HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապի՛ դուրս եկ, «Զրո-զրո» - 3

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

20 րոպե էր անցել, ինչ Մոնթեն աչքերը փակել էր, երբ նրան արթնացրին. թշնամին հարձակվել էր «Հովիկ 1» խրամատի վրա ու գրավել այն: Մոնթեն վեր ցատկեց, գոտին կոճկեց ու իր մարտիկներին հետ տարավ կռվի: Հաջորդ օրերին կռիվը շարունակվում էր առանց ընմիջման. «Հովիկ 1» եւ Սեւանի խրամատների մոտ (ապրիլի 8 եւ 9), Կզիլկայա լեռնագագաթին (ապրիլի 10-ից սկսած), «Վալոդ» ու «Ռաֆո 5» խրամատների մոտ (ապրիլի 13-ից սկսած), «Հովիկ 1», «Սեւան 4» ու «Վալոդ» խրամատների մոտ (ապրիլի 14-ից սկսած), Կրասնի Բազարի ու Մաճկալաշենի ճակատներում (ապրիլի 16-ից սկսած) եւ այդպես շարունակ:

«Մեր կողմը շատ ադրբեջանցի է սպանել», - գրեց Մոնթեն իր օրացույցում, «Վալոդ» խրամատի մոտ ապրիլի 13-ին տեղի ունեցած կռվից հետո: Բայց այդ հաղթանակները նրա 20-ից ավելի մարտիկների կյանքն արժեցան, եւ, ինչպես միշտ, լավագույնները միշտ առաջինն էին սպանվում:

Երբ տեղացի թղթակից Վարդգես Բաղրյանն ապրիլի վերջին շաբաթվա մի օր Ստեփանակերտում հանդիպեց Մոնթեին ու հրավիրեց նրան հեռուստահարցազրույցի, հրամանատարը գլուխն օրորեց եւ փորձեց հեռանալ.

- Ես իսկապես կշտապեմ:

Բաղրյանը պնդեց` հավաստիացնելով նրան, որ հարցազրույցը միայն կես ժամ է խլելու: Մոնթեն մի հայացք գցեց ժամացույցին ու զիջեց.

- Դե լավ, գնացինք:

Հաջորդ պահին նա Բաղրյանին նայում էր հեռուստաստուդիայի բարձր հարթակից: Լրագրողը նպատակադրվել էր ինչ-որ բան բացահայտել լեգենդար հրամանատար «Ավոյի» անվան տակ թաքնված մարդու մասին:

- Ավո՛, երբ դու մենակ ես մնում ինքդ քեզ հետ, ինչի՞ մասին ես մտածում, - հարցրեց նա:

Մոնթեն ներողություն հայցելու շարժումով ուսերը կծկեց եւ պատասխանեց.

- Ընդհանրապես կմտածեմ գործիս մասին, նույն բանի մասին: Այսինքն գործը այնքան ծանր է, որ միայն անոր մասին մտածելու ժամանակ կըլլա, իսկապես:

Չհիասթափվելով` Բաղրյանը հարցրեց.

- Ազատ ժամանակ ունենու՞մ ես արդյոք, եւ եթե ունենում ես, ինչո՞վ ես զբաղվում:

- Ո՛չ, ազատ ժամանակ չունիմ, իսկապես: Դժբախտաբար, դժբախտաբար չկա: Ադոր համար ոչ մեկ ուրիշ բանով չեմ զբաղվիր, - պատասխանեց Մոնթեն` կրկին մեղավոր շարժումով:

Հարցազրույցն ավարտելուց առաջ Բաղրյանն իր հյուրին հարցրեց. երբեւիցե եղե՞լ են պահեր, երբ նա ափսոսել է Արցախ գալու համար:

- Չըսենք, որ կափսոսամ, - պատասխանեց Մոնթեն, - անշուշտ պահեր կան, որ որոշ մարդկանց անկարգապահ ըլլալը, կամ գիտակցության ցածր մակարդակի պատճառով ջիղերդ գրեթե պայթելու աստիճանի կհասնին: Այս տեսակ բաներ շատ են: Բայց չըսեմ, որ կզղջամ, որ եկած եմ Արցախ: Արցախը իմ հայրենիքիս մեկ մասն է, եւ ինչ որ պետք է ընենք այստեղ, նաեւ ես պիտի ընեմ:

Շուտով ուրիշ «բաներ» էին լինելու: Մայիսի 4-ին Լաչին գյուղի ավերակների մեջ Մոնթեն հանդիպեց իր հին ընկեր գնդապետ Հարոյանին` մեկ այլ ծրագրված հարձակման համար հետախուզություն վարելիս: Այս անգամ նշանակետը Կուբաթլին էր` Լաչինից հարավ, հյուսիսում Քելբաջարի եւ հարավում Իրանի հետ սահմանի միջեւ գտնվող մի փոքր հողակտոր:

18 ժամ Լաչինից հարավ գտնվող խոտածածկ բլուրների վրա թափառելուց եւ հեռադիտակով նայելուց հետո, նրանք թեթեւ անձրեւի տակ հետ գնացին դեպի ծառայողական մեքենան: Դեպի Լաչին վերադարձի ճանապարհին մի հարբած զինվոր պահակակետում ինքնաձիգը բարձրացրեց ու կրակեց մեքենայի վրա:

Կոմիտասը կանգ առավ, իսկ Մոնթեն, ինքնաձիգը լիցքավորելով, դուրս թռավ մեքենայից: Զինվորն ու Մոնթեն մոտեցան իրար` ինքնաձիգներն իրար վրա պահած, մինչեւ կանգնեցին դեմ առ դեմ: Հարոյանը դուրս ցատկեց մեքենայից ու բռնեց հարբածի ինքնաձիգի փողից, բայց երբ նա դեպի վար էր հրում այն, ինքնաձիգը կրակեց, եւ երկու գնդակ մտան գնդապետի ձախ ազդրը: Հարբած զինվորին ծեծելուց հետո Կոմիտասը Հարոյանին տարավ մոտակա գյուղի պոլիկլինիկան: Այնտեղից Հարոյանին տեղափոխեցին Երեւան բուժման:

Մոնթեն Հարոյանի հետեւից գնաց Երեւան` մի ընկերոջ թաղմանը ներկա լինելու: Մայիսի 9-ին, նախքան Մոնթեն կվերադառնար Մարտունի, Սեդան ու Կոմիտասը, հայտնվելով «Էրեբունի» օդանավակայանում, հետեւում էին նրան: Այնտեղ, ինքնաթիռների մեջ, «նա երջանիկ էր` ինչպես մանուկն իր սիրելի խաղահրապարակում», - հիշում էր Սեդան: 30 տարի առաջ Մոնթեն երեւակայել էր, թե մեծանալով արծիվ է դառնալու: Այժմ, խցկվելով հին СУ ռազմական ինքնաթիռի խցիկը, նա հայտարարեց.

- Ուզում եմ սրանով թռչել սովորել:

- Զբաղվի՛ր քո գործով, իսկ ինքնաթիռները թո՛ղ օդաչուներին, - խորհուրդ տվեց մեկը:

Արհամարհելով դիտողությունը` Մոնթեն պտույտ եկավ օդաչուի աթոռին եւ աղմուկով շարժեց ղեկը: Մի պահ նա դարձավ այն տղան, որ իր ծննդավայրում սովորություն ուներ գյուղատնտեսական տեխնիկայի կայանում ցատկոտելու տրակտորների նստարաններին:

Երբ մայիսի կեսին Մոնթեն վերդառնում էր Մարտունի, իր շտաբի ճանապարհին, պահակի տնակի կողքին, կեղտափոսի մեջ մի գոմեշ էր լող տալիս: Արցախում ամառ էր: Իր գրասենյակում կրկին հաստատվելուց քիչ անց նա հյուրընկալեց բրիտանական ազնվականությանը` ի դեմս բարոնուհի Քերոլայն Քոքսի` Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակի: Հակառակ իր պես Պահպանողական կուսակցության անդամ, վարչապետ Մարգարեթ Թեթչերի, որ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ, լեդի Քոքսը պատերազմում հայերի կողմն էր բռնել:

Մոնթեին Ստեփանակերտում` «Պաշտպանության կոմիտեի» շտաբում անցյալ ամառ հանդիպելուց ի վեր, խստաբարո բարոնուհին հիացած էր դատապարտված ահաբեկիչով, որ ամոթխած ժպտում էր ու ծուռտիկ համեմատություններ անում. «Ոչ ոք իրականում հաճույք չի ստանում պատերազմելուց, - ծոր էր տալիս Մոնթեն, - պատերազմելը նման է զուգարան մաքրելուն: Դա կեղտոտ աշխատանք է, բայց պիտի անես, թե չէ ավելի վատ կլինի»:

Քոքսի շքախումբը գլխավորում էր նախկին ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանը, որ վերջերս երես էր դարձրել մարքսիզմ-լենինիզմից` որդեգրելու համար Դեյլ Քարնեգիի անպարագիծ իմաստությունը: Երեկոյին մոտ Բալայանը Մոնթեին ու Քոքսի պատվիրակությանն ուղեկցեց Գիշի գյուղը: Երբ նրանք բարձրանում էին բլուրն ի վեր, դեպի գյուղապետի տունը, երեխաները վազվզում էին ու բղավում.

- Ավո՜ն է, Ավո՜ն է:

Նրանցից ամենահամարձակները փորձում էին դիպչել իրենց հերոսի համազգեստի թեւքին:

Ծառի տակ մի երկար սեղան էր բցված` թարմ հացով, մածունով, կանաչեղենով եւ գառի խաշլամայով: Մոնթեն աչքերը հառում էր ափսեին, երբ պետք էր դիմանալ մինչեւ սովորական կենացների ավարտը, իսկ հետո բարձրացնում գոմեշի մածունով լի բաժակը: Մարտունու ժողովուրդը սովորել էր Մոնթեի ժուժկալությանը եւ այլեւս նրան չէր ստիպում կենաց խմել մածունի փոխարեն օղիով:

Ճաշի վերջում մի խումբ երեխաներ` մեծերից ժառանգած իրենց լավագույն հագուստներով, մի աններդաշնակ մեղեդի երգեցին, որի խոսքերի հեղինակը դպրոցի ուսուցիչ Նորիկն էր.

Փա՜ռք, Ավո՛ ջան, փառքդ շատ,

Մեր սիրելի հարազա՛տ,

Քեզ նմաններ թող լինեն

Հայության մեջ շատ ու շատ:

Առաջին տան ժամանակ Մոնթեն նստած մնաց` գլուխն իջեցնելով եւ զսպելով ժպիտը, որ կիսով չափ ամոթխածություն էր ու կիսով չափ զարմանք` երկուսն էլ շատ: Երբ երգչախումբը եռանդով մի նոր տուն սկսեց, նա կանգնեց, բռնեց ամենափոքր երգողին` մի 6 տարեկան փերիի, եւ նստեցրեց նրան իր ուսերին: Բռնելով նրա սրունքներից` նա մխրճվեց երեխաների մեջ, որոնք այժմ մի ուրախ ոտանավոր էին բղավում` հայհոյելով «թուրքերին, սրիկա էշերին»:

Գնդապետ Հարոյանի ապաքինումը գնդակի հասցրած վերքից հետաձգեց Կուբաթլիի օպերացիայի նախապատրաստությունը: Այդ միջոցին Մոնթեին կանչեցին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարություն: Սակայն, երբ մայիսի 25-ի երեկոյան նա եկավ Երեւան, պարզվեց, որ Պաշտպանության նախարարությունում կայանալիք հանդիպումը մի-երկու օրով հետաձգվել է: Ամիսների ընթացքում առաջին անգամ Մոնթեն ու Սեդան միասին էին` ժամանակ ունենալով քննարկել իրենց ծրագրերը:

Գիշերն անկողնում եւ հետո առավոտյան նախաճաշի ժամանակ Մոնթեն բարձրացրեց երեխաների հարցը: Դեռեւս դեկտեմբերին նա հավատացած էր, թե պետք էր սպասել պատերազմի վերջին, հետո ունենալ առաջին երեխան: Բայց անցած ամիսների ընթացքում պարզ էր դարձել, որ պատերազմը շուտ չէր ավարտվելու: Նրանք որոշեցին, որ Սեդան պետք է հղիանար հունիսին` իրենց ամուսնության երկրորդ տարելիցից առաջ, ապա միանար ամուսնուն` հղիությունը միասին անցկացնելու համար:

Մինչեւ ընտանիք ստեղծելը նրանք պիտի մի «բուն» գտնեին: Չնայած Մոնթեն գերադասում էր Արցախը, նրանք համաձայնության եկան, որ պետք էր տուն գնել Երեւանում, որտեղ Սեդայի համալսարանն ու ընկերներն էին: Անշարժ գույքի մի կտոր Երեւանում արդեն գրավել էր նրանց ուշադրությունը. դա Բաղրամյան պողոտայից մի քիչ ներս ընկած, երկբնակարան մի կես-քարե-կես-բետոնե տուն էր` երեք փոքր ննջասենյակներով, նեղլիկ նախասրահով եւ մեքենան կանգնեցնելու տարածությամբ այգիով: Դա խրճիթի պես մի բան էր, բայց երբ Մոնթեն առաջին անգամ խոհանոցի պատուհանից նայեց Արարատ լեռան ձյունածածկ գագաթին, որ ուրվագծվում էր Երեւանի մշուշից վեր, նա հայտարարեց.

- Սա լավ տուն է:

Չնայած Մոնթեն տան տեր էր դարձել, նա հեռու էր նստակյաց կյանքի անցնելուց:

«Ի՞նչ եք անելու, երբ պատերազմն այստեղ ավարտվի», - հարցրել էր նրան Fresno Bee թերթի մի թղթակից: «Մասնակցելու եմ հաջորդին», - պատասխանել էր նա` առանց մի պահ անգամ վարանելու: Երբ Սեդան հարցրեց նրան, թե որտեղ կուզի գնալ Մարտունուց հետո, նա նշեց մոտակա Հադրութի կամ Մարտակերտի շրջանները: Մի ուղղության մասին, սակայն, խոսք լինել չէր կարող. դա նրա ծննդավայրն էր` Ամերիկայի Միացյալ Նահանգները: Դեռ 1991 թ. աշնանը Մոնթեն նամակ էր ուղարկել մեր հորը` խնդրելով, որ նա դադարեցնի դիմել մի կոնգրեսականի` իր համար ԱՄՆ-ի անձնագիր ստանալու նպատակով:

«Ինձ ամենեւին չի անհանգստացնում` «թույլ կտա՞ն» ինձ մտնել ԱՄՆ, թե ոչ, - գրել էր նա: - Ես ինձ լավ ու երջանիկ եմ զգում` որտեղ որ ե՛մ»: Բացի այդ, ինքը կարող էր յոլա գնալ առանց ամերիկյան անձնագրի, քանի որ արդեն ուներ երկու` խնամքով կեղծված խորհրդային-ռուսական անձնագիր, որոնցից մեկը նույնիսկ իր իսկական անունով ու ծննդյան թվով էր:

Ամսի 27-ին, Պաշտպանության նախարարությունում կայանալիք հանդիպմանը գնալու ճանապարհին, Մոնթեն իր մեքենայի մեջ վերցրեց Հարոյանին: Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը կոկորդը մաքրեց եւ ասաց, որ իրենք պիտի հրաժարվեն Կուբաթլիի վրա հարձակումից: Մանուկյանը բացատրեց, թե Երեւանի ու Բաքվի ներկայացուցիչները հենց նոր հայտարարել էին, որ ընդունում են Ռուսաստանի միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը, եւ որ նոր հարձակումը կոչնչացներ Քելբաջարից հետո Տեր-Պետրոսյանի կառավարության շահած դույզն ինչ վստահությունը:

Մոնթեն հանգիստ լսում էր: Լուրը նրան չուրախացրեց, բայց նա, ինչպես միշտ, անշուշտ ենթարկվելու էր իր վերադասների որոշմանը: Դուրս գալով Պաշտպանության նախարարությունից` նա վստահ էր, որ իր աշխատանքը Մարտունիում ավարտված էր, եւ որ հետագա քայլերի մասին մտածելու ժամանակն էր: Հրամանատարական նոր կառույցը գործում էր, եւ բոլորը` սպայական կազմից մինչեւ պահեստայինները, կռիվներում կոփված էին ու վստահելի:

Կարծես ի հաստատումն այդ փաստի` լուր հասավ Երեւան, որ Մարտունու զինվորները հենց նոր գրավել էին Ուլյան Դաղ բարձունքը հարավ-արեւելյան Մարտունիում: Որպեսզի որեւէ կասկած չմնար, որ Մարտունու զինվորները կարող էին հաղթանակ տանել առանց Մոնթեի ղեկավարության, Սեդան առաջարկեց նրան ներկա լինել հաջորդ կռվին, բայց ոչ որպես հրամանատար, այլ որպես դիտորդ: 

Այդ երեկո` իրենց վերջին երեկոն, նախքան Մոնթեն վերադառնար ռազմաճակատ, նա իր կնոջ հետ գնաց ներկայացում դիտելու Պարոնյանի անվան թատրոնում` Հանրապետության Հրապարակից ոչ հեռու: Նա արդեն որոշ ժամանակ իրեն մեղավոր էր զգում, որ իրենք գրեթե անուշադրության էին մատնել Սեդայի սիրած զբաղմունքները: Ներկայացումից հետո, մինչ Կոմիտասը նրանց մեքենայով հանրակացարան էր տանում, նրանք փողոցային վաճառողից մի տոպրակ «ադի-բուդի» գնեցին ու կիսեցին. դա հազվագյուտ հաջողություն էր այդ օրերի հետխորհրդային Երեւանում:

Մոնթեն դոփեց աստիճաններով, վերցրեց իր մեջքի պայուսակն ու ինքնաձիգը եւ հետ գնաց դեպի սպասող մեքենան` Մարտունի վերադառնալու համար: Սեդան նրա հետ ցած իջավ` ջրով լի գինու շշով: Մեքենայի մեջ մտնելուց առաջ Մոնթեն դարձավ իր կնոջը.

- Վստա՞հ ես, որ չես ուզում ինձ հետ գալ:

Մի պահ մտածելուց հետո Սեդան ասաց.

- Այո՛, կգամ:

Մոնթեն ժպտաց.

- Լավ, լավ... միայն մի երկու օր եմ բացակայելու. կգնամ ու շուտ հետ կգամ:

Կոմիտասը, մայթեզրից հեռանալով, շարժվեց Մաշտոցի պողոտայով ու արագությունների լծակը փոխեց: Երբ մեքենան մթան մեջ անհայտացավ, Սեդան ջուրը շշից լցրեց գետնին.

- Ջրի պես գնա՛, ջրի պես վերադարձի՛ր...

շարունակությունը

Մեկնաբանություններ (1)

Gagik
Մեկնաբանությունը...Կարդացվում է մեկ շնչով։ Վաղուց ժամանակն է Մոնթեյի մասին գեղարվեստական ֆիլմ կամ սերիալ նկարահանել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter