HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգապահության խնդիրներ - 2

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Մոնթեն պատվիրակների հետ շտաբից դուրս եկավ ֆուտբոլի դաշտին նայող դարիվարի վրա: Նրանց առջեւ կանգնած էր Մարտունու չափահաս տղամարդկանց մեծ մասը` հարյուրավոր մարդիկ, որոնք արձագանքել էին Մոնթեի` համախմբվելու կոչին: Տեսախցիկն արձանագրել է այդ տեսարանը:

Ելունդավոր քթով ծերուկը` այժմ մորթե ականջավոր «ուշանկա» գլխարկով, քայլ է անում դեպի վեր` ներկայացնելու համար շտաբի պետին.

- Ավոն չի խոսում մեր բարբառով, - ասում է նա, - ուրեմն մենք կխոսենք նրա փոխարեն:

Այստեղ Մոնթեն բարձրացնում է ձեռքը, եւ ծերուկը լռում է:

- Եկեք ժողովը շուտ սկսենք, որ շուտ ավարտենք, - ասում է նա:

Նրա արեւմտահայերենը պետք է որ էկզոտիկ թվար լսարանին եւ, հավանաբար, հազիվ հասկանալի, բայց նրա ձայնը գործնական է ու հեղինակավոր:

- Դուք գիտեք, թե ինչ խնդիր ունենք: Այս շրջանում կարգապահության, կազմակերպվածության պակաս է զգացվում: Հարցը կարգավորելու համար մարդիկ են եկել Երեւանից, նաեւ սփյուռքից: Մենք եկել ենք` պարզապես օգնելու եւ պաշտպանելու այս շրջանը որպես մեր հայրենիքի մաս...

Լսարանը հանգիստ է, իսկ Մոնթեն շարունակում է.

- Ամեն հայ իրավունք ունի Մարտունի գալու, Մարտունիում ձայն ունենալու, աշխատելու եւ Մարտունին պաշտպանելու:
Ուշադրություն չդարձնելով հատ ու կենտ ծափահարություններին` նա շարունակում է.

- Այժմ իմ տղաներն ուզում են իմանալ` դուք մեզ այստեղ ուզո՞ւմ եք, թե ոչ:
Դարիվարի վերեւում կանգնած երկու գլխաշորով մայրիկ ձեռքերը վեր են բարձրացնում.
- Այո՛:

Մոնթեն աջ ձեռքի մատները մոտեցնում է ճակատին` ի նշան ողջույնի:
- Շատ լավ: Մենք ուրախ ենք դրա համար:

Բայց, շարունակում է Մոնթեն, մարտունեցիները պիտի գործով ցույց տան իրենց օժանդակությունը: Նրանք պիտի ընդունեն, որ իրենց այն ընկերները, հարեւաններն ու ընտանիքի անդամները, որոնք հրաժարվում են ենթարկվել հրամաններին, պատժվելու են` անկախ նրանից, թե որքան կապեր ունեն վերեւներում: Ապա Մոնթեն բերում է ամենահրատապ օրինակը. իրենց հարեւան Մարատը չարաշահել է պահեստապետի իր պաշտոնը եւ, հեռանալու հրահանգ ստանալով, արհամարհել է այն:

Հանկարծ նիհարավուն մի մարդ, անցնելով բազմության միջով, բարձրանում է դարիվարի վրա, որտեղ կանգնած է Մոնթեն: Դա պահեստապետ Մարատն է, որին մեղադրել են իր ընտանիքի, հարեւանների, համագյուղացիների առջեւ: Մոնթեն ետ է գնում, որպեսզի նրան թույլ տա խոսել: Մարատն իրենց բարբառով դիմում է համագյուղացիներին` օդում թափ տալով մի չվառված ծխախոտ եւ հիշատակելով իր եղբոր զինվորական ծառայության փաստը. մի՞թե իր եղբայրը քաջաբար չի կռվել:

- Այո, նա քաջաբար է կռվել, - պատասխանում է Մոնթեն, - բայց նա քո եղբայրն է: Իսկ դո՞ւ ինչ ես արել:

Մարատը փոխում է թեման` հավաքվածներին հիշեցնելով Ցավի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը: Թվում է, թե նա փորձում է վարկաբեկել Մոնթեին` ներկայացնելով նրան որպես նույնիսկ իր անմիջական ենթականերին վերահսկելու կարողությունից զուրկ, բայց սա չէ Մարատի բուն ասելիքը: Նա ավելի շուտ ակնարկում է, թե, այդքան խիստ պատժելով իր ամենամտերիմ ընկերներին ու վտարելով նրանց Մարտունուց, Մոնթեն ցույց է տվել իր անվստահելիությունը. չի կարելի համոզված լինել, թե նա Մարտունիում որեւէ մեկին հավատարիմ կմնա: Ղարաբաղի լեռնցիները բարձր արժանիք են համարում հավատարմությունն ընկերներին, իսկ Մոնթեն այդ հատկանիշը չունի:

- Մի րոպե սպասե՛ք, - խռպոտ ձայնով բացականչում է Մոնթեն, - նա շատ ճիշտ բան ասաց...

Նա բարձրացնում է ձայնը եւ մատը տնկում մարգարեի պես.

- Իմ ամենամտերիմ ընկերները` իմ սեփական ջոկատի ամենամտերիմ ընկերները, հրամանին չենթարկվեցին, գնացին այնտեղ, ուր չպիտի գնային: Նրանք ականի դիպան: Մեկը կորցրեց ոտքը, իսկ մյուսը վիրավորվեց:
Նրա ցուցամատը կախվում է օդում, հետո ընկնում կացնի պես.

- Եվ մենք պատժեցինք նրանց: Մենք պատժեցինք նրանց:
Մոնթեի ձայնը կատաղի է, պարանոցի երակները դուրս են ցցվել, աչքերն այրվում են ածուխների պես.

- Ով սխալ բան անի, պատժվելու է: ՈՎ ՍԽԱԼ ԲԱՆ ԱՆԻ, ՊԱՏԺՎԵԼՈՒ Է:
Հավաքվածները հավանության կոչեր են արձակում, եւ լսարանը պայթում է ծափահարություննեից: Այս նորեկը` շտաբի պետ Ավոն, գուցե եւ անհավատարմություն է ցուցաբերել իր ամենամտերիմ ընկերների հանդեպ, բայց նա իսկապես հավատարիմ է, մոլեռանդորեն հավատարիմ` մեկ այլ բանի` երկրին, իրե՛նց երկրին:

Գլխաշորերով մայրիկները կանգնում են Մոնթեի առաջ ու գոռում Մարատի` իրենց հարազատ համագյուղացու վրա.
- Ընկեր Ավոն ճիշտ է:

Մարատն աչքերով օժանդակություն է փնտրում ներկաներից, բայց իզուր: Նա թեւաթափ եղած հետ է գնում:

Մարատի հետ բախումից հետո որոշ մարդիկ Մարտունիում սկսեցին ասել այցելուներին.

- Մեր լիդերն Ավոն է:

Մյուսները չգիտեին` ինչ մտածել: Մոնթեն Մարատին ազատեց իր պաշտոնից ու փոխարինեց ուրիշով, բայց շուտով նա ստիպված էր փոխարինել փոխարինողին, եւ, ինչպես պարզվեց, նա երբեք չէր գտնելու ազնիվ պահեստապետի:

Մոնթեն է՛լ ավելի հիասթափվեց` հայտնաբերելով, որ իր նվաճած վստահությունը որոշ քաղաքացիների մոտ անմիջապես չէր վերածվում պաշտոնապես իր հրամանատարության տակ գտնվող մարտիկների միջավայրում հեղինակության: Գիշիում եւ Սպիտակաշենում զինվորները դեռ հրաժարվում էին ներկայանալ խրամատներ, եւ Մարտունի քաղաքում մի ինքնակոչ «Հատուկ գործողությունների բրիգադ» հրաժարվում էր պահակություն անել:

 Նրանք չէին փախել Երեւան կամ Ռուսաստան, ինչպես շատ ուրիշներ, այլ պահել էին իրենց երկիրն ու կռվել: Այդ պատվավոր կենսագրությունը, նրանց կարծիքով, ազատում էր իրենց պարեկային ծառայության տաղտուկից եւ բարձրացնում հազիվ հասկանալի բարբառով խոսող մի օտարականի հեղինակությունից վեր:

7-8 տղաներից բաղկացած մեկ այլ խումբ քաղաքի` թոկից փախած «մաֆիան» էր: Նրանք առեւանգում էին գինիով ու դիզելային վառելանյութով լի ցիստեռններ, խուսափում զինվորական պարտականություններից` շտաբում հայտնվելով միայն այնտեղ կռիվ փնտրելու համար: Իրավիճակն ավելի էր բարդանում, քանի երկու խմբավորումների անդամները պարբերաբար կանգնեցնում, ծեծում ու սպառնում էին միմյանց:

Այս խառնաշփոթի մեջ Մոնթեն հայտնվեց ավելի մեծ պատասխանատվության բեռի տակ: Մարտ ամսվա վերջին, երբ արյունը դեռ ամբողջությամբ Ղարադաղլուի հողի մեջ չէր ներծծվել, Վազգեն Սարգսյանը, Մարտունու շտաբ գնալիս, անցավ անտանիք գյուղի մոտով: Սարգսյանը եկել էր Երեւանից, որպեսզի Մոնթեին համոզի ընդունել մի ուրիշ նշանակում. այս անգամ, շտաբի պետից հետո, Մարտունու` Ղարաբաղի 6 հիմնական պաշտպանական շրջաններից մեկի հրամանատար:

Մոնթեն հրաժարվելու համար ծանրակշիռ պատճառաբանություններ բերեց. նախ ինքը նախկինում երբեք մարտադաշտ չէր տարել տանկեր ու հետեւակ եւ չնայած վերահսկել էր Մարտունին մի ծայրից մյուսը, դեռեւս բավարար գիտելիքներ չուներ երկրամասի դիրքի մասին: Բացի այդ, ինքը չէր խոսում ռուսերեն` զինվորական հրամանների լեզվով:

Մարատի ու Ցավի հետ իր վեճերն էլ դեռ թարմ էին մարդկանց հիշողության մեջ. 7 շաբաթ էր անցել այն օրվանից, երբ Սարգսյանն իրեն ստիպեց ստանձնել շտաբի պետի պաշտոնը, եւ ինքը համոզվել էր, թե որքան համառ էին այս լեռնցիները, եւ որքան կասկածամիտ էին իր նման օտարականների հանդեպ, հատկապես` իշխանություն ունեցող օտարականների: Եվ հետո` այդ «կարգապահության խնդիրները», Ղարադաղլուն ու Խոջալուն... Շտաբի պետ դեռ կարելի էր լինել, բայց ողջ շրջանի հրամանատա՞ր: Ո՛չ:

Սարգսյանը կետ առ կետ լսեց այս առարկությունները, եւ կրկնեց 7 շաբաթ առաջ իր բերած փաստարկները, երբ Մոնթեին նշանակում էր շտաբի պետ. ինչ թերություններ էլ ունենա Մոնթեն, եւ որքան էլ մեծ լինեն արգելքները, «Պաշտպանության կոմիտեն» այդ գործի համար ավելի հարմար թեկնածու չունի: Իրենք բոլորն էլ պիտի բավարարվեն եղած հնարավորություններով: Սա կյանքի ու մահվան հարց է Մարտունու 28000 բնակիչների եւ ողջ Արցախի համար:

Երկու մարտիկները` Սարգսյանն ու Մոնթեն, վիճեցին ողջ գիշեր: Վերջապես ժամը 3-ին Մոնթեն տրորեց կարմրած աչքերը: Ինքը կծառայի որպես շրջանի հրամանատար, բայց միայն մինչեւ Սարգսյանը նոր թեկնածու գտնի: Սարգսյանը հետ նստեց ու հոգոց հանեց: Հետագայում նա նկարագրել էր հանդիպումը Սեդային. «Այդ ողջ գիշեր քո ամուսինն ինձ չթողեց գնամ քնեմ, մինչեւ չհամոզեցի նրան հրամանատար դառնալ»:

Որոշ տեղացիներ դժգոհ էին այս նշանակումից: Երբ Սարգսյանը կանչեց ենթահրամանատարներին եւ շտաբերի անձնակազմերին` ներկայացնելու նրանց նոր հրամանատարին, նրանցից շատերն առանձնապես ուրախ չէին. մի՞թե տեղացի ժողովուրդը չէր կարող սեփական ռազմական առաջնորդներ առաջադրել: Ինչ էլ լիներ, իրենց նախահայրերը դարեր շարունակ դիմակայել էին խալիֆների, շահերի ու ցարերի: Նույնիսկ Չինգիզ խանի ու Լենկ Թեմուրի բանակները չէին կարողացել ինքնավարությունը խլել իրենց նախնիներից:

Այս ժայռակույտը Խորհրդային Միությանը տվել էր 3 մարշալ, 30 գեներալ, 20 Խորհրդային Միության հերոս եւ նույնիսկ մի ծովակալ: Այսպիսի ռազմական ժառանգությամբ` ինչպե՞ս կարող էր Վազգեն Սարգսյանը կամ որեւէ այլ ոք սպասել, թե Ղարաբաղի լեռնցիներն իրենց սեփական հողի վրա կռվելու համար կենթարկվեն մի օտարականի:

Նոր նշանակումից հետո, ինչպես նկատեց Փարիզում տպվող Les Nouvelles d'Armenie ամսագրի մի թղթակից, անհնազանդությունը միայն սաստկացավ: Մարտի վերջին օրերին շտաբում հայտնվեց ժնեւյան մի թղթակից` Վիգեն Չթըրյանը: Մարտունու նոր հրամանատարը նրան կեսժամանոց հարցազրույց էր խոստացել: Սակայն հենց որ նրանք նստեցին, ցնցոտիավոր մի խնդրարկու դռնից ներս եկավ ու աղաչեց 2 լիտր դիզելային վառելանյութ: Մինչ Չթըրյանը դիտում էր, Մոնթեն համբերատար բացատրեց, որ դիզել կար միայն ռազմական նպատակների համար եւ ոչ մասնավոր օգտագործման: Հայցվորը տեղից չշարժվեց:

Մոնթեն կրկնեց իր բացատրությունը` ավելացնելով, որ այցելուն իզուր ժամանակ է կորցնում: Վերջապես խնդրարկուն գնաց, բայց մի րոպե անց դռնից մի մարտիկ ներս մտավ եւ իր ինքնաձիգը հետ պահանջեց: Չթըրյանն այսպես է նկարագրում տեսարանը.

- Միայն դավաճանի զենքը կարող է բռնագրավվել, - բողոքեց զինվորը` հետո մի սադրիչ հարց տալով. արդյո՞ք Մոնթեն իրեն դավաճան է համարում:

Ո՛չ, պատասխանեց Մոնթեն, բայց նա իր զենքով սպառնացել էր մի սպայի. ահա թե ինչու էր «կալաշնիկովը» բռնագրավվել: Զինվորը գնաց խիստ զայրացած, իսկ նրան փոխարինեց մեկ այլ խնդրարկու, որ մի ուրիշ բան էր խնդրում: Ի վերջո Չթըրյանը դիմեց Մոնթեին` հարցնելով, թե ինչպես կարող էր այդքան անկազմակերպ, անկարգ զորքն իրար հետեւից հաղթանակներ արձանագրել:

- Որովհետեւ ադրբեջանցիները նույնիսկ մեզանից ավելի անկարգապահ են, - պատասխանեց Մոնթեն:

Սակայն չէր կարելի հուսալ, թե թշնամին միշտ կմնար անկարգապահ: Ի վերջո Ադրբեջանի` նավթային պայմանագրերից ստացած շահույթով կարող էին գնվել վարձու օդաչուներ, սավառնակներ ու զրահամեքենաներ, ռազմական պատրաստությունը կարող էր բարելավվել, եւ նրանք կարող էին ավելի լավ սպայական կազմ ունենալ:

Մոնթեն գիտեր այդ ու նաեւ անհանգիստ էր, որ Մոսկվան մի օր կարող էր Բաքվի կողմը բռնել, եթե Ադրբեջանի ղեկավարները Ռուսաստանի նախագահ Ելցինին նավթային խոստումներ տային: Լեռնային Ղարաբաղի անփորձ, վատ մարզված եւ վատ սպառազինված պաշտպանները մրցավազքի մեջ էին ժամանակի հետ: Նրանք պիտի անհապաղ դուրս մղեին թշնամուն հրանոթային հասանելիության սահմաններից եւ ամրացնեին պաշտպանական դիրքերը, քանի դեռ թշնամին չէր նորոգել իր բանակը:

Բայց ամենից առաջ պետք էր լռեցնել Մարտունուց արեւելք տարածվող սարերի վրա տեղակայված թշնամու հրանոթները` փախստականների հոսքը շրջանից դադարեցնելու համար: Ադրբեջանցիները լեռների վրա Մարտունի քաղաքի ու շրջակա գյուղերի դիմաց հրանոթներ էին տեղադրել: Հարյուրավոր վախեցած գյուղացիներ կապոցներ էին բարձել բեռնատարների եւ ավտոբուսների մեջ ու լքել իրենց տները, եւ հազարավոր ուրիշներն էլ պատրաստ էին նրանց հետեւել: Մարդկանց հեռանալով պաշտպանական ռեսուրսներն սպառվում էին, եւ մնացողների բարոյական վիճակը վատթարանում էր:

Բայց պատերազմը շարունակվում էր: Ապրիլի 2-ի վաղ առավոտյան Մոնթեն 50 տեղացի մարտիկների տարավ դեպի ամրացված Ղաջար գյուղի ադրբեջանական դիրքերը: Հենց որ հնչեցին առաջին կրակոցները, ադրբեջանցի պաշտպաններն արճիճի տարափ տեղացին հարձակվողների վրա: Անսպասելի կատաղի դիմադրությունը ճնշելու համար Մոնթեն ռադիոյով կապվեց կողքի Կրասնի Բազար գյուղի ենթահրամանատար Գոգայի հետ` զորակցություն խնդրելու: Նա ապշած էր Գոգայի մերժումից. «Ինչու՞ պիտի Կրասնի Բազարի որդիները վտանգեն իրենց կյանքը Ղաջարի համար»:

Մոնթեն ռադիոն անջատեց, արաբերեն ինչ-որ բան քրթմնջաց եւ իր ինքնաձիգը հենեց ուսին: Չնայած կատաղի դիմադրությանն ու Գոգայի անհնազանդությանը, Մարտունու զինվորներն այդ օրը կարողացան առաջ գնալ ու Ղաջարը գրավել:

Մարտունու շուրջը, սահմանի երկու կողմերից, 270 աստիճան շրջագծով ասպատակություններ ու հրանոթային մենամարտեր էին տեղի ունենում. հյուսիսում` Գուլաբլիի մոտ, արեւելքում` ժամացույցի սլաքին համընթաց ձգվող լեռների մերձակայքում եւ հարավում` հին Ամարաս վանքը շրջապատող կաղնու անտառներում: Ասես իբրեւ ծաղր` գեղեցիկ կատարով մի հոպոպ ծլվլում էր արկերի սուլոցի ու պայթյունների արանքներում:

Մոնթեն շտաբից դուրս էր եկել լուսաբացից առաջ: Երբ նա գիշերը վերադարձավ, ենթարկվեց հայցվորների ու բողոքավորների հարձակմանը: Մի հարսի հայր 50 լիտր բենզին էր խնդրում, անկառավարելի խմբավորման մի անդամ կրկին մեկին խփել էր, սեւ ազգեստ մի մայր խնդրում էր եւս մի դագաղակիր, եւ` այդպես շարունակ:

Մոնթեն չափազանց զբաղված էր, որպեսզի ավելին աներ, քան Արցախում տարածված լուրն արձանագրելը. ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երեսունչորսամյա նախագահ Արթուր Մկրտչյանին գտել էին սպանված: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` նա «սեփական հրազենի հետ անզգույշ վարվելու զոհ» էր դարձել, բայց կասկածներ կային, թե Մկրչյանին սպանել էին նրա քաղաքական հակառակորդները: Ոչինչ, սակայն, հստակ չէր, բացի այն փաստից, որ նրան ադրբեջանական գնդակ չէր խոցել:

Փոխնախագահ Գեորգի Պետրոսյանը դարձավ փոքր հանրապետության նախագահի պաշտոնակատարը: Դիմագրավելով Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկրտումներին` նոր նախագահն ու նրա դաշնակցական հովանավորներն Արցախում համակիրներ էին փնտրում: Մոնթեն դաշնակցական պատվիրակներին քաղաքավարի ընդունեց եւ լսեց, բայց հստակորեն բացատրեց, որ ինքը Դաշնակցական կուսակցության եւ Երեւանի իշխանությունների միջեւ վեճում որեւէ մեկի կողմը չէր բռնելու: Նա կուշտ էր քաղաքական հակամարտություններից: Երբ մի օր նրան հարցրին, թե որ կուսակցությանն է համակրում, հետեւեց հայտնի ծաղրական պատասխանը. «Թխվածքների կուսակցությանը»: Նա պարզաբանեց, որ թխվածքից գոնե մի օգուտ կարող էր լինել այդ օրերին: Սա ավելին էր, քան կարելի էր ասել Երեւանում գզվռտվող կուսակցությունների մասին:

Տեղացիների համար դժվար էր հասկանալ Մոնթեի արեւմտահայերենը: Երբեմն, սակայն, անհասկանալի բարբառը ռազմական առավելություն էր տալիս: Հակամարտող կողմերի ռադիոօպերատորները կանոնավոր կերպով հսկում էին ռադիոալիքները` թշնամու խոսակցություններին հետեւելու, ծածուկ լսելու, ծաղրելու կամ պարզապես մյուս կողմում մնացած նախկին հարեւանների հետ զրուցելու նպատակով: Մի անգամ մի հայախոս ադրբեջանցի ռադիոօպերատոր կանչեց Աբոյին` Մոնթեից բողոքելու համար. վերջինիս նա ճանաչում էր միայն նրա «0-0» ռադիոկոդով.

- Մենք ձեր ռադիոկապին հեշտությամբ ենք հետեւում, - Աբոյին հավաստիացրեց ադրբեջանցին, - բայց այդ «0-0»-ի ասածներից բան չենք հասկանում:

Այն, որ Մարտունու նոր ղեկավարը մարտունեցի չէր, նրան տալիս էր նաեւ ուրիշ առավելություններ: Քանի որ Մոնթեն այդ շրջանում ոչ ազգական ուներ, ոչ բարեկամ, ապա խնամիության ու հովանավորչության մեջ մեղադրավելու տեսանկյունից նա անխոցելի էր: Տեղացիներն արագ ընտելացան նաեւ այն հանգամանքին, որ իրենց նոր հրամանատարը կաշառք չէր վերցնում: Երբ մի բարերար Ֆրանսիայից ուզեց նրան մի քանի հազար դոլլար նվիրել, Մոնթեն նրան խնդրեց այդ դրամը տալ բանակին: Իսկ երբ մի ուրիշ բարերար նրան նվիրեց շոկոլադով, թխվածքաբլիթերով, օճառով եւ կրակայրիչներով լեփ լեցուն մի ճամպրուկ, Մոնթեն հանձնեց այն ոստիկանության սպա Մավրիկին եւ հրահանգեց պարունակությունը բաժանել ամենադժվար դիրքերում գտնվող մարտիկներին:

Բացելով ճամպրուկը` Մավրիկն ակնածանքով հայտնաբերեց, որ ոչ մի հատիկ կոնֆետ չէր բացակայում: Նոր հրամանատարը նույնիսկ հրաժարվեց մի երկու շիշ տնական գինուց, որ նվիրել էր Կոմիտասի հայրը` Մոնթեի ամուսնության առաջին տարեդարձի նախօրեին: Նա բացատրեց, որ դա շատ նման էր կաշառքի:

Մարտունու շատ բնակիչներ սկսեցին իրենց նոր ղեկավարին դիտել ոչ այնքան որպես տեղական վեճերում միջնորդի (այդ վեճերը նա ամեն դեպքում չէր էլ կարող հասկանալ), բայց ավելի շուտ որպես մաքուր, գրեթե վերերկրային մի էակի: Ճիշտ է, նա իրենց հայրենակիցն էր, բայց նա նույն հաջողությամբ կարող էր լինել հրեշտակ կամ մարսեցի, որ թեւածում էր Մարտունու ու Ստեփանակերտի երկպառակություններից, կլանային հավատարմությունից ու կաշառակերությունից վեր:

Տատիկները նրան ասում էին «մեր սուրբ տղա» եւ կժերով գոմեշի մածուն խցկում նրա ձեռքերի մեջ, երբ նա շտաբի մեքենայով անցնում էր գյուղերի միջով: Մայրերը նրան բերում էին «ժինգյալով» հաց` թխած յոթ վայրի խոտերի խառնուրդով: Դրանք աճում էին այն սարերում, որոնք նա իր կյանքով երդվել էր պաշտպանել: Խալաթներով ու գլխաշորերով ծեր կանայք համբուրում էին հրամանատարի ճակատը եւ լեռնցիների բարբառով օրհնում. «Կլխավդ շուռ կյամ»:

Մայիսի սկզբին Մոնթեն մասնակցեց Ստեփանակերտի նախկին երկաթուղային կայարանում տեղի ունեցած մի խորհրդակցության, որտեղ համակրելի դեմքով գեներալ «Կոմանդոս» Տեր-Թադեւոսյանը ներկայացնում էր Շուշիի գրավման ծրագրի վերջին փուլը: Մի քանի շաբաթ շարունակ Կոմանդոսի զորքերը հրետակոծել էին ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող բերդը «Գրադ» հրթիռներով ու հրանոթներով` պատրաստվելով վերջնական գրոհին: Այդ ընթացքում ադրբեջանական ուղղաթիռները փետրվարի վերջից ներս ու դուրս էին անում Շուշի` հասցնելով հրանոթներ եւ դուրս բերելով կանանց ու երեխաներին:

Երբ Կոմանդոսն ավարտեց իր ելույթը, Մոնթեն ու մի քանի այլ մարտիկներ առաջ եկան` Շուշիի վրա հարձակմանը կամովին զինվորագրվելու: Կոմանդոսն աչքերը հառեց Մոնթեին ու գլուխն օրորեց. երբ Շուշիի գրոհի լուրը տարածվեր, ադրբեջանական զորքերը հակահարձակումներ էին ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղի արեւելյան ճակատով մեկ` Մարտունին ներառյալ: Ուստի Մոնթեն պետք է տեղում լիներ` թշնամու հարձակումները հետ մղելու պատրաստ: Եղբայրս հանգիստ լսեց, հետո առանց վիճելու դուրս եկավ գրասենյակից ու վերադարձավ Մարտունի:

Մայիսի 9-ի վաղ առավոտյան Կոմանդոսի զորքերը տարբեր ուղղություններով գրոհեցին Շուշին: Մոնթեն չէր մասնակցում գրոհին, բայց «Հայրենասիրական ջոկատի» իր որոշ ընկերներ մասնակցում էին: Մուլդոն սպանվեց գրոհի ժամանակ, Հովսեփը վիրավորվեց, իսկ Քաչալն այն մարտիկներից էր, որոնք ներխուժեցին Շուշի` քաղաքի մատույցների մոտ գտնվող մի կարկառի վրա բարձրանալով: Ժայռն այնքան զառիթափ էր, որ ադրբեջանցիներն, այն անմատչելի համարելով, չէին պաշտպանել: Շուշիի գրավումը մտնելու էր տեղական բանահյուսության մեջ որպես այդ ժամանակի ամենափառահեղ հաղթանակը, իսկ գեներալ «Կոմանդոս» Տեր-Թադեւոսյանը հիշվելու էր որպես Արցախի ամենահանդուգն եւ փայլուն ռազմական ղեկավարներից մեկը:

Մինչ Շուշիում հաղթանակ էին տոնում, Մարտունիում այլ տրամադրություն էր տիրում: Եղավ այնպես, ինչպես կանխատեսել էր Կոմանդոսը. հենց որ Շուշիի գրոհի լուրը տարածվեց, ադրբեջանցի գեներալներն իրենց մարդկանց ու զրահամեքենաները նետեցին հայկական պաշտպանական դիրքերի դեմ` Մարտունու ողջ ճակատի երկայնքով: Հայ զինվորները պահում էին իրենց դիրքերը, իսկ հետո անցան հակահարձակման: Մայիսի 15-ին Մոնթեն մի քանի հարյուր մարտիկների ու 2-3 տանկ տարավ Մարտունուց հյուսիս գտնվող Գուլաբլիի հովտում տեղակայված ադրբեջանական հրետանու դեմ:

Ադրբեջանցիների զորքերը հովտում թվով մի քանի անգամ գերազանցում էին Մոնթեի մարտիկներին. նրանք ուղղաթիռներից «փխրեցնում» էին հայերի խրամատները եւ հրանոթներից ու տանկերից կրակ տեղում ողջ ճակատով մեկ: Չնայած զինամթերքի պակասին, Մոնթեի մարտիկները գրավեցին մի տանկ, ոչնչացրին մի հրանոթ եւ վայր գցեցին ադրբեջանական մի Крокодил ուղղաթիռ, որը վիշապի նման ծխի պոչ քաշեց հետեւից, անցավ սարից այն կողմ ու գահավիժեց խոտի մեջ: Երբ փոշին նստեց, պարզ դարձավ, որ Մոնթեն կորցրել էր կես տասնյակ զինվոր, իսկ թշնամու դիակները ծածկել էին հովիտը:

Չնայած թշնամու մեծ կորուստներին, Մոնթեն մայիսի 15-ի Գուլաբլիի հակահարձակումը ռազմական անհաջողություն համարեց: Նրա մարտիկները հակառակորդին հետ էին մղել, բայց չէին կարողացել գրավել Գուլաբլի գյուղը, եւ բոլորը գիտեին, որ ադրբեջանցի հրետանավորները վերախմբավորվելու էին, որպեսզի կրկին Մարտունու վրա հրթիռներ ու տանկային արկեր տեղային: Շատ տխուր լուր էր այն, որ հայկական կողմից սպանվածներից մեկն Աշանի Արմենն էր` մի հանդարտ, ամաչկոտ ու քաջ երիտասարդ, որին Մոնթեն նկարագրել էր Սեդային որպես «իսկապես լավ տղա»:

Գուլաբլիի վրա դեռ կոտորակառումբեր էին ընկնում, երբ մյուս հրամանատարները Շուշիի հաղթանակից հետո հարձակում գործեցին քրդական Լաչին քաղաքի վրա, որ գտնվում է Արցախը մայր Հայաստանի հետ կապող ոլորապտույտ ճանապարհի երկու կողմում: Շուշիի անկումից հետո Լաչինի 5000 բնակիչները խուճապի էին մատնվել, շատերն իրենց տները թողել փախել էին, քանի դեռ հայերը չէին սկսել հարձակումը: Չորս օր տեւած կռիվներից հետո գրոհողները մայիսի 18-ին գրավեցին ու հրկիզեցին Լաչինը:

Երբ Շուշիի եւ Լաչինի կորստյան լուրը հասավ Բաքու, հազարավոր` զայրույթից կարմրատակած ցուցարարներ հավաքվեցին քաղաքի հրապարակներում` անարգանքի սյունին գամելու Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին, որին մեղադրում էին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները ձախողելու համար: Լուտանքների տարափի տակ Մութալիբովն իշխանությունը զիջեց մի ազգային խորհրդի, որ բաղկացած էր Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» պատգամավորներից:

Նախքան Լաչինի դեպքերը եղբայրս ինքն իրեն համոզել էր, թե Ադրբեջանի քրդերը պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի հայերի պահանջատիրությունը: Նա զարմացավ ու նույնիսկ զայրացավ` իմանալով, որ Լաչինի քրդերը չէին ողջունել հայերի հարձակումը:

- Քրդերին Լաչինում մեր դեմ օգտագործեցին, - հետագայում դառնացած ասաց նա մի լրագրողի,- եւ դա դեմ էր իրենց իսկ շահերին:

Լաչինի գրոհի ժամանակ լրագրող Վիգեն Չթըրյանը վերադարձավ Մարտունի` Մոնթեի հետ մի նոր հարցազրույց վարելու: Որոշ հին ընկերներ Փարիզում ու Երեւանում սկսել էին Մարտունու հրամանատարին տարփողել որպես «կենդանի լեգենդ», բայց թղթակիցն այլ վերաբերմունք ուներ: Ֆրանսերեն մի հարցազրույցում Չթըրյանը Մոնթեին հարցրեց, թե նա առհասարակ ինչ էր մտածում այն փաստի մասին, որ երկու «գեղջկական բանակ», ինչպես ինքը որակեց, բռնել էին իրար կոկորդից ու զբաղված էին էթնիկ զտումներով` «ատամն ընդ ատաման» սկզբունքով:

- Այդպիսի հարցի պատասխանելու ժամանակը չէ, - ասաց Մոնթեն. - այս պայքարը մեր ազգի համար է, եւ մենք բոլորս պիտի միավորվենք հանուն հաղթանակի:

Չթըրյանն ուզում էր այդ թեմայով խոսակցությունը շարունակել, բայց ընկրկեց: Երեկոյան ժամը 11-ն էր, եւ Մոնթեն հոգնած տեսք ուներ: Բացի այդ, Չթըրյանին թվաց, թե իր հարցը «Մոնթեին նեղեց»: Տարիներ անց նա անդրադարձավ իրենց զրույցին` նշելով, թե անշուշտ Մոնթեին էլ շատ հարցեր էին հուզում, «բայց նա ոչ դրանց պատասխանն ուներ, ոչ էլ ժամանակ»:

Մայիսի 28-ին Երեւանում գեղեցիկ, նոր համազգեստներով զինվորները հանդիսավոր քայլքով անցան Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարներով լեցուն ամբիոնի մոտով. այնտեղ էին Խորհրդարանի նոր նախագահ Բաբկեն Արարքցյանը, ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, երկարամորուս Խաչիկ Ստամբոլցյանը, պայծառաժպիտ Վազգեն Սարգսյանը եւ «Արաբոյի» Մանվելը: Հայաստանի Անկախության օրն էր, եւ հաղթանակներ կային տոնելու` Խոջալու, Շուշի, Լաչին:

Հրամանատար Ավոն, սակայն, ոչ մի տեղ չէր երեւում: Զինվորական շքերթները ժամանակի ու վառելիքի կորուստ էին: Բացի այդ, ռազմաճակատը թողնելու ժամանակը չէր: Մոնթեն գիտեր, որ թշնամին կարող էր ամբիոնի առջեւով անցնող յուրաքանչյուր տանկի ու ծանր հրանոթի հակադրել դրան հավասար կամ էլ գերազանցող զենքեր, ինչպես նաեւ` յուրաքանչյուր МИГ -33-ի եւ Крокодил ուղղաթիռի, որ ոռնում էին գլխավերեւում: Շքերթում ցուցադրվող զենքերը նշանակում էին միայն սպանության նոր համայնապատկերներ: Մարտունու բարձունքներում քամհար խրամատից խոժոռ նայելով հեռադիտակի միջով` նա դիտում էր մոտալուտ փոթորիկը:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter