HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Կատուն

Այդ առավոտ հենց իր հետ անցանք Մյասնիկյանի արձանի մոտով: Քանի որ միշտ քթի տակ էր խոսում ու մեքենա վարելիս չէր էլ շեղում ուշադրությունը, ես բարձր սկսեցի փռթկալ. էդ արձանն ինձ միշտ ուրախացնում էր՝ հաստ ու խրոխտ, պատերն՝ ամուր… «Հա, քիչ մը չամանը շատ է»,- ծոր տվեց…

Կատուն, ինչպես ես էի անվանում նրան, և վարորդս էր, և հազար տարվա ընկերս (քանի որ երկուսս էլ համոզված էինք, որ հազար տարին ոչինչ է՝ առանց մեր գոյության), և միամիտ պոռթկումներիս բացատրություն տվողը, և անխնա ծիծաղողը… Մենք սկսեցինք միասին ծիծաղել… Հետո մի երկու բառ ասացինք այն մասին, թե միասինն ինչ ուժեղ բան է, ու մարդը, առանց այլևայլությունների, երբ «միասին» է դառնում, անհավանական զգացողությունից անասելի հաճույք է ապրում… Եվ հետո էլի քթի տակ ծոր տվեց, թե էդ միասնությունն էս քաղաքինը չէ, էստեղ դրա հոտն էլ չի զգացվում:

Ես հո գիտեի՝ մորուքը, որ ծածկում էր առանց դրա էլ փոքր բերանը, ավելի շատ էներգիա էր պարունակում, քան արտահայտած ամեն բառն ու բառակապացությունը… Ասի՝ էս գիշեր տանը չեմ եղել. էդ «միասինի» պատճառով՝ գիշերել եմ վրանի տակ՝ քաղաքի ամենաճշգրիտ կենտրոնում… Մեքենայի իր սիրելի թաքստոցից մի կիտրոն հանեց ու՝ թե կեր, հիմար մտքերով ես լցվել, մաքրվի, գարուն դիմավորի, առաջին օրն է…

Ես կերա, որովհետև Կատվի մտքերն առանձնապես ծանրութեթև չէի անում. վերջիվերջո, հազար տարվա մտերմությունը, որ սովորական մուկ բռնելու կամ մկանն այլ անվանումներով դիմելու ստոյիկությամբ չէր սկսվում և չէր ավարտվում, համոզիչ ու վերջնական էր թվում:

Հենց էդ օրն էլ քաղաքն առավոտից լարվածության մեջ էր: Ես իրեն համոզում էի, որ հեռանանք մի խաղաղ տեղ, շարունակենք խոսել էդ «միասինի» մասին, բայց համառորեն զայրույթի երկրորդ նոպան բռնեց, ու սաստեց ինձ՝ արգելելով «միասին» բառի գործածումը ողջ օրվա ընթացքում… Եվ քանի որ խոստման երաշխիքը ողջ օրը միասին լինելն էր, ես սկսեցի, աչքերս արագ թարթելով, ուտել կիտրոնը:

Հետո ինձ հարցրեց, թե ժուռնալիստ լինելով՝ ինչքան խիզախություն ունեմ: Ես սկսեցի գլուխ գովել ու բարձաձայնել, որ այս կարող եմ անել, այն կարող եմ անել… Նուրբ մատները, որոնք մի տեղից սկսվում էին ու ծորում ներքև, մտան մազերիս մեջ ու համառ ժպիտով, սովորականից ավելի բարձր ասաց՝ փոքրիկս…

-Չլինի՝ ինձ մկան տեղ ես դրել,- ծիծաղեցի ես:

-Չեմ համարձակվում քեզ որևէ անուն դնել… Էս քաղաքում, տո անտերուսդուրս էս աշխարհում էլ երևի ամեն բան արդեն անուն ունի, ու մարդը մշտապես հոլովվում է, թեքում անունը, անվանակոչում այս կամ այն տխմարին… Ես ինչպե՞ս կարող եմ:

-Բայց մենք երևի մեր կյանքի ութ հարյուր քսանմեկերորդ տարում որոշեցինք, որ քեզ Կատու ենք անվանելու…

-Հա, դա էլ, էլի… Հիմա այլ մեկին Կատու անվանես, արդեն կրկնություն կլինի, իսկ կրկնությունը կանգառ է, հասկանու՞մ ես, կանգառ… Ինչքա՞ն կարելի է,- դառնությամբ արտահայտած վերջին բառերից հետո միանգամից արգելակեց ու կանգնեց էդ տարածքում պահպանված հին շենքերից մեկի մոտ ու կատվային աչքերով նայեց ինձ վրա…

-Էսօր քեզ քնել է պետք,- ամենալուրջ տոնայնությամբ ավելացրեց:

-Ես չեմ ուզում քնել,- կիսալացակումած ասացի ու շարժվեցի մեքենայի լայն նստարանի վրա՝ արձակելով ամրագոտիս:

-Ամրագոտիդ մի արձակիր նույնիսկ կանգառների ժամանակ:

Մեքենան պոկեց տեղից ու քշեց ուղիղ տանս ուղղությամբ…

- Քեզ քնել է պետք: Հոգնած ես:

Ես ամենևին հոգնածություն չէի զգում ու չարաճճի երեխայի պես փորձում էի համոզել, որ ասածը հիմարություն է, բայց երբ կատվային հայացքը մի անգամ էլ գամեց դեմքիս, այլևս ոչինչ չասացի… Կիտրոնիս վերջին մասն ուտելուց հետո նեղացած բացեցի դուռը ու չկարողանալով ինձ զսպել՝ պոռթկացի.

- Համ էլ քեզ էսօր առավոտյան տեսել եմ… Ուրիշի վրանում՝ նույն կենտրոնացված հրապարակում, երբ մի ոստիկան ձեռքդ ոլորեց ու տարավ… Չհասկացա, թե երկու ժամ հետո ոնց հայտնվեցիր Խանջյանում ու ինձ ստիպողաբար քնի ես ուղարկում:

Աչքերը սովորականից ավելի լայնացան… Հիմա համոզված էի, որ հազար տարվա ընկերս լինելով հանդերձ՝ ինձնից հարյուրավոր մկների պատմություն էր թաքցնում: Մի անգամ միայն, երբ հումորով ասաց, թե իսկական կատվային ցատկ է արել, երբ կախվել է Ազգային ժողովի ցանկապատի ճաղերից, ես բարձր ծիծաղեցի… Էն ժամանակ ես հազիվ վեց տարեկան էի ու չէի էլ կարող պատկերացնել, թե նույնիսկ ինքը՝ Կատուն, մի աննորմալ թռիչքով ոնց է կախվել Ազգային ժողովի դռներից…

Փակեցի դուռը: Բայց տեղիցս չշարժվեցի: Ինքն էլ… Մեկ էլ պատուհանը մի քիչ բացեց՝ թե սպասի, բան ունեմ տալու: Իջավ մեքենայից, բացեց բեռնախցիկն ու մի տասը կիտրոն լցրեց փեշիս մեջ:

- Ահագին ժամանակ քեզ կբավարարի,- վերջին անգամ տեսնողի պես աներևույթ մատներն էլի մտցրեց մազերիս մեջ ու խնդրեց, որ մեքենան կայանի բակումս:

Ես չընդդիմացա: Այլևս ոչ մի բառ չարտաբերելու ցանկությունս ստիպեց լցնել աչքերս, ու ես մի մատով ֆիքսեցի նրա դիմագիծը…

***

Էդ օրն, ասում էի չէ՞, քաղաքն անհանգիստ էր, Կատուն անհանգիստ էր… Ես էլ: Երեկոյան տանս սև արկղիկը միացրի: Մյասնիկյանի արձանի խոշոր սիլուետը աննշամարելի էր… Բազմությունը ծածկել էր հին շենքն էլ, Մյասնիկյանին էլ, խորհրդավոր դեսպանատան ճաղերն էլ:

«Այ թե կատուն երկրորդ անգամ ճաղերը մագլցեր»,- քթիս տակ իր պես ծոր տվեցի:

Մեկ էլ հեռախոսս զանգեց: Հաստատ Կատուն էր, մեքենան՝ մյուս հազար տարվա ընկերոջը, դրսում չէր թողնելու: Լրագրող ընկերս էր… Շնչակտուր, թե.

-Կատվին բռնել են…

-Ո՞վ, որտե՞ղ, ինչի՞,- հազար ու մի հարց էի ուզում տալ…

-Չգիտեմ, ինչ-որ մեծ-մեծ մկներ… Տու-տու-տու…

Սև արկղիկը բռբռում էր: Լսափողը դեռ ականջիս՝ լուրերի հաղորդումն էի լսում:

-Այսօր անկարգությունների հետևանքով քաղաքի Մկնային հանձնաժողովը որոշում է կայացրել: Այսուհետև և ոչ մի կատու ի վիճակի չի լինի սանձազերծել անկարգություններ քաղաքի և ոչ մի վայրում: Նրացից մեկը, ում մեքենան հայտնաբերել են անհայտ անձի շքամուտքի մոտ, դիմադրության պատճառով ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մոտակա բժշկական կենտրոն: Ճշտվում է անձնի ինքնությունը… Առայժմ այսքանը… Մկնային աշխարհի հրատապ նորություններին ծանոթացեք մեկ ժամ անց մեր եթերում…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter