HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռավոր լեռներ - 2

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Գլուխ 16. Կանոնավոր բանակ

Հաջորդ շաբաթվա ամեն օրը թշնամին ողջ ճակատի երկայնքով իրար հետեւից հարձակումներ էր գործում` հարվածելով հայերի խրամատներին ու պաշտպանական պատնեշներին: Հուլիսն անցավ արյան հեղեղի ու կոտորակառումբերի փոթորիկի մեջ: Լրացավ գնդապետ Հարոյանի երեսունօրյա նշանակումը, սակայն նա մնաց Մարտունիում: Մոնթեն դա նկատեց ու նաեւ գիտեր, որ, ի տարբերություն Մարտունիով անցած այլ սպաների, Հարոյանն ավելի շատ ժամանակ էր ծախսել խրամատներում, քան իր գրասենյակում:

- Մի լիտր դիզելով մաքրեցե՛ք այս հրանոթը, - ասում էր նա հրետանավորներին` նախքան նրանց ողջունելն ու դեպի մյուս դիրքերը գնալը:

Իր հերթին գնդապետ Հարոյանը նկատել էր, որ Մարտունու հրամանատարի ուսերին էր այնտեղի ողջ պաշտպանության կազմակերպումը բոլոր տեսանկյուններից: Մոնթեն նույնիսկ անձամբ էր ճակատագծի մարտիկներին ամեն եղանակի պիտանի լուցկու տուփեր տալիս: Հարոյանը նաեւ տեսել էր, որ հրամանատարը խիստ օրինապահ է, ինչն իրեն դուր էր եկել:

Երբ Ստեփանակերտի կոմիտեները կամ նախարարությունները մեկը մյուսի հետեւից նրանց թղթերի կույտեր էին ուղարկում` երեք օրինակից լրացնելու համար, Մոնթեն համաձայնում էր գնդապետ Հարոյանի հետ, որ դա անկարեւոր ու անիմաստ վարժանք է, բայց եւ հոգոց հանելով ասում.

- Մեծամեծներն են սա ուղարկել, ուրեմն` պիտի լրացնենք:

Հարոյանի աչքից չէր վրիպել, որ, ի տարբերություն մյուս հրամանատարների, Մոնթեն ժամանակ էր ծախսում` իր մարտիկներին բացատրելու համար, թե ինչ դեր էին խաղում իրենք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ռազմավարության ու իրենց ազգի պատմության զարգացման ավելի լայն համատեքստում:

- Եթե կորցնենք այս հողը, - ասում էր Մոնթեն նրանց, - մենք կշրջենք Հայաստանի պատմության վերջին էջը:

Մարտունու հրամանատարը շարունակում էր ամեն օր մարտիկներին կռվի առաջնորդել, եւ գնդապետ Հարոյանը միանում էր նրանց խրամատներում: Ճակատամարտեր եղան Ղաջարի մոտ` հարավային ճակատում (օգոստոսի 9), Վեսալուի մոտ` արեւելյան ճակատում (օգոստոսի 15-ից), Գուլաբլիի, Ավդալի, Ավդուրի, Դավաբելիի, Նորշենի եւ Մյուրիշենի մոտ` հյուսիսային ճակատում (օգոստոսի կեսեր): Որոշ ճակատամարտեր օրեր էին ձգվում` հարյուրավոր մարտիկների ու տասնյակ տանկեր իրար դեմ հանելով եւ դաշտերով, անտառներով ու բլուրներով մեկ բազում դիակներ շաղ տալով:

Մեծ ճակատամարտերն ընդմիջող օրերին հակահարձակումներ, հետախուզական օպերացիաներ ու փոխհրաձգություններ էին լինում: Ծխի միջով Մոնթեն եւ Հարոյանն ուշադիր զննում էին թշնամուն` հետեւելով նրա մարտավարությանը, զորաշարժերին, զորքերի ու տանկերի դիրքավորմանը, օգնության եկող օդուժին, զինվորների բարոյական վիճակին ու մարտական ոգուն:

Մի անգամ, երբ թշնամու մարտիկները գրավեցին Մարտունու հյուսիսում ամենաբարձր բլրի վրա գտնվող` «Ծովեր» կոչվող խրամատների մի կարեւոր համակարգ, գնդապետ Հարոյանը հեռադիտակով տեսավ, որ նրանք սկսել են տոնել իրենց հաջողությունը` երգելով ու պարելով: Մարտունու զինվորները փչացրին նրանց տոնն ականանետային կրակով, իսկ հետո հաջող հակահարձակում ձեռնարկեցին:

Կռվի թեժ պահին Հարոյանն ու Մոնթեն թանկագին ժամանակ էին խնայում` հրաժարվելով բացատրություններից: Նրանք մի ճակատից մյուսն էին նետվում, մի քանի բառ էին փոխանակում խրամատներում եւ հետո շարժվում տարբեր ուղղություններով: Քիչ անց նրանք հակառակ ուղղությամբ էին գնում` միմյանց ընդառաջ, համաժամանակյա ընթացքով, ինչպես թանկարժեք մեխանիզմի ատամները: Թվում էր` յուրաքանչյուրը բնազդաբար գիտի, թե ամեն վայրկյան որտեղ է գտնվում մյուսը եւ ինչով է զբաղված:

Նրանք նաեւ վտանգը գնահատելու ժամանակ չունեին: Վեսալուի երրորդ ճակատամարտում, օգոստոսի 15-ին, Արցախի 150 մարտիկներ հետ մղեցին թշնամու` երեք ուղղություններով գրոհող 4 տանկի եւ 420 մարտիկի հարձակումը: Երկու օր անց Մոնթեն գլխավորեց հետախուզական մի օպերացիան` հենց Վեսալու գյուղի վերեւում` թշնամու դիրքերին շատ մոտ գտնվող մի բլրից: Հեռադիտակը ձեռքին, նա սողալով իջավ անդունդը: Հանկարծ նա գլուխը հետ դարձրեց եւ ուսի վրայով շշնջաց իր հետեւում գտնվող երեք մարտիկներին.

- Տղե՛րք, նրանք տեսել են մեզ:

Նոր էր նա ասել այդ խոսքերը, երբ դիպուկահարի գնդակը քերծեց նրա գանգամաշկը, անցավ իր կողքի մարտիկի ազդրի միջով եւ մահացու վերք հասցրեց հետեւում գտնվողին` խոցելով նրա լյարդը: Այդ մարտիկը` ճարտարցի Սերգո Հայրապետյանը, նույն օրը մահացավ:

Տուժածներին տեղափոխելուց հետո Մոնթեն վերադարձավ շտաբ ու փսխեց: Գնդակը նրա գանգամաշկին կոկիկ վերք էր թողել, որ նման էր դանակի կտրածի: Հարոյանի պնդմամբ, Մոնթեն երկու ժամ ննջեց հիվանդանոցում, մինչեւ իր քարտեզներին ու հեռադիտակներին վերադառնալը:

Չնայած ադրբեջանցի մարտիկները ծանր կորուստներ էին կրել Մարտունու ճակատում, նրանց ընկերները դեռ արագ առաջանում էին հյուսիսում` Մարտակերտի շրջանում: Մարտակերտից եկող լուրերը պետք է որ ոգեւորած լինեին Մարտունին պաշարող ադրբեջանցի սպաներին: Կռիվներն անդադար շարունակվեցին սեպտեմբերին. թշնամին հրետանիով ու մարտական ինքնաթիռներով անվերջ հարվածում էր լեռներին: Սկսում էր թվալ, որ ադրբեջանցիները, եթե չկարողանային ճեղքել պաշտպանությունը, իրենց հակառակորդներին ի վերջո թաղելու էին արկաբեկորների տակ:

Թշնամու ամենակատաղի հարձակումների օրերին Մոնթեն սկսեց ուշադրություն գրավել մի նոր` «հաղթանակ» բառով:

- Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով, - ասել էր նա մի տեսագրված հարցազրույցում:

Հարոյանն էլ ներգրավվեց հաղթանակի մասին խոսակցությունների մեջ` կրկնելով այդ բառն իր` փոքր-ինչ հոգնած ձայնով, բայց Մոնթեն փորձության ենթարկեց գնդապետի հավատը` նրան ցույց տալով պատի չափ մի ուրվագծային քարտեզ, որի վրա գծագրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «վերանայված սահմանների» իր պատկերացումը:

Մոնթեի կարմիր գրիչը պարագծել էր Լեռնային Ղարաբաղը հարավում իրանական սահմանից անջատող ողջ տարածքը, իսկ արեւմուտքում այն ներառել էր ամբողջ Քելբաջարը` Ղարաբաղը Հայաստանից բաժանող ժայռոտ լեռնազանգվածը: «Վերանայված սահմանները» եռապատկելու էին Արցախի տարածքը: Այդ բոլոր հողերն, ըստ Մոնթեի, հայերի հայրենիքի մաս լինելով, բռնի դատարկվել էին իրենց իսկական բնակիչներից:

Աչքերը քարտեզին հառած` գնդապետ Հարոյանը կասկածեց, թե Մոնթեն խելքը թռցրել է: Բայց տարակուսանքի մեջ ընկնելու ժամանակ չկար: Սպասելով սեպտեմբերի 4-ի հակահարձակումներին` Հարոյանը մնաց Գուլաբլիում, իսկ Մոնթեն նետվեց իր հրամանատարության տակ վերցնելու մոտ 22 կիլոմետր դեպի հարավ գտնվող Մաճկալաշենի ճակատի մարտիկներին:

Այնտեղ 500 զինվորներից եւ 30 տանկերից ու զրահամեքենաներից բաղկացած ադրբեջանական մի շարասյուն գալիս էր ուղիղ Մոնթեի հրետանու վրա: Հարձակվողները կորցրին 7 տանկ, 3 զրահամեքենա եւ այնքան զինվոր, որ ոչ ոք հաշվելու ժամանակ չունեցավ: Բայց Մոնթեի ջոկատն էլ թանկ գին էր վճարել. ընդամենը մոտ 200 բնակիչ ունեցող փոքրիկ լեռնային Մաճկալաշեն գյուղն այդ օրը կորցրեց իր լավագույն որդիներից տասին:

Մյուս օրը Մոնթեն վերադարձավ Գուլաբլիի ռազմաճակատը հյուսիսում, որտեղ թշնամին նախ ռմբակոծեց հայերի դիրքերը 100 եւ 120 միլիմետրանոց հրանոթներով, իսկ հետո կռվի մեջ նետեց 16 տանկ, 6 ուղղաթիռ եւ հարյուրավոր հետեւակայինների: Մոնթեն ու Հարոյանը հանգիստ ղեկավարում էին պաշտպանությունը: Նահանջելով` թշնամին թողեց տանկեր, զինամթերք ու դիակների կույտեր, որոնցից շատերն այն աստիճանի կտոր-կտոր էին եղած տանկերի արկերից, որ հնարավոր չէր մարմինների ճշգրիտ հաշվարկ անել:

Հաջորդ օրը հրամանատարն ու գնդապետը նորից բաժանվեցին, որպեսզի պաշտպաններին միավորեն` դիմագրավելու համար մի ավելի մեծ հարձակման հարավում` Ճարտար-Մաճկալաշենի ճակատում, եւ որպեսզի պաշտպանական դիրքերն ամրացնեն հյուսիսում` Գուլաբլիի վրա մեկ օր տեւած հրետանակոծության պայմաններում: Հերթական օրն ավարտվեց, եւ գրոհողները չկարողացան պաշտպանությունը ճեղքել` մեկ անգամ եւս մեծ կորուստներ տալով:

Հաջորդ երկու օրը, սեպտեմբերի 7-ին եւ 8-ին, ադրբեջանցիները հակահարձակումներ ձեռնարկեցին հյուսիսում` Գուլաբլիի նեղ, թփուտներով ծածկված հովտում, միաժամանակ արեւելքում` Աղդամի ճակատում, եւ կրկին Մաճկալաշենում` հարավում: Սովորականի պես Մոնթեն կռվում էր առջեւի գծում: Մարտիկներին կրակի ու երկաթի պտտահողմի մեջ նետվել ստիպելու նրա կարողությունը կախված էր իր իսկ քաջությունից եւ ուժեղ անհատականությունից: Մի մարտունեցի դպրոցական տղա դա այսպես է նկարագրել.

- Ավոն երբեք չի ասում` «հառա՛ջ», նա ասում է` «իմ հետեւի՛ց»:

Սեպտեմբերի կեսերին ադրբեջանցիները վերախմբավորել էին իրենց ուժերն Աղդամի դաշտում եւ սկսել Մարտունու դեմ է՛լ ավելի շատ հետեւակ ու հրետանի ուղարկել: Սեպտեմբերի 18-ին Մոնթեի շտաբում խոհարարները մի պահ իրենց գործը դադարեցրին` խոհանոցի պատուհանից դուրս նայելու համար. մի քանի հարյուր մետր դեպի արեւմուտք, Ղուրուչուղ լեռնագագաթին, մագլցել էր ադրբեջանական մի տանկ: Մինչ խոհարարները բերանները բաց նայում էին, կրակի տակ տանկը կանգ առավ, եւ Մարտունու զինվորները հարձակվեցին տանկին հետեւող ադրբեջանցիների վրա:

Հերթական անգամ նահանջող թշնամիների ոտքերը դիպան իրենց մեռած ընկերների մարմինների կույտերին: Հաջորդ օրը 600 ադրբեջանցի մարտիկ ու 20 տանկ շրջապատեցին եւ գրոհեցին Մարտունու 120 պաշտպաններին մոտակա Դվլուխութ բլրի գագաթին: Մեկ օր տեւած կատաղի մարտից հետո Մոնթեի զինվորները հետ մղեցին թշնամուն եւ խփեցին եւս 3 տանկ ու 6 զրահամեքենա: Մոնթեն զննեց տանկերը հեռադիտակով.

- Այդ տանկերը մե՜րն են, - ուրախացավ նա:

Ադրբեջանական գգ եւ գգգ ինքնաթիռները նորից գործի անցան խաղաղ բնակչության դեմ Մարտունիով մեկ, եւ ադրբեջանցի հրետանավորները մոտակա Ամիրանլար, Մուղանլու ու Կուրոպատկինո գյուղերից «գրադներ», հրետանային ու տանկային արկեր էին տեղում Մարտունու իրենց հարեւանների վրա: Սեպտեմբերի 20-ին մի քանի հարյուր ադրբեջանցի հետեւակայիններ մեկ այլ հարձակում ձեռնարկեցին հարավային ռազմաճակատում` կոտրատված թթի ծառերի անտառակներում, չորրորդ դարի` ավերված Ամարասի վանքի մոտ:

Մոնթեն ու Հարոյանը Մաճկալաշենի մարտիկներին տարան նրանց դեմ: Մի վկա` տեղացի գրող Սեյրան Քամալյանը, հաղորդել է, որ տանկերի հրամանատարներն ու հետեւակը «մեծ սխրանքներ էին գործում», եւ որ պապիկներն ու տատիկները կռվողներին կամովին զենք ու զինամթերք էին մատակարարում: «Կանայք աստծուն խնդրում էին փրկել իրենց որդիներին... Ո՛չ, թող աստված ների մեզ. նրանք մտածում էին Ավոյի մասին, նրանք հարցնում էին Ավոյի մասին: Ասում են` Ավոն կռվի դաշտում է, տղաների հետ: Ավոն չի թողնի, որ թշնամին ոտք դնի մեր հողին»:

Նրանց հավատն իզուր չէր: Նահանջող ադրբեջանցիները հետեւում 9 տանկ թողեցին, 3 զրահամեքենա եւ դիակների կույտեր:

Բայց փոշին դեռ չէր նստել հարավային ճակատում, երբ հյուսիսում թշնամու հարյուրավոր հետեւակայիններ եւ 8 տանկ դարձյալ սկսեցին առաջանալ դեպի Գուլաբլիի հովիտ: Աղդամի դաշտի մի բացվածքից հովիտը խոր մխրճվում էր Լեռնային Ղարաբաղի տարածքը` 7 կիլոմետր չհասնելով Ստեփանակերտին: Ադրբեջանցի հրամանատարների համար, որոնք դեռ քաջալերված էին իրենց ամառային հաջողություններից, քարտեզի վրա հովիտը նման էր Արցախի սրտին ուղղված մի դաշույնի:

Եթե նրանց հաջողվեր մտնել Գուլաբլի եւ հրետանին տեղակայել արեւմտյան բարձունքներում, նրանք կկարողանային երկու ճանապարհ կտրել Ստեփանակերտից` արեւելքում ու հարավում, եւ սեպ խրել Արցախի կենտրոնական հատվածի մեջ` հայտնվելով Ստեփանակերտից հրետանու եւ «Գրադի» անվրեպ հասանելիության սահմաններում:

Բայց Մոնթեի համար Գուլաբլիի հովիտը նման էր թակարդի եւ սպասում էր, որ իրեն լարեն: Մի բարձր տեղում գետնին սեղմված` նա հեռադիտակով դիտում էր ադրբեջանական տանկերը, որ գլորվելով մտնում էին հովիտ: Որքան խորն էին թափանցում թշնամիները եւ որքան շատ հեռավորություն էին թողնում իրենց ու Աղդամի դաշտի մեջ բացվող հովտի նեղ բերանի միջեւ, այնքան ավելի լրիվ շրջափակման մեջ էին ընկնում:

Երբ Մոնթեն կրակ բացելու հրաման տվեց, նրա հրետանավորներն անմիջապես երկու տանկ խփեցին ու կանգնեցրին ադրբեջանցիների առաջխաղացումը: Ճակատամարտը շարունակվեց եւս 8 ժամ: Ամբողջ գիշեր ադրբեջանական հրետանին ու տանկերն անընդհատ կրակ էին թափում բարձունքներում տեղակայված հայկական դիրքերի վրա, իսկ լուսաբացին նրանք նորից գրոհեցին:

Մարտունու տանկերը վերեւից սկսեցին թշնամուց ավելի շատ երկաթ տեղալ հովտի վրա: Երբ նրանք երկու տանկ էլ խփեցին, թշնամու հետեւակն սկսեց հետ գնալ, բայց նեղ հովտում տեղ չկար կազմակերպված նահանջի համար: Հայերի տանկերի 125 միլիմետրանոց հրանոթները հնձում էին թշնամու մեծաթիվ մարտիկների, ինչպես խուզում են ոչխարի բուրդը:

Հաջորդ օրը, սեպտեմբերի 23-ին, թշնամու 300 զինվոր, 5 տանկ եւ 2 զրահամեքենա մառախուղի մեջ կուտակվեցին իրար գլխի` մեկ այլ հարձակման համար, այս անգամ` հովտի հյուսիսում գտնվող դիրքերի դեմ: Երբ թշնամին հասավ պաշտպանների խրամատներից 200 մետր հեռավորության վրա, 2 տանկ պայթեցին ականներից, իսկ 17 տարեկան Ֆելիքս Առուստամյանը «ֆագոտով» մի ուրիշ տանկ խփեց: Կապարի ու արկաբեկորների տարափը գետին տապալեց ադրբեջանցիների առջեւի գիծը, իսկ ողջ մնացածները խուճապահար փախուստի մատնվեցին:

Մյուս առավոտ ադրբեջանական հետեւակը նորից առաջացավ դեպի Գուլաբլի` աննկատ սողալով խաղողի այգիների միջով: Այս անգամ Մոնթեն տեղակայել էր իր տանկերը պաշտպանական պատնեշների ու խրամատների հետեւում` հաշվի առնելով այդ ուղղությամբ նման ծածուկ հարձակման հնարավորությունը: Հենց որ հնչեցին առաջին կրակոցները, համարյա անմիջապես Մոնթեի տղաները խփեցին թշնամու 4 տանկ, եւ հարձակվողները կրկին քաոսային նահանջի դիմեցին:

Փախուստի միակ ճանապարհն այն բաց տարածության միջով էր, ուր դեռ մի քանի օր առաջ իրենց պատկանած տանկերն այժմ առաջ էին գնում ու կտոր-կտոր անում նրանց: Ճակատամարտն արագ ավարտվեց, բայց հարձակվողները հասցրել էին կորցնել 6 տանկ, 3 զրահամեքենա եւ 70 մարտիկ:

Գուլաբլիից առաջ Մոնթեն երբեք չէր պատկերացրել, թե որքան կործանարար կարող է լինել տանկը ճիշտ օգտագործման դեպքում: Նա նկարագրում էր հովտի տեսարանը կռվից հետո. «Ամեն տեղ` ոտք մը հոս, ձեռք մը հոն, այդ բոլոր դաշտերըգ միսի կտորները ամեն տեղ»:

Հաջորդ օրը, սեպտեմբերի 25-ին, ադրբեջանցի հրամանատարները 6 տանկ, 2 զրահամեքենա ու երիտասարդ անփորձ զինվորների 2 գումարտակ նետեցին մի նոր հարձակման մեջ, այս անգամ` Աղբուլաղի բարձունքներում: Կրկին նրանք առաջ գնացին` միայն Մարտունու տանկային հրանոթների կրակի տակ հայտնվելու եւ նահանջելիս իրենց սպանվածների դիակներին դեմ առնելու համար: Կռվից հետո Մոնթեի զինվորները թշնամու դիակներից, ընկած տեղում նրանց թաղելուց առաջ, անձը հաստատող փաստաթղթեր հավաքեցին:

Դրանք ստուգելով` Մոնթեն նկատեց, որ «մահացածների շատ մեծ տոկոս» ադրբեջանցիներ չէին, այլ Ադրբեջանի ոչ թրքալեզու ազգային փոքրամասնությունների` թալիշների ու լեզգիների ներկայացուցիչներ: Նրա տեսանկյունից` այդ տղաները ներքաշվել էին պատերազմի մեջ` հանուն ադրբեջանական շովինիզմի մեռնելու համար, հանուն մի նպատակի, որից թալիշներն ու լեզգիները ոչ մի շահ չունեին:

«Դա հիշեցնում է ինձ դարասկզբի եւ տասնիններորդ դարի վերջի թուրքական քաղաքականությունը, երբ նրանք հայերի դեմ օգտագործում էին քրդերին, - հետագայում ասել է Մոնթեն մի արեւմտյան թղթակցի: - Նրանք քրդերին օգտագործեցին` հայերին կոտորելու համար, իսկ երբ բավական շատ հայեր էին կոտորվել, սկսեցին տեղահանել ու կոտորել քրդերին: Այլ խոսքով` այժմ ոչ ադրբեջանցի ազգային փոքրամասնություններին մեր դեմ են օգտագործում այս պատերազմում` իմանալով, որ որքան շատ այդ երիտասարդներից սպանվեն, այնքան լավ կլինի ադրբեջանական շովինիստ իշխանությունների համար»:

Այդ ժամանակ պայթող տանկային արկերն այլեւս մի ակնթարթից ավելի ուշադրություն չէին պահանջում Մոնթեից: Որոշ օրերի նա ղեկավարում էր երկու ճակատամարտ տարբեր ճակատներում: Մի տեղ նրա թեւին արկի բեկոր դիպավ, բայց նա շարունակեց հրամանատարությունն առանց դադարի: Հետագայում, երբ Սեդան տեսավ վերքն ու սարսափահար հետ ցատկեց, նա ուսերը թոթվեց.

- Մեծ բան չի: Արդեն անցել է:

Օգոստոսին ու սեպտեմբերին Մարտունու զինվորները հաղթանակ հաղթանակի հետեւից էին տանում: Սակայն Մոնթեի եւ Հարոյանի համար կռիվների հեղեղը միայն բացահայտել էր իրենց ուժերի թերությունները, մասնավորապես` կենտրոնացված հրամանատարության պակասը: Մարտունու ամեն գյուղ իր սեփական ջոկատն ուներ, որի մարտիկները դեռեւս կարող էին, եւ հաճախ այդպես էլ վարվում էին, հրաժարվել հարեւան գյուղերի միանալուց կամ նույնիսկ ճանապարհի վրա հաջորդ գյուղի պաշտպանության համար մղվող կռիվներին մասնակցելուց:

Ամառվա եւ վաղ աշնան ընթացքում Հարոյանն ու Մոնթեն փորձում էին շտկել այս թերությունը` վերախմբավորելով զորքերը եւ ցամաքային ուժերի նոր կառուցվածք կազմակերպելով: Ճակատագծի յուրաքանչյուր հիմնական դիրք պետք է համալրվեր 30-60 մարտիկներով` կազմավորելով դասակ: Ամեն գործող դասակ պիտի ունենար մի պահեստային դասակ եւ ծառայությունից ժամանակավորապես ազատված մի երրորդ դասակ: Այդպիսով վերջիններս կարող էին խրամատներից ազատ ժամանակ վարել, ցանել ու հնձել իրենց դաշտերը: Դիրքերից յուրաքանչյուրը պիտի ունենար իր ենթահրամանատարը, որ հաշվետու պիտի լիներ մի քանի դասակից բաղկացած գումարտակի հրամանատարին եւ ենթաշրջանային կամ քաղաքային շտաբին:

Հարոյանն ու Մոնթեն 9 քաղաքային ու ենթաշրջանային շտաբ կազմակերպեցին Մարտունու շրջանում. երկուսը` Մարտունի քաղաքում, երկուսը` Ճարտար գյուղում, մեկը` Կրասնի Բազարում, մեկը` Մաճկալաշենում, մեկը` Բերդաշենում, մեկն` Աշանում եւ մեկն էլ` Գիշիում: Այս քաղաքային կամ ենթաշրջանային շտաբերից յուրաքանչյուրը հաշվետու էր Մոնթեի շտաբին Մարտունի քաղաքում: Մարտունու շտաբն իր հերթին Արցախի 6 շրջանային շտաբերից մեկն էր, որոնք գտնվում էին Ստեփանակերտում գործող` Լեռնային Ղարաբաղի նորակազմ «Պաշտպանության կոմիտեի» հրամանատարության տակ: Մի քանի օրը մեկ Մոնթեն պիտի խորհրդակցության համար ներկայանար Ստեփանակերտ` «Պաշտպանության կոմիտե», եւ իր փոշոտ կոշիկներով դոփեր գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի երեք շերտ գորգերի վրա:

Իսկ Մարտունիում Մոնթեի մարտիկները ճանապարհներն էին չափում` իրենց կարկատած տանկերը ճակատային դիրքեր արագ տեղափոխելու համար, եւ Հարոյանը հատուկ շարժական միավորներ էր կազմավորում` Մարտունու շտաբի անմիջական հրամանատարության տակ: Այդ միավորներն ընդգրկում էին տանկեր, զրահամեքենաներ ու բեռնատարներ, հրետանի, հակաօդային զենքեր: Անձնակազմում, բացի մոտոհրաձիգներից, կային նաեւ սակրավորներ, տանկեր նորոգողներ ու խոհարարներ:

Շարժական միավորները պետք է ապահովեին նաեւ կոմունիկացիաները, մատակարարումը, հետախուզությունը: Ճանապարհների բարելավման եւ այդ միավորների շնորհիվ Մարտունու զինվորները կարող էին տանկերի պակասը հատուցել ուժերն անհրաժեշտ տեղերում արագ կենտրոնացնելով:

Այդպիսին էր հրամանատարության եւ ցամաքային ուժերի նոր կառուցվածքը, որ կազմակերպեցին Հարոյանն ու Մոնթեն թեժ կռիվներին զուգընթաց: 1992 թ. հոկտեմբերին այդ կառույցը քիչ թե շատ ձեւավորված էր, եւ վերջապես Մոնթեն կարող էր հայտարարել, որ «ամեն մարդ իր գործին է»:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter