HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի «Նազիկ» պոչամբարի վրա ծառատունկ կատարվեց

Նոյեմբերի 21-ին ծառատունկ կատարվեց Ախթալայի «Սվինեց» թաղամասում գտնվող, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նազիկ» պոչամբարի վրա:

Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանի տեղեկացմամբ՝ Եվրամիության «Թափոնների կառավարում» ծրագրով կատարված ծառատունկին մասնակցում էին մարզպետարանը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

Ծառատունկը կատարում էին լեռնահարստացման կոմբինատի բանվորները և մասնագետները: «Թափոնների կառավարում» ծրագրով բանվորներ էին բերվել նաև Պտղավանից: Ծառատունկի ժամանակ բանվորներին պաշտպանիչ արտահագուստ տրամադրված չէր: Արտակ Դեմիճյանն ասաց, որ պոչամբարը հողածածկված է և վտանգավոր չէ:

Պոչամբարը գտնվում է «Նազիկ» (Ախթալա) գետակի գետաբերանին և թեք դիրքի պատճառով հորդառատ անձրևների ու հեղեղների դեպքում պարունակում է պոչանքային հոսքերի լուրջ սպառնալիքներ. հոսքերը Ախթալա գետակի միջոցով կլցվեն Դեբեդ գետը:

Պոչամբարի 1 հա տարածքի վրա տնկվեց 14 տեսակի 700 ծառաթփատեսակ: «Տնկված տնկիները պտղատու և մեղրատու չեն: Կտեսնենք՝ որ ծառատեսակն է ավելի կպչուն: Մոնիտորինգ ենք անելու, որ նախադեպ լինի այլ պոչամբարների կանաչապատման համար»,- ասաց Արտակ Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ մինչ ծառատունկ սկսելը քննարկվել է պոչամբարի տեխնիկական վիճակը: «Ընդհանուր 4-5 մասնագետով նստել, մտածել, որոշել ենք: Քննարկմանը ես էլ եմ մասնակցել: Մասնակցել են նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ինժեներները և այլ մասնագետներ»,- ասաց նա:

Քննարկողներն էլ որոշել են, որ վտանգից խուսափելու ամենառացիոնալ ձևը ծառատունկն է: Սակայն պոչամբարի ամենավտանգավոր թեք լանջի վրա ծառատունկ չկատարվեց: Գարնանը արդյունքերը լավ լինելու դեպքում, ծառատունկը  շարունակական կլինի:

«Տնկիների արմատային համակարգերն ենք հատուկ լուծույթով մշակել: Գարնանը կտանք նաև ազոտական պարարտանյութ, ծառերի կպչողականությունը ավելի խթանելու համար: Մնացած պարամետրերով՝ կալիումով և կալցիումով, հողը  բավականին հարուստ է. դա լաբորատորիաներում ստուգել ենք»,- տեղեկացրեց Արտակ Դեմիճյանը:

Անտառի մասնագետ Հովիկ Բեգջյանի հավաստիացմամբ՝ տնկված տնկիների կպչողականությունը գարնանը անպայման տեսանելի կլինի: Նաք կանխատեսում է մոտ 70-75 տոկոս կպչողականություն:

Սա 2-րդ ծառատունկն է «Նազիկ» պոչամբարի նույն տարածքում: «Նախկին տնկիների էտումը ճիշտ չէր կատարված, բայց մենք հիմա անտառային ծառատեսակներ` կեչի, հացի, թխկենի, տարբեր ծառատեսակների փորձեր ենք դրել: Տեսնենք՝ գարանանը որ ծառը իրեն ոնց է զգում, որից հետո ծառատունկը շարունակական կլինի»,- ասաց Հովիկ Բեգջյանը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պոչամբարը ռեկուլտիվացիայի է ենթարկել 2010թ.: Կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի խորհրդական Լյովա Վարդանյանը ռեկուլտիվացիան դրական համարեց:

«Մենք ունենք լեռնամետալուրգիայի ինստիտուտի կողմից երաշխավորություններ ՝ ռեկուլտիվացիա անցկացնելու համար: Ըստ դրանց՝ մենք պետք է ոչ պակաս 30 սմ հողաշերտով ծածկված հողաշերտ ունենանք: Այս պոչամբարի վրա 30,5 սմ, տեղեր կան՝ նույնիսկ 60 սմ հողածածկույթ կա»,- ասաց Լյովա Վարդանյանը:

Եվրամիության «Թափոնների կառավարում» ծրագրի ղեկավար Սայմոնդ Պաուն նշեց, որ մինչև ծառատունկը կատարվել է պոչամբարի արտաքին հողածածկի և ներքին պոչերի լաբորատոր վերլուծություն, որի արդյունքները թույլ են տվել պատկերացումներ կազմել՝ ինչպիսի ծառատեսակներ կարող են այստեղ աճել: «Դա մեզ ներշնչում է վստահություն, որ այն ծառատեսակները, որոնք մենք տնկել ենք, այստեղ միանշանակ կաճեն»,- ասաց Սայմոնդ Պաուն:

Անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, որ ըստ որոշ մասնագետների՝ պոչամբարը հոսելու վտանգներ ունի՝ Սայմոնդ Պաուն հենց այդ տեսանկյունից կարևորեց ծառատունկը: «Այստեղ տնկված ծառերի արմատային համակարգը կպահի պոչամբարի վերևի հողածածկ շերտը և չի թողնի, որ սողանք կամ արտահոսք տեղի ունենա»,- ասաց նա:

Սայմոնդ Պաուի տեղեկացմամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրն իրականացվում է 4 տարի տևողությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել և բարելավել 7 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում թափոնների կառավարումը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսօր Հայաստանի ԹԻՎ ՄԵԿ ազգային ՎՏԱՆԳԸ Հայաստանի (հատկապես հարավային Սյունիքի) պոչամբարներն են: Ի՞ՆՉՈՒ Հայաստանի կառավարությունը ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿ չի գանձում հանքային ձեռնարկություններից՝ պոչամբարների ՎՏԱՆԳԸ ԳՈՆԵ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ դարձնելու համար: Ազգի ընդերքից միլիոնների շահույթը ՕՏԱՐՆԵՐԸ տանում են՝ շահույթի համեմատ ՉՆՉԻՆ հարկեր վճարելով. պոչամբարներն էլ «հիշատակ» են թողնում «ամենախելացի» ազգին:Մի՞թե կարելի է այսպիսի կարևորագույն ազգային խնդիր թողնել երկրորդ պլանում: Մի՞թե կարելի է սա թողնել դրսից ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ տալու մակարդակի: Ամեն ամիս սնկի պես մի «համահայկական» «ֆոնդ» է քյոլից դուրս գալիս. թող 1-2 դպրոցի ու մակապարտեզի շենք էլ պակաս լինի. ավարտածները Ռուսաստան ու Թուրքիա չե՞ն զարգացնում: Էլ չեմ խոսում ամեն սարի քյալին տնգցրած անիմաստ/կեղծ խաչերի ու օլիգարխների պսպղուն եկեղեցիների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter