HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինձ «Ավո՛» ասեք - 2

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Կարաչինարը քանդված պատերով ու փլված տանիքներով գյուղ էր: Ժամանակին այդ տներն ընտանեկան ունեցվածքի ու հետագա սերունդների ժառանգության պահեստներ էին: Դրանք հյուղակներ չէին. ունեին մանրահատակով ընդարձակ սենյակներ, սալիկապատ խոհանոցներ, պատշգամբներ ու տաղավարներ: Նույնիսկ այժմ, երբ Երեւանում ամբոխները գրոհում էին ОВИР-ը` Լոս Անջելես մեկնելու համար ելքի թույլատվություն ստանալու փափագով, Կարաչինարի գյուղացիներն անտառում նստած սպասում էին, որ վերադառնան իրենց օջախները:

«Ինչու՞ պիտի թողնենք մեր հողը», - բոլորովին ոչ հռետորոբար հարցրեց մի մրոտ երիտասարդ` հագին շատ նեղ վերնաշապիկ: «Ո՞ւր պիտի գնանք», - հարցրեց մեկ ուրիշը: «Ես երբեք չեմ գնա, - հայտարարեց մի գիսախռիվ մայրիկ. - ուզում եմ այստեղ մեռնել»: Նրանց համար այդ լեռներն «իրենց հայրենիքն ու ամբողջ կյանքն» էին, եւ Մոնթեն հիանում էր նրանցով:

Պաշտպանները բեռները ցած դրեցին ու սկսեցին կրակելու դիրքեր գրավել այգիների պատերի հետեւում, որոնք նայում էին ադրբեջանական Շաֆակ գյուղին` Կարաչինարի հյուսիսային ծայրում: Վալերի Ղամբարյանը` քառասուներեքամյա մի կամավոր Մարտակերտի շրջանի Չայլու գյուղից, լիցքավորեց ականանետը: Մի կուրացուցիչ փայլատակում ու մի բարձր գմփոց պոկեցին նրա ձախ ձեռքն ու բեկորներով խոցոտեցին նրա մարմինը: Կորդիտի ծխի մեջ նրա ընկերներն առաջ նետվեցին` շորի կտորներով ու քուղերով կանգնեցնելու հորդացող արյունը, հետո տարան նրան Շահումյանի հիվանդանոցը, որտեղ նա արնաքամ մեռավ` թողնելով չորս որբեր:

Կարաչինարի ռմբակոծումը տեւեց երեք օր` քանդելով ու վառելով գյուղի մեծ մասը, բայց միայն երկու մարդկային կյանք տանելով: Երբ կռիվների մասին լուրերը հասան միջազգային տեղեկատվական գործակալություններ, մեր մայրը կրկին ընկավ «Գաղտնի բանակի» օրերի տագնապալից վիճակի մեջ: «Ես գիշերներ, շատ գիշերներ արթուն պառկում էի», - հետագայում պատմում էր նա Fresno Bee թերթի թղթակցին: «Սիրելի տղաս. նա այդպիսի կյանքի չէ արժանի: Մենք բոլորս նրանով էինք ապրում, իսկ նա հրաժարվեց ամեն ինչից»:

Կարաչինարում Մոնթեն նորից տեղադրեց թեթեւ հրանոթը, բայց սեպտեմբերի 18-ին, երբ պարզվեց, որ ադրբեջանցիներն առաջիկայում չեն պատրաստվում գյուղը գրավել, նա միացավ իր ընկերներին Մանաշիդի ճակատում, 20 կիլոմետր դեպի արեւմուտք: Այդ օրը նրանք մոտեցան իրենց երրորդ ու վերջին նպատակակետին` լքված Էրքեջ գյուղին, որտեղ այգիներում խնձորներ էին փտում: Կռվից հետո Մոնթեն վերադարձավ Կարաչինար` հարգանքի տուրք մատուցելու Վալերիին:

- Որտե՞ղ է պայթած ականանետը, - ասաց նա` մորուքի տակ ծնոտները սեղմելով:

Մյուս մարտիկներն աչքերը խոնարհեցին: Մոնթեն բռունցքները սեղմեց ու բացեց, հետո գնաց ականանետը փնտրելու: Վլադիմիրը նրան ասաց, որ Վալերիի ընկերներից մեկին կատաղեցրել էր պայթած ականանետի բաց բերանը, ու նա զենքը գցել էր որպես զորանոց ծառայող հիվանդանոցի հետեւում գտնվող զուգարանափոսը:

Մի ցախատուն տնտղելով` Մոնթեն մետաղալար գտավ, որից կեռի նման մի բան սարքեց: 10 րոպե անց նա վերադարձավ գարշահոտության ուղեկցությամբ ու թափահարելով մետաղե փողը, որ որսացել էր արտաքնոցից: Կեղտի տակ ժանգոտած փողը կորացել էր թոշնած սեւ խոլորձի պես:

- Յալլա՛, ահա՛ այն:

Մոնթեն նույնիսկ Բուզլուխ մտնելիս այդքան հաղթական կոչ չէր արձակել: Մյուսներն անտարբեր հայացքով նայում էին, թե ինչպես էր Մոնթեն ձեռքերը լվանում ու չորացնում: Գոմն այսպես է նկարագրել տեսարանը. «Ես պատրաստում եմ սա տեսագրել Վալերիի լուսանկարի հետ, որպեսզի տղաները հասկանան, թե որքան վտանգավոր է այս աղբը»: Նա պայթած փողը դարձրեց դեպի իր լսարանը. «Տեսնու՞մ եք, այն օդանցք չունի, իսկ ներքեւի մասը պիտի քրոմապատ լիներ, այլապես ականանետը պայթում է: Հարյուրավոր տղաներ արդեն մեռած են այս անպետք սարքի պատճառով»:

Ռուբոն ուսերը թոթվեց.

- Հիմա ի՞նչ. այն վատ չէ կռվելու համար: Մենք ուրիշ բան չունենք:

Մոնթեն մի զայրացած հայացք գցեց նրա վրա: Բռնելով ականանետը մի ելուստից` նա լվաց այն բակի ծորակի տակ ու փաթաթեց մի հին շորի մեջ: Հետո ծալեց Վալերիի քրքրված բաճկոնը` ողողված սեւացած, բայց դեռ թաց արյամբ, ու կապոցը դրեց մի ապահով տեղ` իր իրերի մոտ:

Սեպտեմբերի 20-ին Գոմն ու Մոնթեն խցկվեցին Երեւան թռչող մի ուղղաթիռ, որպեսզի Գոմը ներկա լիներ Հայաստանի անկախության հանրաքվեին, իսկ Մոնթեն «զենքեր հավաքեր»: Շարժիչների ու փոշոտ քամու ոռնոցի մեջ վիրավոր մարտիկները հրաժեշտի համբույներ էին դրոշմում իրենզ ինքնաձիգներին, մինչ ընկերները բարձրացնում էին նրանց ուղղաթիռի մեջ: Այդ ընթացքում ուրիշ մարտիկներ ուղղաթիռից իջեցրին մի ինքնաշեն ականանետ, այն տեսակից, որ սպանել էր Վալերիին:

Հասնելով Երեւանի իր հանրակացարանը` Մոնթեն բացեց պատուհանն ու Վալերիի համազգեստը դրեց գոգին: Նա ուզում էր չորացնել այն, որ դեռ խոնավ էր արյունից: Երբ Սեդան այդ երեկո սենյակ մտավ, նրա քթին դիպավ նեխած արյան գարշահոտությունը, եւ սենյակում չղջիկ էր պտտվում: Նա կենդանուն ավելով պատուհանից դուրս քշեց: Մյուս օրը` սեպտեմբերի 21-ին, Մոնթեն կանգնել էր հանրակացարանի երրորդ հարկի լսարանում` գրատախտակի ու տեսախցիկի մեջտեղում եւ դրամահավաքի կոչ էր անում: Նրա հագին կարճաթեւ վերնաշապիկ ու ջինս էր, իսկ սեղանին` Վալերի Ղամբարյանի արնաթաթախ հագուստը եւ անհեթեթ ձեւով ծռմռված ականանետը: Սեղանի եզրին դրված էին Ղամբարյանի եւ սխալ պատրաստված զենքերի այլ զոհերի մի քանի սեւ-սպիտակ սիրողական լուսանկար:

Տեսաժապավենի վրա Մոնթեն մի ծայրից բարձրացրել է ականանետը եւ հանգիստ ձայնով բացատրում է, որ որոշ նվիրյալ տղամարդիկ ու կանայք, որ պատրաստ են ամեն ինչ զոհել իրենց հայրենիքը պաշտպանելու համար, մեռնում են ոչ թե թշնամու ռումբերից ու գնդակներից, այլ սեփական սխալ զենքերից: Նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագան կախված է հայ մարտիկների կարողությունից` ավտոճանապարհային կապ հաստատելու Հայաստանի Հանրապետության ու Արցախի Ղարաբաղի միջեւ, Լաչին գյուղով անցնող այն կետում, որտեղ նրանք ամենամոտն են միմյանց: Իսկ դրան հասնելու համար վստահելի զենքեր են պետք, որոնք փող արժեն` ավելի շատ, քան ունեն ինքն ու իր ընկերները:

Երբ ես Չիկագոյում ստացա տեսաժապավենը, մոնտաժեցի այն կռիվների տեսագրությունների հետ ու պատճեններն ուղարկեցի Սան Ֆրացիսկոյի մեր աջակիցներին: Նրանցից, ինչպես նաեւ Փարիզի, Լոնդոնի ու Երեւանի ընկերներից ստացված դրամով Սեդան զենք ու զինամթերք գնեց, մի մասը` Հայաստանում գտնվող ռուս զինանձնակազմից, մնացածը` հարեւան Վրաստանի հետ կապերի շնորհիվ: 

Մոնթեի` Երեւան վերադառնալուց 3 օր անց, երկուշաբթի, սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Խորհրդարանը երկիրը հռչակեց անկախ հանրապետություն: Դրանից 2 օր առաջ տեղի ունեցած հանրաքվեին մասնակցել էր քաղաքացիների 95 տոկոսը, եւ նրանց 95 տոկոսը քվեարկել էր Մոսկվայից անկախանալու օգտին: Մինչ այդ Բորիս Ելցինն ու Ղազախստանի նախագահ Նազարբայեւը եկել էին Ստեփանակերտ` համատեղ ստորագրելու փաստաթղթեր, որոնք ազդարարելու էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը:

Որքան Մոնթեն շատ էր քարտեզներ ուսումնասիրում, այնքան ավելի անհանգիստ էր դառնում: Ղարաբաղի պաշտպանները վստահելի ավտոճանապարհային կապ չունեին Հայաստանի Հանրապետության հետ, իսկ անշարժ թեւերով օդանավերի համար միակ վայրէջքագոտին Արցախում` Խոջալուում, ադրբեջանցիների ձեռքում էր: Նույնիսկ ամռանն ուղղաթիռները կապի անկայուն միջոց էին Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Իսկ այժմ, երբ մոտենում էր ձմեռը, սարերում մշտապես մառախուղ էր լինում` ուղղաթիռների թռիչքն ավելի վտանգավոր դարձնելով: Մինչդեռ ադրբեջանցիների տրամադրության տակ ողջ ճակատի երկայնքով անխափան գործող ճանապարհներ կային` հյուսիսից հարավ, արեւելքում ու արեւմուտքում: Նրանք կարող էին Աղդամից, Գանձակից, նույնիսկ Բաքվից զինամթերք, թարմ համալրում, զրահամեքենաներ ու ծանր հրետանի բերել ասֆալտապատ ճանապարհներով, հարթ գետնի ու անցանելի բլուրների վրայով:

- Մենք մեր դիրքերը պիտի ապահովենք մինչեւ ձմեռ, - եզրակացրեց Մոնթեն: Եթե ոչ, եւ եթե թշնամին մինչեւ ձյուն գալն իր համար ճանապարհ հարթեր Շահումյանից դեպի հարավ, ապա ազատ կլիներ` դիրքերն ամրապնդելու ողջ ձմեռ եւ առաջանալու Ստեփանակերտի ուղղությամբ, երբ անցումները գարնանային վարարումներից բացվեին: Նույն վտանգը կար հարավում` Հադրութում եւ արեւելքում` Մարտունիում: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը մնում էր մայր Հայաստանից կտրված կղզի, իրավիճակն այսպիսին էր լինելու:

Մոնթեն պետք է հնարավորին չափ շուտ Շահումյան վերադառնար: Այս անգամ նա դատարկ ձեռքով չէր գնալու: Քանի որ «Հայրենասիրական ջոկատը» սպառել էր իր չնչին գումարները, Մոնթեն պիտի պաշարների համար արագ դրամ հավաքեր: Երբ Սեդան հարցրեց նրան, թե ինչ թիվ էր նա մտցրել ջոկատի հաշվեմատյանի մեջ, նա ուսերը թոթվեց.

- Դե, մենք ջոկատին 300 դոլլար ենք խոստացել»:

Իսկ երբ Սեդան հարցրեց, թե որքան դրամ կար իրենց անունով, նա ծիծաղեց. - 365 դոլլար:

Դա նվիրատվությունից առաջ էր: 

Մի քանի օր հետո Մոնթեն արկղեր էր բեռնաթափում մեկ այլ МИ-8 ուղղաթիռի շարժիչների սուլոցի տակ: Նա նորից վայրէջք էր կատարել Շահումյանում, բայց այս անգամ փամփուշտներով տուփեր էր բերել, ինչպես նաեւ` 15 հրթիռարձակ, 2-3 РПГ-7 նռնականետ ու մի քանի ընկեր «Հայրենասիրոկան ջոկատից»: Նրանք իրենց իրերն ու ինքնաձիգները քարշ տվեցին լեռների միջով գնացող հողե ճանապարհով` Կարաչինար գյուղի մոտ, խրամատներում տեղական կամավորներին միանալու համար:

Մոնթեն հավաքված մարտիկներին հրահանգներ էր տալիս. առաջինը կրակ չբացել, չկրակել, եթե ոչինչ չի երեւում, 200 մետրից հեռու որեւէ նշանակետի չկրակել, անզեն մարդու վրա չկրակել, երբեք զենք ու զինամթերք չթողնել: Նրա ձայնն ամեն հրամանի հետ ավելի ուժգին էր հնչում, եւ տեղացիները, թվում էր, օգուտ էին քաղում նրա ինքնավստահությունից: Նրանք գաղափար չունեին, թե ինչ էր պատահելու առաջիկա ժամերին ու օրերին. նրանք միայն գիտեին, որ իրենց ծնողների ու երեխաների կյանքը, տները, հողը, նախնիների գերեզմանները վտանգված էին: Նրանք կարիք ունեին առաջնորդի` ուժեղ ու վճռական, որը գիտեր, թե ինչ է անում, կամ գոնե մեկի, որը նման էր այնպիսի մարդու, որ գիտեր, թե ինչ է անում: 

Ուժի եւ ինքնավստահության հարցերում Մոնթեն չէր հիասթափեցնում: «Հայրենասիրական ջոկատի» անդամներ Հովսեփն ու Արտուշը պատմում էին հետեւյալ պատմությունը, որը ջոկատի մեկ այլ անդամ հաստատում էր մի փոքր փոխված ձեւով: Շահումյան Մոնթեի երկրորդ այցելության ժամանակ տեղական մարտիկները նրան ընդառաջ եկան օղու դատարկ շշով` պահանջելով, որ պատասխանի, թե ինչ է արել պարունակությունը: Մոնթեն հիշեցրեց նրանց, որ ինքն արդեն օրենք էր հաստատել. չխմել ճակատային գծում: Մարտիկները պատասխանեցին, որ եթե իրենք իրավունք չունեն խմելու, գոնե իրավունք ունեն նրա թափած օղու հոտն առնելու: Այդ ժամանակ Մոնթե քայլեց դեպի մոտակա ծառը, շալվարն արձակեց ու միզեց այնտեղ, ուր թափել էր օղին: 

- Մենք ուտելուց առաջ խմում ենք, - բողոքեց մի մարտիկ, - դա մեր նախնիներից մնացած սովորույթ է:

-Ուրեմն ձեր նախնիներն էլ էշեր էին, - փնթփնթաց Մոնթեն: 

Մոնթեն դեկտեմբերի 14-ին վերադարձավ Երեւան` դրամ հավաքելու, նոր մարտիկներ հավաքագրելու եւ զինամթերք գնելու: Հայաստանի մայրաքաղաքը դարձել էր փախստականների ու բարեգործական ճաշարանների քաղաք: Ադրբեջանը թույլ չէր տալիս, որ Հայաստան վառելիք մտնի, վնասարարներն էլ կանոնավոր կերպով պայթեցնում էին Վրաստանով Հայաստան մտնող երկաթգիծն ու գազամուղը: Այժմ, երբ օրերը ցրտում էին, բնակիչները բահեր էին վերցնում ու գնում «Հաղթանակի զբոսայգի»` արմատախիլ անելու այն ծառերի կոճղերը, որոնք անցյալ ձմեռ կտրել էին որպես վառելափայտ: Այդ ձմեռ վառելու էին արմատները: Ուրիշ բնակիչներ վառելու համար դպրոցական նստարաններ էին կացնով ջարդում ու պետական շենքերի պարկետներ պոկում:

Վառելիքի բացակայության պատճառով ավտոբուսները ժանգոտում էին բակերում: Շամպունը սառչում էր անպիտան լողասենյակներում, իսկ անլույս սենյակներում մահանում էին նորածիններ, թոշակառուներ ու Հայրենական մեծ պատերազմի շքանշաններով զարդարված վտերաններ: Նույնիսկ ոմանք մտել էին Երեւանի կենդանաբանական այգի ու որպես մսացու մորթել մի հազվագյուտ եղնիկի: Եվ դա տրամաբանական էր, որովհետեւ այգու կենդանիներն առանց այդ էլ մեռնում էին սովից:

Հայերը շփոթված էին. ո՞ւր էին այն հարուստ հայրենակիցները, որոնց մասին այդքան լսել էին, սփյուռքի այն մագնատները, որոնք, ինչպես ենթադրվում էր, պիտի հետ-խորհրդային ժամանակաշրջանում ազգը հասցնեին ամերիկյան տիպի բարգավաճման: Արեւմտյան թղթակիցներից մեկը մեջբերել էր մի հայի խոսքերը. «Լավ կլինի միլիոնատերերը մեզ շտապ մի բան ուղարկեն, թե չէ մենք սովից կմեռնենք»:

1992 թ. Նոր տարվա նախօրեին Մոնթեն ու Սեդան մեքենայով պտույտ էին գալիս Երեւանում` «Հայրենասիրական ջոկատի» անդամների երեխաներին կոնֆետ, չամիչ ու փուչիկներ բաժանելով: Կեսգիշերին նրանք գնացին Օպերայի հրապարակ, որտեղ հազարավոր ուրախացողներ տաքանալու համար պարում էին: Տագնապի ու եռանդի խառը զգացումով դիմելով Սեդային` Մոնթեն հարցրեց. «Կուզե՞ս պարել»:

Լեռնային Ղարաբաղի համար 1992 թվականը չարաղետ սկիզբ ունեցավ: Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ծայրահեղ ազգայնամոլ ընդդիմադիրների ճնշման տակ հայտատարեց, որ ժամանակն է Լեռնային Ղարաբաղը երկաթե բռունցքով ջախջախելու: Հրանոթային փոխհրաձգությունները սաստկանում էին Հայաստանի արեւելյան սահմանի երկայքով, եւ թշնամու նոր խմբավորումներ դիրքեր էին գրավում ճակատագծերի երկայնքով` Ղարաբաղի հյուսիսից` Շահումյանից մինչեւ Հադրութ հարավում:

Իսկ հունվարի 10-ից սկսած` ադրբեջանցի հրամանատար Ռահիմ Գազիեւը կարգադրեց հեռահար հրթիռներ ու հրանոթային արկեր արձակել յոթանասունհազարանոց, փախստականախեղդ եղած Ստեփանակերտ քաղաքի վրա: Գազիեւի կրակակետը Շուշին էր` Ստեփանակերտից չորս մղոն հարավ, ժայռերի վրա ծվարած, 20000 բնակչություն ունեցող ադրբեջանաբնակ բերդը:

Շուտով SU-25 կործանիչներն սկսեցին պտույտ գործել վերեւում` պաշտպանների հնադարյան հակաօդային հրանոթների հասանելիությունից վստահելիորեն դուրս, եւ 250 ու 500 կիլոգրամանոց ռումբեր գցել Ստեփանակերտի վրա: Բայց ամենամահացու զենքը Գրադ հրթիռային համալիրն էր, որից արձակվում էին մինչեւ երեք տասնյակ` 22 կիլոմետր հեռահարությամբ 122-միլիմետրանոց հրթիռներ: «Թռչող հեռախոսասյուները» կրակում էին սուլոցների արագ հերթափոխով, եւ հռթիռներն, ասես կապոցներով, շախմատաձեւ թափվում էին դասարանների մեջ, մանկապարտեզների խաղահրապարակների եւ խիտ շարված բնակելի շենքերի վրա: 

Այդ տարի Ստեփանակերտի վրա տեղացող դժոխային կրակը խլեց 2000 բնակիչների կյանքը եւ խեղանդամեց ավելի քան 2500 հոգու, մեծ մասամբ` երեխաների: Ռումբերն ու հրթիռները վնասեցին քաղաքի համարյա բոլոր շենքերը` քշելով բնակիչերին նկուղները եւ ավելի շատ ահ ու սարսափ առաջ բերելով, քան այս կամ այն կողմի նախաձեռնած նախորդ գործողությունները: Դպրոցներն ու գործարանները դատարկվեցին: Ջրատար խողովակները, կոյուղին, գազը, էլկտրականությունը` ամեն ինչ Ստեփանակերտում շարքից դուրս էր եկել: Քաղաքի գլխավոր հիվանդանոցը, որի վերեւի հարկերն ավերվել էին ռմբակոծությունից, միայն դեպքից դեպք էր էլեկտրականություն ունենում, իսկ հոսող ջուր առհասարակ չկար: Վիրաբույժները մոմով լուսավորված նկուղներում անդամահատում էին` որպես անզգայացնող միջոցներ օգտագործելով օղի եւ մարդկանց շոկային վիճակը, իսկ բաց վերքերի վրա ճանճեր էին հավաքվում:

Մոնթեն այդ ամենը 10 ամառ առաջ արդեն տեսել էր Բեյրութում: «Թվում է` տարածաշրջանի ապագան որոշվելու է այս տարի», - գրում էր նա իր «սիրելիներին» ուղղված վերջին նամակներից մեկում: Իր հանրակացարանի սենյակում հունվարի 2-ին տեսագրված մի ելույթում նա կրկնում է այն միտքը, որ արտահայտել էր զրույցներում ու նամակներում. «Ադրբեջանի կառավարությունն անկասկած որոշել է հայերին վտարել, հետեւաբար` դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք», - ասում է նա իր հանգիստ, հավասարակշիռ ձայնով:

Բայց ինչպե՞ս կարող էր փոքր, բոլոր կողմերից ցամաքով շրջապատված Հայաստանը կռվել ու հաղթել նավթով հարուստ Ադրբեջանին` ավելի քան երկու անգամ մեծ տարածք ու բնակչություն եւ Թուրքիայի պես հզոր հովանավոր ունեցող երկրին: Ինչպե՞ս կարող էին հայերը պարտության մատնել Ադրբեջանի ազգային բանակի 30000 զինվորներին, ОМОН-ի 10000-անոց զորքին եւ Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» հազարավոր կամավորներին:

«Շատ հայեր չեն հասկանում, որ մենք կարող ենք հաղթել, - նշեց նա իր հունվարի 25-ի տեսաելույթում, -բայց Վիետնամի օրինակը ցույց տվեց, որ ավելի փոքր ռազմական ուժը կարող է հաղթել շատ ավելի զորեղ թշնամուն, եթե այն վճռական է ու լավ կազմակերպված»: Ամեն դեպքում Մոնթեն ու նրա հայրենակիցները կռվելուց բացի այլընտրանք չունեին, որքան էլ որ հանգամանքներն իրենց դեմ լինեին: Մեկուկես տարի անց բրիտանացի թղթակիցներին տված մի ձայնագրված հարցազրույցում նա այսպես ամփոփեց իրավիճակը երկրում. «Ղարաբաղցիները գիտեն, որ կամ պիտի կռվեն, կամ կոտորվեն: Ուրեմն` նախընտրում են կռվել»:

Այսպիսի հուսահատ իրավիճակում յուրաքանչյուր մարտիկ անգնահատելի էր: Մոնթեն կոչ էր անում իր ընկերներին միանալ «Հայրենասիրական ջոկատին»: Այդ ընկերներից մեկը` Հրայր անունով, թխադեմ ու բարետես, շրջակա միջավայրի մասնագետ էր: Ժամանակին Հրայրը Երեւանում աշխատել էր օդի աղտոտումը նվազեցնելու ուղղությամբ:

- Դու այլեւս անելիք չունես, - կես-կատակ նրան ասաց Մոնթեն, - Երեւանի օդի որակը զգալիորեն բարելավվել է` շնորհիվ վառելիքի բացակայության ու տնտեսության քայքայման:

Հրայրը մի պահ մտածեց ու անդամագրվեց ջոկատին:

Ստեփանակերտը պաշարված էր, եւ 6-7` իրենց դարն ապրած МИ-8 ուղղաթիռները, որ օդային կամուրջ էին ապահովում Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ, չէին կարող քաղաքի համար բավարար սննդամթերք, վառելանյութ ու դեղեր մատակարարել: Եթե տեղ լիներ ЯК-40 բեռնատար ինքնաթիռների վայրէջքի համար, կարելի էր բերել մարդկանց տառապանքները փարատելու եւ Ստեփանակերտի պաշտպանությունն ամրապնդելու համար անհրաժեշտ պաշարներ: Ինչպես նշվեց, անշարժ թեւերով օդանավերի համար Արցախի միակ վայրէջքագոտին Խոջալու քաղաքի մոտ էր, իսկ այն մնում էր ադրբեջանցիների ձեռքում:

Մոնթեն ճակատը հենեց ձեռքին ու սկսեց քարտեզը զննել:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter