HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապի՛ դուրս եկ, «Զրո-զրո»

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

1993 թ. մարտի սկզբին Մոնթեն սկսել էր զգալ, որ, չնայած անհնազանդ խմբավորման մարմրող դիմադրությանը, Մարտունու իր զինվորները բավական կարգապահություն եւ վստահություն էին ձեռք բերել, որպեսզի առանց իրեն կարողանային գործերը կարգավորել:

Ժամանակն էր փորձել իր փոխ-հրամանատարին` խորհրդային բանակի երիտասարդ վետերան ճարտարցի Մոսիին` տեսնելու համար, թե ինչ հաջողություն կունենա նա որպես Ավոյին փոխարինող: Ինչպես Մոնթեն ասաց իր ծնողներին ուղարկած տեսաուղերձում, ժամանակն էր` սկսել հաշիվները մաքրել Մարտունիում եւ տեղափոխվել ուրիշ ռազմաճակատ:

Նա որոշ քանակությամբ դիզել ապահովեց եւ կազմավորեց մի ջոկատ` հյուսիսում ոչ այնքան հստակ պատկերացված մի օպերացիա իրականացնելու համար: Ջոկատը բաղկացած էր մոտ 70 մարտունեցի եւ նույնքան` ամենահարավային Հադրութ շրջանի կամավորներից: Մոնթեի վարորդ Կոմիտասն էլ էր զինվորագրվել, ինչպես նաեւ` Սարիբեկն ու Աբո անունով մեկ այլ նվիրյալ սպա` Գիշի գյուղի մարտիկների եւ խարտյաշ մազերով Մավոյի ենթահրամանատարության տակ գտնվող մի ուրիշ խմբի հետ միասին:

Նրանց միացան նաեւ «Գաղտնի բանակի» երկու նախկին ընկերներ Իրանից` Վահիկ Շ.-ն ու Մասիս Շ-ն, այլեւ` մոլորյալ պահեստապետ Մարատը, որը մեկ տարի առաջ հասարակական բանադրանքի ենթարկվելուց հետո մտափոխվել էր եւ այժմ իրեն համարում էր Մոնթեի հրամանատարության տակ կռվող հավատարիմ մարտիկ: Նելսոնը նույնպես ընդգրկված էր ջոկատում:

Այն ներառում էր նաեւ մի քանի կանանց, որոնք անվանապես բուժաշխատողներ էին, բայց ինքնաձիգներ ունեին: Նաեւ` մի զրահամեքենայի անձնակազմ նահատակված Մաճկալաշեն գյուղից, գումարած` եւս 130 կամավոր: Այս կամավորներից քչերն էին, որ հստակ պատկերացում ունեին, թե որքան ժամանակ են իրենք ճանապահ գնալու, եւ թե ուր է բերելու իրենց այդ ճանապարհը:

Կամավորներով լցված 2-3 նորոգված տանկ, մի քանի զրահամեքենա եւ մի քանի` անձնակազմ տանող մեքենա մարտի 5-ի վաղ առավոտյան, նախքան լուրը կհասցներ տարածվել, ճանապարհ ընկան: Մյուս օրը, հայկական ավերված Հաթերք գյուղից դուրս, Մոնթեն կանգնել էր տեսախցիկի առջեւ եւ խնդրում էր Մարտակերտի շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանին` վկայություն տալ իրենց ոտքերի տակի ցածր խոտի մեջ թափված` թշնամու թողած զինամթերքի մասին.

- Զինամթերքը բերված է Իրանից, Թուրքիայից, արաբական երկրներից... - ասաց Դանիելյանը` չհիշատակելով իսրայելական միավորներն ու տեխնիկական օժանդակությունն Էլչիբեյի` խիստ հակաիրանական վարչակարգին: Քամին խփում էր խոսափողին` խլացնելով նրա ձայնը:

Մոնթեն ընդհատեց նրան եւ բաց ափը տարավ զինամթերքի կողմը.

- Պարզապես ասա՛, թե ինչ ես տեսնում:

Դանիելյանը կրկնեց իր խոսքերն Ադրբեջանին օգնություն ցույց տվող մահմեդական երկրների մասին:

Մոնթեն կրկին ընդհատեց.

- Ի՞նչ ես տեսնում, պարզապես ասա՛, թե ինչ ես տեսնում, - գրգռված բղավեց նա:

Դանիելյանը մի քանի անհասկանալի վանկ մրթմրթաց, հետո Մոնթեն վերցրեց տեսախցիկն ու մոտեցրեց այն թշնամու լքած զինամթերքի պլաստիկ փաթեթավորման վրա գրված կապույտ ու սեւ եբրայերեն տառերին: Դանիելյանը հավանաբար ցանկանում էր հաճոյանալ արեւմտյան լսարանին` չտեսնելու տալով ակնհայտ փաստը, բայց նրանց ոտքերի տակ ապացույցն էր այն իրողության, որ Ադրբեջանը զինամթերք էր ստանում Իսրայելից:

Մոնթեի մարտիկները մյուս օրը կռվի բռնվեցին` թշնամուն դուրս մղելով Սարսանգի ջրամբարի հյուսիսային ափին գտնվող Հաթերքից: Հաջորդ օրը (մարտի 8-ին) նրանք թշնամուն եւս 5 կիլոմետր արեւմուտք քշեցին` հասնելով լքված Գետավան գյուղը: Այնտեղ նրանք իջեւանեցին դպրոցի քարե շենքում, որ թառել էր զառիթափի անխնամ ճանապարհին: Ապա նրանք հետ դարձան` մասնակցելու Ջանյաթաղի լեռնագագաթների համար մղվող կռիվներին` Մարտակերտի արեւելյան ճակատում:

Ծանր կռիվներից հետո նրանք մարտի 17-ին գրավեցին բարձունքները: 3 օր անց ադրբեջանցիները կազմակերպված հակահարձակումներ ձեռնարկեցին Մարտակերտի արեւելքում ու արեւմուտքում, ինչպես նաեւ` Լաչինի միջանցքից հյուսիս ու հարավ: Մոնթեի մարտիկները հետ մղեցին արեւելյան Մարտակերտի հակահարձակումներն ու առաջացան դեպի Պուշկեն Յալ կոչվող` ռազմավարական նշանակություն ունեցող բլուրը:

Մյուս առավոտ ժամը 7:29-ին տեսախցիկը կրկին աշխատում էր, երբ տանկերի հրանոթների թնդյունն ազդարարեց, որ Պուշկեն Յալի համար մղվող ճակատամարտն սկսվել է: Մորթե օձիքով ծանր զինվորական բաճկոն հագած` Մոնթեն պառկած է դարչնագույն խոտի մեջ, լեռան կատարի եզրին, որ նայում է հեռվում գտնվող բլուրներին ու ձյունածածկ գագաթներին: Նրա հրամանատարության տակ է մի թեւը, իսկ քողարկաներկված բաճկոն հագած Դանիելյանն առաջնորդում է մյուսը: Նրանց «ուոքի-թոքիները» խռխռում են, ինքնաձիգները` ճարճատում, մեջտեղում ծուխ է բարձրանում, եւ նրանցից ոչ հեռու հրետանային արկ է պայթում:

Ժամը 8-ը չլրացած` Մոնթեն խռպոտ ձայնով բղավում է.

- Շտապ օգնությո՜ւն, շտապ օգնությո՜ւն: Նրանք խփել են մեր БМП-2-ը:

Տեսախցիկը պտտվում է` տեսադաշտի մեջ առնելու համար հրամանատարին. նա այնքան բարձր է մռնչում, որ ձեռքերը դողում են.

- Շտապ օգնությո՜ւն, շտապ օգնությո՜ւն: Մենք խփել ենք մեր իսկ БМП-2-ը:

Տեսախցիկից դուրս մի ձայն ասում է.

- Բայց մերը հենց նոր դուրս եկավ. - ուզում է ասել` խփված զրահամեքենան ադրբեջաբական է:

Հեռվում մի այլ պայթյուն է բռնկվում, եւ Մոնթեն մի անմարդկային ճիչ է արձակում` կարծես փսխում է իր կոկորդը.

- Մե՜րն է, էշե՜ր, դուք բան չեք հասկանում:

Մի քանի րոպե անց 7-8 մարտիկ զինվորական դեղնա-դարչնագույն համազգեստներով լանջով ցած են վազում` БМП-2-ի անձնակազմի մի վիրավոր անդամի մարտադաշտից դուրս բերող տանկին ընդառաջ: Նրանք տանկի դռնակից մի հազիվ շարժվող մարդու են հանում: Դա Վարդանն է` հրեշտակային դեմքով ու պատանեկան ցանցառ մորուքով մի սլացիկ մարտիկ:

- Թողե՛ք մեռնեմ, տղաներ, - տնքում է նա ցնցվելով:

Նրա ընկերներից մեկը հուսահատ կատաղությամբ հարձակվում է տեսախցիկի վրա.

- Կորե՛ք այստեղից:

Նույն օրն ավելի ուշ Մարտունու զինվորները շրխկոցով բացում էին գոմերի ու զուգարանների դռները` մոտենալով Պուշկեն Յալի կատարին: Սակայն բլուրը հեշտ չէր պահել: Ադրբեջանցիների հակահարձակումները շարունակվեցին մինչեւ մարտի 25-ը, երբ Մոնթեն Պուշկեն Յալը թողեց Դանիելյանի զինվորների ձեռքում: Այդ պահին կարող էր թվալ, թե Մոնթեի մարտիկները կվերադառնան հարավ` Մարտունի կամ Հադրութ: Բայց փոխարենը նրանք արեւմուտք տանող ճանապարհով հետեւեցին իրենց հրամանատարին:

Մարտի 26-ին Մարտունու զինվորները, զենքերն ու զինամթերքը մեջքներին, 15 կիլոմետրից ավելի քայլեցին զառիվեր սարերի վրայով, մինչեւ որ հասան այն կետին, որտեղից հարձակվեցին Աղդաբան ռազմականացված գյուղի վրա` 30 կիլոմետր Ջանյաթաղից արեւմուտք: Ծանր մարտից եւ ադրբեջանցիների կատաղի դիմադրությունից հետո նրանք ճեղքեցին պաշտպանության գիծն ու առաջացան եւս մի քանի կիլոմետր դեպի արեւմուտք` մինչեւ Արցախի արեւմտյան եզրը:

Հաջորդ օրը Մոնթեն հարձակում գործեց քանդված Չարեքդար գյուղի վրա, որ գտնվում էր Մարտակերտից դեպի արեւմուտք տանող միակ ասֆալտապատ ճանապարհի երկու կողմում: Այդ միջոցին մեկ այլ հայկական զորախումբ մոտենում էր մի քանի կիլոմետր հյուսիս գտնվող Աղդաբանից, իսկ մի երրորդ խումբ էլ դիրքեր գրավեց մի քանի կիլոմետր հիմնական ուժերից հարավ, Նարեշտար գյուղի մոտ: Ոչ միայն Մոնթեի մարտիկների, այլեւ թշնամու հրամանատարների համար պետք է որ արդեն պարզ դարձած լիներ, թե ուր է տանում ճանապարհը:

Ադրբեջանցիներին այժմ հայտնվել էին մի սպառնալիքի առաջ, որ մինչ այդ հազիվ թե որեւէ մեկը պատկերացներ. հայերը պատրաստվում էին ներխուժել Քելբաջար` Արցախը Հայաստանից բաժանող` 3000 քառակուսի կիլոմետրանոց սարերի ու ձորերի լաբիրինթոսը:

Նույն թվականին, դրանից առաջ, մի տեսախցիկ նկարահանել էր, թե ինչպես Մոնթեն ցեխոտ կոշիկներով դոփելով մտնում է իր գրասենյակը` Երեւանից եկած` Տեր-Պետրոսյանի կողմնակից պատգամավորների պատվիրակությանն ընդունելու համար: Լսարանից ուշացած դասախոսի նման նա անմիջապես սկսեց Մարտունիում պաշտպանական պատրաստությունների մասին դասախոսությունը: Մի պահ Մոնթեն շրջվեց դեպի իր հետեւում պատի մեծ մասը ծածկող քարտեզը եւ բաց դաստակը դրեց վրան` Արցախի ու Հայաստանի Հանրապետության սահմանների միջեւ:

- Այս տարածքը, - ասաց նա, - շատ կարեւոր է:

- Մի պահ թերահավատ լռություն տիրեց, որից հետո պատգամավորնորից մեկը` Բագրատ Ասատրյանը, քթի տակ մրթմրթաց, բայց դա լսելի եղավ հետեւում գտնվող տեսախցիկին.

- Գեղեցիկ երազնե՜ր:

Երկու ամիս էր անցել այդ օրվանից: Այժմ, գտնվելով Քելբաջարի քարե լաբիրինթոսի շեմին, թվում էր` Մոնթեն պիտի փորձեր իրագործել այդ «գեղեցիկ երազները»:

Աղդաբանի եւ Նարեշտարի ուժերը մոտենում էին, բայց Մոնթեի` Չարեքդարի մոտ գտնվող մարտիկները` ոչ, համենայն դեպս` ոչ մարտի 27-ին: Ադրբեջանցի հրամանատարներն իրենց ամենալավ մարզված ու ամենավճռական զինվորներին, որոնց թվում` տանկերի ուկրաինացի ու չեչեն հրամանատարների եւ թուրք կամավորների, նետել էին Չարեքդարի պաշտպանության ճակատ: Հենց որ Մոնթեի առաջնորդող տանկը մի ժայռի ստորոտում շրջադարձ կատարեց ճանապարհին, թշնամու «ֆագոտից» արձակված մի հրթիռ խփեց այն` սպանելով անձնակազմի բոլոր երեք անդամներին` հերհերցի երիտասարդների: Թվում էր, թե միշտ նրա լավագույն մատիկներն էին լինում առաջին զոհերը: Մոնթեի բղավոցը կանգնեցրեց առաջխաղացումը, հետո նա հետախույզներ ուղարկեց ժայռի գագաթը:

Այդ ընթացքում Քելբաջարից արեւմուտք, Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաքի մոտ, մի չորրորդ զորամիավորում` բաղկացած կոկիկ համազգեստներով 50 մարտիկներից, արդեն սկսել էր մեծ ջանքեր գործադրելով Մռավի լեռների` ծնկներին հասնող ձյան միջով անցնել դեպի Քելբաջար: Այդ խումբը գլխավորում էր կարմիր բերետով մի թիկնեղ տղամարդ` մի հայ Արեւմուտքից, որ խոսում էր Մոնթեի նման նույն տարօրինակ բարբառով:

Իսկ Չարեքդարում Մոնթեի մարտիկները վերսկսեցին իրենց հարձակումն ամսի 28-ին: Ի վերջո, 8 ժամ կռվելուց եւ հայկական կողմում մեկ կորուստ ունենալուց հետո, նրանք թռան պաշտպանների խրամատների վրայով եւ գրավեցին 2 զրահամեքենա ու 1 տանկ, որի փողի վրա կիսալուսին եւ աստղ էր պատկերված: Գերեվարված զրահամեքենաները միացան երկարած շարասյանը, որ ճղփճղփոցով անցնում էր ոլորապտույտ հոսանքով Քելբաջար մտնող Թարթառ գետը: Երբ նրանք հասան մյուս ափը, Մոնթեն եւ իր մարտիկները ցած թռան տանկերից ու շարունակեցին քայլել: Հանգիստ, անժպիտ, դեղին փոշիով ծածկված` նրանցից ամենաերիտասարդն անգամ տասնյակ կռիվներ տեսած կոփված վետերան էր:

Նույն օրը տեղացի թղթակից Բաղրյանը լքված Վանքվան գյուղի մոտ հասավ Մոնթեին: Հրամանատարն իրենից հարցազրույց վերցնողին ներկայացավ մարտական հանդերձանքով, զրահաժիլետի վրայից հագած փամփշտակալով, բայց առանց սաղավարտի: Հեռվում, լեռների կատարին, ուրվագծվում էր հայկական միջնադարյան Դադիվանքը:

- Հիմա հասած ենք [Քելբաջարի շրջանի]` մինչեւ Կիրովաբադի ճանապարհը, եւ մենք երբ որ ուզենք, առաջ կերթանք. հարցը այն է` արդյոք կուզե՞նք կամ ոչ, քանի որ պիտի նախընտրեինք, որ խաղաղ բնակչությունը ապահով ձեւով դուրս ելլե այստեղեն, եւ հետո առաջ երթանք: Բայց կարծես թե իրենց զինվորականները թույլ չեն տար: Ուրեմն թերեւս նորեն կսկսենք:

Բայց ինչո՞ւ մտնել Քելբաջար: Այնտեղ հայեր չէին ապրում:

Մոնթեն հետագայում պնդում էր, որ իրենք «պիտի գրավեին Քելբաջարը», որովհետեւ ադրբեջանցիներն այդ տարածքից սկսել էին հայկական գյուղերի հրետակոծությունը: Բայց նրա համար այս օպերացիայի հիմքում զուտ, եւ ոչ էլ առաջին հերթին, անվտանգության նկատառումները չէին:

- Այս հարցը պատմական հարց է, - ասաց նա Բաղրյանին: Այսօրվա ժողովրդագրական կացությունն ու սահմանները Մոնթեի համար նշանակություն չունեին. Քելբաջարը պատմական Հայաստանի մաս էր:

- Անշուշտ ասիկա պատմական Հայաստան է, - ասաց նա` շրջվելով ու մատնացույց անելով վանքը հեռվում. - այն կամայական սահմանները, որ գծեցին 1921 թվականին, ոչ մեկ կապ ունին իրականության հետ, եւ մենք պիտի վերահաստատենք իրականությունը մեր զենքերով, դժբախտաբար: Լավ կըլլար, եթե ազերիները հասկնային, որ լավ իրականությունը իրականությունն է, ընդունեին եւ ըսեին` լավ ձեզի է, վերջ:

Չնայած Քելբաջարի բնակչության կեսն ադրբեջանցիներ էին, կեսը` քրդեր, «իրականությունը որպես իրականություն» ընդունելու համար նրանք պետք է կամ հաշտվեին հայկական պետության մեջ որպես փոքրամասնություն ապրելու գաղափարի հետ, կամ թողնեին իրենց տները: Բայց հայ մարտիկներն արդեն բացառել էին առաջին հնարավորությունը` ինչպես Մոնթեն ինքը գրոհից անմիջապես առաջ խոստովանեց մի արեւմտյան թղթակցի.

- Երկու կողմից էլ շատ արյուն է թափվել, - նկատեց նա. - կրքերը բորբոքված են, եւ դա չի կարող նպաստել տեսանելի ապագայում միասին ապրելուն:

Թվում էր, ուրեմն, որ բացի զանգվածային տեղահանությունից բոլոր տարբերակները բացառված էին:

Մարտի 31-ին Մոնթեի մարտիկները եւս 9 կիլոմետր առաջ էին գնացել երկկողմանի ճանապարհով, որը հետեւում է Թարթառ գետի շրջադարձերին: Հանկարծ նրանք հայտնվեցին մի նեղ ու ոլորապտույտ ձորում` երկու կողմից ուղղահայաց 100 ոտնաչափանոց զառիթափերով: Մոնթեն տեսագրել է այդ պահը. Թարթառ գետի շագանակագույն ջուրը փրփրում է` քարերին բախվելով, իսկ արեւի ճառագայթները սահում են ուղիղ վեր ձգվող ժայռերի մակերեսով:

- Ի՜նչ գեղեցիկ տեղ է, - ասում է Մոնթեն` տեսախցիկով շարժվելով գետի երկայնքով. - դեռ ձմեռ է, տերեւները շատ չեն, բայց երբ շրջակայքը կանաչի, սա իսկապես գեղեցիկ տեղ կլինի:

Այս տեղանքի եւս 20 կիլոմետր էր նրա շարասյունը բաժանում Քելբաջարի շրջանի նույնանուն քաղաքից: Ձորի վերեւից Մոնթեի հետախույզները զննում էին դեպի հարավ` Լաչին տանող միակ ճանապարհի հետ խաչմերուկը: Կապոցներով բեռնված մարդատար ու բեռնատար մեքենաներ, մի անընդհատ շղթա կազմած, հեռանում էին Քելբաջարից: Մոնթեն իր շարասյանը հրամայեց կանգնել, որպեսզի այդ մեքենաները կարողանան անցնել:

Նրանք 24 ժամ սպասում ու դիտում էին: Վերջապես, Ապրիլի 1-ին, ժամը 14:00, երբ հետախույզները զեկուցեցին, որ փախստականների հոսքը բարակ առվակի էր վերածվել, իսկ հետո բոլորովին ցամաքել, Արցախի մարտիկները վերսկսեցին հարձակումը` հասնելով Զուֆուլգարլիից հարավ տանող թունելի մուտքի մոտ գտնվող խաչմերուկը: Հանկարծ, թունելից դուրս գալով, նրանց կողմը սլացավ մի ռազմական կանաչ ГАЗ-52 բեռնատար:

Մոնթեի զինվորները կտրուկ փոխեցին իրենց ուղղությունը եւ կրակ բացեցին ինքնաձիգներով ու նռնականետներով: Մարտիկների մտքով չէր անցնում, որ բեռնատարը կարող էր ռազմական փոխադրամիջոց չլինել: Բայց երբ նրանք մոտեցան ծխացող հսկային, նրանց ծնոտները կախ ընկան. բեռնատարը տանում էր 25 քուրդ ու ադրբեջանցի կոլտնտեսականների, եւ ոչ մի զինվորի: Շատերը գնդակներից կամ բեկորներից վերքեր ու այրվածքներ էին ստացել, իսկ 4 հոգի, որոնց թվում` վարորդն ու նրա դուստրը, սպանված էին:

Մոնթեն հրամայեց ողջ մնացածներին Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխել: Նրանց մի մասը մեռնելու էին վերքերից: Հետագայում մի բրիտանացի թղթակցի տված հարցազրույցում Մոնթեն տխուր, ընդհատվող ձայնով բացատրեց, որ Զուֆուլգարլիի թունելի բերանին հասնելիս իր զինվորները ենթադրում էին, թե վերջին փախստականները հատել էին խաչմերուկը: Մարտիկները հոգնած ու նյարդայնացած էին, երբ կրակ բացեցին թունելից իրենց վրա եկող բեռնատարի վրա:

Մոնթեի շարասյունը եւս մի քանի կիլոմետր առաջ գնաց դեպի արեւմուտք, հետո կանգ առավ` չհասած մեկ այլ խաչմերուկի, այս անգամ դեպի հյուսիս` Ադրբեջանի` մեծությամբ երկրորդ Գանձակ քաղաքը տանող մեծ ճանապարհի հետ: Մոնթեի նպատակակետը` Քելբաջար քաղաքը, 15 կիլոմետր խաչմերուկից այն կողմ էր, դեպի հարավ-արեւմուտք: Ձորի վերեւից նրա հետախույզները դիտում էին մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների քարավանը, որ շարժվում էր դեպի հյուսիս` Գանձակ, մինչ գլխավերեւում հետ ու առաջ էին անում ադրբեջանցի փախստականներով գերբեռնված МИ-8 ուղղաթիռները:

Մոնթեն իր զինվորներին հրամայեց մինչեւ առաջ գնալը 40 ժամ սպասել: Այս անգամ նա պիտի համոզված լիներ, որ նրանք չեն կրկնի Զուֆուլգարլիի թունելի մոտ գործած ահավոր սխալը: Նրանք պիտի սպասեին, մինչեւ փախստականներն անցնեին խաչմերուկով` նույնիսկ ադրբեջանցի զինյալներին տարածք թափանցել եւ դիրքերն ամրապնդել թողնելու գնով: Մոնթեի սպա Աբոն, որ ադրբեջաներեն գիտեր, ռադիոյով կապվեց Քելբաջարի մարզպետի հետ, որը ներկայացավ իր «Խան» ծածկագրով:

- Զենքերը վա՛յր դրեք, - ասաց նրան Աբոն. - դուք ազատ եք` հեռանալու մինչեւ ապրիլի 2-ի ժամը 14:00. դուք եւ բոլոր խաղաղ բնակիչները:

- Մենք երբեք չենք հեռանա, - պատասխանեց խանը. - մենք կռվելու ենք մինչեւ վերջ:

Մոնթեն Աբոյին կարգադրեց բարձրախոս ուղղել խաչմերուկի կողմը` փախչող բնակչության հետ անմիջականորեն կապվելու համար, այն հույսով, որ նրանք լուրը կփոխանցեն իրենց այն ազգականներին ու հարեւաններին, որոնք դեռ Քելբաջարից դուրս գալու ճանապարհին չէին: Աբոն 5 անգամ, ռուսերեն եւ ադրբեջաներեն, հայտարարեց, որ ամեն ոք, ով չի ուզում փոխհրաձգության մեջ ընկնել, պետք է մինչեւ ուրբաթ` ապրիլի 2-ի ժամը 14:00, առանց հարձակումից վախենալու հեռանա տարածքից: Հայտարարությունն արձագանքում էր ձորով մեկ` հասնելով խաչմերուկին եւ ավելի հեռու:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter