HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դառը հաց - 2

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Բաքվի իշխանություններն արդեն չեղյալ էին հայտարարել Լեռնային Ղարաբաղի` ինքնավար կարգավիճակը, եւ ուժեղացող ընդդիմության լիդերները Բաքվում արդեն բացեիբաց խոսում էին բոլոր հայերին լեռներից վտարելու մասին: Մոնթեն եւ ուրիշները հավատացած էին, որ եթե թշնամուն հաջողվեր Լեռնային Ղարաբաղը գրավել, նա կանգ չէր առնի, այլ կշարժվեր արեւմուտք` մտնելով բուն Հայաստանի Հանրապետության տարածք: «Նույնիսկ եթե մենք կորցնենք Արցախը, չպետք է կարծենք, թե կռիվն ավարտվելու է», - մտորում էր Մոնթեն: Նա լսել էր, որ որոշ «մտավորականներ» Բաքվում կոմիտե էին կազմել` Զանգեզուրը` Հայաստանն Իրանի հետ կապող նեղ հողակտորը, գրավելու նպատակով: Եթե Ադրբեջանն Արցախում հաղթի, եզրակացրեց Մոնթեն, «հաջորդը Զանգեզուրն է լինելու»:

Իսկ եթե Ադրբեջանը Զանգեզուրը գրավեր եւ Հայաստանը կտրեր իր միակ` բարեկամաբար տրամադրված հարեւան Իրանից, Հայաստանը կվերածվեր Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի արբանյակի նման մի բանի: Հարկավ, դեպքերը կարող էին զարգանալ նույնիսկ ավելի վատ սցենարով, ինչպես ամեն առիթով նշում էր Մոնթեն. Ադրբեջանի ազգայնամոլ «Ժողովրդական ճակատի»` Բաքվում հզորացող ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները քարտեզներ էին տպում, որոնց վրա Երեւանն էլ (որտեղ ապրում է Հայաստանի բնակչության մեկ-երրորդը), որպես «Իրավան», հայտնվել էր մեծ Ադրբեջանի կազմում:

Մոնթեի համար, ուրեմն, Արցախում առհասարակ վտանգված էր հայ ժողովրդի գոյատեւումն իր հայրենիքի այն փոքր կտորի վրա, որը թուրքերին չէր հաջողվել կլանել: Փարիզի իր մի ընկերոջն ուղարկած նամակում նա գրել է. «Արցախի կորուստը կարող է Հայաստանի կորուստը դառնալ»:

Թեեւ նա վճռական էր` ռազմաճակատ մեկնելու, այլ հանգամանքներ շեղում էին նրա ուշադրությունը: 1991 թ. գարնանը, երբ Մոնթեն ու Սեդան նոր էին որոշել իրենց հարսանիքի ենթադրյալ օրը, «Գաղտնի բանակի» մի վետերան հեւալով ու շնչակտուր հայտնվեց նրանց դռան առջեւ: Նա վազելով բարձրացել էր հանրակացարանի աստիճաններով` հայտնելու համար, թե «Գաղտնի բանակի» մեկ այլ վետերան Երեւանում համոզել էր Համլետ անունով մի երիտասարդի, որ Մոնթեն դավաճան էր եւ ազգային պայքարի թշնամի` արժանի մահվան: Նույն օրը Համլետի դուռը թակեցին, եւ նա, այն բացելով, զարմացած հետ-հետ գնաց:

- Բարեւ, ես Մոնթե Մելքոնյանն եմ, - սառը ասաց այցելուն, - կուզեի խոսել քեզ հետ:

Համլետը գլուխը քորեց ու ներս հրավիրեց նրան: Թեյի ժամանակ Մոնթեն պատմեց 1983 թ. «Գաղտնի բանակի» շարքերում տեղի ունեցած պառակտման մասին` շեշտելով, որ, հակառակ Համլետին տրված տեղեկությանը, ինքն Անկարայի վարձու գործակալ չէր: Այցելության վերջում Համլետը խոստովանեց, որ, այո՛, մի քանի օր հետեւել էր Մոնթեին եւ պատրաստվում էր «Նաիրի» կինոթատրոնի դիմաց նրա վրա կրակել: Նա ուրախ էր, որ զրուցելու առիթ եղավ, եւ դա հետ պահեց իրեն սխալ քայլից: Հրաժեշտ տալով իր նախկին ենթադրյալ մարդասպանին` Մոնթեն սեղմեց նրա ձեռքն ու հրավիրեց իր հարսանիքին:

Մոնթեն հոգնել էր մանր խարդավանքներից: Որքան շուտ նա կարգավորեր իր գործերը Երեւանում, այնքան շուտ նա կարող էր լիովին նվիրվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը: «Մեր նպատակներից մեկն այստեղ, - գրել էր նա Հայաստանից իր ծնողներին ուղարկած առաջին նամակում, - հարսանիքի հետ կապված ձեւականությունների կարգավորումն է»: Ժամանակն ու փողը սուղ էին, բայց նա համաձայնեց Սեդայի հետ, որ կարճ քաղացիական արարողությունը բավարար չէր լինի: Այդքան ժամանակ ծնողներին, եղբորն ու քույրերին չտեսնելուց հետո նվազագույնը, որ նա կարող էր անել` բանտում ու փախուստի մեջ եղած ժամանակ իրեն սատարելու համար իր երախտագիտությունը հայտնելն էր` հրավիրելով նրանց եկեղեցական հարսանիքի:

Երբ մեր մայրը, հայրը, Մայլեն, Մարսիան ու ես 1991 թ. հուլիսի վերջին ժամանեցինք Զվարթնոց օդանավակայան, Մոնթեն դիմավորեց մեզ իր սովորական ջինսով ու ռետինե չստերով: Մենք գրկախառնվեցինք, եւ ես, նրա ուսերից բռնած դեմքին նայելով, ասացի, որ տասնուկես տարի առաջ Բեյրությում իմ տեսածի համեմատ նա բոլորովին չէր փոխվել:

- Իսկապե՞ս, - ասաց Մոնթեն` գլուխը խոնարհելով եւ ծաղրական շարժումով իր ճաղատացող գագաթը ցույց տալով, - իսկ սա՞:

Մոնթեն մեզ համար բնակարան էր վարձել Երեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա` վարդագույն տուֆով պատված անավարտ, բայց արդեն քայքայվող բարձրահարկերի մի լաբիրինթոսում: Հաջորդ օրերի ու երեկոների ընթացքում ես ու եղբայրս մղոններ քայլեցինք այդ լաբիրինթոսով, մինչ նա մանրամասն պատմում էր «Գաղտնի բանակի» վախճանի մասին: Նույնիսկ Հայաստանի սահմանների երկայնքով ընթացող կռիվների ու հարսանիքի թեժ պատրաստությունների պայմաններում, «Գաղտնի բանակի» եւ հատկապես Կառլենի ու Արամի մահվան հանգամանքների մասին իր կարծիքը պարզորոշ հայտնելը նրա համար առաջնահերթ պարտականություն էր: Ժամանակ առ ժամանակ նա աչքերը հառում էր երկնքին կամ խոժոռվում` փորձելով ոգեկոչել որեւէ անուն կամ ամսաթիվ իր գերմարդկային հիշողությունից: Ապա, առաջ քայլելով, նա նորից աչքերը հառում էր ճանապարհին` ասես հորիզոնի վրա գրված տողեր արտասաներ:

Ի թիվս այլ լուրերի, ես նաեւ իմացա, որ Մոնթեն այժմ կասկածում էր իր նախկին ենթադրության վրա` թե Շիշկոյի տղաներն էին սպանել Հակոբյանին: «Գաղտնի բանակի» պարագլխի այրի Ժանեթ Հակոբյանը շուտով հաստատելու էր Մոնթեի նոր կասկածները` թե ձգանը քաշել էին Հակոբյանի մտերիմ գործակիցները:

1991 սեպտեմբերին գրած մի հոդվածում Ժանեթը սպանությունը վերագրեց Հակոբյանի չորս ամենամերձավոր օգնականներին` Հովսեփ Ա.-ին, Վարդան Կ.-ին, Կարապետ Գ.-ին ու Ալբերտ Ա.-ին: Իսկ 6 տարի անց Հակոբյանի վաղեմի հովանավորյալ գրող Գեւորգ Աճեմյանը հաստատելու էր Ժանեթ Հակոբյանի մեղադրանքը. մարդասպաններն իսկապես հենց այն մարդիկ էին, որոնք շարունակում էին իրենց պաշտոնական հայտարարությունները զարդարել «Հակոբ Հակոբյանը ո՛ղջ է, մենք բոլորս հակոբյաննե՛ր ենք» կարգախոսով: Եվ հենց նրանք էին դեռ մեղադրում Մոնթեին ու նրա ընկերներին` ժամանակին ընդդիմանալու համար այն նույն Հակոբյանին, որի կյանքին իրենք վարազի փամփուշտներով վերջ էին տվել Հունաստանի մի մայթի վրա:

Ես նկատեցի, որ Մոնթեն երբեք ներսում լուրջ խնդիրներ չէր քննարկում, եւ կային թեմաներ, որոնց մասին դրսում էլ չէր խոսում: Երբ, օրինակ, ես նրան հարցրի աջ բազուկի վրա մնացած սպիի մասին, նա բնազդաբար թեւը հետ քաշեց, ձախ ձեռքով սպին ծածկեց եւ ուսերը թոթվեց.

- Ա՛հ, ոչինչ:

Նա նաեւ երբեք չէր հիշատակում Աթենքում մեքենայի հետեւի նստարանին նստած աղջկան: Բացի այդ, Մոնթեն դադարել էր դժվարությունների հաղթահարումը խաղ համարել: Նա նախկինում իր կերակրին երբեք այնքան աղ չէր անում, որքան այժմ: Վաղ պատանեկության տարիներին սառը ցնցուղի կողմնակից լինելով` նա հիմա լողանալու համար կաթսայով ջուր էր տաքացնում վառարանի վրա: Իսկ ամենից շատ ինձ զարմացրեց, որ նա չէր ուտում հացի փափուկ միջուկը` թողնելով այն անձեռոցիկի վրա: Ես տեսել էի ուրիշներին այդպես վարվելիս, բայց մտքովս չէր անցնի, թե Մոնթեն էլ ձեռք կբերի այդ սովորույթը. նա միշտ մինչեւ վերջ ուտում էր իր ափսեի պարունակությունը, իսկ հացը հատկապես` դա սրբության նման մի բան էր, որ չէր կարելի փչացնել: Երբ հարցրի այդ մասին, նա ասաց, որ մի անգամ քիչ էր մնացել քարն իր ատամը կոտրեր, եւ որ Սեդան իր հացի մեջ փայտի, մետաղի բեկորներ ու միջատներ էր գտել:

- Եթե դու Իրանում այսպիսի հաց ուտեիր, կիմանայիր, թե դա է ինչպես է լինում, - ավելացրեց նա:

Հացը դարձել էր երկրի թշվառության խորհրդանիշ: Ուրիշների պես Մոնթեն էլ հավատացած էր, որ նոմենկլատուրան ուտում էր միայն ընտիր սպիտակ ալյուրից թխված փափուկ հաց: Այդպիսին էր կացությունը նաեւ մյուս առաջին անհրաժեշտության ոլորտներում: Երեւանում հեռախոսակապի տխուր վիճակի վերաբերյալ փնթփնթալուց հետո, Մոնթեն մերժեց այն մաս-մաս բարեփոխելու գաղափարը` արհամարհական մի «թու՜հ» անելով ու բացականչելով. «Նրանք պետք է ողջ համակարգը դեն նետեն ու նորը դնեն»: Քաղաքի փողոցները, ճանապարհները, հիվանդանոցները, բնակելի շենքերը` բոլորն ըստ նրա պետք էր հիմնահատակ քանդել ու նորերը կառուցել:

Որոշ մեկնաբաններ եզրակացրել են, որ Երեւան գալով Մոնթեն դարձել էր կապիտալիզմի ջատագով: Հանրակացարանի մի ծանոթ` ԱՄՆ բանակի նախկին սպա, որ եկել էր ինչ-որ հետազոտական առաքելությամբ, անվերապահորեն հայտարարում էր, թե Մոնթեն հակակոմունիստ էր, քանի որ հավատում էր «տնտեսական զարգացմանը»: Սակայն դա չէր համապատասխանում իրականությանը. երբ ես եղբորս հանձնեցի իր «Հունիս 1990, սոցիալիզմ, խառնաշփոթ» մենագրության համառոտ տարբերակը եւ խնդրեցի այն պատրաստել հրատարակության, նա տխուր խոստովանեց, որ սոցիալիզմը պարտվել էր ամենուրեք, բացի Կուբայից: Ապա նա կրկին հաստատեց ձեռագրի առաջին տարբերակում արտահայտած իր ցանկությունը.

- Մենք կարող ենք միայն հուսալ, որ իրադրությունը կբարելավվի «մյուս անգամ»:

Քանի որ «Բանգլադեշի» այդ բնակարանում տեղ քիչ կար, հարսանիքի որոշ` դրսից եկած հյուրեր իջեւանեցին Մաշտոցի պողոտայի հանրակացարանում: Մոնթեն սովորություն ուներ սենյակի դուռը բաց թողնելու` այցելուներին ընդունելու համար: Ամբողջ օրը, սկսած արեւածագից, նորանոր բարեկամներ, զինակից ընկերներ ու հարեւաններ թխկացնում էին բաց դռան շրջանակը` իրենց ներկայությունն ազդարարելու համար, ու ներս գալիս: Նրանց թրքատյաց զրույցներն ինձ ուժասպառ էին անում, մինչեւ որ այլեւս ժպտալու եռանդ չէր մնում: Մի անգամ, նոր գնացած մի հյուրի` «բոլոր թուրքերին սպանելու» վերաբերյալ մտավարժանքներից համբերությունս կորցրած` ես ճակատս հուսահատորեն ափերիս մեջ առա.

- Գրո՛ղը տանի, ի՞նչ են մտադիր այս մարդիկ անել, Մոնթե՛. կարծում են, թե ուղղաթիռներ են վարձելու, որ այս երկիրը Միջին Արեւելքից բարձրացնեն ու տանեն-գցեն Խաղաղ օվկիանոսի հարավո՞ւմ»:

Եղբայրս գլուխն առաջ բերեց ու աչքերը կկոցեց, մինչ ես շարունակում էի.

- Մի օր նրանք պիտի ստիպված սովորեն իրենց հարեւանների հետ ապրել:

Նախքան Մոնթեն կհասցներ արձագանքել, մի ուսանողուհի, որ միջանցքից պատահաբար լսել էր իմ դիտողությունը, գլուխը բաց դռնից ներս մտցրեց: Համարյա արտասվելով` նա ասաց, որ իմ խոսքն իրեն հանգստացրեց. վերջապես մեկն բարձրաձայնում էր այն, ինչի մասին ինքը երկար մտածել էր: Երբ նա գնաց, ես ինձ մեղավոր զգացի, որ խոսել էի միջանցքում լսելի լինելու չափ բարձր: Նաեւ զղջացի, որ նման հավակնոտ ելույթ էի ունեցել: Մոնթեն այդ ամենի համար մեղավոր չէր:

Քիչ անց երկու մորուքավոր մարդ մտան հանրակացարանի սենյակը` կատակախառն ողջույններով: Նրանք զինվորական հագուստով էին, մեկի ձեռքին` AKSU ինքնաձիգ, որի կարիքը թերեւս կարող էր ունենալ միայն որեւէ «բիզնեսմենի» թիկնապահ: Մոնթեն առիթն օգտագործեց` ներկայացնելու ինձ իր ջոկատի անդամներին: Նրանցից ավելի թխադեմի անունը «Քաչալ Սերգեյ» էր` շնորհիվ փայլող գագաթի: Նրանք Մոնթեի ջոկատի հետ միասին 1991-ի մարտին ճամփորդել էին Իջեւան, եւ ապա «Հատուկ նշանակության խմբից» տեղափոխվել «Հայրենասիրական ջոկատ»: Մի քիչ կատակելուց հետո հյուրերը հեռացան: Հենց որ ոտնաձայները միջանցքում մարեցին, ես Մոնթեին անգլերեն ասացի.

- Լավ տղաներ են, բայց դու գիտես, որ եթե կես հնարավորություն էլ տաս նրանց, ադրբեջանական մի ամբողջ գյուղ կջնջեն երկրի երեսից...

Մոնթեն ինձ չառարկեց:

- Մենք կարող ենք մոռանալ ինտերնացիոնալիզմի ու նման բաների մասին, -ասաց նա հանգիստ ձայնով. - առաջին հերթին այս մարդկանց պետք է սովորեցնենք չսպանել խաղաղ բնակչությանը:

Օրեր անց, մի առավոտ, ես Մոնթեին ուղեկցեցի դեպի Հոկտեմբերյան (շուտով վերանվանվելու էր «Տիգրան Մեծ») պողատայի վրա գտնվող մի դարպասով շինություն: Պիտի դիմեինք ՕՎԻՐ` հարսանիքի հյուրերի մուտքի արտոնագրերը երկարացնելու նպատակով: Դարպասի առաջ, մայթի վրա, մենք խցկվեցինք մարմինների մի կույտի մեջ, որը հերթի հայկական տարբերակն էր: Մեզ երկու կողմից հրմշտող խնդրարկուների մեծ մասը եկել էր` արտագաղթելու փաստաթղթեր ստանալու:

Ես զննեցի բազմությունը. սրանք էին Մոնթեի հայրենակիցները` մարդիկ, որոնց համար նա սպանել էր, մարդիկ, որոնց համար սպանվել էին նրա ընկերները, մարդիկ, որոնց համար նա տարիներ էր անցկացրել բանտում: Եվ ահա նրանք այնտեղ էին, այդ առավոտ` հարյուրներով եւ այդ շաբաթ` հազարներով. նրանք գրեթե բառիս բուն իմաստով տրորում էին միմյանց` իրենց «նորանկախ» հայրենիքը լքելու համար:

Տեսարանը երկուսիս էլ շփոթեցրեց: Կարծես մի խելագար մեզ փողոցում հայհոյել էր: Այդ ամբոխի մեջ կանգնած` ես չէի կարողանում Մոնթեին հարցնել. արդյոք նրան մտածել չէ՞ր տալիս այն հանգամանքը, որ իր այդքան մեծաթիվ հայրենակիցներ կարող էին մի երեկո խռպոտ ձայնով հրապարակներում պահանջել «մեր հողերը», իսկ մյուս առավոտ հայտնվել ՕՎԻՐ-ում` Լոս Անջելես գնալու արտոնագիր աղերսելու: Ավելի ուշ ես նրան հարցրի այդ մասին` հնարավորին չափ մեղմ ձեւով:

- Մարդկանց հեռանալը չի նշանակում, թե նրանք անկեղծ հայրենասեր չեն, - պատասխանեց նա հանդարտ, բայց սովորականից բարձր ձայնով: Պատասխանն այնքան հուզիչ ու սրտաբուխ էր, որ ես առարկելու սիրտ չունեցա:

Ժամանակի մեծ մասը ես կրնկակոխ հետեւում էի Մոնթեին` զարմանալով, թե 1985 թ. իմ առաջին այցելությունից հետո որքան էին փոխվել քաղաքն ու նրա բնակիչները: Երեւանն անխնամ էր, մարդիկ` ավելի անբարեհամբույր ու գրգռված: Իմ եղբայրը, սակայն, ինչ-որ առումներով բոլորովին չէր փոխվել: Մի առավոտ ես նրա հետ գնացի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող գրասենյակներից մեկը` հրատարակության պատրաստվող մի ձեռագիր սրբագրելու համար:

Մտնելով քարանձավանման գրասենյակը` առաջին բանը, որ նկատեցի, այնտեղ ներկա միակ անձնավորությունն էր` մի ճկունիրան մեքենագրուհի` կարճ շրջազգեստով ու ժանյակավոր կրծկալը հմտորեն ցուցադրող վերնաշապիկով: Մոնթեն ուղիղ գնաց համակարգչի մոտ, թմփալով նստեց աթոռին` նրա օծանելիքի մշուշի մեջ, եւ սկսեց էկրանի վրա զննել տեքստը: Մտքերի մեջ դեմքը խոժոռելով` նա տեղ-տեղ կանգ էր առնում` փոփոխություն առաջարկելու կամ հարցեր տալու համար: Իսկ գեղեցկուհին կռացած էր ճիշտ Մոնթեի ուսի վերեւում` մազերը քսելով նրա ականջին:

Ահա մի տղա, որ կարող էր խավարի մեջ ամենաչնչին շարժումը նկատել, բնազդով կանխորոշել հակառակորդի հաջորդ քայլը` մինչեւ հակառակորդն ինքը որեւէ միտք հղանար, եւ հարյուրավոր յարդ հեռվից դավաճանության հոտն առնել: Բայց նա ամբողջովին ու անհույս կերպով անգիտության մեջ էր լինում, եւ նրա «միացման կոճակն»` անջատված (ինչպես բնորոշեց Սեդայի ընկերուհիներից մեկը), երբ գործը հասնում էր իրեն շրջապատող կանանց ռոմանտիկ նկրտումներին: Վերջին էջն ավարտելուց հետո նա վեր կացավ, մի խուրձ թղթապանակներ խոթեց թեւի տակ, գլխի բարեհամբույր շարժումով շնորհակալություն հայտնեց պարզամիտ օրիորդին եւ դռնից դուրս թռավ` շտապելով հաջորդ հանդիպմանը: Ես հետեւեցի նրան ու երբեք մատնացույց չարեցի այն, ինչն ակնհայտ կլիներ ուրիշ տղամարդկանց համար:

Հարսանիքից մի քանի օր առաջ ես Մոնթեին կանգնեցրի մեր բնակարանի միջանցքի` ողջ հասակը ցույց տվող հայելու առջեւ ու մեկ-երկու պարզ պարային շարժում արեցի: Երկուսս էլ վստահ էինք, որ հարսանյաց հանդեսի ժամանակ բոլորն աչքերը հառելու էին հարսի ու փեսայի առաջին պարին, եւ ես գիտեի, որ Մոնթեն սարսափում էր այդ հեռանկարից: Նա իր կյանքի շատ պահեր չէր անցկացրել հայելու առաջ եւ ատում էր այն, իսկ պարի շարժումներն ընդօրինակելու նրա փորձերն ահավոր էին: «Կորած երեխա՛», - բացականչեց Սեդան` դիտելով այդ տեսարանը: Դա շռայլ գովասանք էր, որովհետեւ նա պարում էր ավելի շուտ կրկեսի արջի, քան կորած երեխայի նման: Մինչեւ այսօր չեմ հասկանում, թե ինչու Մոնթեն` շնորհալի բեյսբոլիստը, որ նաեւ քերծեի նման վազել ու ջրասամույրի պես լողալ գիտեր, կարող էր այդքան վատ պարող լինել:

Հարսանիքի առավոտյան, օգոստոսի 3-ին, ես ընտանիքի բարեկամ Վահրամի հետ գնացի Հրազդանի կիրճով հոսող գետի մոտ` լվալու նրա կանաչ «վիլիսը», որը պիտի հարսի ու փեսայի «լիմուզինը» լիներ: Երբ Մայլեն եւ Սեդայի քույրերից մեկը վարդեր ու սպիտակ ժապավեններ կապեցին մեքենային, Վահրամը հարսին փոշոտ գալարապտույտ ճանապարհով տարավ Գեղարդի լեռները` հրաբխային ժայռի մեջ հազար տարի առաջ փորված վանքը: Սեդայի հագին եվրոպական ոճի հարսանեկան զգեստ էր, որ կարել էր նրա քույրերից մեկը, իսկ Մոնթեի հագին` մի պարզ եվրոպական կոստյում, որ սեւ կտորից կարվել էր մի քանի օր առաջ:

Դա նրա` ավելի քան 10 տարվա մեջ ունեցած միակ կոստյումն էր: Նա նաեւ մեկից փողկապ էր վերցրել այդ օրվա համար, եւ քանի որ սեփական ժամացույց չուներ (քանզի վաղուց հրաժարվել էր իր անունը կրող «Սեյկո»-ից, երբ այն դադարել էր ժամանակը ցույց տալ), ուստի նրա ձեռքին մի հին «Սիթիզեն» էր, որ Սեդայի տատիկն էր ժառանգություն թողել: Քարանձավանման մատուռի ներսում ես ավանդական խաչը պահել էի հարսի ու փեսայի գլխավերեւում, մինչ քահանան վարում էր արարողությունը: Երբ նորապսակները վերջապես դուրս եկան արեւի լույսի տակ, հյուրերը, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, ոլորապտույտ հողե ճանապարհով իջան դեպի մի ժայռոտ ձորակի վրա թառած ռեստորանի ընդունելությունների սրահը:

Պարոն Գպրանյանն առաջարկեց խմել իր նորաթուխ փեսայի կենացը: Նա Մոնթեին չէր տեսել 8 տարի` այն գիշերվանից հետո, երբ Այնճարում երիտասարդն անհետացավ Զավեն Թաշճյանի մթերային խանութում: Պարոն Գպրանյանն ասաց, որ միշտ հարգել էր իր դստեր փեսացուին, բայց ընդունեց նաեւ, որ երկար ժամանակ ընդդիմացել էր նրանց ամուսնությանը:

Մոնթեն Սեդային վտանգի էր ենթարկել եւ երբեք որեւէ տեղ հաստատվելու նշաններ չէր ցուցաբերել: Այո՛, պարոն Գպրանյանն այնքան դեմ էր ամուսնությանը, որ մի անգամ նույնիսկ սպառնացել էր հրաժարվել աղջկանից, եթե նա ամուսնանար իր բանտարկյալ սիրեցյալի հետ: Հենց որ Մոնթեն իմացել էր այդ մասին, Poissy բանտից հեռաձայնել էր պարոն Գպրանյանին` բուռն «Բարեւ՛, հայրիկ» ողջույնով: Հայտնելով Սեդայի հանդեպ իր սերը` Մոնթեն ապագա աներոջը խոստացել էր ամեն ինչ անել` նրան ապահով ու երջանիկ պահելու համար: Միայն դրանից հետո պարոն Գպրանյանը հավատացել էր, որ Մոնթեն լավ փեսա էր լինելու:

Պարոն Գպրանյանի կենացից հետո Մոնթեն զգաստ կանգնեց սեղանի գլխին` աչքերը հառած ընդունելությունների սրահի պատից այն կողմ մի հեռավոր կետի: Երաժշտությունը դադարեց, եւ բոլոր հյուրերը լռեցին: Մոնթեն բարձրացրեց «օղի» կոչվող զուլալ խմիչքի բաժակն ու առաջարկեց Ալեքի եւ «մյուս ընկերների կենացը, որոնք այսօր մեզ հետ չեն»: Նույնիսկ Մոնթեի կյանքի այդ ամենաուրախ օրը Կառլենն ու Արամը համարյա շոշափելիորեն ներկա էին: Լռություն տիրեց, եւ Սեդան երգեց «Ղարաբաղի ողբը»` Մոնթեի սիրած երգերից մեկը:

Դհոլները հնչեցին ողջ գիշեր, եւ գինին հոսեց մինչեւ վաղ առավոտ: Մեր հոր պնդումով` նորապսակներն իրենց մեղրամիսի առաջին գիշերն անցկացրին Երեւանի «Դվին» հյուրանոցում:

Հարսանիքից 2-3 օր հետո ես Մոնթեի հետ գնացի ինչ-որ «լավ տղաների» հետ ենթադրյալ կարճ հանդիպման` Երեւանից 10 մղոն դեպի հարավ, ճանապարհի վերջում ծվարած Մասիս քաղաքում, որ 10000 բնակչություն ունի: Քաղաքացիները ոչ վաղուց վտարել էին իրենց ադրբեջանցի հարեւաններին եւ ընտրել մի երիտասարդ, ազգայնական քաղաքային խորհուրդ: Մեր գնալու նպատակն էր` կարգավորել «Հայրենասիրական ջոկատի» կողմից «ԳԱԶ 66» երկառանցքանի ռազմական բեռնատարի օգտագործման հարցը (հավանաբար այն բռնագրավվել էր մի վտարված ադրբեջանցի հարեւանից): Ես նախկինում էլ լսել էի այդ նշանավոր բեռնատարի մասին. Մոնթեն հավատացած էր, որ այն առաջինն է լինելու իր ջոկատի տրամադրության տակ դրվելիք ռազմական մեքենաների պատկառելի շարժակազմի մեջ:

Գալով Մասիս` մենք հայտնվեցինք քաղաքապետարանի պատի տակ ու նստեցինք այնտեղ դրված աթոռներին: Կես տասնյակի չափ 20-30 տարեկան տեղացի ծառայողներ հանքային ջուր էին խմում ու քննարկում հետ-խորհրդային հավանական վարչակարգը: Գլխավոր հավակնորդներն էին միապետությունը կամ իսրայելական մոդելը: Երկրորդ դեպքում Հայաստանը պիտի դառնար Քեռի Սեմի տրամադրության տակ դրված մի կայազոր: Մոնթեն լուռ էր, մինչ նրանք շարունակ միապաղաղ ձայներով նկարագրում էին Հայաստանի փառահեղ ապագան Նոր Աշխարհակարգում: Մի պահ ես միջամտեցի զրույցին ու հարցրի. արդյոք նրանք հաշվի առե՞լ են այն հնարավորությունը, որ Հայաստանը կարող է շուտով հայտնվել նույն դժվար կացության մեջ, ինչպես մի քանի տասնյակ այլ աղքատացած կապիտալիստական «դեմոկրատական» երկրներ Ասիայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում:

- Է՜հ, - ինքնագոհ տեսքով ասաց մի երիտասարդ պաշտոնյա, - էդ կապիկները նախ պիտի ծառերից իջնեն, հետո նոր քայլել սովորեն:

Ես նայեցի եղբորս, որ խորասուզված տեսքով նստել էր աթոռին ու խուսափում էր հայացքով ինձ հանդիպելուց: Նա գիտեր, թե ինչ եմ մտածում, ես էլ գիտեի, որ նրա համար պարզ է, թե ինչ եմ մտածում:

Հանքային ջրի եւս մի տասնյակ շշերից հետո Մոնթեն վերջապես ընդհատեց վեճը` կրկնելով հարցերի հարցը` ո՞ւր է բեռնատարը: Զրուցակիցներից մեկը պատասխանեց, որ, ցավոք, իրենց չէր հաջողվել մեքենայի տեղը պարզել: Ինքներս մեզ հայհոյելով` մենք գնացինք դեպի մեր մեքենան: Երբ «Լադան» խճաքարով պատած ճանապարհով ճարճատյունով դուրս էր գալիս Մասիսից, ես նկատեցի դաշտի եզրին ժանգոտող մի «ԳԱԶ 66»: Չորս անվադողերն էլ տափակած էին, տակը հաղորդակների բարձրությամբ խոտ էր աճել, եւ ես վստահ չէի, որ մեջը շաժիչ կար:

- Սա՞ է քո բեռնատարը, - հարցրի կողքս նստած եղբորս, որ հայացքն ուղղել էր այդ ավերակին:

- Հա՜, - ասաց նա` հավասարապես շփոթված ու զարմացած:

Պատասխանն ինձ տարավ անցյալ, երբ Բեյրութում Մոնթեի հետ գնացել էինք հերթական «լավ տղայի» բնակարան: Ենթադրվում էր, թե նա պիտի եղբորս ընկերակցեր հեղափոխական ինչ-որ գաղտնի ձեռնարկում: Հեղափոխության փոխարեն, սակայն, այդ «լավ տղան» մի ողջ ցերեկ մեզ զբաղեցրեց «Սուպեր-8» կինաժապավենի վրա նկարահանված հոգեմաշ էժանագին western-ներով:

«Լավ, համարե՛նք սա մի կորած ցերեկ», - տուն գնալիս նույն շփոթվածության ու զարմանքի ձայներանգով ասել էր ինձ Մոնթեն: Այժմ, 12 տարի անց, պատմությունը կրկնվեց: Ես թեւս գցեցի եղբորս ուսով: Որքան էլ դոնկիխոտական` այդ հուսահատ մարդկանց հանդեպ նրա հավատի մեջ ինչ-որ սրտառուչ բան կար:

Մի երկու օր անց, Մոնթեն ինձ ուղեկցեց օդանավակայան. ես պետք է թռչեի Մոսկվա` Չիկագո վերադառնալու համար: Թռիչքը սովորականի պես հետաձգվեց, այնպես որ մենք թափառում էինք սպասասրահում: Ուշացումը հնարավորություն տվեց անդրադառնալու մի թեմայի, որը քննարկելուց Մոնթեն խուսափում էր: Երկու շաբաթ առաջ ես փորձել էի երեխաների հարցը բարձրացնել, բայց Մոնթեն աչքերը պտտեցնելով փակել էր այն: Նա իր առաջնահերթ խնդիրներն արտահայտել էր 1988 թ. Poissy բանտում գրած մի հոդվածում. «Ամենակարեւոր ազգային պարտավորությունն այսօր մեր պայքարին մասնակցելն է: Ով անձամբ չի մասնակցում հիմա, չպետք է փորձի այդ թերին լրացնել` դաստիարակելով մի նոր սերունդ, որի վրա կընկնեն իր չկատարած պարտականությունները»:

Բայց մի՞թե դրանից առաջ, 1983 թ., նա չէր նշել մեկ այլ պարտավորություն` լույս աշխարհ բերել Կառլեն Անանյանի ու Արամ Վարդանյանի անունները կրողներին: Եվ մի՞թե Մոնթեն երջանիկ չէր եղել, երբ «Բանգլադեշի» բնակարանում գզվռտվել էր այցելության եկած իր քրոջ երեխաների հետ` մինչեւ ծնողները թե՛ երեխաներին, թե՛ քեռուն կզգուշացնեին, որ նրանք կարող են կահույքը կամ այլ առարկաներ փչացնել:

Օդանավակայանում, երբ ես բարձրացրի երեխաների հարցը, Մոնթեն ինձ զարմացրեց: Փոխանակ հարցից ազատվելու կատակով կամ քիթը կնճռոտելով` նա նախ լսեց, հետո պատասխանեց: Այո՛, ինքն ու Սեդան մանրամասնորեն խոսել էին այդ մասին, բայց հիմա հարմար ժամանակ չէր: Ինքը դեռ երկրում օրինական կարգավիճակ չուներ, եւ իրենք ապրում էին հանրակացարանում: Իսկ ավելի կարեւոր էր այն, որ եթե Սեդան հղիանար, ինքն ուզելու էր «օրվա բոլոր պահերին նրա հետ լինել»: Ինչպե՞ս պետք է այդ աներ, երբ շուտով, հավանաբար, Լեռնային Ղարաբաղում ցատկելու էր խրամատի մեջ: Ոչ ինքը կարող էր միաժամանակ երկու տեղում լինել, ոչ էլ Սեդան կարող էր իրեն միանալ խրամատներում` առնվազն հղիության վերջին երեք ամիսների ընթացքում:

- Պարզապես արա՛ այդ, - ասացի ես, - արա՛ հիմա, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:

Նա հոգոց հանեց, նայեց իմ գլխավերեւն ու ասաց.

- Տեսնենք...

Իմ թռիչքը հայտարարվել էր: Ես գրկախառնվեցի մանուկ եղբորս հետ:

Միշտ խուսափելով զգացմունքները հրապարակավ ցուցադրելուց` Մոնթեն մի կոպտավուն «Չէէ՜...» արտաբերեց. կարծես բեյսբոլի մանկական թիմի անդամը քառորդ դարի ընթացքում չէր մեծացել:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter