HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Այս տարի Հայաստանից արտահանվել է 28.500 տոննա պտուղ-բանջարեղեն

2012թ. ընթացքում Հայաստանում պտուղ-բանջարեղեն և խաղող մթերող կազմակերպությունները մթերել են 215 հազար տոննա պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա 194 հազար տոննայի դիմաց, և 157 հազար տոննա խաղող՝ նախորդ տարվա 129 հազար տոննայի դիմաց:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ խաղողի 1 կգ-ի մթերման միջին գինը այս տարի կազմել է 142,1 դրամ՝ նախորդ տարվա 132 դրամի դիմաց: Դեղձը գործարանները մթերում են 50-60 դրամով, լոլիկը՝ 35 դրամով:

Այս տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 28.500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Անցյալ տարի՝ նոյեմբերի 22-ի դրությամբ, արտահանվել էր 14.200 տոննա պտուղ-բանջարեղեն, և 16.800 տոննա պտուղ-բանջարեղեն՝ ամբողջ 2011-ի ընթացքում:

Հայաստանից պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս: 2012-ի ընթացքում արտահանվել է 12.600 տոննա ծիրան, 8200 տոննա խաղող (նախորդ տարվա 3000 տոննայի դիմաց), 1600 տոննա դեղձ, 1111 տոննա կարտոֆիլ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 205 տոննայի դիմաց), 1100 տոննա կեռաս, 902 տոննա կաղամբ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 189 տոննայի դիմաց), 230 տոննա վարունգ:

Լրագրողներից մեկը նշեց, որ հայաստանցի գյուղացիները չեն կարողանում խաղողի բերքն արտահանել Վրաստան, քանի որ այդ երկիրը չի ընդունում խաղողը: Ռոբերտ Մակարյանը պատասխանեց, որ Վրաստանն ունի խաղողի ավելցուկ, և «հիմնականում արհեստական խոչընդոտները դրա հետ կապված են»:

Իսկ այն դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզում ներկայում կան կարտոֆիլի և կաղամբի իրացման խնդիրներ ու վտանգ, որ չիրացված գյուղմթերքը կարող է վերածվել անասնակերի կամ ընդհանրապես մի կողմ նետվել, բանախոսը պատասխանեց, որ անցյալ տարվա համեմատ վիճակն ավելի բարվոք է, և բոլոր մարզերից կաղամբի ու կարտոֆիլի արտահանման շեշտակի աճ կա:

«Ինչպես «Սպայկա» ընկերությունը, նաև որոշ այլ արտահանողներ այս տարի պատրաստ են արտահանելու: Ես այսօր խոսել եմ նաև «Սպայկա» ընկերության տնօրենի հետ: Իրենք արդեն կնքում են պայմանագրեր, որպեսզի դեկտեմբերի վերջին, հունվարի սկզբին սկսեն արտահանում: Մենք հիմա բանակցություն ենք տանում նաև այլ արտահանողների հետ, որպեսզի այդ խնդիրը վերանա»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

Պարզապես գյուղացիները պետք է կարողանան արտադրել որակյալ արտադրանք, քանի որ արտահանվելիք մթերքները մրցակցում են ուրիշ երկրների արտադրանքի հետ, և դրանց ցածրորակ լինելու դեպքում արտահանողները խնդիրներ կարող են ունենալ:

«Կնքվել է մոտ 6900 պայմանագիր, որոնցից 5900-ը՝ խաղողի մասով, 1000-ը՝ բանջարեղենի մասով: Գյուղացիներին տրամադրվել են 196 մլն դրամի կանխավճար և 217 մլն դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն: Որոշ կազմակերպություններ պայմանագրերը կնքել են մթերման պահին»,- 2012-ի գյուղմթերքների մթերումներն ամփոփեց Ռոբերտ Մակարյանը:

Մթերող ընկերությունների հիմնական մասը գյուղացիներին վճարել է 7-10 բանկային օրվա ընթացքում: Նոյեմբերի 22-ի դրությամբ մթերված խաղողի դիմաց գյուղացիներին վճարվել է 21 մլրդ 500 մլն դրամ (96,8 տոկոսը), չվճարած մասը կազմում է 706 մլն դրամ: Վճարվել է մթերված պտուղ-բանջարեղենի 93,4 տոկոսի դիմաց, չվճարված մասը կազմում է 300 մլն դրամ: Մթերող ընկերությունները պարտավորվել են չվճարած գումարները գյուղացիներին վճարել մինչև դեկտեմբերի 1-ը:

Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարանը, Էջմիածնի պահածոների գործարանը, Վայոց ձորի մարզում խաղող մթերող որոշ կազմակերպություններ, որոնք պարտավորվել են մթերում անել, մթերման ժամանակ փորձեցել են խուսափել: Այս ընկերությունները նշել են, որ իրենց շրջանառու միջոցներն անբավարար են, և իրենք ունեն պատրաստի արտադրանքի իրացման խնդիր:

«Տվյալ գործարաններում մենք ամրակցեցինք նախարարության պատասխանատու անձանց, որոնք ամբողջ մթերման ժամանակահատվածում հետևեցին մթերման գործընթացին, և այդ խնդիրը նույնպես վերացավ»,- ասաց Ռոբերտ Մակարյանը: «Դուք ստիպել եք, որ ընկերությունները, որոնց միջոցներ չունեն, մթերե՞ն»,- հարցրեց լրագրողը: Ռոբերտ Մակարյանը պատասխանեց, որ ոչ թե ստիպել են, այլ բանակցել և հնարավորության սահմաններում օգնել ձեռք բերել շրջանառու միջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter