HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինձ «Ավո՛» ասեք

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

1991 թ. օգոստոսի 19-ի առավոտյան Մոնթեն միացրեց իր ռադիոընդունիչն ու խոժոռադեմ լսեց BBC-ի հաղորդագրությունը Մոսկվայից: Ռուսաստանի ալիքները բռնող երեւանցիներն այդ առավոտ լսեցին Չայկովսկի` «պուտչի» երաժշտությունը:

Մոսկվայի հեռուստաալիքներից մեկը մի տեսահոլովակ էր ցուցադրում, որի վրա եղջերուն լճակից ժամերով ջուր էր խմում, իսկ մի այլ ալիք ցույց էր տալիս «Կապիկների մոլորակը» ֆիլմը: Երեւանից իմ հեռանալուց մի քանի օր անց երեք բարձրաստիճան խորհրդային պաշտոնյա` ՊԱԿ-ի ղեկավար Կրյուչկովը, պաշտպանության նախարար Յազովը եւ փոխնախագահ Յանաեւը պետական հեղաշրջում էին կատարել գերագույն քարտուղար Գորբաչովի դեմ, որին նրանք մեղադրում էին երկիրը քանդելու համար:

Նույնիսկ երբ զրահամեքենաները դիրքեր գրավեցին Երեւանի խաչմերուկներում, Լեւեւոն Տեր-Պետրոսյանը դատապարտեց հեղաշրջումը եւ իր աջակցությունը հայտնեց Գորբաչովի մրցակից` Ռուսաստանի Դաշնության նախագահ, գնալով ավելի մեծ ժողովրդականություն վայելող Բորիս Ելցինին: Մի քանի օրից, որոնց ընթացքում Երեւանում որեւէ կարեւոր իրադարձություն տեղի չունեցավ, հեղաշրջումը ձախողվեց` չգտնելով ժողովրդի աջակցությունը: Շուտով Ելցինը կատարելու էր իր հակա-հեղաշրջումը` դարձյալ Գորբաչովի դեմ, եւ կայսերական Ռուսաստանի սպիտակ-կապույտ-կարմիր դրոշը բարձրացնելու Կրեմլի վրա: Այդ միջոցին Երեւանում Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) կարմիր-կապույտ-նարնջագույնը կրկին ծածանվում էր կառավարական շենքերի վրա` 70 տարի նավթալինի մեջ մնալուց հետո: 

Մոնթեն հանգիստ կանգնել էր իր հանրակացարանի սենյակի լուսամուտի մոտ եւ դիտում էր, թե ինչպես է փողոցում վերակենդանանում առավոտյան երթեւեկությունը: Poissy բանտից մի երկու տարի առաջ գրելով` նա նկարագրել էր Հայաստանի անկախության պահանջը (անդիմադրելի մի ուժ ստիպում էր նրան այդ բառը դնել չակերտների մեջ) որպես «ազգային ինքնաոչնչացման», «աղետի» եւ «դիմակավոր մղձավանջի» կոչ: «Չնայած ամեն կողմից հնչող քննադատությանը, - գրում է նա, - փաստորեն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բնակիչներն այսօր վայելում են ավելի բարձր կենսամակարդակ ու անվտանգություն, քան երբեւէ հայերն ունեցել են իրենց երեքհազարամյա պատմության ընթացքում»: Բայց այժմ օգոստոսյան հեղաշրջման փորձի եւ Յելցինի հակա-հեղաշրջման արդյունքում ոչինչ չէր մնում անել, բայց միայն փաստացի իրավիճակից հնարավորինս օգուտ քաղել:

Ռուսական բանակը եւ Ներքին գործերի նախարարությունն իջեցրին կարմիր դրոշն ու դադարեցրին իրենց գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Հենց որ ռուսները հեռացան, ազատ դաշտ ստեղծվեց հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ռազմական հակամարտության ծավալման համար: 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը եւ Շահումյանի շրջանի տեղական կառավարման մարմինն ազդարարեցին Ադրբեջանից անկախ փոքր հայկական պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադրումը: (Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե Ադրբեջանը կարող էր դուրս գալ Խորհրդային Միության կազմից ինքնորոշման իրավունքով, ինչո՞ւ Ղարաբաղը չէր կարող դուրս գալ Ադրբեջանի կազմից նույն պատճառաբանությամբ):

Տեր-Պետրոսյանը, սակայն, պաշտոնապես չէր կարող ճանաչել «մայր Հայաստանից» դեպի արեւելք գտնվող նորաստեղծ պետությունը. նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետությունը քարուքանդ էր սեյսմիկ ու սոցիալական ցնցումներից, եւ նա հնարավորություն չուներ կատարելու մի քայլ, որ համազոր կլիներ Ադրբեջանին պատերազմ հայտարարելուն: Ադրբեջանի իշխանություններին, սակայն, շատ չհուզեց Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից դիվանագիտական հեռավորության վրա մնալու Տեր-Պետրոսյանի փորձը: Նրանք գիտեին, որ Պաշտպանության նախարարության նրա զինակիցները վառելանյութ, սննդամթերք ու զինուժ էին մատակարարում Լեռնային Ղարաբաղի անջատողականներին, ուստի խստացրին Հայաստանի Հանրապետության աղետալի շրջափակումը: Նրանք գրազ էին գալիս, որ եթե կարողանային խեղդել Հայաստանը տնտեսապես, Լեռնային Ղարաբաղի ապստամբությունը կմարեր:

Միեւնույն ժամանակ գեներալները Մոսկվայում ապստամբությունը որպես առիթ օգտագործեցին` անհնազանդ Ադրբեջանն ու նրա նավթի հանքերը Ռուսաստանի շահերի ոլորտ վերադարձնելու համար: Ռուսական զորքերը` «մեր խարտյաշ եղբայրները», ինչպես մի հայ սպա նրանց ինձ մոտ բնորոշեց հեգնական կիսաժպիտով, Երեւանում մնացին իրենց դիրքերում:

Ռուսաստանի կայսերական դրոշը Կրեմլի վրա բարձրացնելուց մի քանի օր հետո անցյալից մեկ այլ դեմք թակեց Մոնթեի դուռը Երեւանում: Միրիամ Գոմը` մի համակրելի թղթակից, հեղաշրջման հետեւանքներն էր լուսաբանում ֆրանսիական lգEvռnement պարբերականի համար: Մոնթեն առաջին անգամ այդ կնոջը հանդիպել էր Փարիզում, «Արդարադատության պալատում», Ֆրանսիայից իր վտարումից մի քանի օր առաջ: 1989 թ. տեղի ունեցած 20 րոպեանոց հայցազրույցի ընթացքում Գոմը զարմացել էր, որ սարսափելի ահաբեկիչն իրականում քաղաքավարի, զվարճալի ու խելացի էր` իր սպասած մարտաշունչ մոլեռանդից բոլորովին տարբեր: Այժմ, իրենց վերջին հանդիպումից մոտ 3 տարի անց, Գոմը եկել էր այցելելու նրան Երեւանում: Երբ Մոնթեն առաջարկեց ուղեկցել նրան Ղարաբաղում որպես թարգմանիչ, Գոմը շնորհակալությամբ ընդունեց առաջարկը: 

Սեպտեմբերի 12-ին Սեդան մի բաժակ ջուր լցրեց ճանապարհին, երբ ամուսինը մեկնում էր Էրեբունի օդանավակայանի ռազմական բաժինը` Լեռնային Ղարաբաղում իր առաջին ճամփորդության առաջին փուլն սկսելու: Քիչ հետո Մոնթեն ու Գոմը պայուսակները ձեռքներին կտրեցին-անցան թռիչքադաշտն ու տեղավորվեցին մի հին МИ-8 ուղղաթիռի թունելանման ճամփորդասրահի նստարանին: Ուղղաթիռն այն 6 կամ 7 տարիքավոր քաշող ձիերից էր, որոնց վրա դեռ երեւում էին «Աերոֆլոտի» նարնջագույն ու կապույտ գունաթափ տարբերանշանները` հիշեցնելով իրենց նախկին` տեղական փոխադրամիջոցի գործառույթը: Քանի որ Արցախը բոլոր կողմերից շրջապատված էր Ադրբեջանով, եւ բոլոր ավտոճանապարհները փակ էին, ուղղաթիռներն էին Հայաստանի հետ օդային կամուրջ ապահովում:

Օդաչուի իր խցիկից Ռաֆոն դիտում էր, թե ինչպես էին զինվորները ուղղաթիռի ետեւամասում բարձում ալյուրի ու բրնձի պարկեր, դիզելային վառելանյութով տարաներ, փամփուշտների արկղեր: Ուղղաթիռը նախատեսված էր առավելագույնը 30 ուղեւորի համար, բայց երկու անգամ ծանր բեռ էր տանելու: Շարժիչի պտույտների աղմուկը վերաճեց զորեղ հռնդյունի: Մոնթեն դարձավ դեպի Գոմն ու բղավեց շարժիչի ձայնի մեջ լսելի, բայց ոչ շատ բարձր ձայնով.

- Այսուհետեւ ինձ «Ավո՛» ասեք:

Նա Երեւանում էր թողնում իր իսկական անունը, որի հետ նաեւ` «Գաղտնի բանակի» հետ կապված անցյալը:

Մեղմ օրորվելով` գերբեռնված ուղղաթիռը հեւոցով գնում էր դեպի արեւելք` Հայաստանի Հանրապետությունն Արցախից բաժանող նեղ ժայռոտ արանքի վրայով: Հակաօդային հրաձիգներից խուսափելու համար այն ընթանում էր լեռների բարձրացող կատարների երկայնքով` ամենաբարձր սոճիներից վեր` հասնելով ծովի մակերեւույթից 3000 ոտնաչափ բարձրության: Այն ձախ թեքվեց` թռչելով դեպի հյուսիս, Արցախի ամենահյուսիսային սահմանից այն կողմ գտնվող հայաբնակ մի տարածք: Դա Գյուլիստանն էր` «Վարդերի երկիրը»:

Ուղղաթիռը վայրէջք կատարեց մի ցածր բլրի վրա, իսկ գյուղացիները սաստկացող աղմուկով գրոհում էին այն: Կոպիտ, չսափրված, հնամաշ կոստյումներ հագած լեռնցիները պտտվող շարժիչների ձայնի միջից ողջույններ էին բղավում, իսկ անհեթեթ զգեստներով դպրոցական աղջիկները եւ կապույտ ու դեղին ծաղկավոր գլխաշորերով կարճահասակ կանայք բարձրացած փոշու մեջ ուրվականների նման առաջ էին խցկվում: Բղավող գյուղացիները բեռնաթափում էին «կատյուշա» հրթիռներ, մի խրտնած ձի ծառս էր եղել, իսկ զինվորական հագուստով մի հայր ուղղաթիռի պատուհանից ներս էր հրում իր փոքրիկ` մազերի մեջ սպիտակ ժապավենով աղջկան: 

Մոնթեն վերցրեց իր պայուսակն ու դուրս ցատկեց ուղղաթիռից: Երբ կանգնած տեղից նայում էր ներքեւ` հորիզոնին, նրան թվում էր, թե կարող է տեսնել երկրագնդի կորությունը: Կյանքի կեսը նա անցկացրել էր մութ, նեղ տեղերում: Այժմ կանգնած էր քամուց մտրակվող բլրի վրա` վերեւում ոչինչ, բացի կապույտ երկնքից, շուրջն էլ ոչինչ, բացի արեւի լույսից: 

Մոնթեն ու Գոմը մագլցեցին միկրոավտոբուսի մեջ, որը ցնցվելով շարժվեց անասֆալտապատ ճանապարհներով` անցնելով կարտոֆիլ փորող-հանող կանանց, գոտկատեղին պարան կապած երեխաների մոտով: Ադրբեջանցիները վաղուց զրկել էին շրջանն էլեկտրականությունից ու վառելիքից` նախքան հյուսիս-արեւմուտքում գտնվող գյուղերից փախստականներ կգային:

- Ես չէի կարող պատկերացնել, թե որքան ավելի աղքատ ու հետամնաց էր այդ տարածքը` նույնիսկ Հայաստանի` ամենավատ վիճակում գտնվող գյուղերի համեմատ, - գրում էր Մոնթեն մեկ-երկու շաբաթ անց, - կարծես Աֆղանստանի լեռներում լինեի:

Երբ նրանք մտան Շահումյան քաղաքը, այնտեղ բազմաթիվ` հավանաբար մոտ 200 տղամարդիկ կային. նրանք թրեւ էին գալիս կամ պպզել էին` գունաթափ կոստյումներով ու ջարդված, կրունկները մաշված կոշիկներով: Մոնթեն ճանաչեց 2-3 փոքր ջոկատների մարտիկների` խառնված կողքի գյուղերից եկած մոտ 40 կամավորների հետ: Ոմանց ծնոտներին պատանեկան աղվամազեր կային, ոմանք էլ ալեխառն բեղերով էին: Մեծ մասն անկոշիկ էին, շատերն առանց համազգեստի, եւ ոմանք առանց հրազենի էին: Նույնիսկ համազգեստավորները զինվորական հագուստի, կամուֆլյաժի ու դահուկորդի համազգեստի աններդաշնակ շորակույտ էին կրում: Բացառություն էին կազմում երկու խումբ ահազդու մարդիկ` սեւ համազգեստներով ու վեր ոլորած բեղերով: Նրանց գոտիներից դաշույններ ու սվիններ էին կախված: Դրանք «Արաբո» եւ «Արամո» ջոկատների մարտիկներն էին:

Այդ գիշեր Շահումյան քաղաքի շտաբում Մոնթեն, այժմ` Ավոն, կախ ընկած ծալովի մահճակալից դոշակը քաշեց-գցեց գետնին, պառկեց ու մտքերի մեջ ընկավ, մինչեւ որ կարողանար ննջել: Մթան մեջ մարդիկ էին գնում-գալիս, փամփշտակալները չխկացնում ու զրնգացնում: Մոնթեն լսում էր: Դա չափազանց մեծ իրարանցում էր` պաշտպանական պատրաստություն լինելու համար: Ձայները պատկանում էին հարձակման համար գոտեպնդվող մարտիկների: Հավանաբար մեկը որոշել էր, Շահումյանի բնակիչներին տեղահանելու փոխարեն, հարձակվել ОМОН-ի դիրքերի վրա: Մոնթեն խոժոռվեց. ափսոս որ սպորտային կոշիկներով ու անզեն էր եկել այդ լեռները:

Մյուս առավոտ Մոնթեն ու Գոմը Գոռի` 21-22 տարեկան մի նիհար մարտիկի ուղեկցությամբ գնացին զինապահեստ: Այնտեղ կողք-կողքի պատին հենված էին հին ժանգոտած Mosin-Nagant-ներ ու նոր պսպղուն մարտական ինքնաձիգներ, «կատյուշա» եւ «ալազան» հրթիռներ, հրթիռարձակներ եւ մի 14,5 միլիմետրանոց հակաօդային հրանոթ: Այդ զինանոցը շատ ավելի մահաբեր էր, քան հակամարտության նախորդ փուլում օգտագործվող որսորդական ու կոտորակավոր հրացանները: Գոռը դիտում էր, թե ինչպես էր Մոնթեն մեկ առ մեկ ինքնաձիգները դնում ուսին ու զննում` նշելով արտադրողներին ու սերիական համարները: Նա ուսին դրեց մի նռնականետ.

- Ջբու՜, ջբու՜, ջբու՜, - ընդօրինակեց Մոնթեն կրակ ժայթքող զենքի ձայնը, - ի՜նչ հոյակա՜պ զենք է, ես կարող էի սրանից կրակած լինել առաջ, Լիբանանում... Կամ այս մեկից...

Գոռը ժպտաց: Շահումյանին միշտ պետք էին նոր մարտիկներ, իսկ Մոնթեն, թվում էր, գիտեր` ինչպես վարվել ինքնաձիգի հետ: Գոռը ներկայացրեց նորեկին իր զինակից ընկերներին: Այդ օրվա մի լուսանկարում Մոնթեն կանգնած է նրանց խմբի մեջտեղում, մի քարուքանդ գյուղական տան ստվերում շարված ավազապարկերի հետեւում: Նա միակն է, որ ինքնաձիգ չունի, բայց գոտու տակ քողաներկված զինվորական վերնաշապիկ է մտցված: Թարգմանչից մարտիկ նրա փոխակերպումը համարյա ավարտված էր:

Սեպտեմբերի 14-ի` շաբաթ օրվա առաջին 5 ժամվա ու 45 րոպեի ընթացքում մարտիկները` ընդամենը 120 հոգի, Վերիշեն գյուղի մատույցներում այս ու այն կողմ էին վազում հնձած ցորենի դաշտի միջով: Ադրբեջանցի դիպուկահարները դիմացի բլուրներից ծրագծող գնդակներ էին կրակում, բայց հայ մարտիկները կրակին չէին պատասխանում: Մոնթեն ու Գոռը երկանիվ հրետասայլով մի փոքր հրանոթ, ավելի քան 500 մետր հրելով, բարձրացրին ու տեղադրեցին բլրի վրա: Բացի հրթիռներից ու մի երկու տեղական արտադրության թեթեւ ականանետերից, 72 միլիմետրանոց հրանոթը հայկական կողմի միակ հրետանային միավորն էր: Այն մնացել էր Հայրենական մեծ պատերազմից. խորհրդային բանակը նվիրել էր այն մի կոլտնտեսության, որն արծաթի յոդիդի գնդակներ էր կրակում երկինք` անձրեւային ամպեր առաջ բերելու համար: Այժմ այն մարտական զինամթերք էր կրակելու:

Առավոտյան ժամը 5-ի մոտ խոսակցություններն ու շշուկները դադարել էին, իսկ մարտիկները խրամատների ու ավազապարկերի միջից աչքերը հառել էին մի քանի հարյուր մետր այն կողմ բարձր խոտի ու բարդիների մեջ գտնվող անտեսանելի թշնամուն: Խրամատների մեջ վայրի դաղձի հոտ էր տարածվել: Ադրբեջանցիները` ներառյալ խորհրդային 4-րդ բանակի 23-րդ գումարտակից մնացած մարտիկները, լավ դիրքում ունեին մի մահաբեր 100 միլիմետրանոց հրանոթ: Ճիշտ դրա հետեւում Մոնթեի ընկերների առաջին նպատակակետն էր` Վերիշենից Բուզլուխ գյուղը տանող ճանապարհին նայող չորս բլուր: Բլուրների լանջին` 5-6 կիլոմետր դեպի արեւմուտք, նրանց երկրորդ, երրորդ եւ չորրորդ նպատակակետերն էին` Բուզլուխ, Մանաշիդ եւ Էրքեջ գյուղերը: Երեք ամիս առաջ ОМОН-ը տեղահան էր արել այնտեղից հայերին: Այժմ նրանց հետ բերելու ժամանակն էր:

Ժամը 6:20, երբ սարերի վրա, աջ կողմում, արեւն սկսեց շողալ, Մոնթեն քաշեց հրանոթի ձգանի քուղը` առաջ բերելով մի խլացուցիչ պայթյուն, որը կաքավներին թռցրեց կարճ հնձած դաշտի վրայով: Հակահարձակումն սկսվել էր: Ավտոմատ զենքերի շարունակ կրկնվող «ռա-տա-տատ»-ը ոռնոցի վերածվեց, իսկ սեւ վառոդի ու կորդիտի հոտը խեղդեց դաղձի բուրմունքը: Տասնյակ փորձերից հետո վերջապես Գոռը ցուցամատը միացրեց բթամատի հետ` ի նշան այն բանի, որ իրենց վերջապես հաջողվել էր հարվածել ուղիղ ադրբեջանական հրանոթին: 8:30-ի մոտ նրանք արդեն հետ էին մղել ադրբեջանցիների առաջավոր դիրքերը, չնայած թշնամին դեռ պահում էր բարձունքները:

Հայերը վերալիցքավորեցին զենքերը եւ առաջացան դաղձի ու դեղին վայրի ծաղիկների միջով: Շուտով թշնամին սկսեց գնդակների տարափի տակ նահանջել բլուրներն ի վեր: Կռվի առաջին չորսուկես ժամվա ընթացքում Մոնթեի ընկերներին հաջողվեց գրավել չորս գագաթներից երեքը, ինչպես նաեւ` Բուզլուխ գյուղը: Ադրբեջանցիները նահանջեցին դեպի չորրորդ գագաթը, եւ հայերը շրջապատեցին նրանց: Թշնամու զինվորներն այժմ կռվում էին իրենց կյանքը փրկելու համար, ինչպես Մոնթեն նկարագրում էր սեպտեմբերի 27-ի մի նամակում, այնպես որ նրանք «շատ խիստ դիմադրություն ցույց տվեցին»: 1:00 հանկարծ մի ադրբեջանական ուղղաթիռ հայտնվեց, կրակի տակ պտույտ գործեց ու անհայտացավ լեռան հետեւում` ողջ մնացած ОМОН-ականներին վերջին գագաթից բարձրացնելու համար: 1:30-ի մոտ Բուզլուխի ճակատամարտն ավարտված էր: Այն տեւեց 7 ժամ եւ 10 րոպե:

Ճանապարհին կոտորակառումբերի բեկորներ էին թափված` բարձրանալով Վերիշենից դեպի բարձունքի վրա գտնվող Բուզլուխ, իսկ վառված մսի հոտը գերակշռում էր կորդիտին ու վայրի դաղձին: 3 հայ էր սպանվել, որոնց թվում` «Արաբոյի» Էդիկը: Ադրբեջանական կողմից սպանվել էին 13 հոգի` բոլորը զինվորներ, բացի մի դիակապուտից: Մոնթեն զննեց մարտադաշտը: Մի ОМОН-ական բարձրացրած ձեռքերով գրկել էր օդը` քիթը ցեխի մեջ, իսկ իրանն արկի պայթյունից իրիսի պես ձգված:

Սեպտեմբերի 27-ին գրած իր նամակում նա այդ օրվա իրադարձություններին զուսպ գնահատական տվեց` նշելով, որ «ճակատամարտը լավ ծրագրված էր ու բավական կազմակերպված»: Բայց հետո, 1992 հունվարի 22-ին, մի տեսագրված ելույթում նրա գնահատականն առավել ոգեշունչ էր. «Այսպիսով, նոր շրջանի հայոց պատմության մեջ առաջին անգամ, հայերը կարողացան տարածք վերագրավել»: Հայերը սովոր չէին հաղթանակներ տոնել. հիշվող մարտերի մեծ մասը` սկսած 451 թ. Ավարայրի ճակատամարտից մինչեւ 1896-ին «Բանկ Օթոմանի» գրավումը, ավարտվել էին պարտությամբ: Բերկլիում սովորելու տարիներին Մոնթեն կարդացել էր Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը եւ գրողի խոսքերը դարձրել իրենը. «Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ. կը նահանջեն փառք, ըմբռնում, բարոյական, սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն: Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղա՜յ, մեղա՜յ Արարատին»:

Բուզլուխի ճակատամարտը վերջ տվեց նահանջին: Մտնելով գյուղ` մարտիկներն այնտեղ փրկելու քիչ բան գտան: Տները բռնագրաված ադրբեջանցիները փախչելիս փչացրել էին այն ամենը, ինչ չէին կարողացել տանել իրենց հետ` կահույք, վարագույրներ, դոշակներ, ամանեղեն, թթուների ու պահածոների տարաներ: Նրանք նույնիսկ գնդակահարել էին շներին: Գոմը նայում էր մի վերադարձող գյուղացի կնոջ, որ արցունքները սրբելով ասում էր. «Այնքա՜ն տարիներ էին պետք տունս կառուցելու համար... ամբողջ կյանքս եւ հիմա տեսե՛ք, թե ինչ են արել»: Հայկական պղծված գերեզմանոցի տեսարանն ավելի ահավոր էր. ջարդված գերեզմանաքարերի արանքներում քանդված գերեզմաններ էին, որոնցից դիակներ էին նայում:

«Արաբոյի» մարտիկների հետ տաք ճաշ ուտելուց հետո, Մոնթեն ու Գոմը տեղավորվեցին Բուզլուխի` լուսնի լույսով ողողված սարերի մեջ գտնվող մի մեծ տան մեջ: Երկար օր էին ունեցել, եւ անքուն գիշեր էր սպասվում: Ոմանք հերթով պահակ էին կանգնում, մինչ մյուսներն ընդհատումներով քնում էին խրամատներում` պարբերաբար արթնանալով հրաձգության ձայներից:

Մյուս առավոտյան Գոմը Մոնթեին լուսանկարեց` շտաբի բակում մի փայտե նստարանի վրա քնած: «Զվարճալի տղա» (DrՒle de garջon), մտածեց թղթակիցը: «Նա մշտապես քարտեզներ է տնտղում եւ անընդհատ նայում իր ժամացույցին, - գրեց Գոմն իր նոթատետրում,- նա գիշերում է գետնին` քնապարկի մեջ, նույնիսկ եթե մահճակալ կա: Աչքերը բացելուն պես ռադիոն է միացնում` BBC, ամեն առավոտ, անգամ խրամատում, եւ ոչ մի բառ չի ասում մինչեւ նախաճաշելն ու լվացվելը»:

Ժամը 16-ին, հետախույզների ազդանշանից հետո, մարտիկների մի խումբ սկսեց առաջանալ դեպի Մանաշիդ` հյուսիս տանող ճանապարհի երկու կողմում կանգնած տների մի խումբ: Առանց դիմադրության գյուղ մտնելով` նրանք իջեցրին ադրբեջանական դրոշն ու այն պատռեցին ժապավենների, որոնք կապեցին իրենց զենքերի փողերին` ի նշան հաջողության:

Եղանակը վատացավ` երկինքը լցվեց գորշավուն-սպիտակ ամպերով: Ցեխաշաղախ մարդիկ խրամատում այլեւս հազիվ էին խոսում: Հանկարծ մի ձայն խախտեց լռությունը: Դա Մոնթեն էր, որ նոր վերադարձել էր Բուզլուխից:

- Ես երբեք այդպիսի ականանետ չէի օգտագործի, - ծոր տվեց նա` աչքերը հառելով խրամատում գտնվող տեղական արտադրության ականանետին. - իմ մի ընկեր զոհվեց ճիշտ այդպիսի ականանետի պատճառով. նա 20 տարեկան էր: Խրամատում գտնվող մյուս մարտիկները, սակայն, իրենց նեղություն չտվեցին Մոնթեի զգուշացմանն ուշադրություն դարձնելու:

Հաջորդ օրը` սեպտեմբերի 16-ին, Մոնթեն ու նրա ընկերները ետ մղեցին ադրբեջանցիների երկու հարձակում: Կեսօրի մոտ, երբ պարզ դարձավ, որ թշնամին չի փորձելու մտնել Մանաշիդ, լուրեր հասան, որ ադրբեջանցիներն սկսել են հրետանակոծել Կարաչինարը` 15 մղոն դեպի արեւելք գտնվող հայկական մի գյուղ: «Արաբոյի» մարտիկների ղեկավար Մանվելը ծալեց իր վերմակը, Սլավիկը զինամթերքի մի արկղ դրեց մեջքին, Վալերին ականանետը գցեց ուսին, ու նրանք մեկ-մեկ դուրս եկան խրամատից` ճանապարհ ընկլնելով դեպի Կարաչինարի ճակատը: Նրանց կոպերն իջնում էին աչքերին, բայց, առանց մի խոսքի ու բողոքի, նրանք ոտքերը քարշ տվեցին ցածրադիր անցուղիների, ընկուզենիների թաց տերեւների ու նռների բուրմունքով լցված այգիների եւ հեռավոր հրդեհների ծխի միջով:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter