Կիրակի, 23 սեպտեմբերի

ԱԺ պատգամավորի 210 հազար դոլարի գրավը



ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, 2001թ.-ի դեկտեմբերի 28-ին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի մեքենան պայթեցրել է ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական դեպարտամենտի ուսանող Վարուժան Գյուրջինյանը: Վերջինս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հայտնում եմ Ձեզ, որ ես այդպիսի բան չեմ արել եւ այսպես կոչված «խոստովանական» ցուցմունքները տվել եմ ծեծի, բռնությունների ազդեցությամբ»: Շատերն են իրենց վկայություններով փաստում Վարուժանի անտեղյակությունը կատարվածին: Պրն Գասպարյանը լավատեղյակ է, որ Վ. Գյուրջինյանի անմեղության վերաբերյալ փաստերն ավելի խոսուն են եւ մեզ հետ ունեցած զրույցում ասում է. «Միանշանակ գիտեմ, որ հայրն է, տղան մասնակից է այնքանով, որ հանձն է առել հոր փոխարեն: Պետք չէր անմեղ երեխային խառնել այս գործին»: Թե ինչո՞ւ է Ա. Գյուրջինյանին իր թշնամին հայտարարել, պատասխանեց. «Գումարի խնդիր է, 210 հազար ԱՄՆ դոլարը մեծ գումար է»: Փաստաբանը վճռաբեկ բողոքում հիմնավորել է, որ Մ. Գասպարյանի պահանջը` 210 հազար ԱՄՆ դոլար հայցի բավարարման վերաբերյալ, անհիմն է:

«Ինչ-որ բանի սպասում էինք, բայց ոչ այդ չափի, որ կարող էին երեխայիս նման հանցանքի մեջ մեղադրել, չնայած վտանգ զգում էինք եւ երեխաներին զգուշացնում էինք դրսում մենակ չմնալ»,-ասում է մեղադրյալ Վարուժան Գյուրջինյանի մայրը: Վարուժանի ծնողները վտանգի զգացողությունը հիմնավորում են նրանով, որ դեպքից առաջ, հոկտեմբեր ամսին Մ. Գասպարյանը դիմել էր ՆԳՆ-ին` եւ պահանջել քրեական գործ հարուցել հոր` Արթուր Գյուրջինյանի դեմ` թերթերում իրենց խնդիրներին առնչվող հրապարակումների հետ կապված: «Մի քանի անգամ ինձ հարցաքննեցին, ճշտեցին, որ մամուլում արված իմ հայտարարությունը ճիշտ է` Մ. Գասպարյանը գումարը վճարել է իմ տան դիմաց, որը վաճառել եմ իրեն, եւ դեռ պարտք ունի, այլեւս չկանչեցին»,-հայտնեց Արթուր Գյուրջինյանը:

«Զգում էի, որ մի վնաս են տալու, իրենք հայտարարել էին, որ ինձ պետք է վնասեն, բայց այդ ձեւով` չէի սպասում»,-ասում է ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը: Պրն Գասպարյանը պատմեց, որ դեպքի օրը` 2001թ.-ի դեկտեմբերի 28-ին, մեքենան շենքի բակում էր կանգնած: «Սովորաբար 9:30-ին էի տնից դուրս գալիս, սակայն այդ օրը 10:00-ին դուրս եկա: Մեքենան միացրի ու տրաքեց: Պայթյունի ուժգնությունից շենքի ապակիները թափվեցին, մեքենայից ոչինչ չմնաց: Ես մեքենայում եմ եղել: Շենքում բժիշկ կա, նա ինձ առաջին օգնություն ցույց տվեց, հետո շտապօգնություն կանչեցինք, ոստիկանություն եւ այլն»,- պատմեց Մ. Գասպարյանը: Հայտնեց, որ պայթյունի հետեւանքով վնասվածքներ է ստացել. «Հետույքիս կար ունեմ, այրվածքներ կան թեւիս ու կրծքիս վրա: Երջանիկ պատահականությամբ ինձ ոչինչ չեղավ, բացառիկ բան է, որ տուժողը նման դեպքից հետո կենդանի է մնում»:

Պրն Գասպարյանը տեղեկացրեց, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններին կասկածյալների անուն է մատնանշել: «Առաջինը`«Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ նախագահ Արթուր Գյուրջինյանի անունն եմ տվել, բացի նրանից ես ուրիշ թշնամի չունեմ: Միանշանակ գիտեմ, որ հայրն է, տղան մասնակից է այնքանով, որ հանձն է առել հոր փոխարեն: Պետք չէր անմեղ երեխային խառնել այս գործին»,-ավելացրեց պրն Գասպարյանը: Նրա կարծիքով Ա. Գյուրջինյանին շատ անժամանակ են բաց թողնել, հակառակ դեպքում...:

Թե ինչո՞ւ է Ա. Գյուրջինյանին իր թշնամին հայտարարել` պատգամավորը պատասխանեց. «Գումարի խնդիր է, այդ մարդկանցից իմ փողերը հետ վերցնելու համար 210 հազար ԱՄՆ դոլարի հայց եմ ներկայացրել դատարան: Համոզված եմ, դա էր պայթյունի պատճառը: Իմ չլինելու դեպքում ուրիշ ուղղությամբ կարող էր ընթանալ քննությունը»:

Արթուր Գյուրջինյանը պատմեց, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին տնից դուրս էր գալիս, աստիճանների վրա դեմդիմաց դուրս եկած քննչական խմբի անդամները պարտավորեցրել են հետեւել իրենց: «Նրանք մոտ 10 հոգի էին, մեքենաները կանգնեցրել էին տնից բավականին հեռու, բայց մեքենայով քաղմաս տանելիս ինձ ուղեկցում էին միայն երկուսը: Ճանապարհին ասացին, որ Մելիքի գործով են տանում` առանց մանրամասնելու: Ինձ չէին հարցաքննում, կարճատեւ հարց ու պատասխանից հետո հարցրին, թե` ո՞ւր է տղադ, գնանք նրա ետեւից: Այդ ժամանակ տղաս զանգահարեց ինձ բջջային հեռախոսով, նրան ասացի` տանը մնա, հիմա գալիս ենք: Տպավորություն ունեի, որ քննիչներն ինձնով չեն հետաքրքրված, ինձ քաղմաս տանելը շատ ավելի ձեւական բնույթ էր կրում»: Քիչ հետո ՆԳՆ աշխատակիցների հետ եկել են տուն եւ որդուն տարել ՆԳՆ բաժանմունք: Այնտեղից ընտանիքը վերադարձել է առանց Վարուժանի:

Հանրապետության գլխավոր դատախազության առաջին հաղորդագրությունը տպագրվեց «Հայոց աշխարհ» օրաթերթի 2002 թ.-ի հունվարի 9-ի համարում: «Երեւանի բնակիչ, 19-ամյա Վարուժան Գյուրջինյանը մեղադրվում է դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի ավտոմեքենան պայթեցնելու միջոցով նրա դեմ մահափորձ կատարելու մեջ: Դեպքի օրը` դեկտեմբերի 29-ին ձերբակալված եւ դեկտեմբերի 30-ին Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորված Վարուժան Գյուրջինյանն իրեն մեղավոր է ճանաչել: Մեղադրյալը ցուցմունք է տվել, որ ռումբն ինքն է պատրաստել եւ ինքնուրույն էլ դեկտեմբերի լույս 29-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, դրսի կողմից տեղադրել է Մելիք Գասպարյանի մեքենայում: Մնացյալը հայտնի է, առավոտյան ժամը 10:20-ին Մ. Գասպարյանը գործարկել է մեքենայի շարժիչը, ինքնաշեն պայթուցիկ սարքի դետոնատորը գործել է, ինչին հաջորդել է հուժկու պայթյունը: Մ. Գասպարյանն ինչ-որ մի հրաշքով ողջ է մնացել: Ինքը նստած տեղում աջ է թեքվել եւ ոչ մի քերծվածք չի ստացել` չնայած շենքի բոլոր ապակիները թափվել էին»:

Մի քանի օր հետո կրկին անդրադառնալով թեմային` թերթը գրում է. «Մելիք Գասպարյանը նվազ ծանր մարմնական վնասվածք է ստացել պայթյունի հետեւանքով»: Ինքը` Մ. Գասպարյանը պատասխանելով լրագրողի հարցին ասում է. «Ձախ ոտքիս քերծվածք ստացա», («Հայոց աշխարհ»-8 հունվարի 2002թ.): Այսպիսով, խիստ հակասական են տեղեկությունները Մելիք Գասպարյանի վիրավորվելու վերաբերյալ, եւ նա այդ մասին խոսելիս ամենատարբեր բացատրություններ է տալիս:

«Նույն օրվա` դեկտեմբերի 29-ի երեկոյան իրավապահները տեղեկացրին, որ կասկածներս լիովին համապատասխանում են իրականությանը, եւ պայթեցումը կազմակերպել է Ա. Գյուրջինյանի 19 տարեկան որդին: Գիշերը ժամը 4-ին եկել է մեր շենքի բակ եւ ռումբը տեղադրել մեքենայի տակ: Նա խոստովանել է, որ ռումբը տեղադրել է ինքը` ինձ սպանելու նպատակով»,- հիմնավորում է պատգամավորը: «Հայտնում եմ Ձեզ, որ ես այդպիսի բան չեմ արել եւ այսպես կոչված «խոստովանական» ցուցմունքները տվել եմ ծեծի, բռնությունների ազդեցությամբ: Իմ առաջին ցուցմունքից հետո, 30.12.01 թ. առավոտյան, տնից քաղմաս բերած երեք անձանցից երկուսը ինձ նստեցրին մեքենան, ասացին, որ տանում են Մելիքենց տան մոտ, «ես լավ հիշեմ ճանապարհը, իմանամ տան տեղը եւ ինչ դիրքում է գտնվում մեքենան, որպեսզի, երբ քննիչը հարցնի` անսխալ ցույց տամ դեպքի վայրը, քանի որ այդ ամենը պետք է նկարահանվեր տեսախցիկով: Երբ քննիչները տարան դեպքի վայր, հեշտությամբ նկարագրեցի տեղը, որովհետեւ մի քանի ժամ առաջ էին ծանոթացրել...»,- 2002թ. հունվարի 24-ին ՀՀ գլխ. դատախազ Ա. Թամազյանին ուղղված դիմում ասում է Վարուժան Գյուրջինյանը:

«Չէ, մինչեւ ծեծելն էր խոստովանել, իրենք պաշտպան են վերցրել` նա է սովորեցրել, որ այդպես ասի»,- «Հայկական ժամանակի» թղթակցին պատասխանում է Մ. Գասպարյանը` դրանով իսկ հաստաստելով բռնություններ գործադրելու մասին մեղադրյալ Վարուժան Գյուրջինյանի հայտնածը: Միաժամանակ հավատացնում է, թե 100 %-ով համոզված է, որ Վարուժան Գյուրջինյանն է իր մեքենան պայթեցրել:

Հանրապետության գլխավոր դատախազին ուղղված նամակում Վարուժանը նկարագրել է, թե ինչով էր զբաղված այն ժամերին, երբ տեղի է ունեցել Մ. Գասպարյանի մեքենայի պայթյունը եւ դրան հաջորդող իրադարձությունները: «2001թ.-ի դեկտեմբերի 28-ի առավոտյան գնացել եմ ինստիտուտ, հանձնել եմ կուրսային աշխատանքս դեկանի տեղակալ Հարությունյան Աշոտին, որից հետո գնացել եմ բուֆետ: Մոտավորապես 14:00-ի սահամաններում տեսա Սեւակին եւ միասին եկանք մեր տուն` Ամիրյան 4/22: Երեկոյան եկավ ընկերս` Վահե Սուքիասյանը, կոմպյուտերով «կլիպ» էինք նայում: Մոտավորապես մինչեւ գիշերվա 01-ը մենք հայրիկիս հետ բլոտ խաղացինք, եւ քանի որ արդեն ուշ էր, որոշեցինք, որ նրանք մնան մեր տանը: Զանգահարեցի հատուկ հեռախոսահամարով, որպեսզի առավոտյան արթնանամ 08:30-ին: Համարը հավաքել եմ հետեւյալ կերպ` *55*08:30#, որտեղ 08:30-ը արթնացնելու պատվիրված ժամն է: Նշեմ նաեւ, որ 28-ի լույս 29-ի գիշերը քնել ենք իմ սենյակում, «արաբական թախտի» վրա: Ես քնել էի մեջտեղում, ինձնից աջ, պատուհանի մոտ քնել էր Վահեն, իսկ ինձնից ձախ` Սեւակը: Ամեն մեկս ունեինք առանձին վերմակ, գիշերը ես չեմ վեր կացել եւ ոչ մի տեղ չեմ գնացել: Առավոտյան 08:30-ին բոլորս միասին արթնացել ենք հեռախոսազանգով: Ես ու Սեւակը առավոտյան 9:30-ին հասանք ինստիտուտ: Գնացել եմ դեկանի տեղակալ Աշոտ Հարությունյանի մոտ եւ նա իմ ստուգարքային գրքույկում նշանակել է կուրսային աշխատանքի գնահատականը...»:

Վարուժանի մայրը` Սիլվա Սյուքիասյանը, բարեբախտություն է համարում, որ այդ օրը որդու երկու ընկերները` Վահեն ու Սեւակը, իրենց տանն են գիշերել: «Մենք նրան անընդհատ ասում էինք` մենակ չմնաս, աշխատիր ընկերներիդ հետ լինել, որպեսի չկարողանան վնասել: Ինչ-որ տեղ ուրախ եմ, որ այդ օրը մեր տանն էին նրանք»: Մեզ հայտնի դարձավ, որ Սեւակին 7 օր պահել են մեկուսարանում, նրա ասելով` քննիչներին հայհոյելու համար: Սեւակը հայտնեց, որ Վարուժանի հետ իր ծանոթությունը մեկ տարվա պատմություն ունի, իսկ Վահեին առաջին անգամ այդ օրն է տեսել: «Միակ օրն էր, որ նրանց տանը մնացի: Հաճախակի չեն եղել մեր հանդիպումները: Գիշերը երեքով նույն մահճակալին ենք քնել: Վարուժանը մեր մեջտեղում էր քնել, հնարավոր չէր, որ գիշերը վեր կենար` տեղյակ չլինեինք: Առավոտյան շուտ գնացինք ինստիտուտ, Վարուժանը ստուգարք ստացավ`4 թե՞ 5, չեմ հիշում, բայց շատ էր ուրախացել: Մի երկու ժամ միասին ենք եղել` 10:30-ից մինչեւ 11-ը: Հետո գնացինք բուֆետ` նախաճաշելու, որի համար Վարուժանը վճարեց: Նա բուֆետին պարտք ուներ, որը նույնպես վճարեց: Հետո բաժանվեցինք, ասում էր տուն պետք է գնամ»:

Հիշեցնենք, հանրապետության գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ռումբը Վարուժանն է պատրաստել եւ ինքնուրույն էլ դեկտեմբերի լույս 29-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, դրսի կողմից տեղադրել է Մելիք Գասպարյանի մեքենայում: Դատախազությունը այդ ժամերին նրա հետ եղած երկու ընկերներին հանցակիցներ չի դիտում եւ հարցաքննելուց հետո բաց են թողել: Այդ տանը մեկ անգամ գտնվելուց հետո չի կարելի չհամաձայնել այն տեսակետների հետ, որ Վարուժանի սենյակում հնարավոր չէ անաղմուկ քայլել: «Դարն ապրած կառույցներ են եւ քայլելիս հատակը ճռճռում է, հնարավոր չէ, որ աննկատ դուրս գաս, ինչքան էլ զգուշավոր լինես»:

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում շարունակելով նկարագրել դեկտեմբերի 29-ի իր գործողությունները` Վարուժանը հայտնում է, որ բուֆետում հանդիպել է ընկերոջը` Ռուբիկին, նրա հետ եղել են բժշկական ուսումնարանի մոտ գտնվող ինտերնետային ծառայությունում, որտեղից Ռուբիկը զանգել է, ինքն էլ փորձել է քեռուն զանգահարել: Այնուհետեւ վերադարձել է տուն եւ զանգահարել Մոսկվա` 12:39 րոպեին եւ 12:45-ին, հորը զանգահարել է բջջայինով` 12:53-ին եւ ընկերոջը` 12:54-ին: Զանգերից անմիջապես հետո նրան ձերբակալել են: Ըստ Արմենտել ծառայության ներկայացրած տեղեկանքի, 2001թ.-ի դեկտեմբերի 29-ին Վարուժանենց հեռախոսահամարից կայացած խոսակցությունները ճշգրտորեն համընկնում են նրա նշած ժամերին ու հասցեներին:

Ընկերը` Ռուբենը, եւս հաստատեց Վարուժանի նկարագրածը: «Վարուժանին հանդիպեցի մեր դեկանատի մոտ, ինքն էլ եկել էր դեկանի տեղակալի մոտ` ստուգարք ստանալու: Խոսեցինք, Վարուժանը բարձրացավ իրենց դեկանի տեղակալի մոտ, հետո կրկին հանդիպեցինք բուֆետի մոտ եւ մտանք սուրճ խմելու: Ինքը մենակ էր, մոտավորապես 10:30-ի մոտերքն էր: Դուրս գալուց հետո բժշկական ուսումնարանի մոտի ինտերնետ կենտրոն մտանք, ինքը զանգեց քեռուն` չմիացավ, մի քիչ համակարգիչի մոտ նստեցինք, հետո վերադարձանք ինստիտուտ: Վարուժանը ընկերոջ համար ինչ-որ բան էր ուզում հարցնել մի կնոջից, որի համար 9-րդ կորպուսի դեկանատ մտանք, բայց կինը տեղում չէր: Մի քիչ սպասեցինք, հետո էլի իջանք ինտերնետ օֆիս: Ես զանգեցի քեռուս: Ինքը դրանից հետո զանգեց Մոսկվա, քեռու հետ խոսեցին: 45 րոպեից մինչեւ մեկ ժամ իրար հետ ենք եղել, հետո բաժանվեցինք»:

Համակուրսեցիներից միայն մեկն է ասում, որ նրան տեսել է այդ օրը` ժամը 9-30-ից 10-ի սահմաններում: «Վարուժանը եկել էր ստուգարք հանձնելու, միասին մտանք դեկանատ»: «Դեկտեմբերի 28-ին Վարուժանն ինձ մոտ կուրսային պետք է հանձներ, չեմ հիշում` 4 թե՞ 5 ստացավ: Նա սովորականից ավելի լավ էր պատրաստվել, ձգտում էր բարձր գնահատական ստանալ»,-ասաց Էլեկտրատեխնիկական դեպարտամենտի դեկանի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

Պրն Գասպարյանի համար այս բոլոր հիմնավորումները, որոնք Վարուժանի ալիբին են, ոչ մի արժեք չունեն: Նա իր «հիմնավորումներն» է ներկայացնում: «Դատարանում կասի, թե ումից է փամփուշտը գնել պայթուցիկ պատրաստելու համար, այդ օրը 200 դոլար մայրն է տվել, 200 դոլար` հայրը: Մարդիկ կան, որ նրան փամփուշտ են վաճառել»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ակնարկեց Մ. Գասպարյանը` դրանով հիմնավորելով, որ պայթուցիկը, որն, ըստ նախաքննական մարմնի, Վարուժանը տեղադրել է իր մեքենայի տակ` պատրաստել է ինչ-որ մեկից գնած փամփուշտներով, եւ ծնողները վճարել են դրա համար: Ծնողները հայտնեցին, որ Վարուժանն այդ օրն իրենցից գումար է ուզել, բայց ոչ թե 200, այլ` 100 ԱՄՆ դոլար եւ, ենթադրելով, որ չեն տա` ուզել է եւ...մորից, եւ...հորից: Ստացվել է այնպես, որ երկուսն էլ չեն մերժել որդուն: Վերջինս էլ ծախսել է միայն մոտ 100-ը` վճարելով ինստիտուտի բուֆետին ունեցած պարտքը, իսկ մնացյալը` 100 դոլար եւ մոտ 5000 դրամ, ձերբակալվելուց հետո պարզվել է, որ տունն էր թողել:

Վերջին հաշվով ծնողները նրան գումարը տվել են դեպքի օրը եւ բուֆետի աշխատակցուհին եւս հաստատեց, որ նա պարտք է ունեցել մոտ 100 դոլարի չափով, որն այդ օրը վերադարձրել է: Պարտքը գոյացել էր ամիսների ընթացքում եւ առաջին դեպքը չէր, որ պարտքով սնվում էին, հետո վճարում: Ավելացրեց, որ ապառիկով գնումներ են կատարում նաեւ մյուս ուսանողները: Մեկ անգամ եւս նշենք, որ բուֆետին ունեցած պարտքը վճարելու մասին վկայում է նաեւ ընկերը` Սեւակը: «Նա բուֆետին պարտք ուներ, որը նույնպես վճարեց»:

Տաքսու վարորդը, որով, ըստ մեղադրանքի, Վարուժանը գիշերվա 4-ին գնացել է պայթուցիկը տեղադրելու` հայտնի չի եւ պրն Գասպարյանը միայն այս դեպքում է, որ չի պնդում վարորդի ով լինելը:

Ինչո՞ւ դատախազությունն ընտրեց այս վարկածը

Տպավորություն կա, որ դատախազությունը աշխատում է մեկ վարկածով եւ ոչ թե դեպքն է քննում, այլ Մ. Գասպարյանի ցույց տված ուղղությամբ է քննություն կատարում: Սակայն, մամուլի հրապարակումներից հանրությանն արդեն հայտնի է, որ պատգմավորը մեծ պայքար է մղել նաեւ երթուղային տաքսիների երթուղիների համար, որը նրա եկամուտի կայուն աղբյուրներից մեկն է: «Վարորդները վստահ են, որ պատգամավորները ապօրինաբար են «գծերը» զավթում»,- ասվում է Մ. Գասպարյանին վերաբերող «Առավոտի» հրապարակումներից մեկում: Խորհրդարանականներից ոմանք նույնպես այս դեպքին անդրադառնալով շեշտում են ներկայումս գոյություն ունեցող վայրի բիզնեսը, որը ոմանք ընդլայնում են մեկ ուրշի բիզնեսը կլանելու հաշվին, նման գործարարների թվում հիշատակելով նաեւ Մելիք Գասպարյանին: Հաշվումները ցույց են տվել, որ երթուղային տաքսիների երթուղիները տնօրինելը նույնպես մեծ գումարներ են, բայց ԱԺ պատգամավորն այնքան էլ համամիտ չէ այդ տեսակետին եւ ասում է, որ դրա համար չարժեր նման քայլի գնալ, երթուղայիններից ստացվող եկամուտները փոքր գումարներ են նրա դիմաց, ինչ ինքը շահեց դատարանում: «Եթե նկատի ունեք 14 երթուղային տաքսու «գիծը», որը Գրիգոր Մադաթյանինն է եւ խորհրդարանում ատրճանակ է հանել իմ վրա: Չէ, դա չի, վերջին հաշվով դատախազությունն էլ հո՞ միամիտ չի: Ես ձեռքից վերցրել եմ ատրճանակը եւ հանձնել միլիցիայի քաղաքային վարչություն, մյուս օրը միասին գնացել ենք վերցրել, իրար հետ բարիշած դուրս ենք եկել»,-ասաց պրն Գասպարյանը:

Շատերն անհամոզիչ են համարում, որ մեքենան այդ վիճակում հայտնվելու պայմաններում` Մ. Գասպարյանն անվնաս է դուրս եկել: Ավելին, դեպքից հետո այդքան հակասական ցուցմունքներ է տվել իր վիրավորվելու կամ չվիրավորվելու մասին: Կարծիքներ կան, որ նա մեքենայի մեջ չի եղել: Մայրաքաղաքում ակտիվորեն շրջանառվող մյուս տեսակետն այն է, որ գործարար պատգամավորն ինքն է պայթեցրել մեքենան: Կասկածները ծնվել են հատկապես պատգամավորի հրապարակավ արտահայտած որոշ դատողություններից. «Ինձ ուզում էին ֆիզիկապես ոչնչացնել, որ գույքիս տիրանան, իսկ հանցագործությունն էլ իմ մահից հետո չէր բացահայտվի»: Մ. Գասպարյանի հարեւանությամբ ապրողների շրջանում մեզ չհաջողվեց գտնել դեպքին ականատես վկաների: Նրանք հայտնեցին, որ պայթյունը շատ ուժգին էր, եւ իրենք դուրս թափվեցին տեսնելու, թե ինչ կատարվեց: Մ. Գասպարյանն այդ ժամանակ կանգնած էր մեքենայի կողքին: Մեքենան լրիվ ջարդված էր, շենքի ապակիները թափվել էին, կողքին կանգնած մեքենաները վնասվել:

Պատգամավորն, ըստ էության հայց էր ներկայացրել իր դեմ, բայց գումարը բռնագանձեցին Գյուրջինյաններից

Հայ-սիրիական ՀՁ «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ նախագահ Արթուր Գյուրջինյանը 98թ. մատի 19-ին, «Արարատ» Լիակատար Տնտեսական Ընկերակցության (ԼՏԸ) նախագահ Մելիք Գասպարյանին պատվիրում է իր վարձակալած տարածքում` Ամիրյան 4/20 հասցեում, բնակչության սպասարկման ոլորտի հինգհարկանի շենք կառուցել: Շինությունը կառուցելու համար կապալի պայմանագրով Մ. Գասպարյանին է հանձնում 99 տարի ժամկետով վարձակալած Ամիրյան 4/20 հասցեի տարածքը: Ըստ պայմանագրի, կապալառուն` Մ. Գասպարյանը, ստանձնած պարտավորությունները պետք է կատարեր եւ ավարտեր 8 ամսում, այսինքն 1998թ.-ի նոյեմբերին, որը չի արել: Պայմանագիրը կնքելուց հետո Մ. Գասպարյանն ընդլայնել է տարածքը` մի քանի տներ գնելով նաեւ Ամիրյան 4/18, 4/20 եւ 4/22 հասցեներից, այդ թվում նաեւ վերջին հասցեում գտնվող Արթուր Գյուրջինյանի երկու տներից մեկը: Այնուհետեւ դիմել է Կենտրոն դատարան եւ 4/20 հասցեի տարածքը ներկայացրել է իբրեւ 4/22-ի տնամերձ հողամաս: Հիմք ընդունելով Մ. Գասպարյանի այս հայտարարությունը, դատարանը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, 96թ.-ին 99 տարի ժամկետով «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ-ի վարձակալած հողատարածքը հատկացրել է Մ. Գասպարյանին: Այսինքն, դատարանի վճռով Մ. Գասպարյանը դարձել է կապալի պայմանագրով, շինարարություն կատարելու համար իրեն հանձնված հողատարածքի սեփականատերը:

«Կապալի պայմանագիրը կնքելուց մեկ տարի հետո 99թ.-ին ինձ ձերբակալեցին, ինն ամիս կալանքը կրելուց հետո սկսեցի հետաքրքրվել շինարարության ընթացքով: Փաստաթղթերը պետք է թարմացնեի, այդ ժամանակ պարզվեց, որ իմ վարձակալած 4/20 հասցեի տարածքը դատարանի վճռով դարձել է Մելիք Գասպարյանի սեփականությունը: Դիմեցի դատարան տարածքները վերադարձնելու հույսով եւ միշտ պարտվում էի»,-ասում է ընկերակցության նախագահը: Արթուր Գյուրջինյանը տարօրինակ է համարում այն, որ վերաքննիչ դատարանում իր բողոքի քննության ժամանակ փաստաբանի` Աշոտ Հակոբյանի լուռ ու մունջ կեցվածքը, որի արդյունքում վճիռը կայացվել է հօգուտ Մ. Գասպարյանի: «Այդ օրերին փաստաբանի մայրը մահացավ: Հուղարկավորության ժամանակ զարմանքով նկատեցի, որ 14 համարի երթուղային տաքսի է սպասարկում նրանց, իսկ երթուղին Մ. Գասպարյանին է պատկանում: Վարորդի հետ զրուցեցի ու պարզվեց, որ իմ փաստաբանի` Ա. Հակոբյանի փեսան է, այդ գծում իր մեքենայով աշխատում է: Հաջորդ օրը հրաժարվեցի փաստաբանից: Ասացի, որ ծախված ես, ոչինչ չպատասխանեց եւ իմ պահանջով վերադարձրեց նաեւ հոնորարը»:

Այնուհետեւ դատարան է դիմել Մելիք Գասպարյանը` ներկայացնելով 210 հազար ԱՄՆ դոլարի պատճառված նյութական վնաս: «Դեկտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական դատարանում քննվում էր Մ. Գասպարյանի գումարային պահանջը: Մենք չէինք անհանգստանում, քանի որ Մ. Գասպարյանի բանավոր հայտարարություններից բացի այլ հիմք չկար նրա հայցը բավարարելու համար: Բայց Մ. Գասպարյանը դատարանին հայտնել էր, որ քաղաքում չի լինելու եւ խնդրել էր հետաձգել նիստը: Դեկտեմբերի 29-ի առավոտյան դեպքը տեղի ունեցավ: Այնուհետեւ դատաքննությունը հետաձգվեց ամսից ավելի»: Այդ ընթացքում Վարուժանը հասկանալով կատարվածը ծնողներին կոչ է անում չտրվել պարտադրանքներին: «Ես լավ տեղավորվել եմ, լավ տղերք են, սենյակը տաք է, հանկարծ ոչ մի բանի մասին չմտածեք: Ղումար չեմ խաղում եւ չեմ խաղա, ծխելը քչացրել եմ եւ մանրից կթարգեմ: Դուք լավ մնացեք եւ Մելիքի հետ փոխզիջումների չգնաք, ինձ ճիշտ հասկացեք, որ ինքը հուսախաբ լինի: Կոմպրոմիսների չգնաք, էլի եմ ասում»:

Տնտեսական դատարանը բավարարել է Մելիք Գասպարյանի հայցը 210 հազար ԱՄՆ դոլար պահանջի մասին: «Ըստ նշված ստացականների Ս. Ա. եւ Ա. Գ. 57 հազար ԱՄՆ դոլար գումարը ստացել են Ամիրյան փ. 4/22 հասցեում գտնվող տան համար, այնինչ նշված հասցեում գտնվող տունը մինչեւ այժմ բնակեցված է Արթուր Գյուրջինյանի ընտանիքի եւ մոր կողմից, որպեսզի պայմաններում էլ պատասխանողներ Սիլվա Ասատրյանի եւ Արթուր Գյուրջինյանի կողմից վնաս է պատճառվել «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ին»,-ասվում է վճռում: «Մենք հետո հասկացանք, թե ինչու նա այդ օրը դատը հետաձգեց: Շատ լավ հաշվարկել էր, որ ցանկացած ծնող կգնա ցանկացած կոմպրոմիսի, միայն թե երեխան այդ վիճակից դուրս գա, դա էր նրա հաշվարկը: Մելիքին պետք էր, որ մենք հիստերիկ վիճակում լինեինք եւ հասավ արդյունքի: Չնայած այսօր այդ հարցը չի արծարծվել ինչ-որ ձեւով, բայց նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թող Վարուժանն այս գործն իր վրա վերցնի` մենք նրան կազատենք: Ի՞նչ են վերցնելու դրա դիմաց, որ իմ երեխան պատասխան չտա»,-ասում է մայրը:

Փաստաբանը տնտեսական դատարանի վճռի դեմ բերած վճռաբեկ բողոքում հիմնավորել է, որ դատարանի վճիռը` 210 հազար ԱՄՆ դոլար հայցի բավարարման վերաբերյալ` անհիմն է: Վնասի խնդիր չի ծագել, որովհետեւ կապալի պայմանգիրը կնքելու պահին պատվիրատու «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ-ն նրան է հանձնել 167քմ տարածք` շինարարական աշխատանքները կատարելու համար: Տարաբերության համար որեւէ անձ պահանջ չի ներկայացրել եւ չի խոչընդոտել կապալառուին իր պարտավորություները կատարելու համար եւ կապալառուն` «Մ. Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ն, սկսել է շինարարական աշխատանքները: Եթե խոչընդոտող հանգամանքներ լինեին, նա կարող էր աշխատանքները չսկսել եւ այդ մասին գրավոր տեղեկացնել «Արմենյըն Թրեյդրզ» ՍՊԸ-ին: «Վերջին հաշվով նշված հասցեների` 4/20 եւ 4/22 տարածքներն ինչ-ինչ միջոցներով անցել են կապալառուի տնօրինությանը: Թե ինչ հիմքով, այլ հարց է: Սակայն նրան են անցել նաեւ կապալի պայմանագրով կատարված այն աշխատանքները, որոնք նա ներկայացրել է որպես պատվիրատուի կողմից իրեն պատճառված վնաս: Եթե կատարված աշխատանքի արդյունքն անցել է կապալառուին, ապա ինչո՞ւմ է նրա կրած վնասը, որն իբր պատճառվել է պատվիրատուի կողմից»-հարցնում է փաստաբանը:

Անդրադառնալով տնտեսական դատարանի կայացրած վճռին` փաստաբանը նշում է, որ կապալառուն իրավաբանական անձ է, եւ կատարված ծախսերի եւ իբր պատճառած վնասի ապացույցները պետք է ներկայացներ համապատասխան փաստաթղթերով, անդորրագրերով, օրդերով, հաշվի համարից փոխանցումներով եւ ըստ դրանց` հարկային վճարումներ կատարելու անդորրագրերով, որպիսիք չեն ներկայացվել: Դատարանը հիմք է ընդունել հայցվորի անհիմն հայտարարությունը, որ կատարվել է 22.999.180 դրամի աշխատանքներ եւ անհիմն նշելով, որ պատվիրատուն հրաժարվել է պարտավորությունների կատարումից», արդյունքում «ծախսերը» կրկնապատկվել է եւ որպես պատճառված վնաս բռնագանձել 45.980,360 դրամ:

Դատաքննության ընթացքում դատարանը հայցվոր կողմից ընդունել է նաեւ, այսպես կոչված, «լրացուցիչ հայցը», որում պատասխանողներ են հանդես գալիս Վարուժանի հայրն ու մայրը իբրեւ ֆիզիկական անձինք, որոնք կապալի պայմանագրով որեւէ պարտավորություն չեն ստանձնել: Փաստաբանը բողոքում նշել է, որ «լրացուցիչ հայցը» առանձին հայցապահանջ է, որը դատարանը չէր կարող քննության առնել հիմնական հայցի հետ: Սակայն, դատարանը ոչ միայն միացրել է հիմնական հայցին, այլեւ` ըստ լրացուցիչ հայցի Արթուր Գյուրջինյանից եւ Սիլվա Ասատրյանից, որը կապալի պայամանգրով կողմ չէ, նրանց կողմից Մելիք Գասպարյանին տրված ստացականների հիման վրա որպես պատճառված վնաս բռնագանձել է 57 հազար ԱՄՆ դոլար, եւ դրանով հաշվարկված` 37 հազար ԱՄՆ դոլար:

«Ըստ նշված ստացականների, գումարները ստացվել են Մելիք Գասպարյանից, որն այստեղ ֆիզիկական անձ է եւ գործով հայցվոր չէ որպես ֆիզիկական անձ: Իսկ դատարանը նրան չէր կարող դիտել որպես ընկերակցության կողմից դրամ վճարող, քանի որ իրավաբանական անձի կողմից վճարումը պետք է կատարվեր ՀՀ կենտրոնական բանկի վարչության կողմից սահմանված կարգով: Ամենակարեւորը, ըստ այդ ստացականների, գումարը վճարվել է Ամիրյան փ. 4/22 բակի տան համար, որպես հատուցում: Մ. Գասպարյանը 4/22 հասցեով ֆիզիկական անձանց ինքնակամ վճարած հատուցումները նույն այդ անձանց դեմ ներկայացրել է որպես նրանց կողմից պատճառված վնաս: «Փոխադարձ համաձայնությամբ, գույքի դիմաց հատուցում ստացող Ա. Գյուրջինյանը եւ Ս. Ասատրյանը, թե ինչ կեպ են «նյութական վնաս» պատճառել հայցվոր ընկերությանը կամ Մ. Գասպարյանին, որպես հույժ գաղտնիք, դատարանը վճռում չի նշում»,-գրում է փաստաբանը:

4/22 հասցեի տան համար Մ. Գասպարյանը ստացականներով Արթուր Գյուրջինյանին վճարել է 57 հազար ԱՄՆ դոլար, իր իսկ գրած պարտավորագրով պարտք մնալով 30 հազար ԱՄՆ դոլար: «Պարտավորվում եմ 10 հազար Ամիրյան 4/22 բնակելի տան բնակարանի համար Արթուր Միշայի Գյուրջինյանին տալ 15.07.97թ.-ին, իսկ մնացորդ քսան հազարը (20.000) ամերիկյան դոլարը` սեպտեմբերի 1-ին, որի համար ստորագրում եմ-2.07.97թ.»: Սակայն մինչ օրս, այդ գումարը չի տվել:

Վճռաբեկ դատարանը բավականին երկար մտորեց վճռաբեկ բողոքի շուրջ եւ մեկուկես ամիս չէր շտապում որոշում կայացնել: Երկշաբաթյա հետաձգումից հետո մարտի 22-ին վճռաբեկ բողոքը քննության դրվեց, սակայն որոշում կայացնելու փոխարեն որոշվեց եւս երկու շաբաթով հետաձգել եւ գործը զեկուցող դատավորին գործուղել տեղում զննությունն կատարելու: Տեղատեսությունից հետո թե ինչ զեկուցեց դատավորը հայտնի չէ, բայց վճռաբեկ դատարանը գրեթե անփոփոխ թողեց տնտեսական դատարանի վճիռը: Այսինքն, բավարարեց Մելիք Գասպարյանի պահանջը եւ 210 հազարից պակասեցրեց ընդամենը պատգամավորի հաշվարկած 37 հազար դոլարի տոկոսադրույքը, թերեւս գտնելով, որ «վնասները» հաշվարկելու թվաբանության մեջ նա մի փոքր հեռուն է գնացել:

Դատախազությունն իր աշխատանքը սկսեց հասարակական կարծիք ձեւավորելուց

Դատախազությունը սկզբից եւեթ հասարակական կարծիքի վրա է աշխատել, առանձնակի շահագրգռվածություն հանդես բերելով Վ. Գյուրջինյանին մեղադրելու հարցում, որը նշանակում է ապացույցների առումով նրանք դժվարին վիճակում են եւ ունեն հասարակության բացասական տրամադրվածության կարիքը: «Հայոց աշխարհ» օրաթերթում տպագրված պաշտոնական հաղորդագրությունում ասվում է. «Վարուժան Գյուրջինյանը նախկինում դատվել է չարամիտ խուլիգանության համար: Նրա հայրը` Արթուր Գյուրջինյանը, եւս նախկինում երկու անգամ դատված է եղել»: Որ սա դատախազության համար տակտիկական քայլ էր, հիմնավորվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի մի հրապարակումից, որում նա գրում է. «Հաճախ մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ լրագրողների հանդես գալը տվյալ անձի կամ հաստատության մասին լայն հասարակական կարծիք է ստեղծում, ըստ որում, որպես կանոն` բացասական: ...Ստացվում է, որ մամուլի, ռադիո եւ հեռուստատեսային հրապարակումների համար թիրախ ծառայած քաղաքացին անհիմն կերպով ներկայացվում է որպես մեղավոր` հանցանք թույլ տված անձ եւ ենթարկվում հասարակական պարսավանքի...»(«Օրենք եւ իրականություն» # 13):

Սակայն, այս դեպքում պետք է ասել, որ հասարակական կարծիքը դատախազության օգտին չի աշխատել: Համակուրսեցիներն անդրադառնալով «Հայոց աշխարհի» հրապարակմանը հայտնեցին, որ չգիտեին Վարուժանը նախկինում դատված է եղել, բայց դրանից իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ չէր փոխվի: «Դա կարեւոր չի, կարեւորը շատ լավ մարդ է, տրամադրություն բարձրացնող, թասիբով, ընկերասեր, նվիրված: Ընկերներին օգնելու, իր ունեցածը կիսելու պատրաստակամությամբ, անպայման մինչեւ վերջ կպայքարի, որ ընկերոջը նեղ վիճակից դուրս հանի: Կռվարար չէ»:

Համակուրսեցիները պնդում են, որ Վարուժանը երբեք չի խոսել իրենց դատական գործի մասին` «ընտանեկան խնդիրները հազիվ թե նրան հետաքրքրեին»: Շարունակելով բնութագրել ընկերոջը հայտնեցին, որ նա շատ տարված էր համակարգիչով, դասերից հետո հիմնականում տանն էր եւ համակարգիչը նրա հիմնական զբաղմունքն էր, երբեմն գիրք էր կարդում: Վերջերս ավելի լավ էր սովորում, դրան առավել շատ էր ուշադրություն դարձնում: «Իրեն ճանաչելով, համոզված ենք, որ նման բան չէր անի: Ինքնամփոփ մարդ չի եղել, եթե նման քայլի գնար` չէր կարող ամեն կերպ թաքցնել»,-վստահեցնում էին նրանք:

«Վարուժին մոտավորապես ճանաչում եմ առաջին կուրսի վերջից, տարբեր ֆակուլտետներում ենք սովորում: Մեր շփումները սահմանփակվել են ինստիտուտի տարածքում: Ո՜չ վախկոտ է, ո՜չ էլ տաքարյուն: Նրա մոտ առաջին հերթին համեստությունն եմ գնահատում, հումորը: Համկարգիչով էր սիրում զբաղվել, բիրժայով էր հետաքրքրված, այդ բառն առաջին անգամ իրենից եմ լսել: Չեմ իմացել, որ նախկինում դատված է եղել: Որքանով որ նրան ճանաչում եմ, դժվար թե նման բան աներ»,- ասում է Ռուբենը:

Ընկերներից Սեւակը, որ ձերբակալվելուց առաջ Վարուժանի կողքին է եղել, այսպես է գնահատում նրան: «Մաքուր սրտով, միամիտ, հասկացող տղա է: Ես չեմ իմացել, որ դատված է եղել, ինքն այդ մասին չէր խոսում, երբեք չի խոսել պատգամավորի հետ կապված վեճի մասին»:

«Հանգիստ բնավորություն ունի, ընկերներին հասնող, համառ է, սկզբունքային, լավությունը փոխադարձող: Ագրեսիվ չի եղել, երեւի թե հենց այդ էր եղել միակ կռիվ անելը, որի համար դատվել է: Շատ տարված է համակարգիչով: ԻՆքը շատ էլ հետաքրքրված չէր հոր դատական գործերով, թեկուզ հոր գործն էր: Ում հետ դատ ունեին` չգիտեի: Նա սեւեռված չէր այդ մտքին եւ նրա համար լրիվ միեւնույնն էր»,- ասում է ընկերներից մեկ ուրիշը:

Ներկայացնենք նաեւ Վարուժանի մոր տեսակետը, որը գալիս է լրացնելու, նաեւ հաստատելու ընկերների բնութագրումները: «Ոչ մի օր չի եղել, որ մեր տունը Վարուժանի ընկերներից չլինեն: Կազմվածքով փոքր-մոքր է, բայց խեղճ չի: Իր շրջապատում ամենատարբեր մարդիկ կան ու հիմնականում այնպիսները, որոնք օգնության կարիք ունեն: Նրանց բոլորի համար անհանգստանում է: Երեխաների մոտ երբեք չենք քննարկում մեր խնդիրները, որ մոտները ատելություն առաջանար: Նա լրիվ ինքնուրույն, իր կյանքով ապրող մարդ է, կապ չունի մեր հարաբերությունների հետ: Հարեւանների հետ վիճաբանում էինք, կես ժամ հետո ինքը նրանց հետ զրուցում էր»:

 

«Բոլորս նրան շատ ենք սիրում, խելոք երեխա է: Գիտեինք, որ դատվել է, բայց դա բացասական վերաբերմունք էր ծնում ոչ թե Վարուժանի նկատմամբ, այլ իրավապահ մարմինների: Վարուժանին, որ ինքնաբերաբար ներքաշել էին կռվի մեջ եւ նա իր ինքնասիրությունը պաշտպանելու համար էր կռվել` դատապարտեցին: Նրան դանակահարեցին, նրան էլ պատժեցին: Ես դեմ չէի, որ նա որդուս հետ ընկերություն աներ: Շատ խելացի էր եւ տեխնիկա գնելուց միայն նրան էի վստահում: Շրջապատի նկատմամբ շատ հարգանքով էր, ուշադիր, բոլորը նրան սիրում էին»,-ասում է ըկերներից մեկի մայրը:

 

«Նրան դրական ենք բնութագրել, երբեք կռիվ չի արել, այս առիթով իմացանք, որ նախկինում դատված է եղել: Առաջին անգամվա համար գիտեինք, քանի որ նա առաջին կուրսի ուսանող էր եւ երկար ժամանակ բացակայեց, բուժվում էր հիվանդանոցում: Մեր վերաբերմունքը նրա նկատմամբ դրանից չփոխվեց: Հոգուս խորքում համոզված եմ, որ նա չի պայթեցրել մեքենան: Իբրեւ ուսանող կարող եմ նրան բնութագրել: Աշխույժ, խելացի, հումորով երիտասարդ է: Ուսման մեջ աչքի չի ընկել, բայց երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից բարձրացրեց ուսման առաջադիմությունը: Այս տարի հիմնականում 4-5 էր ստանում»,- ասում է ԲՈՒՀ-ի պատասխանատուներից մեկը:

Դատախազության պահանջով էլկտրատեխնիկական դեպարտամենտը ներկայացրել է Վարուժանի բնութագիրը. «Վարուժան Գյուրջինյանը 1-ին կուրսում ցուցաբերել է հիմնականում բավարար գիտելիքներ (ունեցել է պարտքեր, որոնք վերահանձնել է սահմանված ժամկետում): 2-րդ կուրսում Վ. Գյուրջինյանի առաջադիմությունը համեմատաբար ավելի բարձր է եղել եւ գարնանային քննաշրջանի արդյունքներով նրան նշանակվել է կրթաթոշակ: Անհարգելի բացակայությունների համար Վ. Գյուրջինյանը 3-րդ եւ 4-րդ կիսամյակում ստացել է նկատողություն, իսկ 5-րդ կիսամյակում` նկատողություն եւ խիստ նկատողություն»:

Մեր խնդրանքով մեկնաբանելով նկատողություն ստանալու հանգամանքը, էլկտրատեխնիկական դեպարտամենտի վարիչ Սուրեն Հովսեփյանը հայտնեց, որ բացակայությունները ուսանողներից շատերին է հատուկ: «Ներկայումս ուսանողների հաճախելիությունը շատ ցածր է եւ դա մարդուն գնահատելու չափանիշ չէ»: Նշեց, որ Վ. Գյուրջինյանը որեւէ վատ արարքով աչքի չի ընկել, նրա վերաբերյալ երբեւէ զեկուցում չի եղել, որպեսզի քննարկեին հարցը, «իսկ մենք նման ուսանողներ ունենք»: Ինչպես ֆակուլտետի պատասխանատուները հայտնեցին, սպասում են «մի լավ լուրի» կամ` դատարանի վճռին:


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • Ո՞վ պայթեցրեց ԱԺ պատգամավորի մեքենան
    «Ազգ» թերթի մայիսի 8-ի համարում «ԱԺ պատգամավորի 210 հազար դոլարի գրավը» հետաքննական հոդվածը տպագրվելուց մեկ շաբաթ հետո «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» այցելեցին ՀՀ գլխավոր դատախազության երկու քննիչներ: Նրանք ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի մեքենայի պայթյունը քննող քննչական խմբի անդամներն էին, որոնք հոդվածը մի լավ տնտղելուց հետո հասկացել էին, որ պարտված են:
  • Մելիքի գծերը-1
    2001 թ. դեկտեմբերի 20-21-ը ԱԺ Տրանսպորտի եւ կապի նախարարության Լոռու մարզի միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների համար անցկացրած մրցույթում հաղթող ճանաչվեց «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» ԼԸ-ն:
... կարդացեք ավելին «Հետաքննություն. «Մելիք Գասպարյան»» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ