HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռավոր լեռներ

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Գլուխ 16. Կանոնավոր բանակ

1992 թ. գարնանը, երբ հալված ձյան առվակները բարակեցին, եւ ցեխոտ անվահետքերը չորացան ու ճանապարհ դարձան, Արցախի լեռներում պատերազմ էր: Մոնթեն դիտում էր հորիզոնը հյուսիսից հարավ:

Նա գիտեր, որ ադրբեջանական տանկերի անձնակազմերն այնտեղ դիտակետեր էին գրավում, շարժիչներն աշխատացնում ու սպասում առաջ գնալու հրամանի: Թեւքը ոլորելով` նա նայեց իր կնոջ տատիկից ժառանգություն ստացած հին ժամացույցին: Մոնթեն ժամանակային տարբեր հաշվարկներ էր անում` գյուղից գյուղ հասնելու, խրամատների երկայնքով զորքերը վերահսկելու, օգնական ուժերի ժամանման եւ հրետանափողերի բռնկման ու արկերի պայթյունի միջեւ դադարների: Ժամանակն ինքնին նույնպիսի թշնամի էր, ինչպիսին ադրբեջանական տանկերն էին, եւ Մոնթեն համոզված էր, որ հայկական կողմն այդ թշնամուն տանուլ էր տալիս:

10-15000 ադրբեջանցի մարտիկներ եւ օժանդակ ուժեր շրջապատել էին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանը հյուսիսից, արեւելքից ու հարավից` Մարտունու 4000 հայ պաշտպանների դիմաց` ներառյալ պահեստայինները: Ադրբեջանցիները պաշտպաններից ավելի շատ զինամթերք ունեին, եւ, հավանաբար, բոլորն էլ ամուր զինվորական կոշիկներ էին կրում:

Նրանք ունեին նաեւ մոտ 300 տանկ, 800 զրահամեքենա ու անձնակազմ տեղափոխող բեռնատարներ եւ 330 հրանոթ` հայկական կողմի շատ ավելի փոքրաթիվ միավորների դիմաց: Վերջապես ադրբեջանցիները վերահսկում էին երկինքը. նրանց օդուժի 45 միավորների թվում կային զրահապատ ուղղաթիռներ, գգ-24 ցածր թռչող ռմբակոծիչներ եւ գգգ-21 գետնահար կործանիչներ: Հակառակ դրան` Արցախը բոլորովին զուրկ էր օդուժից, եւ չնայած Հայաստանի Հանրապետությունը մի քանի ռազմական ինքնաթիռ ուներ, այդ թվում` մեկ-երկու գգ-24, մեծ մասը հին գգ-17-եր էին, որ ժանգոտում էին պահեստամասերի եւ օդաչուների բացակայության պատճառով:

Ամիսներ անց մի արտասահմանցի լրագրողի հետ հարցազրույցում Մոնթեն այսպես է նկարագրել իրավիճակը. «Մենք փոքրաթիվ էինք ու վատ զինված: Մեր թշնամին անհամեմատ շատ զինամթերք ուներ, ավելի որակյալ զենքեր, ամեն ինչ: Մաթեմատիկական առումով մենք վաղուց պիտի պարտված լինեինք»:

Եթե Արցախի լեռնցիները դեռ տանուլ չէին տվել պատերազմը, դա կապ չուներ ավելի լավ մարզվածության հետ: Հիրավի, Մոնթեն ապշել էր ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում ռազմական փորձառության պակասից: Իրեն պատահած մարտիկներից քչերն էին, այդ թվում` նաեւ ջոկատների հրամանատարներ ու «Պաշտպանության կոմիտեի» անդամներ, որ կարող էին ազնվորեն պնդել, թե նախկինում որեւիցե մարտական փորձ ունեցել էին:

Նույնիսկ Վազգեն Սարգսյանը, որ այժմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն էր, պատերազմից առաջ լողի մարզիչ էր եղել: Իրավիճակն ավելի բարվոք չէր ռազմական հիերարխիայի ստորին ոլորտներում: Հաճախ հայ զինվորի առաջին կրակոցը մարտի դաշտում էր տեղի ունենում: Ավտոմեքենա վարել հազիվ իմացող երիտասարդները տանկեր էին տանում մարտի: Նրանք կամ պիտի տանկի հրամանատարի հմտություն ձեռք բերեին իրենց առաջին մարտերում կամ պիտի մեռնեին տանկի մեջ:

Իրավիճակը նույնն էր ադրբեջանական կողմում` այն տարբերությամբ, որ նրանք ավելի շատ փող ունեին հարցը կարգավորելու համար: Կասպիական նավթային պայմանագրերից արագ շահույթ ակնկալելով` նրանք պատերազմի մեջ վարձկաններ էին ներգրավում` մեծ մասամբ 4-րդ բանակից մնացած ուկրաինացի եւ ռուս, բայց նաեւ` բրիտանացի ու ամերիկացի հրահանգիչների:

Թուրքական բանակի նախկին սպաներ նույնպես օգնում էին մարզելու ադրբեջանցի մարտիկներին, իսկ ռազմաճակատներում կռվում էին տանկերի չեչեն հրամանատարներ ու թուրք կամավորներ` «Գորշ գայլեր» կոչվող ֆաշիստական կազմակերպությունից: Համաձայն լուրերի` ադրբեջանական կողմում կային նաեւ պակիստանցի ու աֆղան վարձկաններ` վերջիններից ոմանք ամերիկյան «Կենտրոնական հետախուզական վարչության» (CIA) մարզում ստացած:

Դիմագրավելով թշնամու անհամեմատ գերակշիռ թվաքանակին ու սպառազինությանը` Մոնթեն արագ հասկացավ իր կողմի միակ առավելությունը` կռվի դրդապատճառը: Ի տարբերություն թշնամու զինվորների մեծամասնության` հայերը կռվում էին իրենց օջախի ու այն հողի համար, որի մեջ հանգչում էր իրենց նախնիների աճյունը: Այդ տարբերությունն ակնհայտ դարձավ մարտի դաշտում. ամեն անգամ Մոնթեն տեսնում էր, թե ինչպես են ադրբեջանցիներն ընկրկում կռվի թեժ պահին, իսկ իր մարտիկներից ոմանք պնդում էին, թե նկատել են` ինչպես են ադրբեջանցի սպաները մեջքից կրակում սեփական մարդկանց վրա, երբ նրանք չեն ուզում առաջ գնալ:

Բայց անողոք կռիվները շարունակվում էին, իսկ հայերի ոգեւորությունը նվազում էր, եւ Մոնթեն գիտեր, որ այդ վճռորոշ առավելությունն անհետանալու էր, եթե ջոկատներն անհապաղ չմիավորվեին կանոնավոր բանակի մեջ` կենտրոնացված հրամանատարությամբ:

Դաշտային կոմունիկացիաները խիստ կարեւոր էին լինելու` պաշտպանական ուժերը ժամանակակից դարձնելու եւ շտաբի հետ կապված ճակատագծի դիրքերի ու խրամատների կանոնավոր համակարգ ստեղծելու համար: Բայց ամենակարեւորն այն էր, որ Մոնթեն կարողանար ամրապնդել առաջնորդի իր հեղինակությունը:

Այդ միջոցին Բաքվում ցուցարարները պաշտոնանկ արեցին երկամսյա ժամանակավոր կառավարությանը եւ նախագահի պաշտոնին առաջադրեցին Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյին: Նոր նախագահը տարածաշրջանում Անկարայի հիմնական հույսն էր եւ, որպես այդպիսին, ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի ու Իրանի թշնամին:

Ըստ Էլչիբեյի մարգարեության` այժմ, երբ Խորհրդային Միությունն այլեւս գոյություն չուներ, կործանման ենթակա մյուս կայսրությունն Իրանն էր: Եվ այդ կործանումն ի վերջո ճանապարհ էր հարթելու «Մեծ Ադրբեջանի» համար, որ միավորելու էր նորանկախ Ադրբեջանի Հանրապետությունը սահմանից այն կողմ գտնվող «հարավային Ադրբեջանի»` ներկայիս հյուսիս-արեւմտյան Իրանի 10 միլիոն էթնիկ ադրբեջանցիների հետ:

1992 թ. հունիսի 12-ին, երբ Էլչիբեյը դարձավ նախագահ, ադրբեջանցի սպաներն սկսեցին իրենց` մինչ այդ ամենամեծ հարձակումը: Ադրբեջանի ազգային բանակը` գգգգ-ի մարտիկների եւ Գանձակում տեղակայված ռուսական 104-րդ գումարտակի տանկային անձնակազմերի հետ համատեղ, առաջ նետվեցին հյուսիսային եւ արեւելյան ռազմաճակատների երկայնքով: Ադրբեջանի զորքերը գլխավորում էր փոքրամարմին, բայց գեղեցկադեմ երիտասարդ գնդապետ Սուրաթ Հուսեյնովը: Երեսուներեքամյա գնդապետը հյուսիս-արեւելյան Ադրբեջանի Եվլախ քաղաքում գտնվող իր բրդի գործարանի եկամուտներով մարզել ու հանդերձավորել էր այսպես կոչված «Գյանջայի բրիգադը»:

Հուսեյնովի զորքերը հետ գրավեցին Շահումյանի շրջանը` Մանաշիդ, Բուզլուխ եւ Էրքեջ գյուղերով, որոնք ազատագրելու համար նախորդ աշուն այնքան չարչարվել էին Մոնթեն ու իր ընկերները: Մի քանի օր տեւած կռիվներից հետո Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի պաշտպանական գիծը նույնպես տեղի տվեց: Այս անգամ 30000 հայ փախստականներ, էշերով, խարխուլ ավտոբուսներով, տրակտորներով ու ինքնաթափ բեռնատարներով, կամ էլ պարզապես ոտքով, իրենց ունեցվածքը մեջքներին գցած, վերջին անգամ նայելով այրվող տներին, սկսեցին տանջալից մի երթ դեպի հարավ: Շուտով Հուսեյնովի զորքերը գրավել էին Արցախի համարյա կեսը, այդ թվում` Մարտակերտի շրջանի մեծ մասը:

- Հողն եք սիրո՞ւմ, - ծաղրում էին նրանք` հող խցկելով իրենց գերիների կոկորդը, - դե կերե՛ք:

Թվում էր, թե Հուսեյնովի ու Էլչիբեյի վերջնական հաջողությունը զուտ ժամանակի խնդիր էր այնտեղ, ուր Չինգիզ խանն ու Լենկ Թեմուրը ձախողել էին. թվում էր, որ երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ բոլոր հայերը պիտի վռնդվեին Լեռնային Ղարաբաղից:

Հրթիռներ ու տանկի արկեր էին տեղում Մարտունու վրա: «Գրադի» արկ դիպավ տներից մեկին` այրելով ողջ ընտանիքին: Մայրերն իրենց մազերն էին պոկում ու Մոնթեին աղերսում երեխաներին տանել ապահով տեղ` Ստեփանակերտ: Երբ նա գլուխը բացասաբար օրորում էր, մայրերն աչքերը հառում էին նրան իբրեւ մի խելագարի: «Ձեր երեխաների համար ամենից կարեւոր է իրենց երկիրը փրկելը», - պատասխանում էր Մոնթեն: Եթե ծնողները գնան Մարտունուց իրենց երեխաների հետ, ո՞վ պիտի ճանապարհները մաքրի, դաշտերը խնամի, հաց թխի զինվորների համար:

Հունիսի սկզբին Նելսոնն ավտոբուսներ պահանջեց` Բերդաշենից կանանց ու երեխաներին դուրս բերելու համար: Երբ Մոնթեն լսեց այդ մասին, կանգնեցրեց ենթահրամանատարի ծառայողական մեքենան եւ հանգիստ, բայց վճռական ձայնով բացատրեց, որ եթե խաղաղ բնակչությանը թույլ տրվի հեռանալ Մարտունուց, ապա նրանց հայրերը, եղբայրներն ու որդիները շուտով կգնան նրանց հետեւից: Իսկ առանց թիկունքում խաղաղ բնակչություն ունենալու` խրամատներում մնացած պաշտպանները կսկսեն տանուլ տալ:

Երբ Մոնթեն ճանապարհներին արգելքներ դրեց` Մարտունուց հեռացող փախստականներին կանգնեցնելու համար, նա «խաղադրույքը բարձրացրեց» մինչեւ վերջ: Թշնամու շարասյուներն արդեն հյուսիսում էին` Մարտակերտում, եւ իրենց աջեւից քշում էին շվարած ու փոշեթաթախ փախստականներին` ինչպես կրակագծից փախչող նապաստակների: Եթե Մոնթեն թույլ տար թշնամուն Մարտունիում անցնել իր խրամատների վրայով, ապա քարերի տակ թաղված ամեն մի մոր ու երեխայի համար իրեն էին հաշիվ ներկայացնելու, եւ նա դառնալու էր իր արգելափակած բնակչության սպանդի պատճառը:

Թշնամուն պետք էր կանգնեցնել: Բայց դրա համար անհրաժեշտ էր ադրբեջանցիների ունեցածին համազոր զրահատեխնիկա: Կռիվներից առաջ Մոնթեն հրահանգում էր իր զինվորներին խփել թշնամու տանկերն առանց դրանք «հալեցնելու»: Նա չէր ուզում, հակառակորդի տանկերն անվերականգնելի կերպով այրվեն, եւ իր մարդիկ չկարողանան դրանք քաշել-տանել իրենց թրթուրներով, վերանորոգել Մարտունու` գյուղատնտեսական մեքենաների վերասարքավորված գործարանի բակում եւ հետո ուղղել իրենց նախկին տերերի դեմ:

Ավելի ծանր վնասված տանկերը պետք է հասնեին Ստեփանակերտի երկաթուղային կայարանի նորոգման կայանը, իսկ օպտիկական սարքերը եւ գիշերային տեսողության գործիքները վերանորոգման էին տարվում Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան:

Բայց բռնագրավված տանկերն անօգուտ էին առանց վառելիքի: Մոնթեն ասում էր, որ դիզելը ոսկուց թանկ արժեր: Իրականում դիզելն ավելի թանկ էր, քան տանկերը, քանի որ շատ տանկեր անգործության էին մատված վառելանյութի բացակայության պատճառով: Մոնթեն պիտի պահեստավորեր շրջանի ողջ դիզելը եւ այն բաց թողներ լիտր առ լիտր:

Փարիզից մի օպերատոր տեսաժապավենի վրա բնորոշ դեպք է արձանագրել. Մոնթեն մոտենում է մի միջին տարիքի մարդու, որին կասկածում է վառելիքի ոչ բարեխիղճ բաշխման մեջ: Մարդը վախեցած կենդանու նման հայացքն այս ու այն կողմ է թեքում, մինչ հրամանատարը նայում է դիզելի սպառման ցուցակը: Մոնթեն մտքում թվեր է գումարում` աչքերը սահեցնելով սյունակի երկայնքով, մինչեւ թերթի ստորոտը: Ընդհանուրը 1440 լիտր է:

- Որտե՞ղ է մնացած 260 լիտրը, - հարցնում է Մոնթեն:

Մեղադրյալը մի համարյա անլսելի մրթմրթոց է արտաբերում:

- Ի՞նչ է նշանակում` չունենք, - որոտում է Մոնթեն:

Էլի մրթմրթոց:

- Դու իրավունք չունե՛ս այն դուրս տալու...

Մեղադրյալ գողը հանկարծ հիշում է 120 լիտրի տեղը, իսկ Մոնթեն սպանիչ կերպով մռնչում է.

- Գտի՛ր 140 լիտր դիզելը: Եթե չգտնես, ուրեմն գողացել ես:

Մարդը տկարաբար բարձրացնում է ձեռքը, բայց Մոնթեն շուռ է գալիս: Տեսախցիկի հետեւից նկարահանողը ֆրանսերեն հարցնում է Մոնթեին.

- Խնդիր կա՞:

Մեջքը դեպի մեղադրվող գողը դարձրած` Մոնթեն փոխում է դեմքի մռայլ արտահայտությունն ու մեղմ ժպտում: Նա ֆրանսերեն անձայն ասում է.

- Ամեն օր (Touts les jours):

Մոնթեի ժլատությունը վառելիքի հարցում եւ փախստականների առջեւ ճանապարհները փակելը նվազեցնում էին նրա ժողովրդականությունը: Մի առավոտ, կեսօրից մոտ մի ժամ առաջ, երբ թշնամու հրետանու ու զրահամեքենաների մի փաղանգ խորամանկ զորաշարժ անելով թափանցեց Մարտունու մոտ տեղակայված հրետանային դիրքերը, վառելիքի պահեստի մի բանվոր վախվխելով մոտեցավ հրամանատարին ու ցածրաձայն ինչ-որ բան փնթփնթաց:

Մեծ գլանաձեւ պահեստային կոնտեյները, որի մեջ մի քանի ժամ առաջ 16 տոննա թանկարժեք դիզել էր եղել, այժմ դատարկ էր: Գողերը ցիստեռն էին մոտեցրել ծորակին, լցրել այն ու հեռացել` թողնելով, որ մնացած դիզելը բաց ծորակից թափվի գետնին:

Ահա այսպես. համառության մրցություն: Լեռնցիները համառ էին ինքնաոչնչացման աստիճանի, բայց Մոնթեն նրանցից էլ համառ էր, եւ նա այդ ապացուցեց:

Նա վերցրեց բակում ընկած մի դատարկ աման, պպզեց լճակ դարձած դիզելի կողքին եւ սկսեց սաթագույն հեղուկն այդ ամանով, ամեն անգամ ճղփացնելով, լցնել մի ավելի մեծ տարայի մեջ: Պահեստի մի աշխատող էլ սկսեց նույն ձեւով հավաքել հեղուկը, եւ նրանց միացան 2-3 զինվոր: Երբ հավաքաված դիզելի մեջ ավազը նստել էր, նրանք մեծ ամանից հետ լցրին մի քանի լիտր փրկված վառելիքը դատարկ կոնտեյների մեջ:

Մոնթեն դժվարությամբ գնում էր Ստեփանակերտ ու վերադառնում` աշխատելով լցնել գողացած դիզելի կոնտեյները, իսկ թշնամու դիրքերից արձակված «Գրադները» ոռնում էին գլխավերեւում: Ընդհատումներով 10 ամիս տեւած ռմբակոծությունից հետո Մարտունի քաղաքի տների կեսն ավերվել էր կամ կրակի ճարակ դարձել: Այժմ թշնամին հրետակոծում էր Մարտունին` պատրաստվելով վճռական գրոհի:

Հակառակ Մոնթեի հրամանի` տեղացիներն սկսեցին կամաց-կամաց հեռանալ` հանելով ճանապարհային արգելքները, որպեսզի միանան Ստեփանակերտում գտնվող տասնյակ հազարավոր փախստականներին: Որոշ պահեստայիններ էլ հետեւում էին իրենց ընտանիքներին, իսկ պաշտպանները բարոյալքվում էին:

Հունիսի 20-ին կամ 21-ին շտաբի դիմացի բակը մտավ մի կապույտ մեքենա, որից դուրս եկավ խորհրդային գնդապետի համազգեստով մի մարդ: Նա գլխին զինվորական գլխարկ դրեց ու հովարն ուղղեց: Այցելուն ակնհայտորեն «Կարմիր բանակի» արհեստավարժ սպա էր: Նա նույնիսկ արտաքինով ռուսի նման էր` շիկահեր, մաքուր սափրած կզակով, նոր համազգեստով ու փողկապով: Նաեւ երեւում էր, որ եկվորն առնվազն մի տասը տարով մեծ էր իրեն ողջունող անխնամ, չսափրված հրամանատարից: Գնդապետը եռանդուն շարժումով ողջունեց Մոնթեին: Ողջույնին պատասխանելու փոխարեն, հրամանատարը ձեռքը մեկնեց եւ հարցրեց տարօրինակ բարբառով.

- Ի՞նչ է քո կարճ անունը:

Գնդապետը կտրուկ պատասխանեց, որ ինքը «կարճ անուն» չունի, այլ իրեն պետք է դիմել «գնդապետ Հարոյան»: Իսկ Մոնթեին, քանի որ այլ տարբերակ չկար, գնդապետը դիմեց նրա «կարճ անունով»` Ավո:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանձնարարել էր գնդապետ Հմայակ Հարոյանին եւ չորս ուրիշ սպաների Լեռնային Ղարաբաղում սպայական կազմ ստեղծել: Մինչ այժմ Մոնթեն սովոր էր Երեւանից ժամանող խորհրդականների, որոնք ժամանակն անցկացնում էին շտաբում ու հեռանում, հենց որ լրանում էր իրենց մեկամսյա առաքելությունը:

- Նրանք նույնիսկ երեսունմեկերորդ օրը չեն մնում, - մի անգամ բողոքեց նա Սեդային:

Գնդապետը նման չէր նրանց: Նա գնաց իր գործերով, իսկ Մոնթեն հետախուզական տեղեկություններ էր հավաքում թշնամու ուժերի դիրքերի վերաբերյալ: Մոտավորապես հունիսի 23-ին Մոնթեի հետախույզներն արեւածագին դեպի հայկական դիրքերը հետ սողալիս դիպան ականի: Հետախույզներից մեկը կտոր-կտոր եղավ, մյուսը` Միրզա Վալոն, վիրավորված կրծքով, կոկորդով ու գլխով, քարշ գալով տեղ հասավ:

Երբ ընկերները նրան կիսաուշաթափ վիճակում հիվանդանոց էին տանում, նա շարունակ հարցնում էր` արդյո՞ք իր ընկեր Արամը խոսել է հրամանատար Ավոյի հետ: Խնայելով Միրզա Վալոյին` ընկերները չասացին նրան, որ ականի պայթյունը սպանել էր Արամին:

- Այո՛, - ասացին նրանք իրենց ընկերոջը, - նա խոսել է Ավոյի հետ:

Միրզա Վալոն չհամոզվեց: Հասնելով հիվանդանոց` նա մի ուրիշին էլ հարցրեց, որը խոստովանեց, թե Արամը չէր վերադարձել ականապատ դաշտից, որպեսզի հրամանատարին ինչ-որ բան ասեր:

- Ավոյին բերե՛ք, - խեղդվելով ասաց Միրզա Վալոն:

Նրանք կանչեցին Մոնթեին, եւ Միրզա Վալոն ատամները սեղմած մի քանի բառ ասաց նրա ականջին: Մոնթեն նետվեց Լեռնային Ղարաբաղի վարչապետի գրասենյակ, Երեւանի հետ ուղիղ կապ ապահովող հատ ու կենտ հեռախոսներից մեկի վրա հավաքեց Սեդայի համարն ու ներողություն խնդրեց: Նա չէր կարող Երեւան գալ Սեդայի ծննդյան օրը: Միայն հետագայում Մոնթեն նրան պատմեց մանրամասները:

Արամն ու Միրզա Վալոն հետախուզական առաքելությամբ դուրս էին եկել լուսաբացից առաջ, մթնշաղի մեջ: Նրանք սողալով կտրել-անցել էին ականապատ դաշտը` թշնամու ճակատագծերը շրջանցելու համար, եւ կուչ եկել ադրբեջանցիների հրամանատարական կենտրոնի պատուհանի տակ: Այնտեղ նրանք լսել էին, որ թշնամու սպաներն առաջիկա մի քանի օրվա ընթացքում զանգվածային հարձակում էին ծրագրում Մարտունու վրա:

Մոնթեն շտապ վերադարձավ Մարտունի, իր զինվորներին մարտական պատրաստության բերեց եւ կանչեց պահեստայիններին: Նա հրամայեց դաշտային ամրությունները զորացնել, ավելի շատ խրամատներ փորել, խորացնել դրանք եւ հակատանկային հրթիռներ բերել: Դրանց փորձարկումն սկսվեց 1992 թ. հունիսի 27-ին: 20 տանկ ու զրահամեքենա առաջացան Մաճկալաշենի ճակատի ողջ երկայնքով` Ալիբալիից մինչեւ Կրասնի Բազար. դրանց հետեւում էին թշնամու հարյուրավոր զինվորներ:

Մոնթեի մարտիկները դիմադրեցին ու մնացին խրամատներում` տատասկափշերի ու վայրի ծնեբեկի մեջ: Չնայած փորձառության ու սպառազինության պակասին, նրանք գրոհողներին հետ մղեցին դեպի կաղնու անտառները: Գնդապետ Հարոյանը թեթեւացած շունչ քաշեց:

Հաջորդ օրը, հունիսի 28-ին, գրոհին միացան Ճարտարի մոտ գտնվող ադրբեջանական ուժերը, եւ այնտեղ էլ Մոնթեի մարտիկների նոսր շարքերը դիմացան իրենց խրամատներում: Դիրքերից մեկում` խաղողի այգում, տասնյակ պաշտպանների դիմաց թշնամու 6 տանկ կար եւ բազմամարդ հետեւակ: Պաշտպաններից մեկը` Մուշեղ անունով 12 տարեկան մի տղա Ճարտար գյուղից, ավելի կարճահասակ էր, քան իր բանեցրած հակատանկային կայանքը:

Մի թառմայից մյուսը սողալով` Մուշեղը 60 հրթիռ արձակեց` առանց որեւէ մեկի օգնության կանգնեցնելով երկու տանկ: Մի պահ նա 10 մետրից պակաս հեռավորությունից, հիշելով Մոնթեի խորհուրդը, նշան բռնեց մի գգգ զրահամեքենայի հետնամասում գտնվող վառելիքի բաքին ու քաշեց ձգանը: գգգ-ն բոցավառվեց, իսկ Մուշեղի ընկերները հնձեցին դռնակից դուրս նետվող անձնակազմին: 5 ժամ կռվելով առանց օգնական ուժերի` Մարտունու զինվորներն ի վերջո հետ գրավեցին այդ օրն ավելի վաղ թշնամու զավթած դիրքերը:

Նույնիսկ ինքնաձիգների ճարճատյունի եւ արկերի պայթյունների հորձանուտում Մարտունիում գողեր էին գործում: 1992 թ. հուլիսի 3-ի կեսօրից հետո զինվորները մի դիզել գողացողի բերեցին Մոնթեի գրասենյակը եւ հրելով նստեցրին նրան աթոռին: Մոնթեն կռացավ գողի երեսին ու մռնչաց փրփրած հրեշի պես. մեզ հույժ գերազանցող թշնամու տանկերը 1-2 կիլոմետրի վրա պարապ սպասում են:

Դրանք բերնեբերան լցված են դիզելով ու պատրաստ` գողին, նրա հարեւաններին, ընկերներին ու ընտանիքն առհավետ իրենց երկրից սրբել-տանելու: Իսկ այդ գող սրիկան թռցրել է այն դիզելը, որն անհրաժեշտ է իրենց պաշտպանվելու համար: Մոնթեն նրան հարվածեց իր ձախ ձեռքի հետեւի մասով, եւ նրա ամուսնական մատանին խոր վերք թողեց զինվորի դեմքին:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter