկորցրած` նա շարունակում է բողոքներ գրել դատական համակարգի եւ իրավապահ մարմինների բարձր ու ցածր չին ունեցողներին: «Միշտ խորհուրդ են տալիս` չհամաձայնելու դեպքում դիմել դատարան: Իմ գործի վերաբերյալ 35 վճիռ կա արդեն, որոնք ոչինչ չեն փոխել: Եթե այդքան գումար ունենայի, միանգամից տուն կգնեի»,-ասում է տիկին Ալեֆտինան: Արդարադատության համակարգում շատ լավ են ճանաչում նաեւ Մարինե Կակոյանին: Պատմում են, որ նա մի քանի անգամ դիմել է դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում ընդգրկվելու համար, սակայն նախարարը չի ընդառաջել: Այսպես, նախարարը չի ընդառաջում Մ. Կակոյանի դատավոր դառնալու ցանկությանը, չի ընդառաջում նաեւ տ. Ալեֆտինայի` արդարությունը վերականգնելու դիմումներին:

Տ. Ալեֆտինայի դիմումների հիման վրա արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունը վարույթ է կազմել` մեկ ստվարածավալ հատոր, որում կա գրեթե ամբողջ դատական գործն իր փաստաթղթերով, ինչպես նաեւ այլ պաշտոնյաների հասցեագրած դիմումները: Կատարված անարդարության դեմ նրա բողոքներին, որ դատաքննությանն իրենց մասնակից չդարձնելով դատարանն իր տան սեփականատեր է ճանաչել նրա հետ կապ չունեցող մեկին, մեկ այլ դատաքննությամբ`իրենց մասնակից չդարձնելով կորցրած է ճանաչել ընտանիքի բնակտարածության իրավունքը, առանց մասնակից դարձնելու վճռել է տունն ազատել իրերից եւ հարկադիր կատարողն իրենց մասնակից դարձնելով տունն ազատել է իրերից` արդարադատության նախարարը պատասխանում է. «Վերը նշված վճիռը դուք օրենքով սահմանված ժամկետում չեք բողոքարկել, որը նշանակում է վճռի հետ համաձայն եք եղել»: Դիմում-բողոքը կրկնվելու դեպքում Դավիթ Հարությունյանը խորհուրդ է տալիս դրանք բողոքարկել վերադաս դատարան:

Իհարկե, Տ. Ալեֆտինան չի կասկածում, որ նախարարի խորհրդին հետեւելու, այսինքն` վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն ունենալու դեպքում պալատը չէր անտեսի վճիռների ակնհայտ ապօրինի լինելը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի վճիռը, որով իրենց` վիճելի տունը փաստացի տիրապետողներին զրկեց բնակտարածության օգտագործման իրավունքից եւ օրենքով նախատեսվող համարժեք բնակտարածությամբ ապահովելուց: Անպայման կբեկանվի, թեկուզեւ այն պատճառով, որ իրեն մասնակից չեն դարձրել դատաքննությանը: Չէ՞ որ պալատը այս հրապարակման մեջ նշված մեկ այլ գործով, Մ. Կակոյանի բողոքի հիման վրա, այդ հիմքով բեկանել է վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը (գործ թիվ 3-288 (ՎԴ): «ՀՀ քաղ. դատ. օր-ի 227 հոդվածի 2-րդ կետի համաձայն, վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որեւէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձեւով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին»:

Համոզված է նաեւ, որ ուսումնասիրելու դեպքում արդարադատության նախարարը հազիվ թե դատական համակարգի համար մեծ կորուստ համարեր դատավորների պիտանիության ցուցակից Աիդա Հովհաննիսյանի դուրս մնալը ու նրան 2001թ. չնշանակեր ՀՀ քրեական ու զինվորական գործերի վերաքննիչ դատարանի դատավոր:

«Օրենքները նրա համար չեն գրված, օրենքներն ինքն է գրում»

Սա այն բազմաթիվ բնութագրումներից մեկն է, որով Մարինե Կակոյանին ներկայացնում էին ծանոթները: Նրանց չէր զարմացնում Մ. Կակոյանի որդեգրած մարտավարությունը` դատարան դիմել միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կամ վկաները այլեւս չկան:

Դատարանում քննված մեկ այլ գործի տվյալներով, նախկին ՀՀ գլխ. դատախազ Արտավազդ Գեւորգյանի օգնական Անդրանիկ Հարությունյանի քույրերը, դիմելով դատարան, հայտնել են, որ Մարինե Կակոյանը իրենց եղբոր հետ ամուսնության գրանցման վկայական է ունեցել: Մինչեւ Մ. Կակոյանի հետ ամուսնանալը, իրենց եղբայրն ունեցել է իր անվամբ գրանցված ամառանոց եւ երկու ավտոմեքենա` ՎԱԶ 2121 եւ ԳԱԶ 24-10 մակնիշների: ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան հավատարմագրով տրվել է Մ. Կակոյանին` օգտագործելու նպատակով եւ մինչ օրս նրա մոտ է: Քանի որ ամուսնության ընթացքում արժեքավոր ոչ մի գույք ձեռք չեն բերել, նրանց ամուսնալուծությունը 95թ. տեղի է ունեցել ԶԱԳՍ-ի միջոցով: 99թ. ապրիլի 23-ին Ա. Հարությունյանը մահացել է:

Վերջինիս հարազատները պատմում են, որ եղբոր մահից հետո բնակվում էին Նաիրիի շրջանի Արգել գյուղում գտնվող ամառանոցում եւ Երեւան են վերադարձել նոյեմբերի 1-ին` ձմեռնամուտին: Նոյեմբերի 18-ին պահակը հեռախոսով տեղեկացրել է, որ ամառանոցի դարպասի կողպեքը փոխված է եւ չի կարողանում բակ մտնել: «Հաջորդ օրը գնացինք ամառանոց եւ տեսանք, որ մուտքի փականը, իրոք, փոխված է, եւ միլիցիայի համազգեստով մի անձնավորություն պահակություն է անում բակում: Նա մեր հարցին պատասխանեց, որ ինքը ՆԳՆ 1-ին ռազմական ջոկատի ծառայող է, իրենց պետ Անդրեասովի կարգադրությամբ հսկում է ամառանոցը եւ ներս մտնելու իրավունք ունի միայն Մ. Կակոյանը: Պետք է նշեմ, որ ամառանոցում ունենք տարբեր արժեքավոր իրեր, որոնց ցուցակը կներկայացվի առանձին»,- դատարանին հայտնել են Ա. Հարությունյանի հարազատները:

Նրանք հայտնեցին, որ եղբոր մահից 40 օր հետո, «ԳԱԶ» 24-10 մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել են քույրերից մեկի ավտոտնակում, փաստաթղթերն իրենց մոտ են գտնվել: 27.10.99թ. առավոտյան ՆԳ բաժնի երեք աշխատակիցներ իրենց տնից առգրավել են ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենան ու հանձնել Մարինե Կակոյանին: Նրանց ասելով, մինչ այդ, սպառնացել են` մեքենան չտալու դեպքում ձեզ համար վատ կլինի: «ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենան Մ. Կակոյանին նվիրատվություն անելու մասին իմացել ենք մեր եղբոր մահից 6 ամիս հետո, երբ մեքենան ՆԳՆ բաժնի աշխատակիցները տարել են: Իսկ ՎԱԶ 2121 ավտոմեքենան հավատարմագրով վարում էր Մ. Կակոյանը եւ մինչեւ օրս այդ ավտոմեքենան նրա մոտ է, ոչ մի իրավունք չունենալով ՎԱԶ 2121 ավտոմեքենայի նկատմամբ` ապօրինի օգտագործում է մեր եղբոր գույքը»,-հայտնել են դատարանին:

Մ. Կակոյանը հաստատել է, որ Ա. Հարությունյանի մահից հետո, 99թ. նոյեմբերին դիմել է Կադաստր` ամառանոցի սեփականության իրավունքի վկայական ստանալու համար: «Ի՞նչու Ա. Հարությունյանի մահից հետո»,-հարցնում են հարազատները` դատարանից խնդրելով անվավեր ճանաչել ԱՐԳԵԼ այգեգործական ընկերության կողմից Մ. Կակոյանի անվամբ տրված գրքույկը, որով նա տիրացել է ամառանոցին, թիվ 1 նոտարական գրասենյակի կողմից 20.09.97թ. Մ. Կակոյանի անվամբ տրված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի հավատարամագիրը եւ ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենան Մ. Կակոյանին նվիրելու վերաբերյալ պայմանագիրը:

Ա. Հարությունյանի հարազատները դիմել են նաեւ դատախազություն` Մ. Կակոյանի դեմ քր. գործ հարուցելու խնդրանքով` կասկածի ենթարկելով եղբոր ամառանոցին եւ ավտոմեքենաներին օրինական ճանապարհով տիրանալը, հատկապես երբ հանգուցյալը նրան է մեղադրել 92թ. երեք ամսով կալանավորվելու համար: «ՀՀ գլխ. դատախազին հասցեագրած Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ Մ. Կակոյանի անվամբ Ա. Հարությունյանին նախկինում պատկանող ամառանոցը եւ ԳԱԶ-24-10 ավտոմեքենան ձեւակերպելու հիմքում ընկած փաստաթղթերի իսկությունը պարզելու փորձաքննություն է նշանակվել: Փորձաքննության արդյունքներով ավտոմեքենայի նվիրատվության պայմանագրում դրված ստորագրությունը պատկանում է Ա. Հարությունյանին: Միաժամանակ հայտնել են, որ ՎԱԶ-2121 «Նիվա» մակնիշի ավտոմեքենան Մ. Կակոյանը տիրապետում է Ա. Հարությունյանի կողմից 1997թ. սեպտեմբերի 19-ին նրան տրված վաճառքի լիազորագրի հիման վրա:

Ի վերջո, դատարանի վճռով ճանաչվել է Մ. Կակոյանի սեփականության իրավունքը ամառանոցի կես մասի նկատմամբ, ինչպես նաեւ ԳԱԶ 24-10 մեքենային տիրանալը: Հարկադիր կատարման ծառայությունը, հարազատների գնահատմամբ, ամառանոցին ոչ համարժեք գնով այն ներկայացրել է վաճառքի եւ իրենց տվել իբրեւ կես մասի արժեքը, սակայն կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ ամառանոցի «գնորդը» նույն ինքը` Մ. Կակոյանն է: Ինչ վերաբերում է «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, դատարանը գտել է, որ ՀՀ քաղ. օր-ի 334 հոդվածի համաձայն, սեփականատիրոջ մահից հետո նրա տված լիազորագրի գործողությունը դադարում է, եթե մահացել է այն անձը, ով տվել է, ըստ այդմ, չի էլ քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Կակոյանը հայտնել է, որ ինքն այն արդեն վաճառել է:

2000 թ. հոկտեմբերի 17-ին «Գոլոս Արմենի» թերթում «Ավտոտնակը, միեւնույնն է, կառուցվելու է» վերնագրով հրապարակում է եղել: Չարենցի փողոց 1«բ» շենքի բնակիչները պատմում են, որ Մարինե Կակոյանը Երեւան քաղաքի ճարտարապետության վարչությունից ավտոտնակ կառուցելու թույլտվություն ուներ, բայց կոնկրետ որտեղ` չկար: Նա էլ նախընտրել էր քանդել այգին բակից բաժանող պատը, կտրել այգու տասնյակ տարիներով խնամված նոճիները եւ տեղում ավտոտնակ կառուցել իր «Նիվա» մակնիշի մեքենայի համար: Բնակիչների ասելով, իրենք զարմացած էին ոչ միայն մի առավոտ շենքի բակում հայտնված շինարարական հզոր տեխնիկայից, որ տիկնոջ կարգադրությամբ պատրաստվում էր քանդել պատը: «Նույն ժամանակ ավտոտնակ վաճառող կար բակում, եւ առաջարկեցինք գնել այն, բայց Մ. Կակոյանն ասաց, որ չի կարող առնել` գումար չունի: Մինչդեռ կառուցելիս շատ ավելին կարող էր ծախսել»,- պատմում էին նրանք:

Մ. Կակոյանն, ինչպես տեղեկանում ենք թերթի հրապարակումից, թեպետ այդ ժամանակ բնակիչների դիմադրությանը տեղի է տվել` այնուամենայնիվ հայտարարել է` «Ավտոտնակը, մինույնն է, կկառուցվի, եթե ոչ ինքը, ապա մեկ ուրիշը»: «Թվում էր` պատմությունը դրանով ավարտվեց: Բայց մեկ-երկու օր անց բնակիչները նկատեցին, որ ծառերի բները ծածկվել են կանաչ փրփուրով, որը շոշափելիս ուժեղ այրում է ձեռքերը: Արտաքուստ այդ ամենը (փրփուրը, գույնը, այրվածքը) ծծմբաթթու էր հիշեցնում,-պատմում են բնակիչները: Իհարկե, չհաջողվեց պարզել, թե ով է դա արել: Ոստիկանությունը ուղարկեց մասնագետների մոտ, նրանք իրենց հերթին երդվեցին, որ ոչնչով չեն կարող օգնել եւ միայն խորհուրդ տվեցին առատորեն ոռոգել»,-գրում է հրապարակման հեղինակը:

«Մենք զրկվել ենք արեւի լույսից»

«Տան նոր ի հայտ եկած տերը (Մարինա անունով), սկսել է ապօրինի շինարարություն եւ տան տարածքից մեկ մետր առաջ գալով, համարյա փակելով դալանից տուն տանող ճանապարհը, իրականացնում է շինարարական աշխատանքներ, որի արդյունքում կառուցվել է մոտ 4-5 մետր բարձրությամբ պատերով շինություն»,-ՆԳՆ-ին ու Կենտրոնի թաղապետարանին գրել է Իսրայելյան 34 հասցեի հարեւանուհին` Լիանա Առաքելյանը: Նա պնդում է, որ նոր հարեւանուհին իրենց զրկել է արեւի լույսից եւ դիմելով քաղաքապետարանին` խնդրել է դադարեցնել Իսրայելյան 34 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը եւ պարտավորեցնել օրինազանցներին` քանդել այն:

Հարեւանները վկայում են, որ բողոքից հետո շինարարությունն առժամանակ դադարեցվել է, այնուհետեւ վերսկսվել նույն թափով: Նրանց հավաստմամբ, Մ. Կակոյանը տունը վաճառելու նախապատրաստությունների մեջ է, այդ պատճառով է աշխույժ շինարարություն ծավալում, «թե չէ ո՞վ կապրի այդ քարանձավում»: Նշենք, որ դատարանը Կակոյաններին սեփականատեր է ճանաչել Իսրայելյան 34 հասցեում` վճռում չնշելով, թե քանի քմ է կազմում նրա սեփականությունը:

1. Հատակագծով տ. Ալեֆտինային հատկացված է 53,9 քմ բնակտարածք, որը հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի գործադիր կոմիտեի որոշումով:

2. Մարինա Կակոյանի ներկայացրած արխիվային տվյալների համաձայն, Ռամազանովին պատկանող տարածքը եղել է 22 քմ, իսկ հատակագծում նշված է 29,5 քմ:

3. Մ. Կակոյանին ներկայումս հատակագծով հատկացվել է 68,8 քմ:

Բժշկուհի Լիանան հայտնեց, որ սա Երեւանի քաղաքապետին եւ Կենտրոն համայնքի թաղապետին ուղղված առաջին բողոքը չէ: Սակայն, ապօրինի շինարարության պատասխանատուները ոչ թե շինարարությունն են դադարեցնում, որն իր ծավալներով դուրս է եկել հատակագծից, այլ` «բարեկամաբար» խորհուրդ են տալիս լռել: «Գալիս է թաղապետարանի աշխատակիցը կամ միլիցիան ու շինարարին կիսաձայն ցած է հրավիրում, նրանց հեռանալուց հետո բանվորը նույն ռիթմով շարունակում է աշխատանքը: Երբ մեկ անգամ շատ զայրացած միլիցիոներից պահանջեցի խաբեությամբ չզբաղվել, նա ինձ շշուկով հայտնեց, որ զանգել են ու զգուշացրել` չխանգարել Մարինային», - պատմեց բժշկուհի Լիանան: Վերջինիս բողոքին Կենտրոն թաղապետարանի քարտուղար Մ. Այվազյանը 27.11.2001թ.-ին պատասխանել է.«Քաղ. Մ. Կակոյանի կողմից Իսրայելյան 34 հասցեում կատարվող շինարարական աշխատանքները դադարեցված են եւ տեղյակ է պահված ՀԳ բաժնին»:

Ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով ՆԳՆ-ին է դիմում նաեւ տ. Ալեֆտինան` զգուշացնելով, որ դատական վեճն ավարտված չէ, սակայն Մ. Կակոյանը անտեսելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Էդ. Ավետիսյանի 2001թ. սեպտեմբերի 28-ի որոշումը, որով արգելվել է Իսրայելյան 34 տան վերաբերյալ որեւէ գործարք կատարել` մինչեւ քաղ. գործի ըստ էության քննությունը, շինարարություն է ծավալել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի ավագ օգնական Ս. Գրիգորյանը 10.12.2001թ.-ին տ. Ալեֆտինային պատասխանել է, որ այդ հասցեում շինարարություն չի կատարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter