HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգապահության խնդիրներ

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

1992 թ. փետրվարի 4-ի առավոտյան Սեդան ամուսնու հետ կանգնած էր Երեւանից դուրս գտնվող «Էրեբունի» օդանավակայանում` МИ-8 հնամաշ ուղղաթիռի շարժիչների տակ:

Նրանց հետ էին Մոնթեի ջոկատից եւս 17 մարտիկներ, որոնց թվում` նաեւ շրջակա միջավայրի մասնագետ Հրայրը, 5 նոր կամավոր Աշտարակից ու Քաչալ Սերգեյը: Նրանց ջոկատն ուղեւորվում էր Մարտունի կոչվող վայրը` Լեռնային Ղարաբաղի` հայերի հսկողության տակ գտնվող վեց հիմնական շրջաններից մեկը: Իսկ լրացուցիչ մանրամասներ ոչ ոք չգիտեր:

Շարժիչներն սկսեցին պտտվել: Հանկարծ մեկը վազելով մոտեցավ ուղղաթիռին ու Մոնթեին տարավ մի հյուղակ, որ ծառայում էր որպես թռիչքագոտու գրասենյակ: Երբ նա 40 րոպե անց վերադարձավ այնտեղից, ուղղաթիռ բարձրանալուց առաջ մի պահ դանդաղեց ու Սեդայի ականջին շշնջաց, որ հենց նոր հեռախոսով խոսել էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Բայց նա Սեդային չասաց, որ Սարգսյանն իրեն նշանակել էր Մարտունու շտաբի պետ:

Սկզբում Մոնթեն հրաժարվել էր` պատճառաբանելով, որ ինքը երբեք չէր եղել Մարտունիում եւ ոչինչ չգիտեր այդ շրջանի մասին: Սարգսանն առարկել էր, թե հուսահատ ժամանակներ են, եւ թե այդ գործի համար ավելի լավ թեկնածու իրեն հայտնի չէր: Ի վերջո, մի ականջին լսափողը, իսկ մյուսում` ուղղաթիռի սուլոցը, Մոնթեն զիջել էր այն պայմանով, որ ինքը նշանակումը կընդունի ժամանակավորապես, մինչեւ որ Սարգսյանը գտնի մի ավելի հարմար թեկնածու:

Բայց ինչո՞ւ էր Սարգսյանը բոլոր մարդկանցից Մոնթեին ընտրել այդ նշանակման համար: Մոնթեն երկրամասի դիրքին ծանոթ չէր, նա ոչ ոքի չգիտեր Մարտունիում եւ հազիվ էր հասկանում տեղական բարբառը: Սակայն Սարգսյանը գիտեր Մարտունին. դա խոցելի շրջան էր` մասամբ ադրբեջանցիներից գրավված ու թշնամու հարձակմանը ենթակա: Հայկական կողմից այն ղեկավարում էին մրցակցող կլաններ ու նրանց դաժան կամակատարներ: Մոնթեի նման մի օտարական, որ շրջանում ոչ ազգական ուներ, ոչ բարեկամ, ավելի հեշտ կխուսափեր տեղացիների նախանձից ու երկպառակությունից:

Սեդան ձեռքին պահած շշից ջուր լցրեց բետոնե հարթակի վրա, եւ շարժիչներն այն պտտեցնելով մշուշի վերածեցին: Ուղղաթիռը թեթեւորեն գետնից պոկվեց, օդ բարձրացավ եւ մի պտույտ գործելով ուղղություն վերցրեց դեպի Լեռնային Ղարաբաղ: Արցախի հարավ-արեւելքում գտնվող Մարտունին 200 քառակուսի մղոն մակերեսով վայրի լեռնային շրջան էր` բնակեցված 28000 լեռնցիներով. նրանք մեծ մասամբ հողագործներ ու գինեգործներ էին: Շրջանը թերակղզու պես մխրճված էր Աղդամի ու Ֆիզուլու ցածրադիր հողերի մեջ` հյուսիսից, արեւելքից ու հարավից շրջապատված լինելով լավ զինված ադրբեջանական զորքերով: Սա Լեռնային Ղարաբաղի ամենաթույլ օղակն էր:

Երբ ուղղաթիռն իջավ գետնին, Մոնթեն ու նրա ջոկատն աղի պարկերով բեռնված մի համընթաց բեռնատար նստեցին: Խորդուբորդ ճանապարհով գնալուց հետո բեռնատարը կանգ առավ շրջանի մայրաքաղաք Մարտունիից արեւմուտք գտնվող ժայռոտ զառիթափի վրա, մի բետոնե ցածր շինության մոտ: Նախկինում այդ շենքը, որ հայտնի էր որպես Дор. отдел, պատկանել էր խորհրդային ճանապարհաշինական վարչությանը: Այժմ այն դարձել էր զորանոց:

Մոնթեն, իրերը թողնելով զորանոցում, վզից հեռադիտակ կախեց ու դուրս եկավ հետախուզության: Ստեփանակերտի «Պաշտպանության կոմիտեն» ուզում էր «մաքրել» Ղարադաղլուն` ադրբեջանական հարուստ, ցորենի մշակումով զբաղված 1200 բնակիչներով գյուղը` Ստեփանակերտի ու Մարտունու միջեւ եղած միակ ասֆալտապատ ճանապարհի վրա: Պատերազմին նախորդող ամիսներին ադրբեջանականОМОН-ը մեքենաներ էր կանգնեցնում Ղարադաղլուի ճանապարհի շրջադարձի վրա եւ ծեծում ու առեւանգում հայ վարորդների եւ ուղեւորների: Մի օր նրանք հայերի ընտանիք էին վառել մեքենայի մեջ:

Ղարադաղլուի ադրբեջանցիները քանիցս բողոքել էին ОМОН-ի սպաներին` ասելով, որ նրանց դաժանությունը լավ բանի չի բերի, բայց սպաներն ուշադրություն չէին դարձրել: Հետագայում, երբ ОМОН-ը հարձակումների աճող սպառնալիքի տակ հեռացավ շրջակա գյուղերից, Ղարադաղլուի բնակիչները հայտնվեցին թշնամաբար տրամադրված հայերի շրջապատման մեջ: Ի վերջո ուղղաթիռներ եկան` կանանց ու երեխաներին դուրս բերելու, այնպես որ երբ Մոնթեի վերադասները Ստեփանակերտում խնդրեցին նրան գրոհի ծրագիր մշակել, գյուղում մնացած բնակիչների մեծ մասը, բայց ոչ բոլորը, զինված պաշտպաններ էին:

Երբ Մոնթեն ու նրա հետախուզական խմբի մի քանի անդամներ իջնում էին ձյունածածկ զառիթափով` հայկական Հաղորտի գյուղից դեպի հարեւան Ղարադաղլու, մոտակայքում գտնվող հայ գյուղացիներն սկսեցին գոռգոռալ նրանց վրա: Խումբը դադարեցրեց վայրէջքն ու վեճի բռնվեց նրանց հետ: Գյուղացիները բացատրում էին, որ Ղարադաղլուի վրա հարձակումը Հաղորտին կներքաշեր պատերազմի մեջ:

- Գնացե՛ք, - ասում էին նրանք, - մենք այստեղ պատերազմ չենք ուզում:

Մոնթեն պատասխանեց, որ խաղաղասիրական զգացմունքների համար շատ ուշ էր` պատերազմն արդեն սկսված էր: Պետք էր այդ փաստն ընդունել ու հնարավորին չափ արագ գործն ավարտել: Գյուղացիները, սակայն, չհամոզվեցին, եւ վիճաբանությունը գնալով ավելի բարձրաձայն էր դառնում: Ի վերջո Ղարադաղլուի ադրբեջանցի պահակները, վեճից ակնհայտորեն անհանգստացած, այն ընդհատեցին` կրակելով վիճաբանողների վրա, որոնք նետվեցին թաքստոց փնտրելու:

Հաղորտիի մոտ արգելակված հետախուզական օպերացիայից հետո Մոնթեն Մարտունիի շրջանում գյուղից գյուղ էր անցնում` ծոցագրպանում գրիչ ու մի կապոց նշումների թուղթ դրած: Նա հայտնվում էր որեւէ գյուղում կամ ճակատագծում եւ, առանց մեկնումեկին տեղեկացնելու, որ ինքը շտաբի նոր պետն է, սկսում հարցեր տալ. որքա՞ն մարդ կա ծառայության մեջ, քանի՞ պահեստային կարելի է հավաքագրել: Ի՞նչ վիճակում են նրանց պաշտպանական դիրքերը, խրամատները, որտե՞ղ են տեղակայված թշնամու զորքերը: Քանի՞ ինքնաձիգ, հրացան, որքա՞ն զինամթերք ու փամփուշտ եւ քանի՞ լիտր դիզելային վառելիք ունի յուրաքանչյուր տեղական ղեկավար:

Դարավոր նվաճողներին վռնդելուց հետո Ղարաբաղի լեռնցիները զգուշանում էին հարցեր տվող օտարներից: Բացի այդ, լուր էր տարածվել, թե այցելության եկած մի թղթակից թշնամուն տեղեկություններ էր տալիս: Ուստի, երբ մայրենի լեզվի համարյա անհասկանալի մի տարբերակով խոսող օտարականը, բազում հարցեր տալով, հայտնվում էր տարբեր գյուղերում, տեղացիները խուսափում էին պատասխանելուց: Նույնը պատահեց սահմանային Բերդաշեն գյուղի շտաբում: Ենթահրամանատար Նելսոնը Մոնթեի ամեն հարցի մի սուտ էր դեմ տալիս, որը Մոնթեն բարեխիղճ կերպով գրանցում էր իր նոթատետրում:

Նելսոնը ջղուտ մարդ էր, որն ազդրի վրա մի հսկայական «Ստեչկին» ատրճանակ էր կրում: Այն ռազմավար էր, որ գտնվել էր թշնամու խփված ուղղաթիռի բեկորների միջից: Մինչ Մոնթեն գրի էր առնում Նելսոնի ստերը, վերջինս խեթ հայացքով զննում էր նրան. եկվորի գլուխը դեպի ետ երկարավուն էր` ավելի թուրքի, քան ղարաբաղցի հայի նման, հետեւաբար` Նելսոնը պետք է աչքը նրա վրա պահեր:

Մարտունու շտաբի նախկին պետ, խորհրդային բանակի նախկին կապիտան Անաստաս Աղամալյանը չզարմացավ, երբ Մոնթեն, առանց որեւէ նախաբանի, ներկայացավ որպես իր փոխանորդ: Աղամալյանը խրամատներ էր փորել տվել ու ականապատել ռազմաճակատի որոշ հատվածներ, բայց վերադասներին անհանգստացնում էր այն, որ նա բավարար փորձ չուներ պաշտպանություն կազմակերպելու համար: Աղամալյանն իր պաշտոնանկությանը հանգիստ վերաբերվեց, բայց գնալուց առաջ Մոնթեին մի խորհուրդ տվեց` զգուշանալ շտաբի իր մարդկանց դավաճանությունից:

Փետրվարի կեսերին Մոնթեն ու նրա «Հայրենասիրական ջոկատը» ճամբար դրեցին Մեհդիշենում` Ստեփանակերտից հյուսիս, Մարտունու շրջանից բավական հեռու գտնվող մի գյուղում: Նպատակը լրացուցիչ հետախուզությունն էր` այս անգամ Խոջալու քաղաքի վրա հարձակվելու համար: 6000 բնակիչներով Խոջալուն Լեռնային Ղարաբաղի` Շուշիից հետո մեծությամբ երկրորդ ադրբեջանաբնակ քաղաքն էր: Խոջալուում ադրբեջանցիների հսկողության տակ էր գտնվում Արցախի միակ թռիչքագոտին, եւ զինյալներն այնտեղ փակել էին տարածքով անցնող երկու հիմնական ճանապարհները` մեկն արեւելքում, մյուսը` հյուսիսում:

Փետրվարի 16-ին Մոնթեի հետախուզական օպերացիան ընդհատվեց, երբ նրան շտապ կանչեցին Ստեփանակերտի վերադասների մոտ: Մոնթեն հեռադիտակը կափարիչներով փակեց ու սլացավ դեպի պաշտպանական զորքերի շտաբ: Նա լսում էր, թե ինչպէս էր տարակուսած Արթուր Մկրտչյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ակնոցավոր նախագահը, բացատրում, որ «Արաբո» եւ «Արամո» ջոկատներն իրենց նախաձեռնությամբ ու առանց թույլտվության հարձակվել էին Ղարադաղլու գյուղի վրա, եւ որ ադրբեջանցիները ետ էին մղել նրանց` սպանելով հարձակվողներից մեկին: Մկրտչյանը գիտեր, որ Մոնթեն Ղարադաղլուի մոտ հետախուզություն էր կատարել, եւ խնդրեց նրան ավարտել անհնազանդ ջոկատների ձախողած օպերացիան:

- Ձեր իրերը հավաքեցե՛ք, - հայտարարեց Մոնթեն` ներխուժելով «Հայրենասիրական ջոկատի» ճամբարը Մեհդիշենում, - գնում ենք:

Կեսօրից հետո, երբ նրանց УАЗ-ները մոտեցան Ղարադաղլուին, նրանք ճանապարհին հանդիպեցին «Արաբոյի» ու «Արամոյի» մարտիկներին: Սեւազգեստ զինյալներն ասացին, որ կռիվն ավարտված է, գյուղը գրավված է, եւ այժմ հարձակվողներն այնտեղից դուրս են գալիս: Սա լսելով` «Հայրենասիրական ջոկատի» անդամների մեծ մասը վերադարձան Дор. отдел-ի իրենց զորանոցը, բայց Մոնթեն շարունակեց առաջ գնալ դեպի Ղարադաղլու` համոզվելու համար, որ լուրը ճիշտ էր: Քիչ անց նա ներս ընկավ Дор. отдел-ի զորանոցն ու բղավեց.

- Պատրաստվեցե՛ք:

Տեղեկությունը սխալ էր. Ղարադաղլուն մնում էր ադրբեջանցի պաշտպանների ձեռքում:

Մյուս առավոտ, ժամը 6-ի մոտ, «Հայրենասիրական ջոկատի» տասնյակ անդամներ դիրքեր էին գրավել դարչնագույն խոտի ու ձյան մեջ, Ղարադաղլուի հարավ-արեւմտյան ծայրամասին նայող մի բարձունքի վրա: Նրանց դիմաց ադրբեջանցիների` մի քարե շինության մեջ տեղակայված պաշտպանական կենտրոնն էր: Տեղացի մարտիկները Մարտունու շտաբից շարվել էին Մոնթեի երկու կողքերը, իսկ «Արաբո» եւ «Արամո» խմբավորումները գտնվում էին գյուղի շուրջը: Ոչ հարձակվողները, ոչ էլ պաշտպանները չունեին տանկեր, հրետանի, կամ նռնականետից մեծ որեւէ այլ զենք:

9 տարի առաջ Մոնթեն իր «Ժողովրդական մարտիկի մարզման ձեռնարկում» գրել էր. «Հրամանատարը դարանից կրակ բացելու հրամանը տալիս է` ինքը թշնամու վրա կրակելով: Նախընտրելի է կրակն սկսել РПГ -7 նռնականետով կամ մեկ ուրիշ նման զենքով (եթե այդպիսին կա), որն անմիջապես մեծ կորուստներ կպատճառի»: Այժմ նա B-7-ը հանգիստ դրեց ուսին, նշան բռնեց ու սեղմեց ձգանը: Սպիտակ բոցով ու ոռնալով` առաջին արկը մտավ պաշտպանական կենտրոնի երկրորդ հարկի անկյունային պատուհանից եւ ներսում պայթեց:

Պատուհանից դեղին բոց դուրս եկավ, եւ հարձակվողներն սկսեցին արճիճ տեղալ գյուղի վրա: Բերդաշենի ենթահրամանատար Նելսոնը լայն բացած աչքերով նայում էր, թե ինչպես էր Մոնթեն կրակում, իջեցնում B-7-ն` իր զորքերի առաջխաղացումը դիտելու, ենթահրամանատարներին բղավելով հրահանգներ տալիս (քանի որ ռադիոկապ չկար) եւ հետո հանգիստ վերալիցքավորում նռնականետն ու նորից կրակում:

Գնդակների տարափի տակ ադրբեջանցի պաշտպանները ռադիոյով օժանդակ ուժեր պահանջեցին` տեղեկացնելով մի քանի կիլոմետր հյուսիս` Աղդամի հովտում գտնվող իրենց հրամանատարներին, որ այլեւս չեն կարող երկար դիմադրել: Մոնթեն իր դիրքից, որ նայում էր ադրբեջանական պաշտպանական կենտրոնին, կրակոցներ էր լսում շենքի ներսում: Նրան թվաց, թե պաշտպանները, հետագա գործողությունների վերաբերյալ համաձայնության չգալով, իրար վրա են կրակում: Երբ թշնամին դադարեց կրակին պատասխանել, Մոնթեն ցած դրեց B-7-ը եւ նայեց, թե ինչպես էին իր ընկերները տարբեր կողմերից մտնում Ղարադաղլու:

Ժամը 17-ի մոտ ջոկատները հասել էին իրենց նպատակին: Այդ օրը հայկական կողմից միայն մեկ մատիկ էր զոհվել, մինչդեռ թշնամու 2 զինվոր սպանված էին, եւ 48 գերի ադրբեջանցի խմբված էին բեռնատարի թափքին: Գերիները տարվելու էին Ստեփանակերտ, որտեղ պիտի պահվեին` մինչեւ ադրբեջանցիների ձեռքն ընկած հայ գերիների հետ փոխանակվելը: Թվում էր, թե Ղարադաղլուն` Մոնթեի հրամանատարության տակ տեղի ունեցած առաջին ճակատամարտը, սահուն էր ընթացել:

Շուտով, սակայն, իրավիճակը փոխվեց: «Արաբոյի» ու «Արամոյի» մարտիկները 38 գերու, այդ թվում` խաղաղ բնակիչների, գյուղի ծայրում հրել էին մի առվի մեջ: Գերիներից մեկը քաշել էր ձեռքի վիրակապի տակ թաքցրած նռնակի ապահովիչը եւ այն նետել` պոկելով իրեն գերեվարողներից մեկի` «Հայրենասիրական ջոկատին» վերջերս զինվորագրված Լեւոնի ոտքի ստորին մասը: Շփոթված ու զայրացած հայ մարտիկներն սկսել էին դանակահարել գերիներին ու կրակել նրանց վրա:

Մոնթեն խստիվ հրահանգել էր գերիներին չվնասել: Երբ նա հասավ դեպքի վայր եւ կատարվածը տեսավ, զայրույթից նրա պարանոցի երակները հյուսած կանեփաթելի պես դուրս ցցվեցին: Նա գոռում էր, մինչեւ որ ձայնը կտրվեց, բայց արդեն ուշ էր: «Արաբոյի» ու «Արամոյի» որոշ մարտիկներ բեռնում էին այդ օրը բռնագրաված զենքերը` 78 ինքնաձիգ եւ հազարավոր փամփուշտներ: Նրանք նաեւ դատարկեցին գյուղի մթերային պահեստը, իսկ ավարը հավաքելուց հետո Ղարադաղլուն հրկիզեցին:

Երբ Ղարադաղլուի «մաքրման» լուրը տարածվեց, 15 կիլոմետր հարավ գտնվող Կրասնի Բազար գյուղից մի քանի պատվիրակ եկան: 2 տարի առաջ ОМОН -ականների համազգեստներ հագած տեղացի ադրբեջանցիները կանգնեցրել էին Կրասնի Բազարի չորս հայ գյուղացիների, որոնց թվում` մի կնոջ, եւ կենդանի այրել իրենց մեքենայի մեջ: Այժմ նրանց համագյուղացիները քաղաքավարի կերպով խնդրում էին ադրբեջանցի չորս գերի` մատաղի համար: Չէ՞ որ գրված է. «Ակն ընդ ական»: Մոնթեն խոժոռ նայեց նրանց, եւ նրանք ձեռնունայն հեռացան:

Ղարադաղլուի դեպքերը վնաս հասցրին Մոնթեի հեղինակությանը, բայց դա գրոհից հետո տեղի ունեցածի պատճառով չէր: Ընդհակառակը, լեռներում արմատացած էր վրիժառության գաղափարը, եւ երկու կողմից արյան դիմաց արյուն պահանջող կոչեր էին հնչում: Մոնթեի հեղինակությանը վնասողն այն հանգամանքն էր, որ նրա հրահանգն անտեսվել էր:

Քաչալ Սերգեյը, որ մեջքը խոցած գնդակով տեղափոխվել էր հիվանդանոց, նաեւ ուրիշները բնականաբար հուզված չէին ադրբեջանցի գերիների ճակատագրով: Նրանց զայրույթն ուրիշ պատճառ ուներ. Մոնթեն չէր խանգարել «Արաբո» ջոկատին` տանել թշնամուց գրաված զենքերի ու զինամթերքի` «Հայրենասիրական ջոկատի» «արդար» բաժինը: Ղարադաղլուն հաստատեց այն, ինչ, թվում է, գիտեին Քաչալն ու բոլորը. շտաբի նոր պետ Ավոն թուլակամ մարդ էր: Մարտունեցիները խաբում ու մոլորեցնում էին նրան: Ժամանակին Մոնթեն ինքն էլ ընդունել էր դա. Ղարադաղլուից հետո մի մարտիկ հարցրել էր նրան, թե ինչու է որպես ռադիոկապի իր ծածկագիր ընտրել «0-0»:

- Ես զրոյից էլ փոքր եմ, - պատասխանել էր նա:

Մոնթեն գիտակցում էր, որ եթե ինքը երբեւիցե հեղինակություն պիտի վայելեր Մարտունիում, ապա այդ հեղինակությունը պիտի շահեր ոչ թե Ստեփանակերտում կայացված որոշումներով, այլ մարտի դաշտում: Փետրվարի 22-ին նա Վեսալուի ռազմավարական բարձունքներում ադրբեջանցիների դիրքերի դեմ հաջող կայծակնային հարձակում գործեց: Փետրվարի 26-ին նա կանգնել էր Խոջալուի մոտ գտնվող լանջին` երեք շաբաթ առաջ իր անցկացրած առաջին հետախուզական օպերացիայի տեղում, եւ զննում էր դարչնագույն խոտի ու ձյան վրա թափված արյունոտ շորերը:

- Ոչ մի կարգապահություն, - փնթփնթաց նա:

Այդուհանդերձ, գիտակցելով Արցախում ծավալվող իրադարձությունների բախտորոշությունը, Մոնթեն ընդունել էր «քաղաքական իրապաշտների»` «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձեւը, որ արծարծվում էր եւ՛ Արեւելքում, եւ՛ Արեւմուտքում: Այո՛, «Արաբո»-ի ու «Արամո»-ի որոշ մարտիկներ անողոք էին, բայց նրանք նաեւ խիզախ էին, իսկ այդ ժամանակ խիզախ մարտիկների մեծ անհրաժեշտություն կար:

Բայց անհնազանդությունը վարակի նման տարածվում էր նաեւ Մարտունիի տեղաբնակների մեջ. պահեստայիններն իրենց նեղություն չէին տալիս խրամատներում երեւալու, ճանապահները նորոգողները նվազում էին, իսկ դիզելային վառելիքով լեցուն ցիստեռններն անհայտանում էին սեւ շուկայում: Նույնիսկ Մոնթեի անմիջական ենթակայության տակ գտնվող շտաբի անձնակազմը խաբում էր նրան ու հրամաններն արհամարհում:

Մարտի սկզբին, մի արեւոտ օր, նրա մարտիկներից 4 հոգի, որոնց թվում` «Ցավ» մականունով մի տեղացի, առանց թույլտվության անցան չեզոք գոտու վրայով: Երբ նրանք մոտեցան թշնամու` շարքից դուրս եկած մի տանկի, նրանց ջիփն ականի վրա պայթեց` վիրավորելով մարտիկներին ու պոկելով Ցավի ոտքի ներքեւի մասը:

Երբ Մոնթեն լուրը լսեց, նրա ծնոտը թերահավատությունից կախ ընկավ: Այս հերթական անհնազանդությունը, որ անմիջապես հետեւեց նախորդ դեպքերին, վերջին կաթիլն էր: Կամ Մոնթեն պիտի քայլեր ձեռնարկեր իր հեղինակությունն ամրապնդելու համար, կամ անկարգությունը տարածվելու էր ու նրան դուրս մղելու Մարտունուց: Եվ եթե դա պատահեր, ով էլ լիներ իրեն փոխարինողը, է՛լ ավելի մեծ դժվարությամբ էր խրամատները մարտիկներով լցնելու:

Ցավի վիրակապերը դեռ չէին չորացել, երբ Մոնթեն հրամայեց «Հայրենասիրական ջոկատին»` իր իսկ եւ իր իրավասության ներքո գտնվող վերջին ջոկատին, լքել Մարտունին: Նրանցից միայն 2 հոգու թույլ տվեց մնալ:

Քաչալը դեռ ապաքինվում էր գնդակի վերքից, երբ լսեց, որ իր նախկին ընկերը հրամայել է իրեն ու ջոկատին դուրս գալ Մարտունուց: Նա եզրակացրեց, որ Մոնթեն, իշխանություն ստանալով, «խելքը թռցրել էր» եւ արհամարհում էր իր հին ընկերներին ու վստահում կասկածելի տեղացիներին: Բայց եթե Մոնթեն ուզում է, որ ինքը հեռանա Մարտունուց, թող այդպես լինի. գերադասելի է ծառայել այլ տեղում` մի ավելի ուժեղ ու պակաս դյուրահավատ հրամանատարի մոտ:

Երբ Մոնթեն Քաչալին ու մյուսներին հեռացրեց Մարտունուց, ինքն արդեն դուրս էր եկել ОМОН -ի ժամանակավոր զորանոցից եւ իր իրերը թողել Մարտունու շտաբի մի փոքրիկ գրասենյակում: Այդ շտաբը` բետոնե մի շինություն, ժամանակին տեխնիկական ուսումնարան էր եղել: Շտաբում իր հեղինակությունն ամրապնդելու համար Մոնթեն պետք է միաժամանակ լիներ ամենուր` միշտ վերահսկելով ճակատագծի խրամատներն ու կրակակետերը: Այս խնդիրն իրագործելու համար անիվներ էին հարկավոր:

Սակայն երբ նա մեքենա խնդրեց տեղական ոստիկանական բաժանմունքից, կապիտանը գլուխն օրորեց. ինքը չէր կարող մեքենա տալ առանց վարորդի: Դրանից ոչ շատ անց մի ջարդուխուրդ կանաչ ջիփ կանգ առավ շտաբի դիմաց, եւ միջից մի նիհար, գանգրահեր վարորդ դուրս եկավ: Նախկին ոստիկան Կոմիտասը մեղմ ձայնով ներկայացավ իր նոր պետին` Մոնթեին: Նրանք ողջունեցին միմյանց, հետո Մոնթեն պտույտ գործեց իր առաջին եւ միակ ծառայողական մեքենայի շուրջը: Այն նույն մակնիշի «վիլիս» էր, որ 8 ամիս առաջ որպես հարսանեկան լիմուզին էր ծառայել:

Մոնթեն շուտով նոր հաջողություններ արձանագրեց մոտորացված փոխադրամիջոցների բնագավառում: Մարտի 15-ին նա մագլցեց շտաբի առաջ կանգնած մի զրահամեքենայի վրա եւ սկսեց խոսել տեսախցիկի առաջ: Տեսաժապավենի վրա նրա հագին զինվորական հագուստ է ու երկարաճիտ կոշիկներ, եւ նա կրծքին է սեղմել իր բուլղարական ինքնաձիգը: Նա իր հանգիստ, բայց լուրջ ձայնով բացատրում է, որ տանկը` БМП -2, մեկն է այն մի քանի տասնյակ զրահամեքենաներից, որոնք երկու շաբաթ առաջ բռնագրավվել են նախկին խորհրդային բանակի` Ստեփանակերտի զինապահեստից:

Սակայն թշնամին նույնիսկ ավելի շատ ծանր զենքեր է զավթել Աղդամի եւ Արցախից 35 կիլոմետր հյուսիս գտնվող Գանձակ քաղաքի նախկին խորհրդային ռազմական գործարաններից: Այսպիսով, երկու կողմերի միջեւ սպառազինությունների բախում է նախապատրաստվում: Նայելով տեսախցիկի ոսպնյակին` Մոնթեն շարունակում է, որ պայքարը նոր մակարդակի է հասել, երբ պատերազմելու ֆիդայական եղանակներն այլեւս բավարար չեն: Անհապաղ պետք է բանակ կազմակերպել: Երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ է նոր բանակ` իրական ուժ: Դա է Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրը:

Սակայն, նախքան այդ իրական ուժի համար Մարտունիում հող նախապատրաստելը, նա պետք է իր հեղինակությունն ամրապնդեր այնտեղ: Եվ դա հեշտ չէր:

Մարտի 24-ին կամ 25-ին Մոնթեն, իր ինքնաձիգը հենելով շտաբի սեղանին, նստեց քաղաքի ավագանու պատվիրակության առջեւ: Ժամանակին նրանք տեղական խորհրդի ղեկավարներ էին եղել, բայց երբ պատերազմը եկավ Մարտունի, զինվորական հագուստներով երիտասարդները դուրս մղեցին նրանց: Այսօր նրանք եկել էին` ներկայանալու շտաբի նոր պետին ու պարզելու, թե ինչ մարդ է նա, եւ ինչ կարելի է սպասել նրանից: Ալեհեր մարդկանցից մեկը Մոնթեին տեղեկացրեց, որ իրենք ուզում էին վերականգնել քաղաքային խորհուրդը:

- Խորհուրդը միշտ լավ բան է, - պատասխանեց Մոնթեն:
Բայց նա դեմ էր քաղաքապետարանի ու շտաբի միջեւ մշտական անցուդարձին.

- Շտաբ պիտի մտնեն միայն այն մարդիկ, որոնք եկել են ռազմական հարցերով, - ասաց նա, եւ իրենց գործերն ավարտելուն պես պիտի հեռանան:

Քաղաքացիական գործերն իր շտաբից դուրս պահելը, սակայն, հեշտ չէր: Մի ուրիշ ալեհեր` ելունդավոր մեծ քթով մի ծերունի, բարձրացավ տեղից` առաջ քաշելու համար պահեստապետ Մարատի հարցը, որը քաղաքային պահեստներից մթերք էր գողանում: Մոնթեին խնդիրը հայտնի էր, բայց այնտեղի ոստիկության սպա Մավրիկը նրան խորհուրդ էր տվել չխառնվել. Մարատն ազդեցիկ ընտանիքից էր եւ Մարտունիում շատ ընկերներ ուներ: Մավրիկի խորհրդին հակառակ` Մոնթեն Մարատին հրամայել էր հանձնել պահեստի բանալիները եւ վերադարձնել շտաբի տրամադրած ինքնաձիգը: Ավելորդ է ասել, որ Մարատն արհամարհել էր հրամանը: Վճռականություն ցուցաբերելու ժամանակն էր:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter