HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապի՛ դուրս եկ, «Զրո-զրո» - 2

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Ապրիլի 1-ի երեկոյան ուղղաթիռները վերջին փախստականներին տեղափոխել էին ապահով տեղ` Եվլախ, որ մեկ ժամ ճանապահի հեռավորության վրա էր: Այդ ընթացքում ադրբեջանական տանկերն ու հետեւակը հասել էին խաչմերուկին եւ դիրքավորվել` պատրաստվելով անխուսափելի հարձակման: Ապրիլի 2-ին, ժամը 2:45, Մոնթեի ուժերը ներխուժեցին խաչմերուկ` կրակելով ուղիղ ադրբեջանցիների դիրքերի վրա: Մի քանի րոպե անց խաչմերուկը լցված էր թշնամու այրված զրահատեխնիկայով ու սպանված զինվորներով: Զոհվել էին նաեւ Մոնթեի 4 մարտիկ:

Մինչեւ հայերը կավարտեին թնամու զինամթերքը զննելը, զինվորներ տեղափոխող մի ЗИЛ բեռնատար եւ մի քանի ուրիշ մեքենաներ` բեռնված ադրբեջանցի զինյալներով ու վառելիքով, շրջադարձ կատարեցին ճիշտ Մոնթեի մարտիկների առջեւում ու սլացան ուղիղ նրանց վրա: Հայ զինվորներից մեկը տեսագրել է այդ պահը. տեսախցիկը պտտվում է` Մոնթեին որսալու համար, երբ նա ձեռքի հետ լիցքավորում է իր ինքնաձիգը` առանց թաքնվելու մասին հոգ տանելու:

Նա ծունկը հենում է ճանապարհին, նշան բռնում եւ կրակում` այդ ամենը մեկ սահուն շարժումով, կարծես իր սովորության համաձայն, երբ մեկ ուրիշը կշփոթվեր: Նույն պահին տեսախցիկը հետ է դառնում դեպի շրջադարձը, եւ մարտունեցիների զրահամեքենայից մի արկ հարվածում է թշնամու վառելիքի բաքին` 60 ադրբեջանցիների գլորելով մի հսկայական նարնջագույն հրագնդի մեջ, որի լեզուները տարածվում են խցիկի շրջանակից այն կողմ` տեսադաշտը սպիտակեցնելով:

Երբ Գանձակի խաչմերուկում բոցերը նվազել էին, Մոնթեն վերցրեց տեսախցիկը` ավերածության տեսարանն արձանագրելու համար: Ճանապարհին, բարձր քարաժայռի ստորոտի կարմրավուն կավի ֆոնի վրա, թափված են ծռմռված ու այրված մեքենաներ: Տեսախցիկն անցնում է ածխացած ու դեպի դուրս ճկված դիակների վրայով, հետո ցույց տալիս արյունոտ դեմքեր ու դեպի երկինք բացված բերաններ:

- Ուզում եմ բոլորին մի բան տեղեկացնել, - տեսախցիկի հետեւում լսվում է Մոնթեի ձայնը. - նրանց ոտքերին կոշիկ չկա: Մեր տղաները զինվորական կոշիկներ չունեն, եւ երբ մենք ադրբեջանցու ենք սպանում, վերցնում ենք նրա կոշիկները...

Հստակ երեւում է, որ բոլոր դիակները գուլպաներով են: Մոնթեն տեսախցիկը մոտեցնում է երեսն ի վեր ճանապարհի եզրին պառկած մի խարտյաշ դիակի, հետո ցույց տալիս մեկ ուրիշին.

- Ռուս, - ասում է նա. - մեկ ռուս... երկու ռուս կար նրանց հետ:

Հետեւում, անդունդի եզրին կախված է մի հալված զրահամեքենայի կմախքը, իսկ ճանապարհի մյուս կողմում զինվորներ տեղափոխող մի մեքենա է ծխում` շրջապատված ածխացած, մահվան մեջ քարացած դիակներով ու բազմաթիվ պատառոտված անվադողերով: Մոնթեն ցույց է տալիս խաչմերուկը, որտեղ ընկած է թշնամու մոտ 70 դիակ, եւ խցիկը շարժում ճանապարհի ենկայնքով.

- Որքան գնաք այս ճանապարհով, - ասում է նա, - այնքան շատ դիակներ կգտնեք:

Երբ վիրավորները տեղափոխված էին Ստեփանակերտ, Մոնթեն հաշվեց իր մարդկանց. այժմ նրա հրամանատարության տակ միայն մոտ 60 հոգի կար: Որքան իրեն հայտնի էր, թշնամու պնդաճակատ պաշտպանների մեկ այլ խումբ պիտի որ դարանակալած լիներ Գանձակի խաչմերուկի ու Քելբաջար քաղաքի միջեւ անցնող ճանապարհի վերջին 15 կիլոմետրի վրա ինչ-որ մի տեղ: Նա օժանդակ ուժերի կարիք ուներ, բայց արեւը մայր մտնելու վրա էր, եւ եթե ինքը սպասեր թարմ ուժերի ժամանմանը, իր մարդիկ կկորցնեին իրենց ոգեւորությունը: Մոնթեն հրաման տվեց, եւ բեռնատարներն ու տանկերը սեւ ծուխ արձակելով առաջ շարժվեցին:

Տեսախցիկն արձանագրել է խմբերից հետ մնացած ադրբեջանցիների ու քրդերի հետ հանդիպումներ ճանապարհի վերջին հատվածում. թշնամու մի թախծոտ զինվոր` վիրակապված ձեռքով ու այրված ոտքով, էշ նստած` մոտենում ու հանձնվում է: Մի ծերունի` գունաթափված բաճկոնով, որի վրա Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ մեդալներ կան, հեկեկում է` իր տունն ընդմիշտ թողնելուց առաջ: Մի տարիքով կին` սեւ «յազմայով», փայտի վրա մի պատռված սպիտակ լաթ սասանելով, ադրբեջաներեն ողջունում է Մոնթեին եւ Աբոյին, հետո հանկարծ ծնկի իջնում` Մոնթեի ոտքերը համբուրելու: Զարմանքով ու անհարմարության զգացումով` Մոնթեն փորձում է ետ հրել նրան:

- Յո՛խ, - բղավում է նա, - ո՛չ:

Մոնթեն բնազդաբար կռանում է եւ կնոջը թեւից բռնած բարձրացնում.

- Ի՞նչ ես անում, - թուրքերեն հարցնում է նա, - երբեք այդպիսի բան մի՛ արա:

Դրանից ոչ շատ անց տեսախցիկը դեռ աշխատում է, երբ Մոնթեն եւ իր մարտիկերի մի խումբ, իրար գլխի հավաքված, ձեռքից ձեռք են փոխանցում տեղական «Իսդի սու» հանքային ջրի մի շիշ: Նրանք հենց նոր լսել են ռադիոյով, որ ուրիշ ռազմաճակատից եկած զորքերը գրավել են Քելբաջար քաղաքը:

- Քելբաջարը մե՜րն է, - բղավում է Մոնթեն:

Նելսոնը մի մեծ կում է անում ու շիշը տալիս Մոնթեին: Դրսից եկածը գուցե եւ խելագար է, բայց այս անգամ նա իրենց հաղթանակի առաջնորդեց:

Երբ Մոնթեն շաբաթ օրը, ապրիլի 3-ին, մտավ Քելբաջար քաղաքը, նա գտավ մաքուր, բայց անկյանք ցուցափեղկերի մի շարան ու մի քանի հավ: Քաղաքի բնակիչներն այնպիսի շտապողական վիճակում էին հեռացել, որ չէին մտածել հավերին վերցնել որպես ճանապարհի համար ուտելիք: Կյանքի մյուս նշույլը քաղաքի կենտրոնով անցնող ճանապարհի վրա պարապ կանգնած զրահամեքենան էր:

- Շնորհավորո՛ւմ եմ, - բղավեց Մոնթեն զրահամեքենայի վրա նստած մի մարտիկի, որ լքված քաղաքը Մոնթեի զինվորներից անմիջապես առաջ մտած զորախմբերից մեկի անդամ էր:

Վարդենիսից եկած զինվորները Մոնթեից շուտ Քելբաջար քաղաքը մտածների թվում էին: Ինչպես պարզվեց, խմբի ղեկավարը` կարմիր բերետով հրամանատարը, որ խոսում էր տարօրինակ բարբառով, Մոնթեի հին ծանոթներից էր: Շիշկոն Հայաստան էր եկել երկու ու կես տարի առաջ, ընդհատակի իր նախկին ընկեր «Տիմոթի Շոն Մաք Քորմիքից» ուղիղ 20 օր հետո: Մարսելցին Հայաստան էր մտել իր 47 անձնագրերից մեկով, այս անգամ` իտալականով, Անջելո Ռոսսետտի («Կարմիր հրեշտակիկ») անունով: Քելբաջարի գրոհի սկզբից ի վեր Մոնթեն լսել էր Շիշկոյի արշավանքի մասին, բայց, ի թեթեւություն իրեն, իր եւ իր օտարացած ընկերոջ ճանապարհները չէին հատվել:

Ձորը հանդարտ էր: Քելբաջարի հարձակումն ավարտված էր: Մի վճռական գրոհով հայ մարտիկներն ապահովել էին Արցախի ողջ արեւմտյան թեւը` Մռավի լեռներից` հյուսիսում, մինչեւ Լաչինի միջանցքը` 90 կիլոմետր դեպի հարավ: Քելբաջարի գրավման շնորհիվ նրանք վերահսկեցին Արցախի ու մայր Հայաստանի միջեւ ընկած` 3000 քառակուսի կիլոմետրանոց մի` սարերի ու ձորերի գոտի: Այսպիսով, Մոնթեն եւ մյուս մարտիկներն Արցախը միացրել էին Հայաստանի Հանրապետությանը` միաժամանակ ամրացնելով պաշտպանական դիրքերը հյուսիսում:

Իրենց տրամադրության տակ ունենալով անառիկ ու տարածքի վրա իշխող բարձունքներ` 100-200 մարտիկներ կարող էին այժմ պաշտպանել Մռավի լեռնանցքներն ադրբեջանցիների հակահարձակումից` ազատելով Արցախի մնացած ուժերին` հարավի ու արեւելքի ռազմաճակատները տեղափոխվելու համար:

Քելբաջարը գրավված էր, բայց հաղթանակը Մոնթեի լավագույն զինվորներից 40-ի կյանքն արժեցավ: Ադրբեջանական աղբյուրները հաղորդում էին, թե նույն չորսօրյա ժամանակահատվածում իրենց 100 զինվոր էր զոհվել, սակայն նրանք հավանաբար քիչ էին հաշվել. մոտ 70 ադրբեջանցի պաշտպաններ ընկան միայն Գանձակի խաչմերուկում ապրիլի 2-ին: Զոհերի ճշգրիտ թիվը չիմացվեց, բայց մի բան պարզ էր. բացի զինվորականներից, ադրբեջանական կողմից նաեւ խաղաղ բնակիչներ էին զոհվել: Որոշ գյուղացիներ վախից խուսափել էին դուրս գալ ասֆալտապատ ճանապարհ եւ, հայտնվելով բարձր լեռնային արահետների ու լեռնանցքների ձնաթմբերի մեջ, սառել-մահացել էին:

Երբ հայկական կամ ադրբեջանական կողմն անհաջողություն էր կրում կռվի դաշտում, հռետորներն ու նախարարները Երեւանում ու Բաքվում պարտության պատճառ էին համարում մյուս կողմին Ռուսաստանի ցույց տված օգնությունը: Ադրբեջանցիների հարձակումներից հետո հայերը մեղադրում էին Ռուսաստանին` Ադրբեջանի կողմը բռնելու համար, իսկ հայերի հարձակումներից հետո ադրբեջանցիները մեղադրում էին Ռուսաստանին` Հայաստանի կողմը բռնելու համար:

Այսպիսով, Քելբաջարից հետո զարմանալի չէր, որ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարեց. «Հայկական բանակը մերից թույլ է, բայց, ինչպես միշտ, ռուսական բանակն է կռվում»: Գուլուզադեն սխալվում էր. Քելբաջարի գրոհի ժամանակ մարտադաշտում ներկա միակ սլավոններն ադրբեջանական կողմում կռվող վարձկաններն էին: Հայերի կողմից Քելբաջարում ռուսներ չէին կռվել, ոչ էլ ռուսներն էին ծրագրել հարձակումը. այդ պարտականությունը բաժին էր ընկել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպիտակահեր գեներալ-գնդապետ Դարիբալթայանին:

Այդուհանդերձ, սա չէր նշանակում, թե Կրեմլը չողջունեց հայերի` Քելբաջար մտնելու մասին լուրը: Հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ ռազմական սպառնալիքները սաստկանում էին. Վաշինգտոնը ցանկանում էր ՆԱՏՕ-ն ընդլայնել մինչեւ Ռուսաստանի արեւմտյան շեմը, ռազմական բազաներ տեղակայել Միջին Ասիայում եւ չեղյալ հայտարարել բալիստիկ հրթիռների դեմ համաձայնագիրը:

Հյուսիսային Կովկասում Չեչնիան տատանվում էր անջատողական ապստամբության սահմանագծին, մինչ Հայաստանի հյուսիսային հարեւանը` նորանկախ Վրաստանի Հանրապետությունը երեք քաղաքացիական պատերազմներում քայքայում էր ինքն իրեն, իսկ նախկին խորհրդային հանրապետություն Ադրբեջանը դարձյալ հայացքն ուղղել էր Ռուսաստանի վաղեմի թշնամի Թուրքիայի կողմը, որի ղեկավարները քնարական զեղումների մեջ էին ընկնում` Կովկասն ու Միջին Ասիան «թուրքական դարաշրջանի» համար «ցատկահարթակի» վերածելու կապակցությամբ: Միայն Հայաստանը կարող էր Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը լինել հարավային Կովկասում:

Երբ Մոնթեի մարտիկները մտան Թարթառ գետի կիրճը, նրանք կտրուկ կերպով ընդհատեցին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող` Արցախի ապագային վերաբերող «խորհրդակցությունները» Ժնեւում: Քելբաջարի գրոհն ուժերի հարաբերակցությունը հարավային Կովկասում փոխեց հօգուտ Ռուսաստանի` ի հաշիվ Անկարայի: «Այն, ինչ պատահեց այսօր, արմատապես փոխում է տարածաշրջանի ռազմական եւ աշխարհաքաղաքական իրավիճակը, - հայտարարեց Ադրբեջանի Պաշտպանության նախարարության խոսնակ Խաֆիզ Գայիբովն ապրիլի 4-ին: - Հայկական ուժերի գրաված տարածքը Լեռնային Ղարաբաղի չափ է»: Նախագահ Էլչիբեյը 18-27 տարեկան տղաների զորահավաք հայտարարեց, մամուլի գրաքննություն սահմանեց եւ պարետային ժամ, նաեւ արգելեց ցույցերն ու գործադուլները` վաթսունօրյա համազգային հատուկ դրության միջոցառումներ:

Այդ ընթացքում Երեւանում նստավայրի պահակներն ընդունում էին խոժոռադեմ դիվանագետների, որոնք բողոքի նամակներ էին բերում Տեր-Պետրոսյանի գրասենյակը: ԱՄՆ պետական դեպարտամենտն առաջիններից էր, որ ապրիլի 5-ին, երկուշաբթի, «խիստ բողոք» արձանագրեց: «Միացյալ Նահանգների կառավարությունը դատապարտում է այս հարձակումը», - կռկռում էր պետական քարտուղար Ուորրեն Քրիստոֆերը` մի մարդ, որ հրճվանքով էր լցվել, երբ Թուրքիան հարձակվեց Իրաքյան Քրդստանի վրա, իսկ Իսրայելը` Լիբանանի:

Հետո Եվրոպական համայնքը եւ «Միացյալ ազգերի անվտանգության խորհուրդը» հետեւեցին նրանց օրինակին: Թուրքիան ու Պակիստանը համատեղ պաշտպանեցին ՄԱԿ-ի 822 որոշումը, որ կոչ էր անում անմիջապես դուրս բերել «էթնիկ հայկական ուժերը» Քելբաջարից եւ «անհապաղ հանել օկուպանտներին Քելբաջարի շրջանից ու Ադրբեջանի` վերջերս գրավյալ տարածքներից»: Որոշումն անցավ միաձայն:

ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Մուսթաֆա Աքսինը հայտարարեց, թե Թուրքիան «թույլ չի տա, որ որեւէ մեկը, որեւէ մեկը գրավի ադրբեջանական տարածքները»: Անկարայի նրա գործընկերները ճանաչեցին այն հրամանատարի անունը, որ Քելբաջարի հարձակման ժամանակ առաջնորդել էր հիմնական ուժերին: Անցյալ հուլիսին թուրքական «Հուրրիեթ» թերթը հաղորդել էր, թե «Գաղտնի բանակի» մարտիկ Մոնթե Մելքոնյանը, որ հարձակում էր գործել Թուրքիայի դեսպանատների պաշտոնյաների վրա Հռոմում ու Աթենքում, Լեռնային Ղարաբաղում կռվում է որպես հրամանատար, իսկ «Հուրրիեթի» հրապարակումից մի երկու օր հետո, 1992 թ. հուլիսի 23-ին, թուրքական «Միլլիեթ» օրաթերթի առաջին էջի վրա խոշոր տառերով ազդարարված էր. «Հայ ահաբեկիչը վերջերս դարձել է հրամանատար»:

Անկարայի հայտարարությունները գնալով ավելի մարտաշունչ էին դառնում: «Թուրքիան պիտի ատամներ ցույց տա Հայաստանին», - ապրիլի սկզբին հայտարարեց Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: Հետո, երբ թուրքական ուղղաթիռներ, տանկեր եւ հետեւակ էր կուտակվել Հայաստանի սահմանի մոտ, Օզալը բարձրաձայն դատողություններ էր անում. «Ի՞նչ վնաս, եթե սահմանի մոտ զինավարժություններ կատարող թուրքական զորքերը մի քանի ռումբ գցեն հայկական կողմի վրա»:

Համարյա 1 տարի առաջ, Շուշիի անկումից անմիջապես հետո, ԱՊՀ ռազմական ղեկավար գեներալ Եվգենի Շապոշնիկովն արդեն պատասխանել էր Օզալի հարցին` զգուշացնելով «երրորդ համաշխարհային պատերազմից, եթե Թուրքիան ներգրավվի Լեռնային Ղարաբաղի խնդրի մեջ»:

Կարծես ծաղրելով Ռուսաստանի նախազգուշացումները, Օզալը ուղեւորվեց Միջին Ասիայի նախկին խորհրդային 5 հանրապետություններ` Ադրբեջանի համար օգնություն հայցելու նպատակով: Ապրիլի 14-ին, Բաքվի մամլո ասուլիսում, Թուրքիայի նախագահը հայտարարեց. «Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք, այդ թվում` Ադրբեջանի հետ ռազմական դաշինք կնքելը, եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կռիվը չդադարի»:

Երեք օր անց, ապրիլի 17-ին, Օզալը 66 տարեկան հասակում մահկանացուն կնքեց սրտային անբավարարությունից: Անկարայի պաշտոնյաները ենթադրեցին, թե Թուրքիայի նախագահի տենդագին ուղեւորությունն էր հանգեցրել մահվան: «Գաղտնի բանակի» նախկին մարտիկ Մոնթեն չէր կարող ինքն իրեն չշնորհավորել` Թուրգութ Օզալի մահվանը նպաստելու համար: Օզալը Թուրքայի այն ղեկավարն էր, որի հանդեպ նա վաղուց հակակրանքով էր լցված:

Հարեւան Իրանը ջանում էր պաշտոնապես չեզոք դիրք գրավել, թեեւ միացել էր հայերի հարձակումը Քելբաջարի վրա դատապարտած պետություններին: Իրանն արդեն խեղդվում էր Աֆղանստանից ու Իրաքից եկած փախստականներից: Ամենից քիչ նրան պետք էին այն տասնյակ հազարավոր տեղահանվածները, որ Ադրբեջանից գալիս էին հյուսիս-արեւմտյան Իրանի` ադրբեջանցիներով բնակեցված տարածքներ, որպեսզի գրգռեն ադրբեջանական ազգայնամոլությունն Իսլամական Հանրապետությունում: Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին սպառնաց, առանց մանրամասնելու, որ «ավելի խիստ դիրքորոշում կընդունի», եթե կռիվը շարունակվի:

Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը Թեհրանում էր, երբ հրանոթներն սկսեցին դղրդալ Քելբաջարի կիրճերում: Դատելով նրա շփոթված արձագանքից` նրան չէին տեղեկացրել հարձակման մասին, մինչեւ որ տանկերը մտել էին Թարթառ գետի կիրճը: Հենց որ լուրը նախագահին հասավ, նա մի զայրացած նամակ կրակեց պաշտպանական ուժերի ղեկավարությանը: Տեր-Պետրոսյանը վստահ էր, թե հարձակումը հանգեցնելու էր միայն Հայաստանի դիվանագիտական մեկուսացմանը, խանգարելու Անկարայի հետ բոլոր կարեւոր առեւտրական համաձայնություններին եւ ավելի բարդացնելու խաղաղ բանակցությունների` առանց այդ էլ բարդ գործընթացը, որ անհրաժեշտ էր` տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար:

Տեր-Պետրոսյանն սկսել էր իր նախագահությունն Արեւմուտքին հաճոյանալու վճռականությամբ` Մոսկվային արհամարհելու, Թեհրանից հեռու մնալու եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ մերձենալու ճանապարհով: Բայց այժմ, երկամյա դիվանագիտական նախերգանքներից ու Անկարային զիջումներից հետո, պարզ էր, որ Տեր-Պետրոսյանի «նոր մտածողությունը» ձախողվել էր. Քելբաջարի գրոհի հետեւանքով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հարվածեց Հայաստանին տնտեսական էմբարգոյով եւ սպառնաց գրավել երկիրը:

Այն փաստը, որ Արեւմուտքը չէր ցանկանում մեղմել Անկարայի թշնամանքը, երեւի զարմացրել էր Տեր-Պետրոսյանին ու նրա` լավ հագնված խորհրդականներին, բայց Մոնթեն զարմացած չէր: Չարեքդարի գրոհից մի քանի ժամ առաջ տված մի տեսահարցազրույցում նախկին դպրոցական ուսուցիչը կոկորդը մաքրեց եւ իրավիճակն ամփոփեց այսպես. «Միացյալ Նահանգները վերին աստիճանի սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ:

Նրանք շատ հարցերում Թուրքիային են ապավինում: Թուրքիան մի տեսակ նրանց խամաճիկն է տարածաշրջանում: Թուրքիան քիչ թե շատ անում է այն, ինչ նրանք ուզում են: Այն ուժեղ բանակ ունի: Միացյալ Նահանգներն ուզում են այդ բանակն օգտագործել` արաբական պետությունները, Իրանը վերահսկելու եւ ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում ուժեղացնելու համար: Ուստի Միացյալ Նահանգները պատրաստ են ամբողջովին անտեսել բազմաթիվ ժողովուրդների, որոնց թվում` հայ ժողովրդին»:

Այսպես, 7 կարճ նախադասությամբ, Մոնթեն բնորոշեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներն` ավելի հստակ ու իրատեսորեն, քան Տեր-Պետրոսյանի խորհրդականների գրած բոլոր մեկնաբանությունները:

Բայց աշխարհաքաղաքականությունը վերջին բանն էր Մոնթեի մտքում, երբ նա բարձրանում էր Մարտունու շտաբի աստիճաններով ապրիլի 5-ի առավոտյան ժամը 5:40: Նա Մարտունուց հեռացել էր ուղիղ մեկ ամիս առաջ` մարտի 5-ին, եւ այդ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում քնելու համար հրամանատարը կարողացել էր ընդամենը մի քանի ժամ փախցնել` ջարդուխուրդ եղած իր ծառայողական մեքենայի հետեւի նստարանին: Այժմ երազում էր մեկնվել եւ մի քանի ժամ անդադար մրափել: Պարզվեց, սակայն, որ չկար այն սենյակի բանալին, որտեղ նրա թախտն էր: Այսպես հրամանատարը` նրանցից մեկը, որ հենց նոր պատերազմի եզրին էին բերել Ռուսաստանն ու Թուրքիան, միջանցքում մի քնապարկ բացեց ու ներս սողոսկեց:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter